Neuralink- ը, որի խնդիրն է մարդու ուղեղի մեջ համակարգչի համար ընթեռնելի իմպլանտներ տեղադրել, Իլոն Մասկի վերջին մեծ գաղափարն է: Բայց մեր մտածողության թվային վերահսկողությունը սխալ ուղղությամբ արված քայլ կլինի:
Օգոստոսի վերջին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում Իլոն Մասկը ներկայացրեց իր Neuralink նախագծի հաջողության առաջին կենդանի ապացույցը: Ցահադրության էր հանված մի բան, որ նա ներկայացրեց իբրեւ «առողջ և ուրախ խոզ»՝ իմպլանտով, որը համակարգչին թույլ էր տալիս կարդալ նրա ուղեղում տեղի ունեցող գործընթացները: Հետաքրքիր կլիներ լսելը, թե ինչպես է նա պարզել, որ խոզը երջանիկ է․․․
Ամեն դեպքում, ներկայացվածը մեզ ծանոթ պատմություն էր: Մասկը կարևորեց Neuralink- ի օգուտները առողջության համար (լռելով մեր մտավոր կյանքը վերահսկելու իր չլսված ներուժի մասին) և հայտարարեց, որ այժմ փնտրում է կամավորների ՝ դա մարդկանց վրա փորձելու համար:
Սկզբում խոզերի, ապա մարդկանց օգտագործումը չարագուշակ զուգահեռ է էլեկտրաշոկային թերապիայի հետ, որը մտահղացել է իտալացի հոգեբույժ Ուգո Չերլետտին 1938 թվականին: Ոգեշնչված դիտարկումից, որ սպանդից առաջ խոզերին հոսանքահարելը նրանց հանգտացնում ու հնազանդեցնում է՝ նա որոշեց նույնը փորձարկել մարդկանց վրա:
Միգուցե սա գոտկատեղից ցած հարված է Մասկի նկատմամբ, քանի որ Neuralink-ի առնչությամբ պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը։ Հարկ չկա վերաբերվել այս գյուտին որպես սինգուլյարության (աստվածային կոլեկտիվ ինքնագիտակցության) տանող ճանապարհի, կամ վախենալ նրանից, որ մենք կկորցնենք մեր անհատական ինքնավարությունը եւ կդառնանաք թվային մեքենայի մասնիկներ։
Մասկն ինքն ընկնում է գաղափարական երազանքների մեջ, ինչպես երեւում է The Independent– ի վերջին հոդվածի վերնագրից եւ ենթավերնագրից. «Իլոն Մասկը կանխատեսում է, որ հինգ տարի անց մարդկային լեզուն հնանալու է.«Բայց մենք այն դեռ կարող ենք օգտագործել զգացմունքային նպատակներով»: Neuralink-ի ղեկավարն ասում է, որ 12 ամսվա ընթացքում նախատեսվում է սարքը միացնել մարդու ուղեղին…»:
Նույնիսկ եթե անտեսենք այս երազանքի տեխնիկական իրագործելիության հարցը, եկեք պարզապես մտածենք այն մասին, թե մեր գիտակցության իրականությունը, որ ուղղակիորեն կիսում է ապրումները՝ լեզվի տիրույթից դուրս, ինչ կարող է նշանակել, օրինակ, էրոտիկ գայթակղման պրոցեսի համար։
Պատկերացրեք գայթակղման տեսարան երկու սուբյեկտների միջեւ, որոնց ուղեղներն այնպես են միացված, որ նրանց հասանելի է միմյանց մտքի ընթացքը։ Եթե իմ պոտենցիալ զուգընկերը կարող է ուղղակի տեղեկանալ իմ նպատակների մասին, ի՞նչ է մնում գայթակղման խորամանկ խաղից։ Արդյոք մյուս մարդը չի՞ արձագանքի մոտավորապես այսպես․ «Լավ, ես գիտեմ, որ դու հուսահատ կերպով ուզում ես քնել հետս, էդ դեպքում ինչի՞ ես ինձ էս հիմար հարցերը տալիս, թե ինչ ֆիլմեր եմ սիրում եւ ինչ կցանկանայի ուտել ընթրիքին։ Դու չե՞ս զգում, որ ես երբեք քեզ հետ սեքս չեմ անի»։ Ամեն ինչ կավարտվի ճիշտ նույն վայրկյանին։
Ավելի հիմնավոր ասած՝ մեր ներքին կյանքի, մեր մտքերի ընթացքի եւ արտաքին աշխարհի միջեւ հեռավորությունը մեզ որպես ազատ էակ ընկալելու հիմքն են։ Մենք ազատ ենք մեր մտքերի մեջ ճիշտ այնքան, որքան որ դրանք հեռու են իրականությունից, այնպես որ մենք կարող ենք խաղալ դրանց հետ, անցկացնել մտածողության փորձեր եւ երազել՝ առանց իրականության վրա ուղղակի ազդեցության։ Ոչ ոք չի կարող այնտեղ մեզ վերահսկել։
Հենց մեր ներքին կյանքն ուղղակորեն միացվի իրականությանը, այնպես որ մեր մտքերը կարողանան հետեւանքներ ունենալ իրականության մեջ կամ կարողանան կարգավորվել իրականության մասը հանդիացող մեքենայի օգնությամբ, եւ այդ իմաստով դրանք արդեն մերը չեն լինի, մենք կմտնենք հետ-մարդկային վիճակի մեջ։
Այսպիսով, Neuralink-ը ստիպում է նորից բարձրացնել հիմնական հարցերը․ ոչ միայն «Մենք կմնա՞նք մարդ, եթե մեր ուղեղը միացվի մեքենային», այլեւ «Ի՞նչ ենք հասկանում մարդ ասելով, երբ մեր առջեւ նման հարցեր ենք դնում»։
Ես խորացել եմ այս հարցերի մեջ, այդ թվում նաեւ նոր, չլսված հասարակական վերահսկման ռեժիմի, որի հնարավորությունը ստեղծում է Neuralink-ը, իմ «Հեգելը միակցված ուղեղում» գրքի մեջ։ Մենք պիտի ոչ մի վայկյան չմոռանանք, որ եթե կարող ենք ուղղակիորեն կարգավորել իրականության մեջ տեղի ունեցող գործընթացները մեր մտքերի միջոցով՝ օրինակ, ես պարզապես միտածում եմ, որ իմ սրճեփը պետք է ինձ ամար «լատե մակիատո» պատրաստի, եւ դա տեղի է ունենում, պատճառա-հետեւանքային կապը նաեւ հակառակ ուղղությամբ է գործում։ Նրանք, որ կառավարում են «իմ մտքերը կարդացող» թվային մեքենան, նույն կերպ կարող են կառավարել իմ գիտակցությունն ու ներմուծել այնտեղ մտքեր։
Մեզ համար այօր, Քովիդ19-ի համավարակի թեժ պահին կարեւոր է հասկանալ, որ սոցիալական հեռավորությունը (կամ ավելի ճիշտ մարմնական հեռավորությունը) լրացնում է Neuralink-ը։ Ինչպե՞ս։
Ֆիզիկական հեռավորությունը որպես վարակից պաշտպանության միջոց հանգեցրեց սոցիալական կապերի ուժգնացմանը ոչ միայն կարանտինի մեջ գտնվող ընտանիքների ներսում, այլեւ այլ մարդկանց հետ (հիմնականում թվային զանգվածային լրատվամիջոցների)։ Բայց ի հայտ եկան նաեւ զանգվածային մարմնական մերձեցման դեպքեր, ինչպես ռեյվերն* ու երեկույթները։ Ռեյվը ոչ միայն մարմնի մերձություն է, այլեւ ավելի քիչ սոցիալական վերահսկում, հետեւաբար՝ ավելի մեծ հեռավորություն հասարակությունից խոշոր հաշվով։
Այն, ինչ տեղի ունեցավ համավարակի ընթացքում, ոչ միայն անցում էր հասարակական կյանքից հեռավորության հաստատման, այլեւ ավելի բարդ անցում մերձեցման ու հեռացման մի համադրությունից մեկ ուրիշի։
Փխրուն հավասարակշռությունը հասարակական կյանքի եւ մասնավոր ոլորտի միջեւ, որ կար մինչ համավարակը, փոխարինվում է նոր համադրությամբ, որի մեջ փաստացի/մարմնական սոցիալական փոխազդեցության տարածքի կրճատումը կարանտինի պատճառով չի հանգեցնում ավելի մեծ մեկուսացման, այլ ստեղծում է հասարակական կախվածության եւ վերահսկման նոր նորմեր։ Մի մոռացեք, որ կարանտինի ժամանակ մեզ անգամ անօդաչու սարքերն էին կառավարում։
Այսպիսով, Neuralink-ի բացած հեռանկարը կատարյալ կեպով համապատասխանում է նոր հասարակության կերպին, որում, ֆիզիկապես մեկուսացած, կապրենք պաշտանիչ պղպջակների մեջ եւ միաժամանակ կկիսենք նույն մտավոր ու հոգեկան տարածքը։ Մեր հոգեկան կյանքում իրար մոտ կլինենք ավելի, քան երբեւէ՝ ընկղմված նույն տարածության մեջ։
Այնպես որ, հիմա մեզ պետք է ոչ միայն ֆիզիկապես հնարավորինս մոտենալ ուրիշներին, այլեւ հոգեպես հնարավորինս հեռանալ ուրիշներից։
* Պարային և երաժշաական մշակույթի երիտասարդական ժամանակակից ուղղություն, որը համադրում է և՝ էլեկտրոնային երաժշտության էներգետիկ ռիթմերը, և՝ լուսային էֆեկտները:
Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ այստեղ