Մթության մեջ ափերս չէին երևում, բայց «մազոլներս» մրմռում էին, մատներս ներսից տաքացել ու զարկերակի նման դմփդմփում էին։ Ամբողջ օրը ցախ էի կոտրել, կարտոֆիլ ու սոխ մաքրել տղերքի համար։ Գիշերն արդեն բավականին ցուրտ էր, և ոչ բոլոր մեր զինվորները մահճակալներ ունեին, շատերը քնապարկերի մեջ էին քնում։ Դե, մենք էլ արդեն սովորել ենք զույգերով հերթապահել դրսում՝ կրակի մոտ, որ տղերքը խաղաղ քուն մտնեին։ Ես ու Կամոն ինչպես միշտ իրար հետ էինք հերթապահում, ինքը բջջայինով փորձում էր օրվա նորությունները հավաքագրել, ես էլ լուռումունջ, թուղթ ու մատիտը ձեռքիս, ոտանավորներ էի խզբզում, մտքիս մեջ նոր հաղթական երգեր ծնում։
— Շուն Թալեաթին դրին հողը, լուրը տարան պոռնիկ մորը,
կեցցե՜ հայոց կամավորը, գինի լից, հընկե՛ր ջան, գինի լից,— երգելով՝ մեզ մոտեցավ Ժոռն ու դիմեց ինձ․— Երգի՛չ ախպեր, բարի հաջողում։
— Հազար բարև, ախպերությո՛ւն։ Ո՞նց եք, ի՞նչ կա, էսօր ոնց որ վատ չի գործերը, հա՞։
— Ե՞րբ ա մեր գործերը վատ էղել, ամեն օր էլ լա՛վ ա,— գրպանից ինչ-որ բաց տուփ հանեց, դրեց դիմացներս ու նստեց կրակի մոտ։— Կարևորը «կրեկերի» պակաս չլինի, մնացածը մենք կապահովենք։
— «Կրեկեր», «սնիկերս» էնքան կա, որ դրա պակասը չես ունենա, Ժո՛ռ ջան, դու մենակ ամեն օր արի ու լավ լուրեր ասա մեզ,— երիտասարդի ուսը թեթևակի սեղմեց Կամոն։
— Կամո՛ ախպեր, մի հատ իսպանական սերիալ կա՝ էն գողերի մասին։ Դրանց գլխավորի ածականը «պռաֆեսոր» էր,— «կրեկերի» հատիկը խրթխրթում էր նրա սպիտակ ատամների տակ։— Հիմա դու ես՝ միշտ լուրջ, մտածկոտ, անընդհատ ինչ-որ կարևոր բաներ ես կարդում հեռախոսի մեջ, նենց տպավորություն ա, որ հեսա էս խճճված հարցերի լուծումը տալու ես ու բոլորս ցրվենք տներով։
Մեր Կամոն հոնքերը կիտեց։
— Դե, կատակ եմ անում, «պռաֆեսո՛ր» ջան,— «կալաշնիկով»-ը մի կողմ դրեց Ժոռն ու թեթևակի հենվեց ինձ վրա։— Ի՞նչ են գրում մեր մասին, լրիվ կտրված ենք աշխարհից։
— Խառը-մառը, էլի, բայց լավ բաներ էլ կան։ Օրինակ՝ ասում են, որ Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը։
— Էդ շատ լուրջ պահ ա։
— Հա ո՞ր,— իմ մասին հիշեցրի ես։
— Բա ո՛նց ու գիտես ինչի հենց Միլանն ա ընդունել ու, ասենք, ոչ Ջենովան։
— Ե՞վ։
— Միլանցիք զզվում են թուրքերից։ 2005 թվին Ստամբուլի Աթաթուրքի անվան ստադիոնում Միլանը խաղում էր Լիվերպուլի հետ, Չեմպիոնների Լիգայի ֆինալն էր։ Առաջին խաղակեսից հետո իտալացիք 3-0 հաղթում էին, Կրեսպոն մի հատ նենց գոլ խփեց՝ ասելու չի։ Բայց երկրորդ խաղակեսում Լիվերպուլը 3 գոլ խփեց, էդ էլ հերիք չի, պենալներով հաղթեց Միլանին։ Էն տականք ուկրաինացին՝ Շևչենկոն, պենալը չխփեց, դրանց դավաճան տիրու մերը։ Ու էդ օրվանից Միլանը զզվելով զզվում ա թուրքերից, այ դրա համար էլ ընդունել ա Արցախի անկախությունը։
— Բայց․․․— Կամոն ուզում էր հակադարձել, սակայն Ժոռը չթողեց․
— Դու ինձ լսի, գիտեմ՝ ինչ «խելոք» բաներ ես հեսա ասելու, բայց «պալիծիկայի» մեջ սենց մանրուքները շատ կարևոր են։ Հետո, կապերն էլ շատ կարևոր են։ Մեր Հենոն Իբռայի ընկերն ա, դե Իբռան էլ Միլանում ա խաղում։ Շատ հնարավոր ա, որ Հենոն զանգել ա ընկերոջը։ Իսկ Իբռան պատահական տղա չի, էլի, լեգենդ ա, ասածն օրենքին հավասար ա։ Համ էլ Բեռլուսկոնիի հետ մոտիկ ա, իսկ Բեռլուսկոնին, չնայած արդեն բիձա մարդ ա, բայց հին «քյոթուկ» ա, Իտալիայում ինչ հարց ուզի՝ կլուծի։ Նենց որ, ամեն ինչին տենց բարդ մի նայեք, սենց պահեր էլ կան, էլի,— ասաց ու մի հատիկ էլ «կրեկեր» հանեց տուփից։
Նայեցի Կամոյին, Կամոն նայեց ինձ ու լռությունը խախտելու համար ես ասացի․
— Կարա լինի, ինչի՞ չէ։
— Միլիո՛ն տոկոս,— հաստատեց Ժոռը։
— Բա էս ֆրանսիական Լիմոնե քաղաքն ինչի՞ համար ա Արցախի անկախությունն ընդունել,— դժգոհ վրա տվեց Կամոն։
— Պարզ չի՞, «պռաֆեսո՛ր» ջան։ Չէ՞, ոնց որ սխալ անունով եմ քեզ կնքել։ Ուրեմն լսի՝ բոլորի համար գաղտնիք չի, որ Մակրոնը հայերին սիրում ա և այլն, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու։
— Շառլի համա՞ր,— էլի մեջ ընկա ես։
— Չէ՛, էդ արդեն անցյալ ա։ Մակրոնի նախնիներն արևելյան Հայաստանից են եղել, կարծեմ պապու կողմից։ Որ կենսագրությունը կարդում ես, 1920 թվից առաջ ոչ մի բան չես գտնի իր ընտանիքի մասին։ Բայց իրականում իրանք Էրզրումից են եղել՝ հարուստ ընտանիքից։ Ջարդերը որ սկսվում ա, ամբողջ ընտանիքով փախնում են, բայց մենակ էրեխեն ա կենդանի մնում՝ Մակրոնի պապը։ Մյուս բոլորին թուրքերը սպանում են, իսկ էրեխեն ինչ-որ բարեկամների միջոցով մի ձև փախնում ա ու հասնում Ֆրանսիա։ Ու գիտես ո՞ր քաղաք,— Կամոյի ուղղությամբ նայեց երիտասարդ զինվորը։
— Լիմոնե՞։
— Աբրի՛ս։ Չէ, իզուր չեմ էդ ածականը դրել։ Դե, ֆրանսիայում էդ բարեկամներն են պահում, մեծացնում էրեխուն, ազգանունը փոխում են, վախը մեջներն ա լինում, էլի։ Էրեխու իսկական ազգանունը չեմ հիշում, բայց փոխելուց առաջ մտածում են՝ ինչ դնեն-ինչ չդնեն ու որոշում են էրեխու ամենասիրած ուտելիքի անունով կնքեն՝ Մակարոն(խեղճերն ամբողջ օրը դա են կերել, երևի, ուրիշ բան չեն ունեցել ուտելու)։ Իսկ հետո ժամանակի ընթացքում «ա»-ն դուրս ա մնացել ու ազգանունը դարձել ա Մակրոն։ Իմացա՞ր, թե ինչի համար ա Մակրոնը հայերին սիրում։ Որովհետև հա՛յ ա, հո սիրուն աչքերի համար չէր սիրի։
Ես հազիվ էի զսպում ծիծաղս, իսկ Կամոն ապուշացած նայում էր Ժոռի շուրթերին, որոնց վրա կարելի էր «կրեկերի» փշուրներ նկատել։
— Ժո՛ռ,— չդիմացավ «պռոֆեսոր» ընկերս,— որտե՞ղ ես դա կարդացել։
— Ֆեյսբուքով, մի դասախոս կա ընկերներիս մեջ, լուրջ մարդ ա՝ մորուքով, ինքն էր գրել․ Տիր-Հարությունյան էր ազգանունը կամ Տիր-Համբարձումյան, չեմ հիշում տոշնի։ Այ տենց հետաքրքիր բաներ կա աշխարհում, տղե՛րք ջան։ Էլ ի՞նչ են գրում, Կամո՛ ախպեր։
— Էլ բան չէ առանձնապես, Քիմ Քարդաշյանն ու Դեն Բիլզերյանն են պատերազմի մասին թվիթերում գրել։
— Պահո՜,— ոգևորվեց Ժոռը,— էն վիդեոն տեսե՞լ եք Քարդաշյանի․․․
— Ժո՜ռ, ա՛յ տղա Ժորիկ, ո՞ւր մնացիր, արի՛, շատ պիտի՞ սպասենք,— հեռվից լսվեց զինվորներից մեկի ձայնը։
— Էկա՛, էկա՛,— գոռաց «այ տղա Ժորիկ»-ը,— վաղը հիշացրեք՝ Քարդաշյանի ու Բիլզերյանի մասին ձեզ պատմեմ։
— Հա՛, հա՛, դու հանգիստ գնա, կհիշացնենք,— արագ պատասխանեց Կամոն՝ մենակ թե հիմա չլսի Քարդաշյանի մասին պատմությունը։
— Բայց մի հատ էն «սնիկերս»-ներից տուր՝ նոր գնամ։
Կամոն կողքի դրված տուփից մի «սնիկերս» հանեց ու տվեց Ժոռին։ Զինվորը վերցրեց «սնիկերս»-ն ու սկսեց բարձրաձայն կարդալ շոկոլադի վրա փակցված սպիտակ թղթի վրա գրված երկտողը․
«Շուտ տուն արի, որ գիշերներն ինձ համար հեքիաթներ կարդաս։
Սմերչ Հասո»
— Բոմբ ա, շատ լավն ա։ Էս պատերազմն էդքան էլ վատ բան չի, տղե՛րք ջան, արդեն սպասող ունեմ, էստեղ ապրածս ամեն մի րոպեն ավելի մեծ արժեք ունի,— վերցրեց «կալաշնիկովն» ու վազեց տղերքի մոտ։
Կամոն կրկին ընկավ մտքերի մեջ։ Հեռախոսը մի կողմ դրեց, ծխախոտը վառեց, ծուխն ագահաբար ներս քաշեց ու, հայացքն աստղերին ուղղելով, ժպտալով ասաց․
— Երգի՛չ ախպեր, բա էս տղերքին հաղթել կլինի՞։
Գրիգոր Գրիգորյան/«Կրեկեր» ուտող զինվորը
Please follow and like us: