Հովիկ Մխիթարյան/Զինվորը

2020 թվականի նոյեմբերյան մի սովորական օր մարդը նստեց գնացքի երկու տեղանոց նստարանին: Այդ նստարանները վագոնի ծայրերում են, իսկ նստողներն ընկերություն են անում: Հետո մարդը միացրեց հեռախոսը: Գլխավոր նկարը զինվորն էր` ողջ հասակով մեկ: Համակրելի դեմք էր, պարզ, մտածկոտ դիմագծերով, բայցև` լարված ու խորհրդավոր: Նա նկարվել էր մարտական դիրքերում, որից այն կողմ` հեռվում ծուռումուռ եզրագծերով, առանց բուսականության սարն էր, իսկ ավելի հեռվում` անեզրությունը, որին ակնդետ նայում էր զինվորը: Նրա կողքին, գետնի վրա թափված էին արդեն կրակած արկերի դատարկ պարկուճները: Մի քիչ այն կողմ հանպատրաստից կրակարանն էր, ուտելիքի մնացորդներով, ապա` խնամքով դասավորված զինամթերքը…

Մարդը հանկարծ հեծկլտաց: Արցունքներն անձայն, կաթ-կաթ հոսում էին այտերն ի վար: Ես նստեցի նրա կողքին:

-Քո տղան է, ասացի,-զինվորը:

-Իմ տղան է,-ասաց արցունքների միջից:

Փղձուկը բարձրանում էր մարմնովս: Մի գունդ սեղմում էր կոկորդս ու քիչ էր մնում խեղդվեի: Քիթս մրմռում էր: Ես գրկեցի մարդուն, ձեռքս գցեցի ուսին, նա չդիմադրեց: Մենք միասին էինք լացում. զինվոր էր մահացել: Մենք լացում էինք ու ոչինչ չէինք խոսում… Ազնիվ չէ, երբ երիտասարդ է մահանում:

Գնացքն աղմուկով շարունակում էր իր ընթացքը, կարծես ոչինչ էլ չէր եղել աշխարհում: Զնգում էին անիվները, լույսի ու ստվերների խաղը տարօրինակ ու արտառոց մտքեր էր ծնում, մինչ գնացքը կանհետանար թունելում ու նորից դուրս կգար:

-Որտե՞ղ է զոհվել քաջ զինվորը,-հարցրի ես:

-Բարձունքի վրա, սարն էին պաշտպանում: Դիրքերում մնաց 34 օր:

-Քո տղան հերոս է,-ասացի վստահությամբ,- նա հաղթել է մահին:

Մարդը ոչինչ չասաց, միայն ինքն էլ ինձ գրկեց ու սրբեց ակամա գլորվող արցունքները: Հետո մենք սկսեցինք միասին նայել ներսուդուրս անող ուղևորներին: Շատերը շտապում էին, շատերն էլ անտարբեր ուսումնասիրում էին հեռախոսները կամ պատուհանից դուրս նայում: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ զինվոր է զոհվել, որ նա նայել է մահվան աչքերին ու չի վախեցել: Նա հարցեր է տվել մահվանը ու պատասխաններ չի ստացել: Միգուցե նա հայհոյել է մահվանը ու իր հետ շատ գաղտնիքներ տարել. իսկ միգուցե նա լացել է: Մենք այնքան բան չգիտեինք, բայց սիրում էինք զինվորին: Եթե այդքան բանն իմանայինք, ապա զինվորը չէր զոհվի, իսկ մենք բոլորս հրեշտակներ կլինեինք: Պարզապես հիմա նա` զինվորը, գիտի ավելին, քան այսքան կենդանի մարդիկ` միասին վերցրած:

-Նա վախենու՞մ էր,-հարցրի ես:

-Նրա կողքին կուրթանեցի Վանոն էր, թալինցի Անդոն, Համոն` Մալաթիայից, շենգավիթցի Գևորը, Ռուսլանը` Կոնդից, Թորոսը` Մարտակերտից, իր նման տղերք: Նրանք չեն վախեցել: Ասում էր, որ կռվի ժամանակ միայն բղավում էր ինչքան ուժ ուներ, որ խլացնի մյուս ձայները` ինքնաթիռի, հրանոթների ու կրակոցների, մի այլ տեղից եկող անորոշ ձայները: Բղավում էր ուժեղ, իր իմացած բոլոր ձևերով…

-Այո,-համաձայնվեցի ես,- տղաները պետք է բղավեն:

Մարդը ինչ-որ անհասկանալի բաներ էր ասում, որից միայն ձայնի տոնն էի հասկանում:

-Իսկ նա հայհոյու՞մ էր, -գլուխս կախ հարցրեցի ես:

-Ու՞մ,-հարցրեց նա:

-Բոլորին կամ ոչ մեկին:

-Նա չէր հայհոյում: Կռվում էր ու միայն գոռում ամբողջ ուժով: Նրան թվում էր, թե ինքը չի ընկնելու և որ իր նման տղաները չեն ընկնելու: Նա չի էլ մտածել այդ մասին, միայն կռվում էր: Նա չգիտեր, որ աշխարհի բոլոր ծագերից չարքեր են հարձակվել մի բուռ տղերքի վրա:

-Մենք կհայհոյենք,- առաջարկեցի ես…

Վագոնում զարմանքով ու հիացական մեզ էին նայում: Մի քանիսը մոտեցան մեզ, նայեցին նկարի պարզ, հասարակ երիտասարդին:

-Իր տղան է,-բացատրեցի ես, -պաշտպանել է բարձունքը ու չի հանձնվել: Մնացել է դիրքում մինչև վերջ ու չի փախել: Կռվել է ինչքան ուժ ունի, չի հայհոյել, չի վախեցել, բղավել է ու հաղթել է մահին:

-Ի՜նչ երիտասարդ է, -տխուր ասաց ուղևորներից մեկը, կարծեմ երիտասարդ աղջիկ:

-Զինվոր է,-ուղղեցինք մենք նրան:

-Այսպիսի հերոսնե՜ր,-հիացած ասաց մեկ ուրիշը, երևի երիտասարդ մի տղա:

-Հերոս զինվորներ,- նորից ուղղեցինք մենք:

Գնացքն անցնում էր իր սովորական ուղին: Ով գիտի, թե քանի՜ շրջան է անցնում ամեն օր, ու ամեն անգամ տարբեր մարդկանցով լի: Մենք միասին անցանք մի քանի շրջան: Կարող էինք իհարկե ավելի շատ գնալ… Նոր ուղևորներ էին մտնում, մի քանիսն անպայման մոտենում էին մեզ ու կարծիքներ հայտնում. մենք գնահատում էինք այդ կարծիքները, բացատրում, որ զինվոր է զոհվել: Այդ ընթացքում գնացքը միալար դխդխկում էր ու սուլում: Հաղորդավարը մոնոտոն ձայնով հաղորդում էր կայարանները:

Մենք ցանկանում էինք ավելի ու ավելի շատ մարդկանց հայտնել, որ զինվոր է զոհվել: Նրանք կօգնեին կողմնորոշվել մեզ`թե ինչու են մահանում զինվորները: Բոլորին հարցնում էինք` թե ինչու են տղաներին բոլորից տարբերվող հագուստներ հագցնում ու ուղարկում սպանելու միմյանց: Մենք շատ պատասխաններ լսեցինք, բայց ոչ մի պատասխան չգոհացրեց մեզ, որովհետև երբեք ազնիվ չէ, երբ տղաները մահանում են:

-Նա խոսու՞մ էր հեռախոսով,- հարցրեցի ես,-այս պատերազմում հեռախոսներ են եղել:

-Մի քանի օրը մեկ անգամ: Նա կռվում էր ու շատ խոսել էլ չէր սիրում: Փոքրուց այդպես էր` սիրում էր միայնություն ու խաղեր, մորը, ընկերներին ու բղավում էր ինչքան ուժ ուներ: Նա մանկական չարություններ էր անում, բայց սիրում էր բոլորին անխտիր… Իսկ աշխարհը չսիրեց նրան,-տխուր, բայց վստահ ամփոփեց մարդը:

Մենք լացում էինք առանց զգալու ապշահար հայացքները: Զինվորի հետ էինք, նրա բոլոր աշխարհներում, մասնակցում էինք մարտին իր ողջ մանրամասներով, բայց չէինք զոհվում, ու կուզեինք` մենք զոհված լինեինք: Մենք լացում էինք զինվորի չապրած արշալույսների ու մայրամուտների համար, մահացած ժպիտների ու աղջիկների վրա չնետած հայացքների, չսիրահարվելու համար, տուն չզանգած զանգերի համար:

-Նա չի վախեցել,-մի անգամ էլ ասացի ես, և մարդը համաձայնվեց:

Հետո մենք նորից նայեցինք ներսուդուրս անող մարդկանց: Շատ զարմանալի էին կենդանի, շնչող ու խոսող մարդիկ: Նրանք մեզ տարօրինակ էին թվում… Կենդանի մարդի՜կ, չէինք հասկանում, թե ով է իրավունք տալիս ապրելու կամ մահանալու: Ո՞վ է որոշում ու սահմանում մարդկային ճակատագրերը: Ո՞ւմ է պատկանում առաջին ու վերջին հրամանը: Մենք շարունակում էինք հայացքներ որոնել` պատմելու զինվորի մասին, որ մահացել էր սարի վրա ու մի սանտիմետր իսկ չէր նահանջել: Փափագում էինք ասել, որ միանգամայն երիտասարդ զինվորը մահացել է ավտոմատը ձեռքին ու ուժգին բղավելով: Տղեկը, որ տանը չի սափրվել, որովհետև կարգին մազ էլ չի աճել, դարձել է բեղ-մորուքով տղամարդ ու չի փախել` ինչքան ոտքերում ուժ կար, ու առասպելներ չի պատմել իր հերոսությունից, որպեսզի ուրիշները պատմեն: Նա ոչինչ էլ չի պատմելու, այլ կանգնելու է բարձունքի վրա ու նայելու անսահմանությանը… Որովհետև նա ճանաչել է հավերժությունը, շոշափել է այն, դիպել մարմնով ու հոգով: Նա բղավել է անարդարության ու այն աշխարհի չարության վրա, որ չի սիրում իրեն: Նա բղավել է աշխարհի վրա, որ համառորեն, օձագալար ու նենգ սողացել է դեպի իր հոգին և իր մահը փափագել: Նա բղավել է ու ընկել, բայց չի հանձնվել: Նա իմացել է, որ աշխարհն իրեն չի սիրում, ինչքան էլ որ ինքն ուզենար ապրել հենց այդ աշխարհում: Նա գիտեր, որ իրեն անողոքաբար չեն սիրում հենց այն մարդիկ, ում ինքը սիրում էր և ում համար արշալույսների ու մթնշաղների խորհրդավոր բռնկումներում անհետանում էր իր կյանքը… Բայց շարունակել է սիրել. ահա թե ինչու էր նա մահացել…

-Նա լացե՞լ է,-հարցրեցի ես:

-Նա լացել է, երբ լսել է հողի շնչառությունն ու տիեզերքի հզոր բաբախյունն իր հոգում, երբ մարել են այս աշխարհի ձայներն ու շշուկները և հոգին մի այլ երգ է երգել: Նա լացել է, երբ աստղերը մի այլ օրոր են ասել իր հոգուն, երբ լսել է այն մյուս աշխարհի արձագանքներն իր սրտում ու ապրել աննկարագրելի մի զգացում` հավիտենականի նախերգանքով ու սիրով լի: Նա լացել է, երբ տեսել է մոր տխրությունն ու հոր սարսափահար ճիչը, որ բացատրություն չունի, որ գալիս է հոգու մթին խորքերից: Նա լացել է, երբ հասկացել է, որ աշխարհն այնքա՜ն չէր սիրում իրեն…

-Ինչու՞ աշխարհը չէր սիրում նրան,-իր միակ հարցը տվեց մարդը:

Մթնում էր, ստվերները տարօրինակ ու զարմանալի անուրջներ էին բռնկում մեր ուղեղում: Մենք անշարժացել էինք վագոնի խորհրդավոր լույսերի մեջ, որի ստվերների խաղը մեզ մարտի դաշտ էին հիշեցնում ու դաժան գոյապայքար: Իսկ հեռախոսի ապակյա, անհույզ էկրանից մեզ էր նայում զինվորը, ով ավարտել էր իր մարտը, և ում այս աշխարհը չէր սիրում:

Please follow and like us: