Աշնանային երկար գիշերներից մեկն էլ ահա դանդաղ լուսանում էր։ Հեռուստացույցը ողջ գիշեր չէր անջատվել, լուրերի ալիքով կադրեր էին Արցախում տեղի ունեցող իրադարձություններից, Աբրահամ Գասպարյանը մանրակրկիտ ներկայացնում էր իսլամիստ-ահաբեկիչների մասին նոր նյութերը, բայց մայրս արդեն քանիերորդ անգամ լսածը անգիր գիտեր, ոչ էլ արձագանքում էր։ Ողջ գիշեր աչք չփակած կինը ասես հոգնել չուներ, իրեն բնորոշ արագաշարժությամբ անհանգիստ գնում-գալիս էր խոհանոցի գազօջախի մոտ։ Կրակին բլթբլթոցով եռում էր ճաշը, իսկ սեղանին սառչում էր սև սուրճը, որ ինքը սիրում էր խմել «կյանքի պես դառը», բայց անպայման մի կտոր շոկոլադով։
Ասում էր, որ պիտի քաղցրացնել անպայման, որովհետև կյանքի դառը կողմին հակառակ միշտ մի քաղցր բան կգտնվի։
-Մամ, էս ինչ անուշ հոտեր ես գցել,-խոհանոցի դռներում ձգվելով՝հարցրի ես։
– Քեռու ճաշն եմ եփում։
-Քեռու՞,- մի պահ քարացա,- ու՞ր է քեռին, քեռին եկել է՞։ Հովոն է՞լ է հետը։
-Հանգիստ, աղջիկ ջան, հանգիստ, Քեռին վիրավոր է, հիվանդանոցում է, գիշերն են բերել Մարտակերտից։ Հովոյին չեն գտել հլը,- հեծկլտալով ասաց մայրս ու թաշկինակը սեղմեց աչքերին։
Հովոն մորս միակ քրոջ միակ տղան էր, որ առաջին օրից Քեռու հետ կամավորագրվել էր ու մեկնել ճակատ։Օրեր շարունակ ջարդել էր թշնամուն ու անհետ կորել։
-Մա՜մ, ի՞նչ է լինելու բա,- կմկմալով հարցրի մորս։
Մայրս ելավ տեղից, շերեփով ջանասիրաբար խառնեց ճաշն ու ոչ մի բառ չարտաբերեց։
– Մամ, քեռու ճաշի մասին պատմությունը մի հատ էլ կպատմե՞ս։
– Կպատմեմ, բայց հետո, հիմա չէ, գնա պատրաստվիր, որ չուշանաս աշխատանքից, ես հիմա թեյ կլցնեմ,- հրամայեց մայրս։
– Լսում եմ, ճիշտ այդպես, ծառայում եմ հայրենիքիս, տխրել չկա,- ասացի ես՝աչքիս առաջ պատկերացնելով մեր հզոր Հովոյին։
Մի ժամ անց եկավ հայրս, մայրս տաք ճաշը տեղավորել էր տարայի մեջ, փաթաթել, որ չսառչի ու ամուր գրկած կանգնել էր դռան մոտ։
– Եկել եմ՝ հաց-մաց տանեմ,Վիրաբին հաց-մաց դիր, ճիշտ է՝ էնտեղ ամեն ինչ էլ տվել են, բայց դե տնական արդար ճաշից լավը չկա,- խզված ձայնով ասաց հայրս։
– Արամ,Հովոյից ի՞նչ կա,- շշնջաց մայրս։
Հայրս վերարկուն կախեց կախիչից, հոնքը բարձրացրած նայեց մեկ ինձ, մեկ մորս ու ասաց․
– Փնտրում են, Հովոն էն տղեն չէ, որ անհետ կորի, չնվնվաք, չլացեք, մի տեղ թաքնված երևի, երևի չէ, հաստատ մի տեղ իր գործն է անում հանգիստ, կգա, կհաշվենք քանի ասկյար է փռել, ես իրա ցավը տանեմ։Մի սուրճ դիր, խմեմ, էլի հետ գնամ։
Մայրս սուսուփուս սուրճ դրեց, հայրս լվացվեց, եկավ նստեց, սկսեց թերթել լուրերի հեռուստաալիքները։Քեռու մասին ոչինչ չէր ասում, մենք էլ մի տեսակ վախվորած հարցեր չէինք տալիս։Մենակ գիտեինք, որ Հովոյին փնտրելիս իջել էր Մարտակերտի հիվանդանոց, շենքում դեռ ոչ մեկի չէր հասցրել հարցուփորձ անել, երբ թշնամին հրետակոծել էր հիվանդանոցը։Քեռուն վիրավոր հասցրել էին Գորիս, էնտեղից էլ բերել Երևան։
– Էս ի՞նչ ճաշ ես եփել,-հարցրեց հայրս։
– Վիրաբի սիրած ճաշն է,- ասաց մայրս։
Հայրս նայեց ամանի պարունակությանը, հոնքը էլի բազմանշանակ բարձրացրեց ու ասաց․
-Այ բալամ, լավ, էս տան էդ մարդաբոյ սառնարանի մեջը ըսկի մի կտոր միս չճարվե՞ց, էս ինչ «խուժան» ճաշ եք եփել։
Առանց մսի ճաշը, ինչ ուզում է՝լիներ, հայրիկի համար խուժան ճաշ էր։ Ու երբ մայրս վրդովված բացատրում էր, թե ինչու է էս ճաշը եփել, հեռախոսը զանգեց․
-Ամաաան,Վիրաբս է,- հուզվեց մայրս,- ալո, հա, ցավդ տանեմ, ոնց ես, հա, փառք աստծու, փառք։Ինձ չթողին գամ։ Մեռնեմ ջանիդ, քո սիրած ճաշն եմ եփել։ Հա։ Կուղարկեմ։ Հա, ցավդ տանեմ, դու մենակ շուտ ապաքինվիր։ Շա՞տ է ցավում։ Լավ, չեմ ղզիկանում, կներես։ Ապեր, բա Հովո՞ն։ Հա, չէ, չէ, չեմ հուսահատվում, կգա, ճիշտ ես ասում։ Դե շատ մի խոսիր, հանգստացիր, ճաշը կուտես։
Քեռու հետ խոսելուց հետո մայրս մի փոքր հանգստացավ, «սիրտը տեղն ընկավ», ինչպես ինքն էր ասում։
Ես հայրիկի հետ հիվանդանոց գնացի, որ հարցուփորձ անեմ, մարտի դաշտից տաք-տաք պատմություններ լսեմ։ Պատերազմների բովով անցած Քեռին այդպիսի դրվագների շտեմարան էր, ժամերով կպատմեր ու կպատմեր մերոնց քաջությունների ու սխրանքների մասին, անհոգնում, հպարտ, հաղթածի վստահությամբ՝ հայացքը մի կետի հառած։ Այս անգամ էլ Քեռին պատմեց, պատմեց մեր Հովոյի քաջագործությունների պատմությունը։ Երեսունհինգը նոր բոլորած քաջ հայը անհետանալու օրը՝ առավոտ շուտ, պոստում հինգ ընկերոջ կյանք էր փրկել, վիրավոր տղերքին իջեցրել էր մեքենայի մոտ, հետ էր գնացել, որ զենքը վերցներ, թշնամին խփել էր անօդաչուից։ Վիրավոր ընկել էր մեր հերոսը, բայց մոտը եղած մարտական ընկերներից վիրավոր մի տղա, չգիտեմ՝ոնց, գնացել էր օգնության հետևից ու հետ չէր եկել։ Էդքանը գիտեր Քեռին։
– Քեռ, մաման քո մանկության ճաշն է եփել, ասաց՝ շատ կուրախանաս։
– Հա՜, բալա, մորս սարքած ճաշը մենակ մամադ կարա եփի՝ դուդուլակ մակարոնը մեջտեղից կիսած,սոխառածով,կարտոլով,թարմ առատ կանաչին էլ վրեն,օխաաա՜յ։ Էտի սրտիս բալասան է։ Աբրիս, աբրիս, լցա, լցա, մե՝ մանկանամ։
Հայրս զարմացած նայում էր մեզ ու մտքում անհարմար զգում էդ հասարակ, «խուժան» ճաշի համար։
Քեռին գդալով խառնում էր «դուդուլակ» մակարոնով ու կարտոոֆիլով, առատ կանաչիով ապուրն ու աչքերից արցունք էր հոսում։Հիշում էր իր մանուկ օրերը, իր անհոգ ու պայծառ մանկությունը, խոհանոցում միշտ զբաղված մորը՝ կանաչ գոգնոցով, խմորոտ ձեռքերով, տանջված ու բարի հայացքով մեր Սիրան տատին․․․
– Էհ, բալամ, վատ օր չտեսնեք, էհ բալամ, պատերազմ չտեսնեք,- շշնջում էր Քեռին ու կուլ տալիս ճաշը։
– Համ էլ՝ տխրել չկա, Հովոն է ասում,- ավելացնում էի ես ամեն առիթով։
Այսպես մի քանի օր գալիս էի հիվանդանոց, լսում իմ ֆիդայի քեռու պատմությունները։ Հիվանդասենյակի հարևանները անունս դրել էին՝«տխրել չկա», հենց ներս էի մտնում, ասում էին՝ըհը, «տխրել չկա»-ն եկավ։Մեր հայրենասեր հսկան ժպտում էր, գլխով անում, գդալ-գդալ կուլ էր տալիս իր մանկության ճաշն ու պատմում էր, պատմում։
Մի շաբաթ անց արդեն անհամեմատ լավ էր, վերքերը կամաց-կամաց բուժվում էին։ Բայց ամենախոր վերքը, որ բացվել էր նրա հոգում, հանգիստ չէր տալիս։Հսկան կծկվել, մի բուռ էր դառել, աչքը դռանը՝ վեր էր թռնում ամեն մտնողի հետ․սպասում էր Հովոյին․․․
Հոկտեմբերի տասի կեսօրին հայրս տուն եկավ շատ անհանգիստ, արագ փոխեց վերնաշապիկը, մայրիկից մի դառը սուրճ ուզեց, լուռ ծխեց իրար հետևից մի քանի գլանակ ու ասաց, որ ուշ կգա, հանկարծ չզանգենք։Մայրս անհանգստացավ, որ իր հարցերից ոչ մեկին պատասխան չստացավ։
Հայրս երեկոյան տուն եկավ կարմրած աչքերով, թևաթափ, փլվեց խոհանոցի աթոռին ու երկու բառ ասաց․
– Հովոյին գտանք։
– Փառքդ շատ, Աստված,- ասաց մայրս,- բա ու՞ր է, ո՞նց է, ի՞նչ ասեց՝ ո՞ւր էր էս քանի օրը։ Հլը սպասի դու, Հովո տղա, ձեռքս ընկնես, ականջդ քաշելու եմ, բա կես մարդ դառանք,բա մի բերան մի խաբար անեիր, տնաշենի տղա։
– Հովոն էլ չկա,- շշնջաց հայրս,- չկա։ Գորիսի դիահերձարանից բերելէին Երևան,Երևանում էլ դե գնացինք․․․չկա․․․մի կերպ․․․ճանաչեցինք․․․գլուխը․․․չկար։
Մայրս քարացած նայում էր հորս, հայրս հայացքը հառել էր մի անորոշ կետի․․․Ես դռան մոտ ամուր սեղմել էի շուրթերս, որ չգոռամ ցավից․ բոլորիս աչքի առաջ կանգնած էր բոյով-բուսաթով, հումորի տոպրակ Հովոն, որ ամեն պարագայում բոլորիցս պահանջում էր՝ տխրել չկա․․․
Իսկ հեռուստացույցի էկրանից տան լռությունը կտրում էր երգը՝
Հերոս տղերքը մեր, ելան բարձունքն ի վեր․․․զոհվել չկա, տղերք, կռվի ժամին․․․
Հովոյի հուղարկավորությունից հետո բոլորս նստել էինք մի սեղանի շուրջ ու դատարկված, ընդարմացած նայում էինք իրար։ Քեռուն հիվանդանոցից բաց էին թողել մի քանի ժամով, մայրս բարեկամուհիների հետ հացի պատրաստություն էր տեսել, տղամարդիկ կենաց թասին հուշեր էին պատմում,ամեն մեկը սփոփանքի մի խոսք էր փորձում գտնել,իսկ Քեռին գլուխը խոնարհել էր իր բաժին ափսեի վրա ու խառնում էր «դուդուլակ»մակարոնով ապուրը․ արցունքները հոսում էին ու հոսում։ Հայրս նստել էր Քեռու կողքին, մի աման «խուժան» ճաշ էլ իր դիմաց, երկուսով խառնում էին, գդալ-գդալ կուլ տալիս Քեռու մանկության ճաշը ու նայում Հովոյի ժպտուն լուսանկարին, որ կարծես հայացքով միշտ նույնն էր պահանջում բոլորիցս՝ տխրել չկա, հաղթելու ենք․․․
Քեռին, որ զինվորական համազգեստն էր հագել ու իրենից անբաժան եռագույն վզարկուն կապել, հանկարծ ելավ տեղից, առյուծի պես ափը զարկեց սեղանին ու սկսեց խրոխտ ձայնով երգել․
Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքին գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ- անուշ, խմողաց անուշ։
Բոլորս ոտքի ելանք, Քեռու խրոխտ երգին ձայնակից եղանք։ Ամեն կրկներգին,երբ քեռու ձեռքը առյուծի թաթի պես զարնվում էր սեղանին, բաժակների զրնգոցի հետ աչքս գամվում էր Հովոյի նկարին, մեր տան հերոսը ժպտում էր ու պահանջում՝ տխրել չկա, հաղթելու ենք․․․
Մարինա Գևորգյան/ Տխրել չկա
Please follow and like us: