Րաֆֆի/Խամսայի մելիքությունները XIII, XIV, XV

XIII

Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։

Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ։ Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր։ Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ, Ֆաթալի-խանը սրի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը։ Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը։ Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած ստիպված եղան անձնատուր լինել։ Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսուբի հետ։ Այդ պայմանը կայանում էր նրանում, որ Ֆաթալի-խանը[53] պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի ձեռքը, որպես կամենային, այնպես վարվեին նրա հետ։ Բայց նա, ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան։

Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան։ Այդ անցքն ավելի գրգռեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքները և նորանոր կռիվների առիթ տվեց։

Հայոց դաշնակից մելիքներին հարկավոր էին նոր ուժեր։ Պետք է ի նկատի առնել, որ Ղարաբաղի մելիքությունների աշխարհագրական բաժանումներն այնպես էին դասավորված, որ երեք դաշնակից մելիքները խիստ դժվարությամբ կարողանում էին միանալ և ընդհանուր ուժերով դեմ դնել թշնամուն։ Որպես մեղ հայտնի է, դաշնակից երեք մելիքությունները Գյուլիստանի, Ջրաբերդի և Տիզակի մելիքություններն էին։ Գյուլիստանը և Ջրաբերդը սահմանակից էին և այդ պատճառով կարող էին իրանց ուժերը միացնել, իսկ Տիզակը իր աշխարհագրական դիրքով բաժանված էր այդ երկու գավառներից։ Տիզակի և հիշյալ երկու գավառների մեջտեղում ընկած էին՝ Խաչենի մելիքությունը, Շուշի բերդը և Վարանդայի մելիքությունը, որոնք կապված էին Փանահ-խանի հետ։ Ուրեմն թշնամին մտել էր դաշնակիցների մեջտեղում։ Այդ էր պատճառը, որ Գյուլիստանի և Ջրաբերդի մելիքները շատ օգուտ չէին կարողանում քաղել իրանցից անջատված Տիզակի մելիքից, որը այդ ժամանակ Մելիք-Եսային էր։

Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը դիմում են վրաց իշխան Հերակլեի հայր Թեյմուրազին, առաջարկում են միանալ նրա հետ՝ Փանահ-խանի իշխանությունը ոչնչացնելու համար, խոստանում են, որ իրանք ևս պատրաստ կլինեն ամեն մի հարկավորած դեպքում օգնել վրաց իշխանին, որպես հավատարիմ դաշնակիցներ։ Թեյմուրազն ընդունում է հայոց մելիքների առաջարկությունը, որովհետև ինքն ևս թշնամություն ուներ Փանահ-խանի հետ։ Նա հավաքում է վրացիների, օսեթի, խեսուրների և այլ լեռնցիների ահագին խառնիճաղանջ բազմություն, արշավում է դեպի Ղարաբաղի կողմերը (1762)։ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը իրանց զորքերով միանում են նրա հետ։ Ասկարանի ավերակների[54] մոտ բանակ է դրվում, հայոց մելիքները մատակարարում են իրանց դաշնակից հյուրերի բոլոր պաշարեղենները։

Այդ միջոցին Փանահ-խանը նույնպես անգործ չէ մնում, նա ամրացնում է իր բերդը՝ Շուշին, օգնության է կանչում իր երկու հավատարիմներին՝ Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին, որոնք իրանց ուժերով միանում են նրա հետ։

Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են, և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից[55] բռնելով, ետ են բերում։

Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում, Մելիք-Միրզա-խանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը և մի քանի օրվա ընդդիմադրությունից հետո գրավում են նրան։ Մելիք-Շահնազարը և Մելիք-Միրզա-խանը գերի ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ է դառնում, այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։

Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադառնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։

Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։

Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի[56] անունով խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու միասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի հետ, և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Բայց նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մեքիք-Յուսուբի առաջարկությունը։

Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջը դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց։ Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխի Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և, թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի-Չելեբիի զորքերը հետամուտ եղան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։

Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնազարին և ոչ էլ Մելիք-Միրզա-խանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը, Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով՝ բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին, և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։

XIV

Գանձակի Շահվերդի-խանը[57], բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ բարեկամը։ Երբ Շահվերդի-խանի հայրը մեռավ, նրա եղբայրը, Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ՝ Մելիք-Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք-Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և Մամատ-խանին խեղդել տալով, Շահվերդի-խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի-խանը, չմոռացավ և նրա որդի Ջավադ-խանը Մելիք-Աթամի ժառանգ Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։

Իսկ Մելիք-Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի-խանին։ Մելիք-Յուսուբի մայրը՝ Ղամար-սոլթանը, Շահվերդի-խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։

Թեյմուրազի հետ ունեցած պատերազմներից հետո Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը առժամանակ մնացին Գանձակում։ Շահվերդի-խանը նրանց հյուրասիրեց իր մոտ։ Շահվերդի-խանը բարեսիրտ մարդ էր, որպես առհասարակ եղել են Գանձակի խաները։ Նա ծագումով թուրք չէր, այլ պարսիկ էր. պարսիկները համեմատաբար ավելի բարի են եղել դեպի քրիստոնյաները, քան թե վայրենի, մանգոլական թուրքերը։ Իր սահմանակից և հեռավոր խաների մեջ (որպես էին Շաքիի, Շիրվանի, Շուշիի, Դերբենդի, Բաքվի և այլ խաները) Շահվերդի-խանը ավելի բարձր դիրք ուներ և ձայն. նա պարսից կառավարությունից ճանաչված էր որպես բեգլեր-բեգի, այսինքն՝ իշխանների իշխան։

Շահվերդի-խանը կամեցավ հաշտեցնել Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին Փանահ-խանի հետ։ Քսանամյա անընդհատ պատերազմները, որոնք այնքան արյան և դժբախտությունների պատճառ դարձան, մաշել էին երկու կողմերի ուժերն ևս։ Ժողովուրդը բոլորովին ձանձրացել էր շարունակ կռիվներից, հանգստանալ էր ուզում։ Այդ էր պատճառը, որ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հաճությամբ ընդունեցին Շահվերդի-խանի առաջարկությունը։ Հաշտության գլխավոր պայմանները դրանք էին, որ Փանահ-խանը տեր լինի Շուշի բերդին, առանց իրավունք ունենալու միջամտել մելիքների երկրի և հպատակների գործերի մեջ, եթե հարկավոր լինի պատերազմ արտաքին թշնամիների հետ, պետք է վճռվի ընդհանուր համաձայնությամբ. Փանահ-խանը ինքնագլուխ ոչ ոքի հետ պատերազմելու իրավունք չի պիտի ունենա. հայոց մելիքների երկրներից հավաքված հարկերը պետք է գործ դրվեն տեղային պետքերի համար. Փանահ-խանը Ղարաբաղի մեջ նոր նվաճումներ անելու համարձակություն չի պիտի ունենա և այլն։

Փանահ-խանը, քանի կենդանի էր, պահպանեց խաղաղության այդ պայմանները։ Նրա մահից հետո որդին՝ Իբրահիմ-խանը, թեև առժամանակ հետևեց հոր օրինակին, բայց հետո ոչնչացրեց հոր դաշնադրությունը, և հանգամանքները փոխվեցան…

Ավելորդ չէր լինի մի քանի խոսք ասել Փանահ-խանի մահվան մասին։

Մենք տեսանք, որ ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը, միանալով հայոց մելիքների հետ, պատերազմեց Փանահ-խանի հետ և նրան հաղթելով, որդուն՝ Իբրահիմ-աղային, իբրև պատանդ տարավ Պարսկաստան։ Այդ Ֆաթալի-խանը հետո Պարսկաստանում պատերազմ ունեցավ Ասկար-խանի հետ (որը զենդ Քերիմ-խանի եղբայրն էր) և սպանեց նրան։ Երբ Քերիմ-խանը զորացավ և Պարսկաստանում շատ նվաճումներ կատարեց, կամեցավ պատժել Ֆաթալի-խանին իր եղբոր սպանման համար։ Շիրազից գալով, պաշարեց նա Ֆաթալի-խանի Ուրմի բերդը (1762) և նրան կալանավորելով, տարավ Շիրազ։ Այն ժամանակ Քերիմ-խանը ազատեց Փանահ-խանի որդի Իբրահիմ-աղային, որը Ուրմի բերդում պահված էր, նրան ևս իր հետ Շիրազ տարավ։

Փանահ-խանը, լսելով այդ դեպքը, մեծ ընծաներով գնաց Պարսկաստան Քերիմ-խանի մոտ, իր որդուն ստանալու դիտավորությամբ։ Երկու տարի մնաց Շիրազում, վերջը տեսնելով, որ ոչ իրան են բաց թողնում և ոչ որդուն են տալիս, իր հատուկ խորամանկությամբ հնարեց մի խաղ, որ գոնե իր անձը կարողանա ազատել։ Որովհետև Քերիմ-խանը, որ այդ ժամանակ իրան ամբողջ Պարսկաստանի թագավոր էր համարում, երկրի խաղաղությունը պահպանելու համար, չէր ցանկանում Ղարաբաղի խռովարարին կրկին բաց թողնել իր հայրենիքը։ Փանահ-խանը իրան ձևացրեց մեռած և դրվեցավ դագաղի մեջ։ Նրա մարդիկը, դիմելով Քերիմ-խանին, խնդրեցին, որ թույլ տա կատարելու հանգուցյալի կտակը, նրա մարմինը տանելով իր հայրենիքը, այնտեղ թաղելու համար։ Քերիմ-խանը հասկացավ խորամանկությունը։— Ես նրան պետք է պատվով հուղարկավորեմ…— ասաց նա,— նրա մարմինը ճանապարհին կհոտի. հարկավոր է զմռսել նրան…

Քերիմ-խանի հրամանով դահիճները դուրս թափեցին կենդանի հանգուցյալի փորոտիքը, որպես անում են դիակները զմռսելու համար, հետո հանձնեցին նրա մարդիկներին, ասելով, թե հիմա կարող եք տանել։ Նրա մարմինը բերվեցավ Ղարաբաղ։

Այս մահով մեռավ Փանահ-խանը (1763)։ Այնուհետև Քերիմ-խանը մտածելով, որ որդին ավելի հավատարմությամբ կծառայե Պարսկաստանին, քան թե խորամանկ հայրը, նրան խանության աստիճան շնորհեց և ուղարկեց Ղարաբաղ։ Իբրահիմ-աղան դարձավ Իբրահիմ-խան և հաջորդեց հորը։

XV

Իբրահիմ-խանը սկզբում պահպանեց իր հոր կապած դաշնագրության պայմանները հայոց մելիքների հետ, որովհետև դեռ թույլ էր և բոլորովին չէր ամրացած իր տեղի մեջ։ Բայց հետո մի քանի հանգամանքներ նպաստեցին նրան զորանալ, և հայոց մելիքների հետ բռնությամբ վարվել։

Այդ հանգամանքներից մեկն այն էր, որ Վարանդայի Մելիք-Շահնազարը, այդ հայրենիքի դավաճանը, որ իր Շուշի բերդը տալով Փանահ-խանին, նրան ուժ և զորություն տվեց, որը իր աջակցությամբ այնքան բարձրացրեց հասարակ ջուանշիրցի խաշնարածին, որ Ղարաբաղի հայ իշխանությունների քայքայման պատճառը դարձավ,— այժմ միևնույն Մելիք-Շահնազարը, Փանահ-խանի մեռնելուց հետո, իր վաղեմի բարեկամությունը նրա որդու հետ պահպանելու համար, կատարեց մի այլ ամոթալի գործ։ Նա իր աղջկան՝ գեղեցիկ Հյուրի-զադին, տվեց Իբրահիմ-խանին կնության։ Մելիք-Շահնազարի այդ վարմունքը սաստիկ վրդովեցրեց հայոց մյուս մելիքներին, մանավանդ Տիզակի Մելիք-Եսայուն, որովհետև Հյուրի-զադը իր աղջկանից ծնված էր[58]։

Այդ դեպքը առիթ տվեց սարսափելի կռիվների Մելիք-Շահնազարի և Մելիք-Եսայու մեջ, որոնք տևեցին մի քանի տարիներ։ Մելիք-Շահնազարը միացավ Խաչենի Մելիք-Միրզա-խանի հետ, և երկուսը միասին հարձակումներ էին գործում Մելիք-Եսայու Տող բերդի վրա։ Մի ճակատամարտի մեջ Մելիք-Միրզա-խանը գերի բռնվեցավ։ Մելիք-Եսային[59], իր սուրը բռնելով նրա գլխի վրա, արտասանեց հետևյալ խոսքերը. «Դո՛ւ, Միրզա-խան, շատ նման ես այն դավաճանին, որին կոչում էին Մեհրուժան։ Նա ուրացավ մեր կրոնը, նա պարսից ձեռքում գործիք եղավ և սկսեց մեր հայրենիքը ավերակ դարձնել։ Նրան, որպես վարձատրություն իր կատարած չարագործությունների համար, խոստացել էին Հայաստանի թագը։ Մի ճակատամարտի մեջ նա ևս քեզ նման գերի ընկավ հայերի ձեռքը։ Այդ միջոցին հայոց զորավարներից մեկը, որին կոչում էին Սմբատ Բագրատունի, կրակի մեջ շիկացած շամփուրին պսակի ձև տվեց և, դնելով նրա գագաթի վրա, ասաց. «Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա՛ ես, իբրև ասպետ և թագադիր, պսակում եմ քեզ…»[60]։ Բայց դու գոնե Մեհրուժանի չափ փառասիրություն չունեիր. դու միայն մի ցած դավաճան էիր, որ առօրյա չնչին փառքի համար թուրք խանի և Մելիք-Շահնազար չարագործի արբանյակը դարձար։ Քեզ հետ պետք է վարվել ինչպես մի կատաղած շան հետ, որին սպանում են, որպեսզի մյուս արարածները նրա կծոտելուց չվարակվեն…»։ Վերջին խոսքերի հետ նա իջեցրեց իր սուրը (1775)։

Մելիք-Միրզա-խանի փոխարեն Իբրահիմ-խանը Խաչենի կառավարիչը կարգեց նրա որդի Մելիք-Ալլահվերդուն, որը հոր նման հավատարիմ մնաց թուրք խանին։ Դրանով կռիվը ավելի բորբոքվեցավ։ Եվ որովհետև կռիվների սկզբնապատճառը գեղեցիկ Հյուրի-զադն էր, այդ պատճառով Իբրահիմ-խանը նույնպես խառնվեցավ կռիվների մեջ, իհարկե, բռնելով Մելիք-Շահնազարի կողմը։

Մելիք-Եսային միայնակ պիտի պատերազմեր իր երեք թշնամիների դեմ, որպես էին՝ Իբրահիմ-խանը, Մելիք-Շահնազարը և Մելիք Ալլահվերդին։ Նրա հզոր դաշնակիցները այլևս չկային։ Մենք հետո կտեսնենք, որ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը վախճանվեցավ (1775) և նրա որդին՝ Մելիք-Աբով III, ավելի զբաղված էր իր երկրի կառավարությունով, քան թե պատերազմներով։ Մելիք-Յուսուբից հինգ տարի հետո՝ 1780 թվին վախճանվեցավ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Աթամը, այն սարսափելի մարդը, որից դողում էր Իբրահիմ-խանը։ Հանգուցյալի մահից հետո հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Այդ երիտասարդը թե հոր քաջությունը և թե նրա հայրենասիրությունն ուներ։ Բայց չափազանց դյուրագրգիռ և բարկացկոտ բնավորության տեր լինելով, նա հրացանի բռնել տվեց մի քանի նշանավոր հայ ազնվականների[61] և այդ պատճառով բարձրացրեց իր իշխանության մեջ ներքին կռիվ։ Դրա համար ժամանակ չունեցավ Մելիք-Եսայուն օգնելու։

1781 թվին Իբրահիմ-խանը իր բարեկամ երկու մելիքների հետ պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Նա քաջությամբ պաշտպանվում էր։ Պաշարումը տևեց երկար։ Հետո խանը Մելիք-Շահնազարի խորհուրդով ուղարկեց նրա մոտ մի քահանա և մի նշանավոր հայ մարդ[62], երդումով, խաչով ու Ավետարանով, որ Մելիք-Եսային ցած իջնե իր բերդից հաշտվելու համար։ Նա հավատաց և դուրս եկավ բերդից։ Իբրահիմ-խանը նրան բանտի մեջ խեղդել տվեց, նրա ամբողջ կայքը հափշտակեց և տունը ավերակ դարձրեց[63]։

Մելիք-Եսային խաբեության զոհ դառնալուց հետո նրան հաջորդեց իր եղբոր (Մելիք-Աթամի) որդի Մելիք-Բախտամը։

Իբրահիմ-խանը ունեցավ մի երկրորդ ամուսնություն ևս, որը ոչ սակավ նպաստեց նրա զորանալուն։ Նա կին առեց Դաղստանի Ավարիա գավառակի իշխող Օմար-խանի (Ումայի-խան) աղջկան, որ կոչվում էր Բիքա։ Այդ Օմար-խանը Նուսխալ-խանի որդին էր։ Փեսա դառնալով, մի կողմից Վարանդայի հայոց իշխանին, մյուս կողմից՝ Դաղստանի լեռնաբնակների խանին, Իբրահիմ-խանը սկսեց օրըստօրե զորանալ։ Ամեն մի սպառնալից դեպքում նա կամ Դաղստանից օգնություն էր ստանում, կամ փախչում էր իր աներոջ մոտ, կյանքը ազատում էր։

Բայց միայն Մելիք-Շահնազարը և Օմար-խանը չէին Իբրահիմ-խանի զորանալու պատճառները. տեղի ունեցան և ուրիշ առիթներ, որոնք ոչ սակավ ուշադրության արժանի են։

53. Դա միևնույն օվշար (ցեղի անուն է) Ֆաթալի-խանն էր, որ Տաթևի վանքը կողոպտեց (1762), մի մասը ավերակ դարձրեց և Տաթևի վանահայր Հովհաննես եպիսկոպոսին սպանել տվեց։

54. Ասկարանի ավերակները Շուշի բերդից մոտավորապես 30 վերստ հազիվ հեռավորություն ունեն։

55. Երասխ գետի վրա։

56. Հաջի-Չելեբին ծագումով հայ էր։ Տասնևյոթերորդ դարու վերջերում, Շիրվանի Ղաբալա կոչված գավառի Սոգութլու գյուղում բնակվում էր Բարսեղ անունով մի քահանա, որին թուրքերը կոչում էին «ղարա֊քեշիշ» (սև քահանա)։ Դա գաղթական էր Ղարաբաղի Խաչեն գավառից և տեղային մելիքների տոհմից էր։ «Սև քահանան» իշխանական փառասիրություն ուներ, դիմեց Սպահան պարսից շահից մելիքության ֆիրման ստացավ։ Բայց նա ուներ մի հակառակորդ՝ Մելիք-Մուհամմեդ անունով Ղաբալա գավառի Ղուրթաշին գյուղում, որը թույլ չտվեց «սև քահանայի» ստացած ֆիրմանը գործ դրվեր։ Այդ Մելիք-Մուհամմեդը, ինչպես երևում է, նույնպես հայոց ծագումից էր, բայց մահմեդականություն ընդունած։ «Սև քահանան» նույնպես ընդունում է մահմեդականություն, որ կարողանա իր ֆիրմանը գործ գնել։ Բայց հակառակորդը ավելի զորավոր է լինում, և քահանայի կրոնափոխությունը անցնում է ապարդյուն։ «Սև քահանայի» որդին էր Ղասաբ-Ղուրբանալին, որը մի հասարակ մսավաճառ էր։ Իսկ այդ հասարակ մսավաճառից ծնվեցավ Հաջի-Չելեբին, որը Շիրվանի զորավոր խաների նախահայրը եղավ։

57. Շահվերդի-խանը Ուզուբլու-խանի որդին էր։

58. Մելիք-Շահնազարն ուներ մի քանի կնիկներ, նրա Սոնա անունով կինը Հյուրի-զադի մայրն էր և Մելիք-Եսայու աղջիկը։

59. Մելիք-Եսային կարդացած մարդ էր, նա բավական հմտություններ ուներ հայոց, պարսից և արաբական դպրության մեջ։

60.«Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա ես իբրև ասպետ և թագադիր պսակում եմ քեզ…»։— Հատվածը ամբողջությամբ առնված է Մովսես Խորենացուց, տե՛ս «Հայոց պատմութիւն», հատված երրորդ, գլուխ ԼԷ։—Խմբ.

61. Դրանցից մեկն էր Գյուլ-յաթաղ գյուղի Միսայել-բեկը, մյուսը՝ նրա փեսա Հակոբ-Յուզբաշին։

62. Անունները հայտնված չեն այն գրչագիր պատմության մեջ, որից մենք քաղում ենք այդ անցքը։

63. Նրա գերեզմանը գտնվում է իր բերդի եկեղեցու զավթում. տապանաքարի վրա կարդացվում է Հետևյալ արձանագրությունը.
«Այս է տապան քաջ իշխանին, Սայի անուն մեծ մելիքին. Կարգեալ իշխան Նադիր-շահին, երեսուն երեք ամ տիրեաց Տիզակ երկրին, զքաջութիւն և զհաշտութիւն արար բազում ձեռամբ նորին։ Ընդ անօրինաց էր հակառակ. ի սուր մաշեր զթշնամին։ Ինքն պարթև և զորաւոր, քան զառաջինսն էր ահաւոր։ Մինչ վաթսուն և վեց ամաց եղեալ, ի յաշխարհէ վերափոխեալ։
Վախճանեցավ թուին ՌՄԼ (1781)»։

Please follow and like us: