Մհեր Իսրայելյան/Ինչպես առանց կրակոցի դարձա գեներալ

Ընկճախտի հաղթահարման լավագույն դեղամիջոցը հումորն է, ասում են դասականները։ Երբ վրա է հասնում հուսահատության մռայլ ուրվականը, գրողին այլ ելք, քան մի ուրախ բան բստրելն է, չի մնում։ Մանավանդ հիմա, երբ բանը բանից անցել է, ու շուրջբոլորը դավաճաններ են վխտում, ինչ ուզում ես մոգոնի, անեծքն ու հայհոյանքը գետի պես հոսում են ու չգիտեմ էլ՝ զվարճանքի տեղ թողնում են, թե չէ։ Մանավանդ հիմա, երբ վերքը դեռ բաց է, երբ դեռ կքում ես վերջին պատմվածքի դառնաղի արցունքի ծանրությունից, ճիշտ ժամանակն է լիցքաթափվելու։ Թե ինչպես չկրակած մեկ փամփուշտը կարող է խեղել մարդու ճակատագիրը, միայն ես գիտեմ։ Կատակի տրամադրություն կա թե չկա, արդեն էական չէ։ Բանակի վրա էլ ձեռքդ չի դողա, շատ էլ թե չեն ասի՝ մի թքիր այն աղբյուրի մեջ, որտեղից ջուր ես խմում։ Ու որպեսզի չասեն, նախօրոք հայցում եմ զինվորական ընկերներիս ներողամտությունը։ Ինչպես ասում են, ես չէի ուզում, կոմանդոր, ինքնըստինքյան ստացվեց։ Կամ, ավելի ճիշտ, ընկերս՝ Պարթևը հիշեցրեց․

– Ախպեր, հիշու՞մ ես, որ առանց կրակելու սպայական կոչում ստացանք։

– Տո ոնց չեմ հիշում, նախագահական ընտրությունների օրն էր։

– Ժողովուրդը կոտրեց Ազգային Ժողովի դարպասները։

– «Թող վերջին արյունը լինի»,- արնաշաղախ դեմքով հոգոց հանեց Ազգային ժողովի փոխնախագահը։

– Բայց ժողովուրդ չէր, ամբոխ էր։

– Ի՞նչ տարբերություն։

– Տարբերությունը հանեմ, աչքդ մտցնե՞մ,- հայտնի անեկդոտի նմանակությամբ եզրափակեց ընկերս։

Մի խոսքով, ինչ գլուխներդ ցավեցնեմ, գոնե մեկ անգամ պիտի կրակեինք, որ լեյտենանտի կոչումը շնորհեին, բայց ներքաղաքական քաշքշուկը դավադրության ինչ-որ հմայանքով խառնեց բոլորի խաղաքարտերը։ Ավելի ճիշտ՝ ճշգրտեց։ Ոչ ցուցամատերս ձգանին պրկվեց, ոչ մեր սրատես աչքը թիրախի վրա թրթռաց։ Որոշում կայացվեց անվտանգության նկատառումներից ելնելով ոտնահարել խորհրդային կանոնադրությունից թխված դրույթը ու առանց գեթ մեկ կրակոցի աջուձախ շռայլել բաղձալի աստղիկները։ Ինձ ինչ կար, առանց նշույլ իսկ խղճմտանքի աճպարարի պես օդից բռնեցի երկու փոքր աստղը։ Փոխարենը չեղյալ չհայտարարվեց ամենակարևոր ծեսը, առանց որի հիրավի անհնար է ուսադիրները ըստ արժանվույն զետեղել նախասահմանված վայրում՝ ուսերիդ վրա։ Խոսքը կոչումն օծելու հին հայկակական սովորության մասին է, որ մեր արյան մեջ է թափանցել հյուսիսից։ Եվ այսպես, ինչպես կարգն է, աստղիկները գցեցի օղիով լցված մեծ բաժակի մեջ, զգուշորեն, որ բան է թե ընծայված նշխարները հանկարծ բկիս չկանգնեն, դատարկեցի ցմրուր ու հպարտ կեցվածքով պատվի առա՝ ծառայում եմ հայրենիքին։ Հատուկ այդ նպատակով նշանակված սպան թփթփացրեց ուսիս ու մեծահոգաբար ընդունեց իրենց շարքերը։ Օղին իր մոգական ուժով սրբեց, տարավ չկրակած փամփուշտները, որ դուրս գրվեցին պետական գանձարանից ու մի թեթև պարզերես արեցին պահեստապետ ենթասպայի ամանորյա խղճուկ սեղանը։ Չկրակած մի փամփուշտ էլ ես փախցրի ու գցեցի գրպանիս ճմռթված անկյունը, սև օրվա համար։

Հիմա կասեք ծաղկեցնում եմ, չափազանցնում, կասեք՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են, բայց ես բանի տեղ չեմ դնի։ Սառնասրտորեն կապացուցեմ, որ հարցը միայն փամփուշտը չէր, հարցը միայն կրակելը չէր, եթե պիտի չկրակես, չես կրակի։ Հարցն ավելի խորքային էր՝ պայմանավորված կայսրության փլուզման կողմնակի ազդեցությամբ։ Բանն այն է, որ ռազմական սպայական դասընթացը, որ մտածված էր երես առած ուսանողության համար, առանձնապես չէր փայլում իր ռազմատենչությամբ, արյան հոտ չէր գալիս։ Մինչ մեզ կցագրված գնդապետը պատմում էր Անգոլայում խորհրդային զորքերի կատարած քաջագործությունների մասին, մենք սենյակի վերջում բլոտ էինք խաղում։ Այնքան խաղացինք, որ մեր ընկեր գետաշենցի Էդոն, որ մինչ այդ թղթախաղի այբն ու բենը չէր ջոկում, սկսեց շահագրգիռ խանդավառություն դրսևորել քուանշի ու բլեֆի հարաբերակցության ենթաշերտերի նկատմամբ։ Էդոյի թռիչքաձև առաջընթացից բացի մի լավ բան էլ եղավ, էս խաղ ու գրազից ահագին փող հավաքվեց, որ վերածվեց կոնյակի ու ռազմական նախապատրաստության առարկայի մեր տոմսակները շռայլորեն զարդարեց չորս ու հինգերով։

Երևի գլխի ընկաք, որ ոչինչ չէր գուժում, թե գեներալ եմ դառնալու։ Եթե ասեմ մանկուց ինձ տանջում էր գեներալ դառնալու կապույտ երազանքը, լկտի սուտ թքած կլինեմ բարեպաշտ հասարակության երեսին։ Նույնիսկ ընկերս, ում հինգ րոպե է մնացել գեներալի ուսադիրները ճանկելու համար, այդպիսի երազանք չի ունեցել։ Քավ լիցի։ Նա երազում էր ճանապարհային ոստիկան դառնալ, ասֆալտին կանգնած մեկիկ-մեկիկ կարգի հրավիրեր մոլորված վարորդներին և փոքրիկ խրախուսական պարգևատրության դիմաց կախարդական փայտիկով ցույց տար ճիշտ ճանապարհը։ Բայց դե գիտեք, փայտիկը որքան էլ կախարդական լինի, մեր ճակատագիրը մենք չենք տնօրինում։

Երբ փոքր էի, մտածում էի զինվորականները մարդ չեն, հոգևորականները մարդ չեն, այսինքն, ով համազգեստ է կրում, այլ աշխարհից է։ Նրանք չեն սիրում, չեն ատում, չեն քնում, չեն ուտում-խմում, զօրուգիշեր մտածում են՝ մեկը մեր հոգու, մյուսը հայրենիքի փրկության մասին։ Բայց քանի որ այնքան փոքր էի, որ չէի ուզում ոչ հոգին փրկել, ոչ հայրենիքը, ու նման պատրանքներ կամ հավակնություն էլ բնականաբար չունեի, որոշել էի նորմալ մարդ դառնալ։

Նորմալ մարդ դառնալու համոզմունքն ավելի բյուրեղացել էր քիչ ավելի ուշ, երբ կարդացել էի ամերիկյան մի գրողի պատմվածքը իր դասընկերոջ մասին։ Հեղինակին ու պատմվածքի վերնագիրը չեմ հիշում, բայց ասելիքն այն էր, թե ինչպես է դպրոցի ամենաբթամիտ աշակերտը ի վերջո գեներալ դառնում։ Տարիներ շարունակ ծաղրուծանակի է ենթարկվում դպրոցի սրամիտ հասարակության կողմից, մաղձն ու թույնը լցնում ներս, որ տարիներ անց ժայթքելու էին գեներալական լամպասների տեսքով։ Բնականաբար, պատմվածքի վերջում գեներալն է ծաղրում հեղինակին՝ ընդամենը մի թշվառ գրող դառնալու ու անիմաստ թուղթ մրոտելու համար։ Մի բան պարզ չէր, հեղինակը գրողի ու գեներալի առճակատման ի՞նչ հանգուցալուծում էր առաջարկում, բթամիտ գեներալի կամ թե թշվառ գրողի կողմը բռնելու ի՞նչ հուշում էր հրամցնում։

Ծովը մտնողը թրջվելուց չի վախենում։ Տարիներ առաջ էր, երբ պատահմամբ հայտնվել էի մի ռազմահայրենասիրական միջոցառման կիզակենտրոնում։ Բանակի բարձրաստիճան մի պաշտոնյա կեսլուրջ-կեսկատակ կշտամբեց գյուղապետին, թե ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության համար ընթացիկ տարի իրենց գյուղից մարդ չի դիմել, ի հակառակ նախորդ տարիների։ Սա էլ գեղջկական ամոթխածությունը բնական շիտակությանը շաղախած, տարավ֊բերեց, ոչ ձախ, ոչ աջ` թե բա էս տարի գյուղում վատ սովորող երեխա չի եղել։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար էդ տարվա լավ սովորող երեխեքը բռնել-գնացել են համալսարան իրավաբան ու տնտեսագետ դառնալու՝ չգիտակցելով հայրենիքի գլխին կախված ահռելի սպառնալիքն ու մսխելով գեներալ դառնալու փայլուն հեռանկարը։

Հիմա դառնանք մեր փամփուշտին։ Մինչև մայոր շռնդալից գնացինք առանց գեթ մեկ փամփուշտ կրակելու՝ գողացած փամփուշտը գրպանից գրպան տեղափոխելով։ Հաջորդ կրակելու փորձը տեղի ունեցավ տասներկու տարի հետո, երբ նորից քաղաքում խժդժություններ սկսվեցին։ Կկրակեք միայն օդ՝ զգուշացրին բարձր հրամանատարությունից։ Եթե ամբոխը գազազի, միայն այդ դեպքում։ Ամբոխ էր թե ժողովուրդ, ոչ ոք գլուխ չհանեց։ Թեև օդ էին կրակել, տասը հոգի սպանվել էին՝ հանելուկի լուծման դառնությունը թողնելով հետագա սերունդների խղճին։ Բարեբախտաբար, իմ փամփուշտը մնացել էր փամփշտակալում։

Մինչ հայրենական փամփուշտը տարեցտարի ժանգոտվում էր գրպանիս մոռացված անկյունում, ուժերս փորձեցի օտարերկրյա հրաձգարաններում։ Ահա թե ինչպես պատահեց բանը։ Երկու գեներալի հետ մեկնել էինք եվրոպական մի երկիր ռազմական համագործակցությանը զարկ տալու հեռագնա նպատակի համար, երբ հմայիչ թարգմանչուհու ուղեկցությամբ մեզ տարան հրաձգարան՝ որպես մշակութային ծրագրի մի մաս, ու երկուսով որպես հնարավոր որսորդ ու զոհ հայտնվեցինք թիրախին դեմ հանդիման։ Ինչ մեղքս թաքցնեմ, մի քանի օր արդեն եփել էի մտադրությունս ու որսորդին բնորոշ համբերատարությամբ վերջին նրբերանգներն էի հղկում, երբ աղջիկը խոցեց թիրախի միջուկը, կամ թե կուզեք՝ սիրտը։ Երբ վերցրի ատրճանակը, ձեռս մի պահ դողաց ու վրիպած կրակոցը ստիպված գեներալների կողմից գնահատվեց որպես ջենթլմենության բարձրագույն դրսևորում, իբր աղջկա հանդեպ կատարված մեծահոգի քայլ։ Ավելորդ է ասել, որ վրիպած փամփուշտը կտուր գցեց որսորդիս վարդագույն ծրագրերը։ Մի քանի օրից, երբ հմայիչ թարգմանչուհու հետ մտերմացել էինք, աչքով արեց ինձ ու պատմեց, որ տասը տարի շարունակ ամեն օր հաճախում է մշակութային ծրագրի մաս դարձած այդ միջոցառմանը ու ամեն օր կրակելով դարձել է բարձրակարգ հրաձիգ։ Այնպես որ մի վհատվի՝ շանս հենց սկզբից էլ չունեիր, գուցե հաջորդ կյանքում։

Զավեշտալի պատմությունների հաղթարշավը հետագայում էլ շարունակվեց։ Չկրակած հայրենական փամփուշտից ու վրիպած եվրոպականից տարիներ հետո ինձ կցեցին երկու երիտասարդ սպայի` իբր կրակել սովորեցնելու համար։ Վերջապես կօգտագործեմ փամփուշտս, մտածեցի ես։ Բայց չհասցրեցի էլ աչքս ճպպացնեմ, երկու ջահելն էլ խոցեցին խնձորակը. պարզվեց մեկը որսորդ էր, մյուսը ղարաբաղցի։ Վրիպելու վախից փամփուշտս նորից ծպտվեց, մնաց իր համեստ անկյունում։

Ինչքան էլ կրակոցը հետաձգվի, հուսահատվել այնուամենայնիվ պետք չէ, միշտ էլ կա աստեղային ժամի հույս։ Հիմա, երբ լուսադեմին կանչել են գեներալական աստղերը շնորհելու, թերևս ձգանը վերջապես քաշելու պատեհ պահն է եկել։ Մի զենք ճարեցի, գրպանիս հեռավոր անկյունում մնացած փամփուշտը հանեցի ու գնացի կրակելու։ Համ հոգիս կփրկեմ, համ հայրենիքը։ Եթե հասցնեմ կրակել, պարտքի զգացողության հանգիստ խղճով կընդունեմ խոշոր աստղերը, եթե չհասցնեմ, չեմ հուսահատվի, համազգեստս կկախեմ զգեստապահարանի մեջ ու կգնամ իմ համար թուղթ կմրոտեմ։ Երրորդ ճանապարհն էլ կա, որ ընտրում են պարտված սպաները, բայց այդ դասին բլոտով ենք ընկած եղել ու բարեբախտաբար չենք յուրացրել արժանապատվության ու պատվի փրկության ճիշտ ճանապարհի ուղեցույցը՝ մեկ կրակոց քունքին։ Այնպես որ, մնում է թուղթ մրոտելու տարբերակը, իսկ մնացածը՝ հմայիչ թարգմանչուհու ասած, գուցե հաջորդ կյանքում։

Please follow and like us: