Անահիտ Հայրապետյան/Ավագ սերժանտ Մանյա, սարերը քեզ պահապան

Ձիգ

Առավոտ կանուխ շանթ դասընկերուհիս խրամատների թարմ օդով խուժում է ներս։ 
Անահիտ, խրամատներում էի, 
Անահիտ, տես զինվորներս են, գետն ա, սարերն են, սիրուն ա, 
Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, Անահիտ, ասում ա, 
Ես գժվում եմ հայրենիքիս համար։ 
Ավագ սերժանտ Մանյա Կոստյան Ավետիսի, 
Ես վաղուց լուր չունեի քեզնից, 
Քո մասին իմանում եմ մամայիցս, որ հարցուփորձ ա անում մամայիդ։
Իսկ հիմա թշնամու սնարյադի տակով անցնելով վիրակապ ես անում, 
Ես հոգնել չունեմ, ես մինչև վերջ գնալու եմ՝ գրում ես դու։ 
Մաման հետո ա իմացել, որ ես մարտի դաշտում եմ ու ծանր ա տանում,
Ես ուժեղ եմ ու ձիգ, 
Մյուս տարի իմ տղան էլ ա զինվոր դառնալու, 
Կուզեի բոլոր կին զինծառայողները ինձ պես լինեին, 
Իմ զինվորներն իմ բալեքն են, 
Իմ նման ծառայեն, իմ նման առաջին բուժօգնություն ցույց տան, 
Որ մարտի դաշտում չխնայեն իրենց ու կրակի տակ փրկեն կյանքեր։ 
Ես էսօր դրա միջով անցնում եմ։
Ինձ համար չկա դժվարություն,
Զինվորի մահը տեսնելիս ես զգում եմ ափսոսանք, որ այլևս նա չկա, բայց նրանք անմահ են, 
Տղաները մտածում են, որ ես նրանցից մեկն եմ, 
Մենք բոլորս պարտավոր ենք կին թե տղամարդ սիրել ու պաշտպանել մեր անգին հողը։ 
Ավագ սերժանտ Մանյա, 
Ոտքդ հանկարծ փուշ չմտնի, 
Ճամփադ միշտ բաց լինի ու անտեսանելի հրեշտակները պահեն քեզ էլ, զինվորներիդ էլ, 
Երբեք չտխրես, 
Միշտ ուրախ լինես ու արի։ 
Գրկում եմ։
Երախտապարտ եմ։

Նամակ

Գիտե՞ս, Սեռռա,
Այս ամենն ինչ սկսել է, ես մտքում միայն քեզ հետ եմ խոսում, 
Դե մյուսների հետ խոսելն անիմաստ է, 
Միայն դու կհասկանաս ցավը ու վերքերը, որ նոր-նոր նորոգել էինք փորձում, 
Հա, հենց ես ու դու, 
Երբ իմ տղա Արենի հետ միասին Սասունի դիմացի սարն էինք բարձրանում առանց իմանալու, թե որ կողմում է Չաուշի գերեզմանը, 
Մեզ ոչ ոք չասաց դրա տեղը, 
Բոլորը վախենում էին,
Քրդերը վախենում են, որ հայերը մի օր հետ են գնալու իրենց հողը, 
Նրանք հայերի ստվերների հետ կռիվ տալով են ապրում հայկական հողում, 
Մեզ ցույց էին տվել կամուրջը, որտեղ տեղի էին ունեցել մարտերը, իսկ մենք միայն կանգ էինք առել հանգստանալու, 
Ես ոչինչ չէի զգում, չէի հասկանում,
Ես առհասարակ չէի էլ ուզում բարձրանալ այդ սարը ինչ-որ գերեզմանաքար նկարելու համար, 
Դե ես հիմար էի, հիմար էի, հիմար, 
Լուսանկարչի աչքը ինձ հիմնովին փչացրել է։ 
Բայց երբ գիշերը երազում տատիս տեսա, 
Հիշու՞մ ես, պատմեցի, 
Որ տատս ասում էր՝ Աննահիտ, քինի, հանգիստը ծիքյ ա տամ, 
Ես քեզ փորձում էի կիսատ-պռատ թարգմանելով ասել մի բան, որ դժվար է ասել, 
Գերեզմանը կանչում է, 
Ես միշտ զարմանում էի, թե ինչի էին գերեզմանները սարերի դոշին սարքում, որ քաղաքից պարզ երևան, որ գյուղից պարզ երևան,
Մեր գյուղինն էլ պարզ երևացող մի տեղ է, 
Ասենք, Թամամի բալկոնում կարող եմ թեյ խմել կամ պարզապես նայել բալկոնից ու տեսնել գերեզմանը, 
Իսկ գիտե՞ս, թե ոնց էի գյուղում իմանում, որ այսօր շաբաթ օր է, 
Չե՞մ ասել, 
Երբ Ներքի թաղից կնանիք սուգ կապելով սարն էին բարձրանում, դեպի գերեզման, 
Նրանք նախ ամեն օր, հետո արդեն ամեն շաբաթ օր սգում էին պատերազմին տված իրենց զավակի համար, 
Չէ, պատերազմին չեն տվել, էդ էն ժամանակ էի էդպես մտածում, 
Հիմա մտածում եմ, որ ապրելու, ստեղծելու, այս արևի տակ մեր բաժին լույսն ունենալու համար են տվել։ 
Գիտե՞ս, Սեռռա, 
Ես հիմա հասկանում եմ, թե ինչու առավոտ կանուխ, ես, դու ու Արենը մարդկանց կասկածելի հայացքների տակ բարձրացանք սարը, առանց իմանալու գերեզմանի ճշգրիտ տեղը, 
Հետո հոգնեցինք, նստեցինք, հետո հանկարծ ձեռքս պարզեցի՝ հաստատ եմ ասում, այն ուղղության վրա են գերեզմանները, 
Կանչել էր ինձ Չաուշը Գևորգ, 
Ես ի՞նչ իմանայի, որ պատմության դասագրքում ինձ հանդիպած Չաուշի գերեզմանին եմ մի օր այցի գնալու ու հետո էլի մի քանի տարի անց ինձ այդքան մոտ եմ զգալու նրան։ 
Ինչու՞, Սեռռա, մենք հասանք սրան։
Ինձ համար շատ դժվար է քեզ հետ խոսել, 
Գիտեմ, որ քեզ համար էլ դժվար է խոսել, 
Հիմա չգիտեմ քեզ ինչ ասել։ Դժվար է։ 

Ընդվզում

Ես երեկ քայլում էի փողոցով, 
Քայլում էի գլուխս հետ գցած, հպարտ ու վստահ, 
Ես քայլում էի օտար քաղաքի փողոցներով, ասես ոտքի տակ էի տալիս Օպերան ու Աբովյան փողոցը։
Իմ երկրի դրոշները ողողել էին փողոցները, 
Մենք աղաղակում էինք մեր ցավերի մասին, 
Մենք ուրախ էինք, որ միասին ենք, 
Մենք միմյանց համար սպեղանի, մենք միմյանց կես բառից հասկանում, 
Մենք միմյանց չէինք ճանաչում, բայց մենք միմյանց հարազատ, 
Մենք բոլորս նույն միտքն ունեինք ու մեր բոլորի սիրտը ցավում էր մեր երկրի համար։ 
Մենք աղաղակում էինք այնքան բարձր, ինչքան կարող էինք, 
Բայց մեզ լսող չկար, 
Փողոցի վրա բազմած թանկարժեք շենքերը մեզ համար չէին, 
Դրանք դատարկ էին, ու կողպված էին դռները, 
Աշխատողները տանը հանգիստ թեյ էին խմում ու հաշվում կորոնայով վարակվածների թվերը, 
Մենք պտտվում էինք խելագարված ու էլ ավելի բարձր գոռում, 
Հուսալով, որ պատերը հալվելու են, ու վերջապես մեր սրտի ցավը դուրս է գալու ու տարածվի փողոցներով,
Մեզ տեսնող չկար,
Մենք միայնակ էինք ու ուժեղ, 
Ոստիկանների մեքենաներ, որ ուղեկցում էին մեզ, 
Իսկ մենք անվի վրա վազող մկների էինք նման, 
Մենք եղունգներով ժայռ փորողի էինք նման,
Մենք ցավից գալարվող առյուծի էինք նման, 
Մենք աղմկում էինք այնքան բարձր, ինչքան կարող էինք։ 
Հանկարծ մեզնից ամենաուժեղը, որի ձայնը խռպոտել էր շատ գոռալուց, ասաց՝ 
Ժողովուրդ, 
Մենք մեզ ասում-խոսում ենք,
մեզ լսող չկա,
ժողովուրդ, 
մենք էն, ինչ ասում ենք, գիտենք, 
եկեք փողոցը փոխենք ու այլ ուղով գնանք, 
Մեզնից ամենավհատվածն ու ամենաուժեղն ամենաիմաստունն էր։
Մեզ բոլորը մենակ թողեցին, 
Բայց մենք ապրելու ենք։

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Please follow and like us: