Այդ օրը հավատացյալների խմբին տարել էի Արցախ։ Շատ հետաքրքիր մարդիկ դուրս եկան այս հավատացյալները։ Սկզբում քաշվում էի, նույնիսկ խուսափում էի պատվերը վերցնել, չնայած, որ ընդհանրապես չէի ճանաչում նրանց․ ինչ-որ վանող, վախեցնող բան կար։ Բայց հենց առաջին ուղևորության ժամանակ (Սաղմոսավանք էինք գնացել) ամեն ինչ իր տեղն ընկավ․ պարզվեց՝ նորմալ մարդիկ են՝ աշխարհիկ, մսից ու ոսկորից, ասող-խոսող, ուտող-խմող մի ժողովուրդ։ Օհան բիձու «բախչում» նստեցինք, որտեղ ծաղկած այգին իր հյուրընկյալ գիրկն առավ մեզ, իսկ գարնան արևը տաքացրեց խորդուբորդ ճանփեքից ջարդջրդված մարմիններս, ու մի համով, տնավարի հաց կերանք։ Սեղանի շուրջ հարմարվեցինք թե չէ, հավատքով լեցուն այս մարդիկ սկսեցին շշուկով աղոթել։ Ուզում էի գետինը մտնել․ չգիտեմ, որ զգացողությունից այդ ամոթը ծնվեց՝ աղոթքի բառերը չիմանալո՞ւց, թե՞ տարօրինակ այդ սովորույթից, բայց տաք հացն ու կանաչ սոխը ափերիս մեջ սեղմած, որոնք գնալով ավելի ու ավելի էին ծանրանում, համբերատար սպասում էի, թե երբ է վերջապես ավարտվելու այդ գրողի տարած աղոթքը։ Վայրկյաններ անց, որոնք մի ողջ հավերժություն թվացին, շշուկները դադարեցին։ Ես հանգիստ շունչ քաշեցի և արագ-արագ սկսեցի ուտել, կարծես ստեղծված անհարմար իրավիճակս էի ագահաբար ծամում, մասնատում ատամներով ու գունդ-գունդ կուլ տալիս։ Բայց հետո ամեն ինչ կարգավորվեց․ մեկը կենաց ասեց, մյուսը կյանքից ինչ-որ կենցաղային դրվագ պատմեց, երկու-երեք բաժակից հետո էլ անեկդոտները հաջորդեցին իրար։
Հայաստանի տարբեր տեղերով անցանք, գրեթե բոլոր եկեղեցիներն ու սրբավայրերը, նույնիսկ ամենաանանցանելիները իմ «Գազել»-ով պտտվեցինք։ Ընդհանրապես, եկեղեցիների ու քարերի սիրահար չեմ, ես հողի մարդ եմ, բնությունն ինձ ավելի է գրավում։ Մարդու ձեռքով սարքածը, որքան էլ այն գրավիչ ու յուրատեսակ լինի, չի համեմատվի այն հրաշքի հետ, որի անունն է բնություն։ Իրենք մտնում են եկեղեցիները, իսկ ես՝ լուռումունջ ու հնազանդ վարո՛րդս, խելոք շրջում եմ մոտակայքում, փորձում բացահայտել տեղանքը, դրա բնական գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Որոշ ժամանակով կտրվում ենք իրարից, հետո կրկին հավաքվում, հաց ուտում ու զրուցում։ Նրանք սկսում են կարևոր բաներ քննարկել, առակներ պատմել, քարոզներ կարդալ, իսկ ես կողքից ուշադիր լսում եմ, հետևում, սովորում, նույնիսկ մեկ-մեկ համարձակվում եմ կարծիք հայտնել։ Այդպես էլ անցկացնում ենք մեր ժամանակն ու հավատացյալների այս լավ խումբը, գրեթե միշտ բավարարված, գոհ ու շնորհակալ թե՛ Աստծուն և թե՛ ինձ(Աստծուն չգիտեմ ինչի համար, ինձ՝ բարով-խերով տուն հասցնելու համար), հետաքրքիր ուղևորություններ-հավաքներ է կազմակերպում։
Այդ անգամվա ուղևությունը գիշերակացով էր․ գնացել էինք Արցախ՝ Գանձասար վանական համալիր։ Ճանապարհի բնությունը չնաշխարհիկ էր, իմ աղքատիկ բառապաշարով դժվար թե կարողանամ այդ դրախտի գեթ մի կտորն արժանիորեն նկարագրել։ Վանական համալիրն էլ շատ գեղեցիկ էր։ Կարծես մի յուրահատուկ ու առեղծվածային միջավայրում հայտնված լինեինք՝ հոգևոր համալիրի և աշնանային գույների մեկտեղված ներդաշնակությամբ։ «Գազել»-ից իջանք թե չէ, զարմացած ժպիտները շուրթերիս սկսեցինք հիանալ անիրական այդ տեսարանով։ Ոչ թանձր, եթերային մառախուղը լողում էր օդում և շոյում մեր փայտացած մարմինները։ Ես միանգամից կտրվեցի խմբից ու, առանձնանալով ինքս ինձ հետ, կորա բնության խորխորատներում։
Փոքր ինչ հեռացել էի վանական համալիրից և խոտին նստած լուռ նայում էի դիմացս բացված գոգավոր ձորի աշնանային կտավին։ Ետևում քայլերի ձայն լսեցի, սակայն չշրջվեցի․ չէի ուզում հավատալ, որ ինչ-որ մեկը կհամարձակվի խաթարել իմ անդորրն իր ոչ էական ներկայությամբ։Գեղեցիկ է, չէ՞,— տարեց մարդու խռպոտ ձայն էր։
– Իհարկե՛,- դեռ անշարժ էի։
Մարդը դժվարությամբ կռացավ, ձեռքը դրեց փոքրիկ թմբի վրա ու նստեց կողքիս՝ ոչ շատ հեռու։
– Նման գեղեցկություն ոչ մի տեղ չես կարող գտնել,- նա նույնպես իմ կողմ չէր նայում։
– Շատ գեղեցիկ է, բայց սրանից ոչ պակաս գեղեցկություն ամեն օր տեսնում եմ,- միայն այդ ժամանակ թեքվեցի նրա կողմ․ մուգ գույնի բաճկոնով, յոթանասունին մոտ տղամարդ էր, բայց ծեր չէր։
– Այդ որտե՞ղ։
– Մեր տանը։
– Էդ լավ է։ Ուրեմն տանդ մեջ ջերմություն կա, սեր կա, առանց դրանց գեղեցկություն գոյություն չունի։ Էն քաղքեցիքի հե՞տ ես եկել։
– Հա։ Ասեցի մի քիչ կտրվեմ, հանգստանամ երկար ճամփից հետո։
– Դո՞ւ էլ ես քաղաքից։
– Չէ, գյուղերից եմ։
– Ո՞ր կողմերից։
– Գողթեցի եմ, Գեղարդ չհասած։
Նա անմիջապես թեքվեց իմ կողմ ու նայեց աչքերիս մեջ։ Դիմախաղից դժվար էր հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ նրա հետ, բայց որ մի բան կատարվեց՝ հաստա՛տ։ Ուզում էի հարցնել, բայց նաև չէի ուզում հարցնել․ ուզում էի՝ ինքն ասի, ես ոչինչ չհարցնեմ, եթե ասելիք կա՝ ուղղակի թող ասի։ Դադարից հետո վերջապես խոսեց․
– Հաաա՜, շատ գեղեցիկ վայրեր են։
– Եղե՞լ ես, հայրի՛կ։
– Մի խնդրանք ունեմ քեզ, պիտի՛ օգնես,- ուշադրություն չդարձնելով հարցիս՝ ասաց նա։- Ձեր գյուղացի մի լավ մարդու եմ իմանում, ոնց էլ լինի՝ կճանաչես․ ինքը մեծ է, ինձնից էլ տարիքով, կարող է նույնիսկ էլ չկա, չգիտեմ, բայց ընտանիքին պիտի կարողանանք գտնել,- նրա աչքերը խանդավառությունից պսպսղում էին։
– Հլը անունն ասա, հայրի՛կ ջան։
– Էդ բարի մարդն ինձ էնպիսի լավություններ արեց, որ Պետրոսի նման ուզենամ երեք անգամ ուրանալ՝ չի ստացվի, որդի՛,- նա համառորեն չէր պատասխանում հարցերիս։- Երբ փոքր էի, դե երիտասարդ, ինձ Էջմիածնի ճեմարանից ուղարկեցին ձեր գյուղի եկեղեցի՝ որոշ ժամանակ ծառայություն անելու համար,- միայն այդ ժամանակ նկատեցի, որ նրա մուգ բաճկոնի տակից երկար ձգվում էր հոգևորականի սև սքեմը։- Ոչ ապրելու տեղ ունեի, ոչ էլ ապրուստի միջոց։ Առաջին օրերը եկեղեցու սառը քարերին էի քնում, սրա-նրա ձեռին նայում։ Պատարագներից մեկի ժամանակ էդ լավ մարդը նկատել էր իմ հիվանդ տեսքն ու ծեսի ավարտից հետո մի մեծ բրդուճ տվեց ինձ։ Էնքան սոված էի, որ չհասցրի «շնորհակալություն» ասել․ արագ-արագ կերա։ Հետո հարցրեց՝ էլի ուզո՞ւմ եմ, ամաչելով գլուխս վերուվար արի։ Ձեռքիցս բռնեց ու տարավ իրենց տուն։ Երեք ամիս պահեց իր ընտանիքի հետ, չթողեց ոչ մի բանից նեղվեմ, ամենալավ սենյակն ինձ տվեց, ամենատաք վերմակն իմ վրա գցեց։ Խորոված կլիներ կամ ինչ-որ ուրիշ ուտելիք, կապ չունի, առաջինն իմ ափսեն էր լցնում․ մատաղի ամենալավ կտորը հանում էր, դնում դիմացս և միայն դրանից հետո իր էրեխեքի համար էր բաժին հանում։ Այ տենց իշխանի պես պահեց։ Տնեցիներն էլ ինձ սիրում էին, ես էլ հետ չէի մնում, ինչով կարողանում՝ օգնում էի։ Մի խոսքով, էդ մարդիկ երեք ամիս ինձ համ ուտելիք տվին, համ չթողին մի բանից նեղվեմ։ Հետո հետ կանչեցին Էջմիածին, ու էդ օրվանից մինչև հիմա ոչ երբևէ տեսած եմ, ոչ էլ սկի լուր ունեմ իրենց մասին։ Պատմածս մի քառասունհինգ-հիսուն տարվա վաղեմություն ունի, ամեն անգամ մտածում էի՝ պիտի գնամ, պիտի գտնեմ, պիտի սրտիս եկածն ասեմ, բայց այսքան տարիների մեջ էդպես էլ չի հաջողվել, որդի՛ս․ մեկ էստի ուղարկեցին, մեկ՝ էնտի, իսկ վերջին քսան տարին էս հրաշք վայրում ծառայում եմ Տիրոջը,- արցունքները եռում էին հոգևորականի ծերացած կոպերի տակ, վերջին բառերի վերջավորությունները հազիվ էր կարողանում արտաբերել։
– Ի՞նչ էր անունը, Տե՛ր հայր, եթե ես էլ չճանաչեմ, «չերեզ-չերեզ» կգտնենք հաստա՛տ։
– Էդ մարդու անունը Լուկաշ էր, իսկ կնոջ անունը կարծեմ՝ Սիրուշ։
– Լուկա՞շ, հաստա՞տ։
– Հա՛,- ուրախ-ուրախ հաստատեց Տեր հայրը։
– Բայց կնոջ անունը կարո՞ղ ա Հրանուշ էր։
– Չեմ հիշում, որդի՛, կարող է սխալվեմ։ Ճանաչո՞ւմ ես, էրկու փոքրիկ տղաներ էլ ունեին։ Դե, հիմա արդեն մեծ կլինեն։
– Ռաֆայե՞լ ու Վայրա՞մ։
– Չեմ հիշում անունները, բայց ոնց որ՝ հա՛։ Ես հաստատ հիշում եմ Լուկաշին։ Ինչ էլ մոռանամ էս մեղավոր աշխարհում, էդ անունը երբե՛ք չեմ մոռանա։
Փոքրիկ դադար վերցրի․ ուզում էի Տեր հոր վերջին բառերն ամբողջական ու հիմնովին յուրացնեի մարմնիս ամեն մի բջջով։
– Ճանաչում եմ էդ մարդուն, Տե՛ր հայր, շա՜տ լավ եմ ճանաչում։ Նրա արդար ձեռքի սարքածն էլ եմ կերել, ապտակն էլ հետը․ էն էլ ոչ մեկ անգամ։
Տեր հայրը խառնվեց իրար, տեղից վեր ելավ ու մոտեցավ ինձ։ Իջավ մի թեթև ներքև ու իր կարմրած աչքերով սկսեց ուշադիր ինձ նայել։ Նրա երջանիկ ու ժպտուն հայացքի մեջ այնքան անկեղծություն ու ջերմություն կար, որ բառերս ակամայից լացակումած երանգ ստացան։
– Լուկաշը հինգ տարի առաջ գնաջ Տիրոջ մոտ, իսկ դրանից մի շաբաթ հետո մերս գնաց նրա հետևից։ Ընդամենը մի քանի օրում որբացա, Տե՛ր հայր։
– Տղա՛ս, մի բացիր վերքերդ,- Տեր հայրը տեղավորվեց կողքիս և շարունակեց,- ծնողներդ ազնիվ մարդիկ էին, հողի հետ կռվող, բերք ու բարիք ստեղծող ռամիկներ, թող Աստծու որդին ողորմած լինի նրանց նկատմամբ։ Նրանք էնքան բարություն են թողել էս աշխարհի վրա, որ ուզենաս էլ՝ որբ չես դառնա։ էդ բարությունները կան, թռչում են վերևներում, ապրում են մեր կողքերում, էս քար ու ջրի, էն չորացած տերևների, իմ ու քո գլուխների մեջ։ Իմ տունը քո տունն է, իմ հացը քո հացն է, էստեղ դու իմ որդին ես, ու ես, ինչպես քո հայրը, ուզում եմ իմ ձեռքերով գառան համով խորոված անել ու ամենալավ կտորը քեզ բաժին հանել,— ասաց նա ու նայեց իմ ուղղությամբ։
– Կլինի՞՝ մի քիչ էլ էստեղ նստենք միասին,- հարցրի նրան պատասխանի փոխարեն։
– Իհարկե՛,- ասաց Տեր հայրն ու սկսեց շշուկով շարական երգել։
Ես կիպ կպել էի նրան, սակայն մարմինս դողում էր։ Եղանակը ցուրտ չէր, նույնիսկ տաք էր, բայց ես կուչ եկած դողում էի։ Հուզմունքից պապանձվել-մնացել էի տեղումս։ Զգացողություններս ճնշում էին ներսից, բայց դրանք խառնված, խճճված, քաոսային զգացողություններ էին։ Այդ պահին աշխարհում միակ մաքուր ու անքննելի զգացողությունն այն էր, որ ես որբ չեմ։