Ալեքսանդր Սոլժենիցին/Զատկական խաչերթ

Հիմա մեզ գիտունները դաս են տալիս, թե յուղաներկով պետք չէ նկարել այնպես, ինչպես տեսնում ես։ Թե դրա համար գունավոր լուսանկար գոյություն ունի։ Թե պետք է ծուռումուռ գծերով եւ եռանկյունիների ու քառակուսիների համադությամբ փոխանցել իրի գաղափարը, ոչ թե հենց իրը։ Իսկ իմ գլուխը չի մտնում, էդ ո՞ր գունավոր լուսանկարը խելամիտ ձեւով կընտրի մեզ անհրաժեշտ դեմքերը եւ մի կադրի մեջ կտեղավորի պերեդելկինյան եկեղեցու զատկական խաչերթը հեղափոխությունից կես դար անց։ Հենց միայն այդ խաչերթը մեզ այսօր շատ բան կբացատրեր, եթե այն պատկերեինք հին ձեւերով, նույնիսկ առանց եռանկյունիների։ Կոչնակից կես ժամ առաջ Տիրոջ Պայծառակերպության տաճարի շրջակայքը աշխույժ բանվորական ավանի պարահրապարակ է հիշեցնում։ Աղջիկները՝ գունավոր գլխաշորերով և սպորտային տաբատներով (փեշ հագածներ էլ կան), աղմկոտ են, նրանք քայլում են երեք-երեք, հինգ-հինգ, մեկ խցկվում են եկեղեցի, բայց նեղվածք է այնտեղ, դեռ երեկվանից են պառավները ներսում տեղ պահել, նրանց հետ աղջիկները թեթեւ բախումներ են ունենում ու դուրս են գալիս, շրջում եկեղեցու բակում, խոսում բարձր ու անբռնազբոս՝ բացականչություններով ու ճիչերով, հեռվից գոռում, կանչում իրար, ուսումնասիրում կանաչ, վարդագույն և սպիտակ լույսերը, որոնցով զարդարված են եկեղեցու արտաքին սրբապատկերները և եպիսկոպոսների ու ավագ քահանաների գերեզմանները:Իսկ տղաները՝ համ նրանք, ում տեսքը տեղն է, համ քրջոտները, բոլորը դեմքի հաղթական արտահայտությամբ են․ ո՞ւմ են հաղթել տասնհինգ-քսան տարեկանում, հազիվ միայն դարպասին՝ տափօղակով։ Գրեթե բոլորը՝ կեպիներով, գլխարկներով, ով էլ բաց գլխով է, իբր էստեղ կանգնած չէր, ուղղակի անցնում էր։ Ամեն չորրորդի քեֆը՝ լավ, ամեն տասներորդը՝ ոտի վրա չի կարողանում կանգնել, ամեն երկրորդը ծխում է, եւ ինչ զզվելի ձեւով է ծխում, պապիրոսը՝ վարի պռոշին թքով սոսնձված։ Եվ խնկից առաջ ու խնկի փոխարեն ծխախոտի թխակապույտ քուլաներն են, որ եկեղեցու բակից էլեկտրական լույսի ներքո բարձրանում են դեպի զատկական մռայլ երկինք։ Թքում են ասֆալտին, իրար բրթբրթում, բարձր սուլում են։ Կան այնպիսիք, որ քֆուր-քյաֆարով են խոսում, ոմանք տրանզիստորային ռադիոընդունիչներով պարային երաժշտություն են զլել, ոմանք իրենց նանարին գրկել-կանգնել են ճամփի բանուկ մասում, մյուսներն իրարից փորձում են ծիտ խլել, եւ աքլորացած նայում են, թվում է՝ ուր որ է դանակ կհանեն՝ սկզբից իրար վրա, հետո՝ հավատացյալների։ Որովհետեւ այս ամբողջ ջահելությունը հավատացյալներին նայում է ոչ ինչպես երիասարդները՝ մեծերին, ոչ ինչպես հյուրերը՝ տերերին, այլ ինչպես տանտերերը՝ ճանճերին։

Ամեն դեպքում, գործը դանակին չի հասնում՝ երեք-չորս միլիցիոներ ձեւի համար քայլում են տարածքում։ Քֆուր-քյաֆարով էլ որ խոսում են, հո չե՞ն գոռում բակով մեկ, այլ ուղղակի բարձր ու ջերմ՝ ռուսական զրույց են վարում։ Դա համար էլ միլիցիան խախտում չի տեսնում, ընկերաբար ժպտում է մեծացող հերթափոխին։ Հո չի կարող միլիցիան ատամների արանքից պապիրոսները քաշել, հո չի հանելու գլուխներից գլխարկները․ չէ՞ որ սա փողոց է, եւ Աստծուն չհավատալու իրավունքը պաշտպանված է սահմանադրությամբ։ Միլիցիան ազնվորեն տեսնում է, որ խառնվելու բան չունի, քրեական հարց չկա։

Գերեզմանոցի ցանկապատին եւ եկեղեցական պատերին սեղմված՝ հավատացլյաները ոչ միայն չեն առարկում, այլեւ շուրջն են նայում վախվորած, որ հանկարծ իրենց չծակեն, թեւի ժամացույցները չխլեն, որոնցով ստուգում են Քրիստոսի հարությանը մնացած վերջին րոպեները։ Այստեղ, տաճարից դուրս ռեխը բաց արած, իրար հրմշտող, թոկից փախածներից քիչ են հավատացյալները։ Նրանք վախեցած ու ճնշված են առավել, քան թաթարների օրոք։

Թաթարները երեւի այսպես վրա չտային Զատկի առավոտյան ժամերգությանը։

Քրեականի սահմանը խախտված չէ, ջարդն անարյուն է, վիրավորանքը՝ հոգեկան․ այդ գողական, ծռմռված շրթներում, լկտի խոսակցություններում, հռհռոցի մեջ, կապելու փորձերի, ձեռ գցելու, ծխելու, թքելու, եւ ամենը՝ Քրիստոսի չարչանարնքներից երկու քայլի վրա։ Այդ հաղթական-արհամարհական տեսքի մեջ, որով փսլնքոտներն եկել են՝ նայելու, թե ինչես են իրենց պապերը կրկնում նախնիների ծեսերը։

Հավատացյալների մեջ մեկ-երկու հրեական դեմք երեւաց։ Կարող է՝ կնքված են, կարող է՝ կողմնակի մարդիկ են։ Շուրջը նայելով զգուշավորությամբ՝ խաչերթին են սպասում։

Հրեաներին մենք վատաբանում ենք, նրանք մեզ հա խանգարում են, բայց նայենք, տեսնենք՝ այդ ընթացքում ինչ ռուսների ենք մենք աճեցրել։ Նայենք, տեսնենք, քար կկտրենք ապշանքից։

Եվ թվում է, թե 30-ականների ասպատակողները չեն, նրանք չեն, որ օրհնված պասքաները խլում էին մարդկանց ձեռից եւ չարքերի պես հռհռում, ոչ։ Սրանք մի տեսակի հետաքրքրասերներ են․ հոկեյի եթերաշրջանը հեռուստատեսությամբ ավարտվել է, ֆուտբոլինը չի սկսվել, ձանձրույթ է համատարած, ահա եւ եկել, խցկվում են՝ մոմ վառելու, կոխկրտելով քրիստոնեաներին, ասես սրանք թեփով լի պակեր լինեն, եւ բողոքում են «եկեղեցական բիզնեսից»՝ չգիտես ինչու մոմեր առնելով։

Մի բանն է միայն տարօրինակ՝ բոլորը նորեկներ են, բայց իրար անունով գիտեն։ Ինչպե՞ս է նրանց դա հաջողվել այդպես միահամուռ։ Միգուցե նույն գործարանի՞ց են։ Միգուցե նրանց կոմերիտղեկն է՞լ է այս կողմերում։ Միգուցե այս ժամերը նրանց դրուժինայի վրա՞ են գրվում։ Հնչում են զանգերը գլխավերեւում՝ ուժեղ, բայց կեղծ, մի տեսակ երկաթի ձայն է գալիս, խոր, լիաձայն ղողանջների փոխարեն։ Զանգը հնչում է՝ ազդարարելով խաչերթը։

Եվ վրա պրծան։ Հավատացյալնե՞րը, ոչ։ Էլի նորից նույն հռհռացող ջահելությունը։ Հիմա նրանք երկու, երեք հոգով լցվում են բակը, շտապում են, իրենք էլ չիմանալով՝ ինչ են փնտրում, որ կողմն անցնեն, որ կողմից է սկսվելու Երթը։ Վառում են կարմիր, զատկական մոմերը, իսկ մոմերից՝ ծխախոտ են կպցնում, բա։ Հրմշտում են իրար՝ ասես սպասելով, որ հիմա կսկսվեի ֆոքստրոտը։ Այստեղ միայն գարեջրի կրպակն է պակասում, որ այս բոյլուխ տղերքը (մեր ցեղատեսակը չի նվազում) սպիտակ փրփուրը փչեին տապանաքարերի վրա։

Իսկ խաչերթի գլուխն արդեն դուրս է եկել գավթից ու շրջվում է այս կողմ՝ զանգակների մանրիկ ղողանջների տակ։ Առջեւից երկու գործունյա մարդ են գնում եւ հրահանգում երիտասարդ ընկերներին մի քիչ հետ գնալ, ճանապարհ բացել։ Երեք քայլ նրանցից հետ մի տարեց, ճաղատ տղամարդ է՝ երեցփոխի պես մեկը, որ ձողի վրա ամրացված ծանր, ապակյա, թրաշավոր լապտեր է տանում, մեջը՝ մոմ։ Նա վախվորած նայում է վեր՝ լապերին եւ կողքերն էլ նույն կերպ զգուշավոր հայացքներ է նետում։ Եվ ահա այստեղից սկվում է կտավը, որն այնքան կցանկանայի նկարել, եթե կարողանայի․ երեցփոխն ասես վախենում է, որ նոր հասարակության շինարարները հիմա կտրորեն իրենց եւ կսկսեն ծեծել։ Սահմռկեցուցիչ զգացումը փոխանցվում է նաեւ դիտողին։

Տաբատներով ծտերը՝ մոմերը ձեռքերին պահած, եւ պապիրոսը ատամներով սեղմած, կեպիներով ու չկոճկած բաճկոններով տղերքը (դեմքերը թերուս, անմիտ, ինչքան դատարկ, էնքան ինքնավստահ, շատ պիտի լինեն այս դեմքերից այդ նկարի մեջ) կիպ կանգնել ու դիտում են հանդեսը, որ փողով ոչ մի տեղ չես նայի։

Լապտերին հետեւում են երկու խաչվառ, բայց ոչ թե առանձին, այլ էլի ասես վախից իրար մոտեցած։ Իսկ նրանց հետեւից՝ երկու,երկու վառվող, հաստ մոմերով հինգ շարք․ երգող կանայք են։ Եվ նրանք բոլորը պիտի լինեն կտավի վրա։ Կանայք տարեց են՝ կոպտացած, աշխարհից վերացած, վեհացած դեմքերով, պատրաստ մեռնելու, եթե նրանց վրա վագրեր բաց թողնեն։ Իսկ այդ տասից երկուսը աղջիկներ են՝ նույն այն տարիքի, ինչ նրանց շուրջը տղաների հետ հրմշտվողները, բայց ի՜նչ մաքուր են նրանց դեմքերը, որքա՜ն լուսավոր։ Կանայք երգում են ու քայլում համախմբված շարքով։ Նրանք այնքան հանդիսավոր են, ասես շուրջը խաչակնքում, աղոթում, թողություն են խնդրում եւ խոնարհվում են։ Այս կանայք ծխախոտի ծուխ չեն շնչում, նրանց ականջները փակ են հայհոյախառը զրույցների դեմ, նրանց ներբանները չեն զգում, որ եկեղեցու բակը պարահրապրակի է վերածվել։

Այսպես սկսվում է իրական խաչերթը։ Ինչ-որ բան զսպեց նաեւ երկու կողմի գազաններին, հանդարտվեցին փոքր-ինչ։

Կանանց հետեւից տերտերներ ու սարկավագներ են քայլում՝ բաց գույնի շուրջառներով, յոթ հոգի։ Բայց ի՜նչ նեղվածք է նրանց մոտ, իրար են դիպչում, խանգարում, ոչ բուրվառը կարող են ճոճել, ոչ ուրարը շտկել։ Մինչդեռ այստեղ, եթե նրան չհամոզեին չգալ, կարող էր ներկա լինեն ու ծառայություն մատուցել համայն Ռուսիո Պատրիարքը։

Սեղմված եւ արագ են նրանք անցնում, իսկ քիչ հեռու․․․ Քիչ հեռու արդեն երթն ընդհատվում է։ Ոչ ոք չկա։ Երթի մեջ հավատացյալ չկա, որովհետեւ հետո էլ եկեղեցի մտնել չի լինի։ Աղոթող չկա, բայց քեֆչիների խումբը խցկվեց։ Ասես պահեստի ջարդված դռնով, շտապելով թալանից ինչ-որ բան փախցնել, շտապելով օրապահիկները թալանել, քարե բարավորներին քսվելով, հոսանքի շրջապտույտի մեջ, սեղմվում, հրմշտում, առաջ են անցնում տղերքն ու ծտերը։ Իսկ ինչի՞ համար։ Իրենք էլ չգիտեն։ Տեսնելու, թե ոնց են տերտերները տարօրինակ բանե՞ր անում։ Թե՞ պարզապես հրմշտոցն է նրանց հանձնարարությունը։

Խաչերթ առանց աղոթողնեի։ Խաչերթ առանց խաչակնքողների։ Խաչերթ գլխարկներով, ծխախոտը բերաններին, ռադիոնընդունիչը՝ դոշին․․․ Այդ ժողովրդի առաջին շարքերը, թե ոնց են խցկվում ցանկապատից ներս, անպայման պիտի լինեն այդ նկարի մեջ։

Այնժամ այն կլինի ավատուն։

Մեկուսի կանգնած, տարեց կանանցից մեկը խաչակնքեց եւ ասաց կողքնին․

– Այս տարի լավ էր, խուլիգանություն չեղավ, տես ինչքան միլիցիա կա։

Ահա թե ինչ, պարզվում է՝ սա դեռ լավագույն տարին է։

Ի՞նչ դուրս կգա մեր ստեղծած ու աճեցրած միլիոններից։ Ինչի՞ համար են մտածող գլուխների լուսավորյալ ջանքերն ու հուսադրող կանխատեսումները։ Ի՞նչ ենք մենք սպասում մեր ապագայից։ Ճշմարիտ՝ մի օր շուռ կգան ու կտրորեն մեզ բոլորիս։ Եվ նրանց, որ իրենց այստեղ են ուղարկել, նույնպես չեն խնայի։

1966 թ, ապրիլի 10

Ռուսերենից թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: