Համբարձում Համբարձումյան / Բոզի տղեն

Ձյունը շարունակում էր խոշոր փաթիլներով տեղալ։ Տասներեքամյա, սևահեր, խոշոր աչքերով տղան բացեց դոմիկի դուռը ու դուրս եկավ բակ։ Հագի վանդականախշ բլուզը այնքան հաստ չէր, որ մարմինը տաքացներ, բայց գործ անելիս չէր սիրում վերնազգես հագնել, որովհետև շարժումները կաշկանդում էր։ Մինչև ցախանոցը տանող արահետը նորից լցվել էր, և թարմ եկած ձյունը ոտքերի տակ ճռճռում էր։ Հասավ քոթուկին, որի վրա խրված էր փայտ ջարդելու համար չնախատեսված լայնբերան մսի կացինը։

Շեղբի քոթիկի մեջ խրված հատվածը այնքան դժվարությամբ պոկվեց, ասես ձուլվել էր քոթուկին։ Գագիկը մի փոքր քոթուկ վերցրեց ու մեծ քոթուկի վրա դնելով սկսեց փայտը կոտորել։ Երբ վերջին քոթուկն էր ջարդում, լսեց դոմիկի դռան ճռռոցը ու շրջվեց ետ։ Տատը դուրս եկավ դոմիկից, ու տղան տեսավ, թե տատի ալեխառն մազերը ինչպես անմիջապես սկսեցին ձնով պատվել։

-Գագիկ, բալես, մաման սկայպով զանգել է, կուզե հետդ խոսա։

-Չեմ ուզե,- բարկացած գոռաց, ապա մտածեց, որ գուցե տատը դրանից ինչ-որ բան գուշակի և ավելացրեց,- թող հետո զանգե, գործ կենեմ։

-Հետո ե՞րբ, հազիվ հարմացրել, զանգել է,- ասաց տատը։

-Ըսի գործ կենեմ,- նորից գոռաց տղան և որպես խոսքերի ապացույց կացնով ամբողջ ուժով խփեց ոստոտ քոթուկին։

Տատը ձեռքերը տարածեց՝ իբր դա անելու բան է, որ անում ես, բայց նորից ձայն չտվեց, ներս մտավ։

Քոթուկը ճաք էր տվել, բայց ոստը թույլ չէր տալիս, որ երկու մասի բաժանվի։ Ուժերի գերլարումով կացինը ու ծանր քոթուկը բարձրացրեց գլխից վերև ու կացնի տափակ մասը թափով իջեցրեց, խփեց ներքևի քոթուկին։ Բարձրացրեց ու խփեց, բարձացրեց ու խփեց՝ ընթացքում զգալով, որ գերլարված աշխատանքը ցրում է սևեռուն մտքերն ու թուլացնում ծանրացած գլխում զգացվող ճնշումը։

Վերջին հարվածից հետո, երբ ոստը տեղի տվեց, ու քոթուկը երկու մասի բաժանվեց, ափսոսանքով նկատեց, որ քոթուկները վերջացան։ Գիտեր, հիմա նորից սևեռվելու է, նորից արյունը խփելու է գլխին ու չի թողնելու սթափ մտածել անելիքը։

Վերջին փայտի կտորը մանրացրեց, երկու մասի բաժանեց, գործը վերջացավ, բայց տուն չէր ուզում մտնել։ Ստիպված էր դրսում մնալ, մինչև մայրը քրոջ ու տատի հետ ընթացող «սկայպը» վերջացնի, որովհետև չէր ուզում մորը տեսնել։ Սովորաբար տեսակապը կես ժամից ավել չէր տևում, որովհետև մայրը միշտ ինչ-որ գործ էր ունենում, որ պետք է աներ։ Մտծեց՝ իզուր մոտը ժամացույց չկա, այդ դեպքում կիմանար, թե երբ տուն գնա, իսկ հիմա ստիպված էր գուշակել։

Մթնեց, ու թույլ քամի սկսեց։ Քանի դեռ գործ էր անում, չէր մրսում, բայց հիմա ցուրտը սկսեց զգացնել տալ։ Ձեռքերը մի պահ շփեց, հետո նորից վերհիշեց դպրոցում տեղի ունեցածը ու դադարեցրեց ձեռքերը շփել՝ կրկին վերապրելով ողջ նվաստացումն ու ստորացումը, որ այդ օրը զգացել էր։

Հենց սկզբից, երբ մտել էր դպրոց, զգացել էր տղաների՝ իրեն ուղղված հայացքները, կասկածելի ժպիտները, որ չէին էլ փորձում թաքցնել։ Սկզբում մտածել էր, որ ծաղրական հայացքները իր շորերին են ուղղված, բայց ի՞նչը այնպես չէր՝ շորերը մաքուր էին, նախորդ օրը տատը լվացել ու արդուկել էր դրանք։ Բացի այդ՝ ամեն օր այդ շորերով էր դպրոց գնում ու երբեք նման ծաղրական վերաբերմունք չէր զգացել։ Դասարանում ընկերներ չուներ, երբեմն նույնիսկ փոքր ընդհարումներ էր ունենում, բայց նրանց հայացքներում դեռ երբեք իր նկատմամբ նման գերազանցության զգացում ու արհամարանք չէր տեսել։ Դասերի ողջ ընթացքում միայն դրա մասին էր մտածում․ ի՞նչը կարող էր ծաղրի պատճառ դառնալ, փորձում էր տղաների հայացքներից գլխի ընկնել կամ փսփսոցները որսալ, բայց չէր ստացվում։ Մտածում էր, որ գուցե ճիշտ կլինի, եթե մոտենա ու ուղիղ հարցնի, թե իր մասին ինչ են խոսում, բայց տղայական լեզվակռիվների իր փորձից գիտեր, որ եթե ուզենան ասել, իրենք կասեն, իսկ եթե իրենցից գաղտնի պիտի մնա, ուրեմն հարցին չեն պատասխանի, կխաբեն, թե իր մասին չեն խոսել։

Դասերը ավարտվելուց հետո վերջինը դուրս եկավ դասարանից, որովհետև չէր ուզում նորից դասընկերների հայացքները ու ծուռ ժպիտները տեսնել, բայց երբ դուրս եկավ բակ, տեսավ, որ ճանապարհի կանաչ տարածքները ասֆալտից բաժանող ժանգոտ ցանկապատի մոտ կանգնած են։ Մեծ ականջներով, ցանցառ Վահանը ձեռքը իր ուղղությամբ պարզեց, ինչ-որ բան ասաց, ու մյուսները խնդացին։ Գիտեր՝ վերջը կռիվն է լինելու ու իր ծեծով է ավարտելու, բայց դա ավելի լավ էր, քան անորոշ նվաստացումը, երբ նույնիսկ չգիտես, թե ինչ պատճառով են վրադ չարախնդում։ Քայլեց դեպի խումբը ու զգաց, որ խումբը սպասում է իր արձագանքին։ Մի պահ մտքով անցավ, որ չարժե սադրանքին տրվել, ավելի լավ է, գլուխը կախ իր ճանապարհը շարունակի, բայց պատկերացրեց, թե ոնց են ետևից չարախնդալու ու կանգ առավ։

-Էդ ի՞մ մասին կխոսայիք,- հարցրեց, փորձելով որքան հնարավոր է վստահ ու վճռական երևալ։

-Ճամփեդ շարունակե,-ասաց Վահանը,- չենք ուզե հետդ խորաթա էնել։

-Պատասխան տուր,-պնդեց տղան,- ի՞նչ կխոսայիք։

Խոշորամարմին, իրենց հասակակից տղաների շրջանում հեղինակություն ունեցող Գուգոն մի քայլ առաջ եկավ ու Գագիկը հասկացավ, որ հենց նա է իր մասին տարածվող բամբասանքի հեղինակը։

-Բոզի տղուն աշե,- ասաց Գուգոն,- մերը Թուրքիա բոզություն կենե, ինքը մեզնից պատասխան կուզե։

Նորից, ինչպես և նախորդ կռիվների ժամանակ չհասցրեց առաջինը խփել, Գոգոյի հարվածից ընկավ գետնին ու կողոսկրերին զգաց մյուս դասընկերների ոտքերի հարվածները։ Միևնույնն է, ծեծվելու էր, բայց եթե հասցներ մի լավ հարված հասցնել Գուգոյին, ստորացումը այսքան մեծ չէր լինի։ Գլուխը ձեռներով ծածկեց, ապա լսեց գոռացող պահակի ձայնը և վազքով փախչող դասընկերների ոտնաձայները։ Ամոթահար բարձրացավ ոտքի, քայլեց դեպի ցայտաղբյուրը, ավելի շատ ժամանակ շահելու համար, որ դասընկերները բակից հեռանան, քան թե փոշոտված շորերը ու դեմքը լվանալու։

Ցուրտն արդեն ոսկորների մեջ էր մտնում, բայց գլխի տաք ճնշումը դրանից չէր թուլանում։ Մոր հետ տեսակապը հավանաբար արդեն ավարտվել էր։ Նայեց իրենց խարխուլ դոմիկին։ Մտածեց, որ Գուգոն հավանաբար հիմա նստած է իրենց լուսավոր տան հյուրասենյակում, գազի տաք վառարանի մոտ՝ հոր և մոր կողքին, իսկ ինքը քոթուկի վրա նստած սառչում է։ Այս հակադրությունը ավելի մեծացրեց նվաստացումը և վերջնականապես վճռեց՝ պիտի անի այն, ինչ մտածել է։

Երբ ջարդված փայտի խուրձը խտտած մտավ դոմիկ, տեսավ, որ տատը և փոքր քույրը ետնասենյակում են, որտեղ վառարանն էր, հեռուստացույցը, և որտեղ երեքով քնում էին։ Տատը իր սիրելի սերիալի հերթական սերիան էր նայում երիտասարդ աղջկա դժբախտ սիրո մասին։ Փայտի խուրցը դրեց նախասրահի հատակին, որ հետո, երբ վառարանի տակ շարված փայտը վերջանա, տատը չչարչարվի, չհասնի ցախանոց։ Մոտեցավ նախասրահի պատի տակ դրված կանաչ պահարանին, բացեց դարակը, որտեղ դանակներն էին դրված։ Վերցրեց լայն շեղբով խոհանոցային դանակը, շեղբը նախասրահի լույսի տակ փայլեց, բայց իր նիհար, ոսկրոտ ձեռքերում հացի դանակը չափազանց մեծ ու աչքի ընկնող թվաց։ Դարակի միջից վերցրեց ամենափոքր, պլաստմասե մոխրագույն կոթով դանակը։ Էս մեկը ավելի հարմար էր, որովհետև գրպանի մեջ կտեղավորվեր և ավելի հեշտ կլիներ գրպանից հանել ու գործի դնել։

Ճանապարհին, քայլելու ընթացքում պատկերացնում էր, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Հասնելու է Գուգոյենց տուն, դուռը թակելու է, իսկ երբ Գուրգենը դուռը բացի, անմիջապես դանակը գրպանից հանելու է ու հարվածի։ Եթե խոսեն՝ հնարավոր է, որ վճռականությունը և համարձակությունը չհերիքի կամ չկարողանա Գուգոյին անակնկալի բերել։

Մտածեց, թե հետո ինչ կլինի, երբ իրեն ոստիկանները ձերբակալեն։ Իր համար չէր մտածում, այլ տատի և քրոջ։ Ո՞վ պետք է ճանապարհի ձյունը մաքրեր, ո՞վ պետք է ցախը ջարդեր ու վառարանի խողովակները մաքրեր։ Ծեր տատը, որ արդեն հազիվ էր տան մեջ տեղաշարժվում, ինչպե՞ս պիտի խանութ գնար ու առևտուր աներ։

Երբ Գուգոյի տան մոտ էր հասնում, զգաց, որ քայլերը ակամա դանդաղեցնում է և դրա համար արհամարեց ինքն իրեն։ Գուգոյենց տան հյուրասենյակի լույսերը այնքան վառ էին, որ բակն էլ էին լուսավորում։ Սև տուֆից տան նոր ներկված ճերմակ դռան վերևում լուսամփոփ էր կախված։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես պատկերացրել էր։

Կանգնեց տան դիմաց։ Աջ ձեռքը, որով բռնել էր դանակի կոթը, անհնազանդ դողում էր՝ հարվածելով ազդրին։ Իսկ եթե Գուգոն ճիշտ էր, եթե մայրը իսկապես բոզությամբ էր զբաղվում Թուրքիայում, եթե էսքան ժամանակ ստել էր իրենց, թե հարուստների տներն է մաքրում, իսկ իրականում թուրքերի հետ էր․․․

Տուն վերադառնալուց հետո կասկածը մտքում առաջացել էր ու էդ պատճառով չէր ցանկացել մոր հետ խոսել, բայց հիմա Գուգոյի տան առջև կանգնած առաջին անգամ այդ կասկածը ճշմարտանման թվաց։ Հայրը գնացել էր խոպան իբր փող աշխատելու ու անհետ կորել էր։ Ոմանք ասում էին, թե մահացել է, ոման էլ պնդում էին, թե ռուս կնոջ հետ է ամուսնացել, բայց փաստն այն էր, որ նրա գնալուց մի քանի ամիս անց կապը կտրվել էր։ Ամբողջ հոգսը մոր ու տատի վրա էր մնացել։ Ու եթե մայրը բոզություն է անում, ինքը նրան մեղադրելու իրավունք ունե՞ր։ «Թող ըստեղ հավաքարարություն էներ,-մտածեց տղան,- թող մեզի մանկատուն տար»։

Զգաց, որ մոր աշխատանքի մասին մտքերը վճռականության ու համարձակության մնացորդները մարում են։ Որ ինքն իր համար պատճառներ է հորինում, որպեսզի չանի այն, ինչ պարտավոր է անել, եթե արժանապատվություն ունի։ Եթե հիմա ինքը չգնար, չթակեր Գուգոյի տան դուռը, ուրեմն ամբողջ կյանքում, առնվազն մինչև դպրոցն ավարտելը թուլամորթ ու անպատիվ մեկն էր լինելու․ մորը անպատվելու էին, հետո նաև քրոջը։

Քայլեց դեպի դուռը։ Պատկերացրեց, թե ինչպես է դանակը դուրս բերում ու խրում Գուգոյի որովայնը, ինչպես է Գուգոն ցած տապալվում, ինչպես է արյունը ցայտում բաց վերքից այնպես, ինչպես մարտաֆիլմերում էր տեսել։ Այդ պատկերից մարմնով սարսուռ անցավ։ Հասավ դռանը և դողացող ձեռքով թակեց դուռը՝ անօգուտ փորձելով զսպել մարմինը համակած տագնապալից հուզմունքն ու կարգավորել շնչառությունը։

Դուռը Գուրգենի մայրը բացեց՝ գիրուկ, ժպտերես կինը, որ միշտ լավ էր վերաբերվել իրեն։ Գագիկը շփոթվեց, դողացող ձայնով հարցրեց․

-Գուրգենը տո՞ւնն է։

-Չէ, Գագիկ ջան, տունը չէ, հոր հետ տեղ է գնացել, ի՞նչ է էղել որ։

-Հեչ բան։

Տղան ետ շրջվեց ու արագ քայլերով հեռացավ, թիկունքով զգալով իր վրա կենտրոնացած՝ Գուրգենի մոր հայացքը։ Երբ այնքան հեռացավ, որ Գուրգենի մայրը էլ չէր կարող տեսնել, նստեց եզրակալին։ Հուզմոնքից շունչը կտրվում էր, բայց զսպում էր իրեն, որ լաց չլինի։ Երկակի զգացողություն ուներ։ Գիտեր, որ երկրորդ անգամ նույն ճանապարհը չի անցնելու, ուրեմն իր կյանքը դպրոցում դժոխքի է վերածվելու, ինքը թուլամորթի ու անպատիվ մարդու համբավ է ունենալու, բայց նաև ուրախ էր, որ դուռը մայրը բացեց, ոչ թե Գուգոն։ Ուրախ էր, որ չսպանեց նրան։

Փորձեց զսպել հեկեկոցը, բայց այլևս անկարող էր։

Please follow and like us: