Հովիկ Աֆյան
Սքարփիոնս, ավելի ճիշտ կարիճ դեմքով նստել էի պահեստայինների նստարանին ու Դավիթ Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը» գրքին ուշադիր նայելով՝ կոկա-կոլա էի խմում՝ նախանձելով Վրաստանին, երբ մեր թիմի մարզիչը ցուցամատն ու ճկույթը դրեց բերանն ու ինձ նայելով՝ սուլեց (դիմակը երկու անցք ուներ՝ հատուկ մատները մտցնելու համար): Արագ վեր թռա տեղիցս ու քանի որ քայլելը քաղաքական կատեգորիա է, վազելով մոտեցա: Ձեռնոցով ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
-Պենալ խփելու քո հերթն է: Մտիր դաշտ ու ասա քո վերջին խոսքը, տերմինատո՛ր:
Հիշեցի Կարմիր Բաճկոնին: Ժամանակին ամենաքաջ հնդկացին էր, ու երբ բազմաթիվ մարտերից հետո, իր վրանում պառկած մեռնում էր, ողջ ցեղը հավաքվել էր, որ լսի առաջնորդի վերջին խոսքը: Եւ նա, ըստ Մարկ Տվենի, ասել է. «վավկա-վամպա-նուսուկ-վինեբայ-ավալազ-գասագա-մորեսա-կատչեվան»: Չգիտեմ՝ ինչ է նշանակում սա, բայց գիտեմ, որ քիչ պահպանված հնդկացիական ցեղերից մեկը հենց Կարմիր Բաճկոնի ցեղն է: Մի խոսքով, մտա դաշտ ու էլ չեմ հիշում: Մենակ գիտեմ, որ չեմ խփել, որովհետեւ բռնությանը դեմ եմ: Բայց ես էլ բռնեցի գավաթը, որը փոխանցում էինք՝ ձեռքից ձեռք: Ուշադիր նայեցի՝ ոչ մեկս ձեռնոցով չէինք, ուրեմն հաղթել ենք: Եւ ուրեմն՝ «վավկա-վամպա-նուսուկ-վինեբայ-ավալազ-գասագա-մորեսա-կատչեվան»: Տպավորություն ունեմ, որ իմաստային թարգմանությամբ սա նշանակում է՝ ախորժակիդ քացախ: Կարմիր Բաճկոնը սա ասել է ցեղակիցներին, որ հույս չունենան, թե ինքը մեռնում է, իր ցեղակիցներն էլ սա նետել են իրենց բոլոր թշնամիներին: Տեսանելի կամ անտեսանելի:
Արփի Մախսուդյան
Փոքր ժամանակ բարձրանում, թառում էի մեր խնձորի ծառին ու փորձում քիմիան ծառի վրա սովորել։ Ինձ թվում էր, թե այդ կերպ ավելի հեշտ կլինի յուրացնել ինձ անհասանելի այդ առարկան ու նաև կատակում էի, թե բարձրագույն կրթություն եմ ստանում։ Չնայած նվաճած բարձունքի՝ քիմիան մնաց ինձ անհասանելի։ Էդ 20-րդ դարի վերջն էր, երբ դեռ չկար ՖԲ, եթե ՖԲ լիներ, ես հիմա իմ կենսագրությունում հաստ տառերով գրել, տո նույնիսկ փորագրել էի քիմիկոս-քաղաքագետի ինքնատիտղոսը։
Այ հենց ՖԲ-ի միջոցով էլ դարձա կորոնաֆուտբոլիստ․ իմ համար հանգիստ, բեռլինյան պաղ օդը թոքերս քաշելով բարձրացա տրամվայ, մեկը կողքս փռշտաց, ես էլ լեղաճաք փախա, էնքան ուժեղ փախա, որ հասա Գրողուցավի ֆուտբոլադաշտ։ Շունչս դեռ հետ չէի բերել, մեկ էլ Մերսպ Հարությունյանը գնդակն ինձ տշեց, թե՝ Մախսուդյան բռնի, ես գնացի իմ սիեստաս վայելելու։
Դե ես էլ հո չխաղացի, այ մարդ, մեղքս ինչ թաքցնեմ, ոնց որ լավ խաղացի, էնքան լավ, որ Արփին, ես չէ, Ոսկանյանը, իմ խաղը հայ- հայ էր չերեզ ՖԲ ծախում էի ՖԻՖԱ-ին, բայց ես հանկարծ մտափոխվեցի ու ֆուտբոլը թողած գնացի նոր ծառ որոնելու, քանի որ էս անգամ էլ որոշել եմ դառնալ բիոլոգ-ծովագնաց։
Այ մարդ, էն սիեստան չպրծավ, ախր էս գլոբալ տաքացումներից ծովերը կցամաքեն, չեմ հասցնի գոնե մի անգամ սուզվելու իմիտացիա անել։
-էս գնդակը բռնեք, կտաք Հարությունյանին, իսկ ես աստալավիստա և ինչպես Միշիկ Փեսյանն էր ասում՝ tornerò։
Մարինե Մարգարյան
– Ամբաստանյա՛լ, ի՞նչ կասեք՝ ձեզ արդարացնելու համար։
Մեղադրյալի աթոռին անհանգիստ պար եկող, փոքրիկ, կարմրատակած արարածը հևոցով սրբեց ճակատից թափվող քրտինքն ու հապճեպ, անշնորք շարժումներով ուղղեց գլխից անդադար ցած սահող, փոքր-ինչ ժանգոտած թագը։
– Ըըըմ… ըը՜հ… մե-ե-ե-ծարգո Բարձրաբացիլագույն Վարակակրաց ատյա՜ն… նը-ը-ը-ըրանք… ուժեղ էին, նրանք դիմա՜կ էին դնում, հետո չէին դնում ու դնում էին ու չէին դնում… Հե-ե-ետտո… նրանք ինձ բանի տեղ չէ-էին դնում… հետո դնում էին… հետո չէին դնում…ու չէի՜ն դնում, – տարօրինակ գնդլիկն էստեղ սկսեց անզուսպ հեկեկալ՝ ձեռքում տենդագին ճմռելով թղթադրամները՝ միլիարդնե՜ր, որ տալու էր հանուն ևս մի շանսի, գուցե՝ ռևանշի։
– Հերի՛ք է կմկմաք, ո՜վ ճղճիմագույն, ժահրերի միջից ամենանվա՜ստը, դուք անհույս և անդառնալի կերպով տանուլ տվեցիք մարտը… մա՜րտը… մա՜րտը…, – ահարկու տեսքով տեղում կանգնեց դատավորի պատմուճանովը, որ բեղեր ուներ երկա՜ր ու զզվելի, ասում են՝ նաև պոչ ու ականջներ… հետո իրեն տեսնողներ են եղել Բիլ Գեյթսի, Սորոսի ու Թրամփի հետ նկարվելիս, բայց դա հիմա այլևս նշանակություն չունի…, – մի փոքր մոլորակն ի՞նչ էր, կամ այդ հինավուրց ու հոգնած ազգը… ինչպես էր կոչվու՞մ՝ Ռումե՞նիա, Արմե՞նիա… հա, դա՛. ի՞նչ մի մեծ բան՝ դիմակի տակ ու համակարգչի մեջ իսպառ փակելու համար։ Ելե՛ք, ելե՛ք, ողորմելի՜, վերջին 11 մետրանոցներն են՝ պենա՜լ, լսած կլինեք։ Ելե՛ք, հարվածե՛ք, բամփե՛ք, նստացրե՛ք, գռփե՜ք, գիր գրեք ձեռքով՝ ղազի փետուրով, քարշ տվեք գետնով, ծեփեք ասֆալտով, ինքնատուգանվե՛ք վերջիվերջո… ու Աստվա՛ծ կանչեք, որ հաղթած գաք հետ։
Ֆուտբոլի դաշտով, երկրի երակներով վազե՜լ է վազում հիմա թագակիրը: Վերջին շանսն է ստացել, խաղի վերջին րոպեներն են։ Ում համար՝ խաղ, ում էլ՝ կյանքի ու չգոյության միջև, ալկոգելա-քլորամինի և հակահեղափոխական թավշի մեջ զմռսված ակնթարթներ…
Վազում է, ձեռքին՝ դիմակներ, փաստաթղթեր, դղյակների ու վանքերի ղազագրված մի ահռելի ցանկ, բնիկներին պատկանող անձեռակերտ հարստության գույքագրված մի մե՜ծ ցուցակ, մի մոգական կարմիր քարտեզ, ուր նայում է հայելու պես, ու հետն էլ կամաց մրթմրթում է, ֆշշացնում քթի տակ.
– Հինավուրց ա՜զգ… հի՜ն քաղաք… չէ մի չէ՜, սարայներ չի՞ եղածը, դա էլ ջնջես, բան չի մնա… բան չմնա՜ց… ու՞ր ես, Աստվա՜ծ…
Եվ քանի չի հասկացել, որ երգն իր երգված է, ու քանի չենք արմատախիլ արել սույն վարակն իսպառ մեր միջից, ուրիշ ելք չկա, փա՜ռք ֆուտբոլի աստվածների՛ն, խփե՛նք գոլը եզրափակիչ։
Գոոոոոո՜լ վարակին…