Քնա՞ծ եմ: Քնած եմ։ Քնած եմ, օ՜, էնպես անուշ։ Միզելս գալիս է։ Ճար չկա՝ զարթնում եմ։ Կատուս մլավում է բալկոնից։ Անունը Յումայ է։ Սոված չի, չէ, ուզում է զբոսնել տանը։ Բացում եմ բալկոնի դուռն ու գնում լվացվելու։
Նախաճաշ։ Ձվածեղիցս մի քիչ կատվին եմ տալիս։ Չէ, հաստատ սոված չի։ Մի ձեռիս պատառաքաղ է, մյուսին հեռախոս։ Սովորություն է՝ միանշանակ վատ սովորություն։ Տասներկուսն է արդեն։ Մտնում եմ ֆբ։ Էս ի՞նչ է, որ. հեշթեգ «հաղթելուենք», «հաղթելուենք», «հաղթելուենք»։ Ի՞նչ է եղել, որ, ի՞նչն ենք հաղթելու։ Մտնում եմ վարչապետի էջ։ Հակառակորդը լայնածավալ գրոհ է սկսել շփման գծի ողջ երկայնքով… հաղթելուենք։
Զգում եմ, որ մի բանից հետ եմ մնացել։ Չէէ, շատ եմ քնել։ Ուզում եմ զանգել ընկերոջս, ով իմֆորմացված է ամեն բանից, բայց էդ պահին դուռն է չխկում։ Քույրս է։
– Էս ի՞նչ մոմենտ ա, Նարե, տեղյա՞կ ես։
– Պատերազմ,- ասում է քույրս մի քիչ այլայլված,- շուկայի միջպետական ճամփով տանկեր էին գնում, ճանապարհը փակ էր, տանկերն էին գնում, կանայք լացում էին, ախր՝ պատերազմ, ես էլ մի քիչ հուզվեցի, հետո Աշոտին տեսա(հորեղբորս տղան է՝ ոստիկան), ուսապարկն ուսին վազում էր ոստիկանության շենք, փողոցը փակ էր, միայն ոստիկաններն էին վազելով անցնում, չհասցրի էլ բառ ասեմ, եկավ գրկեց ու վազեց, հետո էլի տանկերը, չէին վերջանում… հաղթելու ենք։
Գնում եմ քնելու։
Չորրորդ օրն է արդեն՝ ֆեյսբուքը թնդում է։ «Հաղթելուենք» հեշթեգն ամենուր է։ Կասկածի նշույլ անգամ չկա՝ հաղթելու ենք։ Տրամադրությունը ֆբ-ում բոցառատ է։ Աջուձախ ղժժում են «բառանների» վրա։ Լուր է ընկել, որ սրանք սխալմամբ իրենց սեփական ջոկատն են ոչնչացրել։ Ոչխար են, չէ՞, լրիվ։ Տրամադրությունը միայն երբեմն ընկնում է, երբ խոսում են զոհերի մասին։ Քսան հոգի, երեսուն հոգի։ Բայց ոչինչ, նրանցը քառապատիկ շատ է։ Պահում ենք մեր դիրքերը, նոր դիրքեր ենք վերցնում։
Տասնհինգերորդ օրն է։ Ես քնած եմ։ Արդեն պարզ է, որ սա ոչ թե հրադադարի խախտում է կամ սադրանք, այլ լայնամասշտաբ պատերազմ է։ Բոլորին հավաքում, տանում են։ Մեր հարևանի տղային էլ տարան՝ Սուրոյին։
Զանգում եմ գնդապետիս։ Խնդրում եմ, որ ուղարկի հրետանուս դասերը, նշանափորձումը, ՊՆԴ-ով, հեռաչափով, նաև անալիտիկ հաշվարկը։
– Բայց դու ազատվեցի՞ր, չէ՞,֊ ասում է։
– Դե հա, բայց եթե սա երկար ձգվի, ես պետք է, չէ՞, հասնեմ տղերքին կամ, ասենք, մեր գյուղ մտնեն դրանք, ու մեր հրետանավորները գան մեր գյուղի անտառ, ուզում եմ պատրաստ լինել։
Ուղարկում է։ Ուզում էի կարդալ, վերհիշել ամենը, բայց զգում եմ, որ առողջականս նորից վատանում է։ Ամբողջ օրը պառկած եմ, քնած եմ։
Քսանիններորդ օրն է։ Քրոջս հետ ճաշասենյակում նստած՝ չայ ենք խմում, զրուցում։ Հանկարծ «պադյեզդից» ուժեղ ձայներ են լսվում։
– Էս ի՞նչ ձեներ են,- ասում եմ։
Լռում ենք, փորձում ենք հասկանալ։ Աղմուկը վերածվում է վայնասյունի նմանվող ողբի։ Հարևանին հայտնեցին իր տղայի մահվան լուրը։ Զգում եմ, որ մեջս մի բան է կատարվում։ Էդ տղային՝ Սուրոյին, առանձնապես չէի էլ ճանաչում։ Միայն բարևում էինք շենքում, հարցում՝ ո՞նց ես։ Բայց գիտեի, որ լավ տղա է։ Եվ մոր լացը։ Էս աշխարհում չկա ավելի սարսափելի տեսարան, քան այն, թե ինչպես են մորը հայտնում տղայի զոհվելու լուրը։ Չկա։ Չկա։ Ինձ գցում եմ բաղնիք, բացում ջուրն ու էլ չեմ դիմանում՝ ձենով լացում եմ։ Ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ։
Փաշինյանի ճառը ոգևորիչ է։ Ամեն անգամ լսելով նրան՝ ուզում եմ վեր կենալ, հենց հիմա գնալ կռվի, բայց առողջությունս ավելի է վատանում։ Դա էլ ծանր էր։ Չգիտեմ՝ ինչ անել։ Ինքս ինձ համոզում եմ, որ նորմալ է, ոչինչ, իմ էս վիճակով մեկ է նրանց չեմ օգնի։
Շուշիում ոստիկանների ժողով է։ Երեք-չորս մարզից մոտ հինգ հարյուր ոստիկան հավաքվում են ժողովի։ Սնարյադ։ Պայթուն։ Յոթանասունինը զոհվում եմ՝ դեռ կռիվ չհասած։
Օր եռեսունչորսերորդ։ Ֆեյսբուքը դեռ ցնծում է։ Հաղթելուենք, զգետնելու ենք։ Արծրունն արդեն բոցվում է դրանց վրա։ Դե, եթե բոցվում է, ուրեմն հաստատ հաղթում ենք։ Զարմանալի է, ոստիկանների դեպքի մասին դեռ պաշտոնապես չեն գրում։
– Լսեք, մերոնք խաբում են մեզ, մեր զոհերն արդեն հինգ հազարից ավելի են,- ասում է մի վաճառական։
– Դե սիկտիր եղի, տգետ ապուշ, դու ի՞նչ գիտես վաբշե։
Փաշինյանը մի տխրահռչակ լայվ մտավ։ Բոլորը պարսավեցին։ Բայց հետո գնաց ու կամավորների առաջ մի հզոր ելույթ ունեցավ։ Հետո Արայիկը, նրա ժպիտը, Արծրունը։
Օր երեսունվեցերորդ։ Քնած եմ կամ պառկած ուղղակի՝ ինքս էլ չգիտեմ։
– Լսե՜ք, նրանք վերցրել են Թալիշը, Մատաղիսը, հիմա էլ Ջաբրայիլն ու Հադրութն են հնձելով գալիս։ Մենք պարտվել ենք։
– Դե գնա, մորդ քունի, բոզի տղա, դավաճան, ո՜նց ես էդպես բան ասում։
Քրոջս հետ նստած ենք, ամենքս մեր հեռախոսներով։ Հանկարծ տեղիցս վեր եմ թռչում։ Արմանի նկարն էր։ Իմ կուրսեցին էր։ Գնում եմ բաղնիք, բացում ջուրը։ Բայց լացս էլ չի գալիս։ Մի կաթիլ արցունք չեմ կարողանում հանել աչքերիցս։ էլ լացս չի գալիս… Սա նման է ցասման։
Արծրունը շարունակվում է բոցվել դրանց վրա, ասում է՝ Իլյուշը կորցրել է իրականության զգացումը։ Ասում է՝ եթե Հադրութը գրավել են, թող էն հող պաչողին էլ բերեն։
Թերթում եմ։ Մի ծանոթ դեմք եմ տեսնում։ Հոսպիտալում իրար հետ ենք պառկել։ Զոհվել է։ Հետո մի գնդապետ է զոհվել իմ ծանոթներից։ Հետո մի մայոր։
Ու էլի ծանոթ, ընկեր, մտերիմ, բարեկամ, հարազատ։
Քնած եմ։ Քույրս ասում է՝ զարթնի, բայց հավես չկա։
Ասում է՝ պետք է զարթնես։ Բայց ինչո՞ւ զարթնեմ։ Մենք հաղթում ենք։ Ջարդում ենք՝ Ադրբեջանին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ու ահաբեկիչներին։ Ու ես անուշ երազ եմ տեսնում։ Ես ուզում եմ շարունակել քնել։
Քառասուներորդ օրն է արդեն։ Ամեն օր մի ծանոթի մահվան լուր ենք լսում։ Տակտիկական նահանջներ էլ կան, բայց հաղթում ենք։ Նա, ով այլ բան կասի, ցնդած է, որ կորցրել է իրականության զգացումը։ Տղեքը գերմարդկային ճիգերով պահում են։ Հիմա էլ Շուշին են ճնշում։ Ընկերս ասում է, որ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, որ անկախ ամենից պետք է կանգնեցնել, և դա մեզ միայն օգուտ կլինի։ Հետո ավելի վատ է լինելու՝ ասում է։ Նա ինֆորմացված մարդ է, ես վստահում եմ նրան։ Բայց եթե շարունակվում է, թող շարունակվի։ Արծրունը շարունակում է բոցվել՝ ուրեմն ամեն բան կարգին է։ Արայիկը վստահ է խոսում։ Հետո Փաշինյանը։
Օր քառասուներեքերորդ։ Արայիկ Հարությունյանը ֆբ֊ում գրում է՝ Շուշիից կրակում են Ստեփանակերտի վրա։ Արծրունն ասում է՝ դիվերսիոն հարձակումներ են, փոքր խմբով ճեղքում են արանքն ու սադրանքներ անում, ամեն բան վերահսկողության տակ է։ Հետո Արայիկի խոսնակը գրում է, որ Շուշին ընկել է, գրում է՝ մենք տանուլ տվինք, և ցանկացած այլ բան իրականության զգացողության կորուստ է։ Նախ մտածում են, որ նրա էջը կոտրել են։ Հետո նրան դավաճան են հանում, Արայիկին էլ հետը։ Փաշինյանը գրում է, որ մարտերը շարունակվում են Շուշիի համար։ Ես քնած եմ, օ՜, էնպես անուշ, միայն երբեմն վեր եմ թռչում անհանգիստ պատկերներից։ Ինձ թվում է՝ արդեն մեր տուն են հասել դրանք։ Բայց հետո էլի հանգիստ քնում եմ։
Ասում են՝ Շուշին ընկել է, բայց տակտիկական նահանջ է։ Կտեսնեք վաղն ինչ կլնի։
Քույրս նորից գալիս է ինձ արթնացնելու։ Նոյեմբերի ինն է։ Ասում է՝ կորցրել ենք Շուշին ու Հադրութը ու յոթ շրջանները հանձնել ենք, կորցրել ենք Ջաբրայիլը ու էլի տարածքներ։ Փաշինյանը պայմանագիր է ստորագրել։ Արարատ Միրզոյանին ամբոխը ծեծում է։ Ցուցարարները մտել են ԱԺ, կառավարական ամառանոց, կառավարության շենք։
– Ի՞նչ ցնդաբանություն է,- ասում եմ,- քնիր, հանգստացիր։
– Զարթնիր,- ասում է։
Բայց ես քնած եմ, օ՜, էնպես անուշ։ Ուզում եմ վեր կենալ, բայց չեմ կարողանում։ Հանկարծ պատերազմի աղմուկը մոտենում է։ Զգում եմ, որ մեր շենքը ռմբակոծվում է, ու նրանք տանկերով գալիս են։ Չէ, նման բան չկա՝ մենք հաղթում ենք, բոլորը գիտեն դա, բոլորն են ասում դա։ Չեմ ուզում վեր կենալ, բայց միզելս գալիս է։ Ստիպված բացում եմ աչքերս, մի կերպ կանգնում։ Դիմացս երկու հոգի են կանգնած՝ ադրբեջանական համազգեստով։ Ես բացում եմ շալվարիս կոճակն ու միզում նրանց վրա։ Նրանք հեռանում են, բայց երկու րոպեից վերադառնում են ջրցան մեքենայով։ Ջրցան մեքենայի ողջ տարողությամբ մեզ է թափվում վրաս։ Տունս լցվում է թուրքերով ու ահաբեկիչներով։
Ես զարթնեցի։
Նրանք հաղթեցին, բիրտ ուժով։
Մենք չպարտվեցինք՝ փառք մեր ընկած տղեքին։
Բայց մենք… հաղթվեցինք։