Աղավնի Գրիգորյան/ Սպիտակ կարմիր պատեր

– Քեռի,- Արաքսը վազելով եկավ ու կպավ Վահանին, աչքերն արցունքոտ էին:
– Հայկոն ասում է՝ էս տարի չի գալու Ձմեռ պապին, թող ինձ չխաբի, ասա որ գալու է՝ ինչ էլ լինի գալո´ւ է:
– Հա´, բալես, իհարկե, գալու է, – Վահանը գրկեց չորսամյա Արաքսին:
Ավագ եղբայրը՝ Հայկը, գորգին նստած լեգո էր հավաքում, ցուցադրաբար ավելի ուժով դետալները սեղմեց իրար ու բարձր, հատու, որ անգամ կողքի սենյակում լսվի, հայտարարեց.
– Տզզան Արաքս, Ձմեռ պապիի սահնակը արյունոտ տեղերով չի սահում, չի´ գալու: Պատերա´զմ է:
Վահանի հայացքը սառեց մի կետի: Այնքա՜ն հեռու, անիրական թվաց երևանյան տունը, քրոջորդու ոչ մանկական մտահոգությունը: Մշուշն անցավ, չէ, իրական է, քսան թիվն է, ու ինքը՝ հայրական տանը: Դարձավ Արաքսին.
– Քո նվերն արդեն ճանապարհին է, չգիտեմ` ինչ է, բայց հաստատ սրտովդ կլինի:
Մաքրեց Արաքսի աչքի բյուրեղիկը, որ ուռել-կախվել էր կոպից, բայց դեռ տատանվում էր կաթել. երևի Նոր տարվա մասին բանավեճն իրեն էլ հետաքրքիր էր, ուզում էր մինչև վերջ լսել: Պպզեց գորգին, Հայկի կողքին.
– Քրոջդ մի տանջիր, դեռ փոքր է, հրաշքի սպասումը գիտե՞ս ինչքան կարևոր է, տոնի զգացումն էլ: Հիմա բոլորիս մի արտակարգ տոն Է պետք:
Գորգին թափված մանր մասերից գտավ, Հայկին մեկնեց պակասող մասնիկն ու ցույց տվեց, թե որտեղ պիտի ամրացնի, որ մեքենան ամբողջական հավաքվի: Հայկը սեղմեց մատներով վերջին մասնիկը.
– Լա՜վ…- ծորացրեց հնարավորինս անտարբեր ձայնով, որ իր զգացմունքները չմատնի: Մի քանի անգամ ձեռքի մեջ պտտեց հավաքված մեքենան, ի վերջո գոհունակ ժպիտը լայնացավ դեմքին ու քեռուն ուղղված աչքերը շնորհակալ փայլեցին:
Վահանը ոտքերը երկարեց գորգին, հենվեց ետևում դրված բազմոցին: Վերջին երկու ամիսներին այնքան բան էր փոխվել, մտքերը խառնվել էին…

*
Ֆրիվեյի վրա, հիվանդանոցի ճանապարհին էր. ռադիոն գուժեց՝ պատերա՜զմ… Նույն պահին կինը՝ Սյունեն, հաղորդագրություն ուղարկեց՝ ՊԱՏԵՐԱԶՄ Է: Քիչ անց արդեն տանն էր, իրերն էր դասավորում, Երևանում ապրող փեսային զանգեց, ուղղակի ասաց՝ վաղը գալիս եմ: Կինն առանց ավելորդ հարցերի՝ արագ- արագ հավաքեց ճամպրուկն ու հրաժեշտին համբուրեց՝ հասնես գրի:
Տասնհինգ ժամում կտրեց-հատեց տասնհինգ տարվա բացական, ու պատերազմի երկրորդ օրն արդեն Հայաստանում էր: Ամերիկյան հիվանդանոցի տնօրինությունը, որտեղ աշխատում էր, ընդառաջեց, բուժանձնակազմի ղեկավարը գլուխը տխուր տարուբերեց՝ «Քսանմեկերորդ դարում այսպիսի արհավիրք, անհավանական է, անտրամաբանական…»:
Ինքը Հայաստանում էր արդեն, գլուխը դեռ ուրիշ ռիթմով էր աշխատւմ, հետո գլուխը ծանրացավ, անտանելի ցավում էր…
Փոշի էր, ճանապարհի ողջ երկայնքով՝ զինվորներ ու կամավորականներ տեղափոխող շարասյուներ, համազգեստ հագած մարդիկ: Ֆիլմեր վաղուց չի դիտում, ժամանակ չկա, հիմա ամեն պահի ֆիլմի նոր դրվագում էր հայտնվում, ու թվում էր, թե սցենարիստը իր տեքստը չի տվել, երկրորդ դուբլ չկա, սխալվելու իրավունք չկա …
Մի քանի ժամից Ս. քաղաքում էր:
Տեսածն իր պատկերացրած «ամենադաժան»-ի սահամագծից անդին էր, «Դժոխքն էլ, դրախտն էլ երկրի վրա են, մեր ներսում: Պատերազմը դժոխքի աչքերն ունի…»՝ Հայր Սիփանն էր, մոտակա գյուղի քահանան, որ ամեն օր ոտքով գալիս էր հիվանդանոց, անցնում բոլոր պալատներով, հերթով նստում բոլոր զինվորների կողքին, երեկոյան արևի մայր մտնելուց հետո միայն նորից ճամփա էր բռնում դեպի եկեղեցի: Բժիշկները զինվորի վիրավոր մարմինն էին կարկատում, Հայր Սիփանը վիրավոր սիրտն էր փորձում բժշկել ու խաղաղեցնել իր աղոթքով:
«Աղոթքը զորավոր է, որդիս»,- ասաց Վահանին…
Երևի զորավոր է: Վահանը, մինչև վերջերս գոնե, այդ մասին չէր էլ մտածել: Իրեն աստվածավախ երբեք չի համարել, չնայած հակառակի պնդումն էլ սխալ կլինի. խիղճն արթուն էր ապրել, գուցե դա էլ իր հավատքն էր…
Նորից վիրահատում էին զինվորի… զգաց, որ շուրթերն անձայն աղոթք են մրմնջում:
– Փառք Աստծո, – շունչ քաշեց քուժքույրը՝ չորս ժամ տևած վիրահատության բարեհաջող ավարտից հետո:
– Երկրորդ ծնունդդ շնորհավոր, հերո´ս տղա, – զինվորի ուսին թփթփացրեց Վահանը, առավոտյան զննումից հետո ու շտապեց դուրս գալ պալատից, որ դեմքը չհասցնի կծկվել սուր ցավից. որդու տարիքին հազիվ լիներ, կյանքը փրկեց, բայց սավանի տակ՝ ոտքերի մասը մեռնելու չափ հարթ էր, դատարկ…
Հազիվ զսպեց իրեն, որ չփղձկա կնոջ հետ խոսելիս: Սյունեի հարցին, թե ինչ վիճակ Է, ուղղակի ասաց.
– Պատմելու չի… – հեռախոսի երկու կողմում լռեցին:
Այս ամիսներին քնել այդպես էլ չկարողացավ, երևի դա էր նաև պատճառը, որ երբեմն կորցնում էր իրականության զգացողությունը, ժամանակն ու տարածությունը խառնվում էին ու հայտնվում էր զուգահեռ իրականություններում՝ միաժամանակ:
Երկհարկանի հիվանդանոցը թեև բավականին լավ կահավորված էր, բայց այսչափ վիրավորների աչքերի ցավից միայն պատերն անգամ «գժվել» էին: Հիվանդանոցի պատերը սպիտակեցված էին, գիտե´ր, հիմա կարմիր էին… պատերն էլ:
– Բժի´շկ, եղբորս գտանք… վիրավորների մեջ, դեռ գիտակցության չի եկել, – Կարինեն էր՝ հերթապահ բուժքույրը, արդեն տասնհինգ օր եղբորից լուր չունեին, այս շաբաթների ընթացքում այնքան էր արտասվել բոլորի համար, որ հիմա «կիսավեր», բայց գտնված եղբոր համար պահած արցունքներ չկային, քարացել էին: Անմիջապես, սակայն, ասես մեղավոր էր, որ անձնական թուլությունը մյուս հիվանդներից ժամանակ խլեց, աչքերը սրբեց.
– Վիրահատարանը պատրաստ է,- ու դուրս եկավ:
Միջանցքում պատգարակներ էին դրված (պալատներում վաղուց տեղ չկար), այրվածքներով վիրարավորների նոր խումբ էին հասցրել բուժկենտրոն. տասը օր շրջափակման մեջ էին եղել, վաշտից քսանվեց հոգի էին փրկվել, ու հիմա կողք կողքի պառկած էին տարբեր աստիճանի այվածքներով:
– Խչո´, հենց դուրս գրվենք, սարերը որսի ենք գնալու, ախպերս, – զինվորներից մեկն իր մանկության ընկերոջ հետ էր, ձեռքը բռնած. ընկերը չէր խոսում, դեմքն ու մարմինն այրվածքներով էին, տեղ-տեղ հագուստը հալվել ու մտել էր մաշկի մեջ, մի քանի տեղ վերքը թարախակալել էր:
– Խչո´, չեղավ, էս քո շռամները վաղը մյուս օր աղջիկներին խելքահան են անելու, ես էլ քո հետ ոտք չեմ մեկնի:
Խչոն երևի փորձեց ժպտալ, բայց աչքից արցունք հոսեց, ու ցավից ավելի կծկեց բռունցքված մատները:
Խչոն այդպես լուռ էլ հեռացավ… սիրտը չդիմացավ…
Վիրահատությունները իրար էին հաջորդում, վիրահատարանը հազիվ էին հասցնում ստերիլիզացնել: Օրեր էին լինում, երբ Վահանին թվում էր՝ այլևս անհնար է դիմանալ… սիրտը արնահոսում էր, ձեռքերը, սակայն, երբեք չդողացին վիրահատելիս…
– Դոկ, ամեն ինչ լա՞վ է:
Բուժքույրը սրբեց Վահանի ճակատի քրտինքը…
– Շարունակե´նք…- Իրականությունը նորից ողջ դառնությամբ փչեց դեմքին:
Մահը միշտ ներկա էր… այնքան մոտ էր, այնքան շատ, որ կյանքը, շունչը պահած, քաշվել էր մի անկյուն:
Հնարավոր ազատ պահին, ուղղակի դուրս էր գցում իրեն հիվանդանոցի ետնաբակ, որ չխեղդվի:
Վիրավորներից մի քանիսը, որ համեմատաբար թեթև վնասավածքներ ունեին ու կարողանում էին տեղաշարժվել ինքնուրույն, հավաքվել էին Վահանի շուրջը:
– Դո´կ, Ստյոպի ծնողներին հայտնե՞լ եք:
– Երեկ փորձում էին կապվել ու տեղեկացնել ընտանիքին:
– Մայրը հիվանդ է, չի դիմանա …
– Էս ուրիշ փռթոցի էր…- խոսակցությանը միացավ կամավորական Հրաչը, – էս եղեռնի շարունակությունն է, մենք մեր ձեռով բերինք, հասցրինք էս օրվան, երանի տղերքին, որ հերոս գնացին…
Հետո յուրահատուկ ջերմությամբ ասաց.
– Դոկ, դու հզոր մարդ ես, էս օրերին սպիտակ խալաթը ոնց փրկօղակ լինի, խալաթավորները՝ հրեշտակների նման մի բան՝ բոլորիս համար, դու էլ հրեշտակապետը:
Հրաչը դարձավ կողքին լուռ նստած երիտասարդին.
– Գնե´լ, բա ասում ես գրող ես, եղբա´յր, դեռ մեր դոկի մասին երկու տող բան չես գրել, դոկը չլիներ ես արդեն երկու շաբաթ երկնքներից էի ձեզ նայում…
Մահվան կողքին առաջին անգամ զսպված ծիծաղ լսվեց… տարօրինակ մոռացված հնչողությամբ…
Տղերքին էլ էր հասկանում, խուսափում էր երկար նրանց աչքերի մեջ նայել… դժոխք տեսած աչքեր էին…
Գլխացավը չանցավ մաքուր օդից անգամ: Առանձնացավ աշխատասենյակում: Մինչև հաջորդ վիրահատությունը ժամանակ ուներ. արագ-արագ տպեց անգլերեն տեքստը՝ հիվանդանոցում պակասող ամենաանհրաժեշտ բժկական պարագաների ու սարքավորումների ցանկը հավաքել-կազմել էր ամբողջ ամսվա ընթացքում: Նորից աչքի անցկացրեց, երկու բառով նամակի վերջում շնորհակալություն հայտնեց օվկիանոսից այն կողմ՝ իր գործընկերներին, սեղմեց «ուղարկել» կոճակն ու պատուհանից դուրս նայեց…
Աշունը բանից անտեղյակ՝ գույներ էր շաղ տվել դիմացի բլրակին:

*
– Քեռի, դու ամառը կգաս չէ՞ Հայաստան, – Արաքսը վերջին օրը քեռուց պոկ չէր գալիս:
– Հա´, բալես:
– Բա ինչի՞ քո տունը Հայաստանում չի…
– Հայաստանում է, Արաքս ջան, ուղղակի երկրորդ տունս մի քիչ հեռու է … Առաջինը էստեղ է:
– Քեռի, մի գաղտնիք գիտեմ, ականջիդ ասեմ, բայց ինձ չմատնես հանկարծ:
Ձեռքերի ափերը մոտեցրեց Վահանի ականջին՝ այնպես, որ ոչ ոք չլսի կողքից.
– Մաման էն օրը բժշկի էր գնացել… – աչքերը փայլեցին, ձայնը հուզմունքից դողաց, – քուրիկ եմ ունենալու, անունը Սէրլի կդնենք, սիրուն անուն ա, չէ՞…
Ժամանակն ու տարածությունը նորից խառնվեցին… քաոսը նահանջեց, հալվեց ու կորավ Արաքսի ջինջ աչքերում:
«Դրախտը մանկության աչքերն ունի …»:
Վահանն ամուր գրկեց Արաքսին, մեկ էլ եկող ամառ նորից կգրկի բոլորին:
– Սէրլի… սիրո՜ւն անուն է, – Վահանը ժպտաց, առաջին անգամ երկու ամսվա ընթացքում:

Please follow and like us: