Լիլիթ Բլեյան/ Կհանդիպենք այս ամենից հետո


Հայր մեր,
Եթե ինձ հիշում ես,
Մի անգամ հանդիպել ենք
Էն ամենասկզբում
Ես 50 սմ հասակ ունեի,
3 կիլոգրամից մի քիչ ավել քաշ․․․
Հիշեցի՞ր,
Բարձր կանչում էի քեզ՝
Լացելու պես,
Եկար էդ պահին,
Ասացիր՝ ամեն ինչ լավ է լինելու,
Ու ես խաղաղվեցի,
Արդեն քանի՜ տասնամյակ էդպես խաղաղ եմ
Խնդրում եմ քեզ,
Բոլորին, ում կտեսնես
50 սմ կամ մի քիչ ավել կամ պակաս,
Նույնը ասա,
Որ խաղաղվեն,
Որ աշխարհը խաղաղվի։


Մազե կամրջի վրայով քայլեցի
Հաստատուն,
Վստահ՝
Որսալով ռիթմը ճոճքի
Հաշվելով միլիմետրերը,
Ժպտալով անդունդին՝
Մի տարի ևս,
Ամեն հաջորդ քայլին
Նախորդը կարոտելով,
Ամեն հաջորդ մետրին
Սպասելով անհամբեր,
Ամեն քամու այցից
Փրկվելով երջանիկ,
Բռնելով մեկնած ձեռքդ,
Ցատկելով
Կամրջից կամուրջ,
Եվս մի տարի՝
Խաբելով ներքևում սպասող
Մութ բացբերանին,
Եվս մի տարի երգելով
Կամրջի ճոճի հետ,
Մինչ հաջորդ ցատկը,
Մինչ հերթական փրկվելը։

—-
Ջուլիետն իմ տարիքում
Մեռած կլիներ սիրուց
Ուղիղ երեք անգամ
Իսկ ես հաշվենկատորեն ապրում եմ՝
Խմելով ազատության թույնը
Փոքր կումերով։


Հայր մեր, որ բոլորիս
այնքա՛ն ես սիրում,
որ տանում ես քեզ մոտ՝
մեծ֊պստիկ֊նիհար֊հսկա֊առողջ֊երջանիկ
(ոչ մի խտրականություն),
Սովորեցրո՛ւ
ինքներս մեզ այդքա՛ն անվերապահ
սիրելու արվեստը,
Ազատի՛ր մեզ կասկածներից,
մեզ տա՛ր մեզ մոտ,
եթե անգամ դիմադրենք,
որ այս պստիկ կյանքում՝
մինչև քեզ հանդիպելը,
հասցնենք հանդիպել
ու գոնե աչքի մի ծայրով
տեսնել նրան,
ում կերպարով ու նմանությամբ
ծնվել էինք․․․

—-
Սիրելի՛ օգտատեր,
Հերի՛ք աղմկեք․
Ձեր ստեղները հանում են նույն շրխկոցը,
Ձեր տառերը նույնն են,
Ձեր կապույտն ունի նույն երանգը,
Ձեր բութ մատը թողնում է նույն մատնահետքը,
Ձեր ժպիտը նույն փակագիծն է,
Ձեր սիրտը մեկն է միլիոնավոր սրտիկներից,
Ու կներեք, բայց պետք է ասեմ.
Ձեր գրառումը տեղ չգտավ ոչ մի էջում,
Այն ոչ ոք չի հավանի,
Եվ խելագարը միայն կքոմենթի կիսաձայն։
Քնեք, սիրելի օգտատեր,
Ձեր երազները դեռ ձերն են,
Քնեք,
Բոլոր զոհերը ֆեյք էին,
Քնեք,
Հերոստրատն այրել է բոլոր
սերվերները,
Քնեք հանգիստ։


Մատ` երեք քայլից։
Ամեն ինչ այնքան պարզ է.
Բոլոր գծերը սկսվում են Ա կետում և ավարտվում Բ-ում,
Բոլոր լուսաբացները բացվում են,
Բոլոր լուսինները կիսվում են,
Բոլոր օդանավերն իջնում են.
Ամեն ինչ խելոք ենթարկվում է ինչ-որ կանոնի,
Բայց այդպես էլ չկա մի երգ, որ կքնեցնի
Զարթուցիչին սպասող համառ գլուխը

—-
Մի կաթիլ` իմ համար
Մի կաթիլ` քո
Մի-մի կաթիլ` ավերված քաղաքների,
Մեկական` ծովը շրջված նավերի
Ու բոբիկ ներբանների համար,
Մի կաթիլ` տիրոջը կորցրած շան համար,
Մի մեծ կաթիլ` մեծ քաղաքի մենակ մարդկանց ու
Ցավին ծանոթացող երեխայի համար,
ևս մեկը… 48 կաթիլը լրացա՞վ․․․
Տարօրինակ, տարօրինակ բժիշկ էր.
Անքնության բուժում` արցունքի կաթիլներով։
Լրացավ կարծես։
Այսօր հերիք է,
Քնենք։


Ու ո՞վ կմտածեր,
Որ աշխարհը կպտտվեր`
Իրար կապելու երկու անհավասար ծայրերը
Զուգահեռների, որ չէին հատվելու,
Եթե աշխարհը չլիներ այդքան կլոր,
Կյանքը` այդքան անհարթ,
Իսկ գետի կապույտ ժապավենը`
Այնքան սրընթաց,
Որ անգամ զգոն միտքը
Չհասցներ հոսանքը կասեցնել…
Ու մոլորակի իքս անհայտ կետում
Ճամփից շեղված զուգահեռները
Հանդիպելու էին`
Օղակելով երկրի ամաչկոտ գունդը
Իրենց վստահ գրկում։

Դու հո գիտես,
Որ տիեզերքի հսկա մութն ու լույսը,
Մոլորակների պտույտը,
Աստղերի ծնունդն ու մահը,
Երկրագնդի պարն իր առանցքի շուրջը,
Գետերի վազքը,
Անտառների կանաչելն ու ձնհալը,
Արևի ու լուսնի հերթափոխը,
Հռոմի վերելքն ու անկումը,
Մարդկության վայրի ընթացքը,
Հին պատերազմներն ու նոր խառնաշփոթը,
Ու ընդհանրապես ամեն ինչ,
Որ հնարավոր էր ու որ երբևէ եղել է,
Այս մի հատիկ պահի համար էր,
Որ երկուսը ծածկոցի տակ
գրկեն իրար՝
քնի մեջ
խաղաղված։


Կհանդիպենք այս ամենից հետո՝
Ժամը վեցին,
Երբ Չեխիան բաց անի սահմանները,
Երբ ամառը մաշեցնի տանիքները,
Երբ ծառերն էլի
սովորական մի բան դառնան,
Երբ անձնագիրն էլի պետքական
մի բան դառնա,
Երբ լուրերի վրա հայտնվեն
գույնզգույն ժապավեններ,
տուրուդմփոց ու հանրաքվե,
Երբ այս ամենը վերջանա ու գա այն մյուս ամենը,
Երբ հայտնաբերենք, որ ոչինչ, միևնույն է, չի փոխվել,
Ու էլի ամառը ծանոթ է ու տոթ,
Կհանդիպենք՝ նշելու
Սովորական ուրախությունը,
Որն արդեն չենք նկատի,
Ու ստիպված նոր պայուսակ կգնենք,
Որ ուրախությունը դառնա հասկանալի մի բան՝
Գնապիտակով ու անունով,
Ու էդպես կգլորվենք լրահոսի միջով՝
Հաշտված,
Մինչև հաջորդ պատերազմ:

Please follow and like us:

2 thoughts on “Լիլիթ Բլեյան/ Կհանդիպենք այս ամենից հետո

Comments are closed.