Ժան-Լյուկ Նանսի/ Չարիքը եւ իշխանությունը

Համավարակը վատ է, այս հարցում տարաձայնությունները շատ չեն։ Իհարկե, կան ձայներ, որ հայտարարում են, թե սա այնքան էլ մեծ չարիք չէ։ Ասում են, որ այլ հիվանդություներն ու երկարատեւ պատերազմները շատ ավելի մահաբեր են։
Դա տարօրինակ փաստարկ է, քանի որ այն ոչ մի կերպ չի կասեցնում մահացության աճը, որը զսպել չէր լինի առանց զգալի եւ բոլոր առումներով թանկ արժեցող ջանքերի։ Մյուսները պնդում են, որ իրական չարիքը (la mal) հասարակության կամավոր ստրկացման մեջ է, որն իր կյանքն ու առողջությունը պահպանելու համար թե պետությանը, թե բժշկությանը մղում է վտանգավոր գերպաշտպանական միջոցառումներ իրականացնել։ Ասես պետք է հայտնագործել աբստրակտ հերոսություն՝ զրկված միաժամանակ թե պատճառից, թե ողբերգական կերպարից։

Իհարկե, ոչ ոք չի հերքում փասը, որ այս վիրուսը վերհանեց հանրության, նույնիսկ քաղաքակրթության համար կարեւոր հարցեր։ Ընդհակառակը, որեւէ մեկը չի դադարում այդ մասին խոսել։ Բայց ինչպես կասեր Դեկարտը, կարեւոր է խոսել համապատասխան մոդուսով։

Հիմնականում առաջին պլանում է հայտնվում «կապիտալիզմ» բառը։ Իսկապես, չի կարելի հերքել արտադրողական համակարգի պատասխանատվությունը, որ հիմնված է շահույթի վրա, որը նպաստում է ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական, մշակութային եւ այլ կենսականորեն կարեւոր ծառայություններից  համընդհանուր կախվածության անընդհատ ընդարձակմանը։ Խնդիրն այն է, որ երբեմն թվում է, թե չարքին քշելու համար բավական է արտասանել «կապիտալիզմ» բառը, որից հետո պիտի հայտնվի «էկոլոգիա» անունով բարի աստվածը։

Այդպիսով մոռանում են, որ այդ չարքն արդեն շատ ծեր է եւ ժամանակակից աշխարհի շարժիչ ուժն է, որ ուրվագծել եւ ձեւավորել է այդ աշխարհը, համենայնդեպս վերջին յոթ դարերի ընթացքում։։ Շուկայական արժեքի անսահմանափակ արտադրությունն ինքնին արժեք է դարձել, հասարակության գոյության իմաստը։ Արդյունքները մեծ են եղել՝ ստեղծվել է նոր աշխարհը։ Միգուցե ներկայումս այդ աշխարհը քայքայվում է, բայց չի տալիս մեզ ոչինչ, ինչը կարող է փոխարինել իրեն։ Կարելի է նույնիսկ չդիմանալ գայթակղությանն ու ասել՝ «ճիշտ հակառակը», երբ տեսնում ես, թե ոնց է մի ժողովրդից մեկ այլ ժողովուրդ դիմակներ գողանում, տեսնում ես փախուստի դիմած թագավորին, որը գտնվում է իր թագավորությունից 9000 կիլոմետր հեռու, նոր պաշտամունքը, որը մտադիր է ապահովել հրաշագործ իմունիզացիայով ու պաշտպանությամբ վիրուսից, կամ պարզապես հիստերիկ վեճերը բուժման մեթոդների շուրջ։

Անկեղծ ասած, խոսքը միայն այս կամ այն խափանման մասին չէ։ Ինչ-որ բան սխալ ընթացավ՝ մի բան, որ հիմնադիր է, ներհատուկ այն ճանապարհին,որով շարժվում էր աշխարհը, կամ մենք էինք ստիպում շարժվել երկար ժամանակ։ Եւ այն, ինչ սխալ ընթացավ, իրականում, կհանդգնեմ ասել, հենց չարիքն է։ Չարիքը ինքնին վիրուսը չէ, այլ ճգնաժամի վարակիչ լինելը, նրա անմիջական հետեւանքները եւ, ամենակարեւորը,  ամենաանբարենպաստ հանգամանքների կանխատեսվող սրացումը թույլ է տալիս ասել, որ այն վառ կերպով միավորում է չարիքի գծերը։

2

Չարիքի երեք ձեւ կա՝  հիվանդություն, դժբախտություն եւ ոճրագործություն։ Հիվանդությունը կյանքի մասն է։ Դժբախտությունն այն է, ինչ ստիպում է մեր էությանը տառապել (կյանքի իմաստով, որն ինքն իրեն է արտացում), անկախ նրանից՝ հիվանդությա՞ն պատճառով, թե՞ արտաքին բռնության (բնական, սոցիալական, տեխնիկական, բարոյակա  ևն)։ Ոճրագործությունը (որը կարելի է նաեւ անեծք անվանել) արտաքին բռնության կամ հիվանդության միտումնավոր արտադրությունն է. այն ուղղված է մարդու կամ կեցության դեմ, ինչպես էլ որ այն անվանեք։

Որքանո՞վ է ներկայիս վարակը միտումնավոր։ Այնքան, որքան իր ուժը կապված է ու հարաբերակցվում է իր գործոնների ու գործակալների/ագենտների համալիրի հետ։ Անիմաստ է կրկնել  զգալի չափով փաստաթղթավորվածն  ու մեկնաբանվածը, որ վերաբերում է վիրուսային ձեւերի զարգացմանը, վարակման պայմաններին՝ պայմանավորված ներկայիս կապի միջոցներով, քսան տարուց ավելի արվող գիտական  ուսումնասիրություններին եւ բոլոր տեխնիկական,  տնտեսական ու քաղաքական հանգամանքներին։ Դրանք համալիր պատճառներ են, որ առաջացնում են շրջակա աշխարհի աղտոտվածություն, տեսակների վերացում, պեստիցիդներով թունավորում, անտառների ոչնչացում, ինչպես եւ սով, ճարահատյալ միգրացիա, կյանքի ծանր պայմաններ, չքավորություն, գործազրկություն եւ սոցիալականու բարոյական քայքայման այլ ձեւեր։ Եվ հենց տեխնիկական եւ տնտեսական աճի շնորհիվ են արդյունաբերական կայսրությունները՝ մի կողմից, ամբողջատիրական իշխանությունը՝ մյուս կողմից, ամենաավերիչից դարձել ամենանենգը՝  տարատեսակ ճամբարներից մինչեւ ամբողջ բնության շահագործում, եւ ի վերջո մինչեւ այն ամենի իսպառ մսխումը, որ կոչվում է «քաղաքականություն»։

Պատահական չէ, որ առողջապահության ներկայիս ճգնաժամը վրա է հասել ավելի քան մեկ դար կուտակված աղետներից հետո։ Սա առավել վառ արտահայտված երեւույթ է, թեպետեւ  նվազ կատաղի ու դաժան, քան մեր պատմության մյուս շրջադարձերը։ Առաջընթացը ոճրագործության ունակություն է բացահայտում, ինչը վաղուց կռահելի էր, սակայն հիմա ապացուցված է։ Ֆրոյդի, Հայդեգերի, Գյունտեր Անդերսի, Ժակ Էլյուլի եւ շատերի մարգարեությունները, ինչպես նաեւ ամենը, ինչ արվել է անհատի ինքնաբավության, կամքի, հումանիզմի  ապակառուցման համար, այս ամենը մնացել է թղթի վրա։ Սակայն այսօր պետք է ընդունել, որ մարդը չարիք է գործում մարդկության հանդեպ, եւ պետք չէ զարմանալ, երբ փիլիսոփա Մեհդի Բալհաջ Կասեմը գրում է․ «Չարը առաջնային փաստ է» (թեկուզ այս մեջբերումը չստիպի մեզ կիսել նրա համակարգը)։

Մեր ավանդույթի մեջ Չարը միշտ եղել է մեղք, որը կարելի է ուղղել կամ փոխհատուցել՝ դարձի գալով Աստծուն կամ Բանականությանը։ Այն ընկալվել է իբրեւ բացասական բան, որը վիճակված էր ճնշել կամ հաղթահարել։ Սակայն հենց Բարին՝ աշխարհի նվաճումը հանուն Բարու, հանգեցրեց ավերիչ հետեւանքների, հենց ճիշտ այս պատճառով այն կործանում է ինքն իրեն։ Ավելցուկը ավերում է առատությունը, արագությունը սպանում է արագությունը, առողջությունը վնասում է առողջությանը, հարստությունն ինքնին վերջին հաշվով կարող է թալանել ինքն իրեն (երբ այլեւս ոչինչ չի մնում աղքատ)։

3


Ինչպե՞ս ենք մենք հասել այստեղ։ Անկասկած, եէել է պահ, երբ ամենը, ինչ աշխարհի (տարածքների, ռեսուրսների, ուժի) նվաճում էր, վերաճել է նոր աշխարհի  արարման։ Ոչ միայն Ամերիկայի իմաստով, որ ինչ-որ ժամանակ նշանակում էր այս բառը, բայց եւ այն իմաստով, որ աշխարհը բառացիորեն դարձավ մեր տեխնոգիտության ստեղծագործությունը, որն էլ հետեւաբար պիտի դառնար Աստվածը։ Սա կոչվում է ամենակարողություն։ Ավերոեսի ժամանակներից  փիլիսոփայությանը հայտնի են ամենակարողության պարադոքսները, իսկ հոգեվերլուծությանը՝ դրա տեսիլքածին փակուղիները։ Խոսքը միշտ այսպիսի իշխանությյունը սահմանափակելու հնարավորության ու անհնարինության մասին է։

Ի՞նչը կարող է գծել սահմանը։ Հենց մահվան ակնհայտությունը, ինչի մասին մեզ հուշում է վիրուսը։ Մահ, որը չի կարող արդարացնել որեւէ պատճառ՝ ոչ պատերազմը, ոչ իշխանությունը, եւ որը ընդգծում է այսքան մահերի անիմաստությունը սովից, հյուծումից, բարբարոսական գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչով են պայմանավորված՝ պատերազմով, ցեղասպանությամբ, թե գաղափարախոսությամբ։ Իմանալով, որ պատահականորեն չենք մահկանացու, այլ կյանքի եւ ոգու կյանքի խաղի հետեւանքով։

Եթե յուրաքանչուր գոյություն եզակի է, ապա այն պատճառով, որ այն ծնվում է եւ մահանում։ Նա եզակի է հենց այն բանի շնորհիվ, որ ծավալվում է տվյալ ժամանակահատվածում։ Դեյվիդ Գրոսմանը վերջերս գրել է համավարակի կապակցությամբ․ «Ինչպես սերն է մեզ մղում տարբերել անհատին մարդկային զանգվածի մեջ, որի հետ հատվում է  մեր գոյությունը, մահվան գիտակցումը մեզ մոտ նույն զգացումն է առաջացնում»։

Ինչեւէ, եթե չարը իր հետեւանքներով ակնհայտորեն կապված է պայմանների՝ գլխապտույտ առաջացնող անհավասարության հետ, ոչինչ հավանաբար այդքան ամուր հիմք չի տալիս հավասարության համար, որքան մահը։ Մենք հավասար չենք ոչ թե վերացական իրավունքի պատճառով, այլ գոյության կոնկրետ պայմանների։ Ընդունել մեզ որպես վերջավոր արարածներ՝ դրականորեն, բացարձակ, անսահման ու սինգուլյար վերջավոր, այլ ոչ թե անվերջ ամենակարող՝ սա է մեր գոյությանը իմաստ հաղորդելու միակ միջոցը։

Թարգմանությունը Արփի Ոսկանյանի

Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: