Ջորջո Ագամբեն/ Նոր մտորումներ

 Իտալական լրագրին տված հարցազրույցից

– Մի՞թե այս հարկադիր ինքնամեկուսացումը նոր տոտալիտարիզմ է նշանակում։

– Ներկայումս բոլոր կողմերից ձեւավորվում է մի վարկած, որ իրականում աշխարհի վերջն ենք ապրում՝ բուժուական ժողովրդավարության վերջը՝ հիմնված իրավունքի, խորհրդարանի եւ իշխանության տարանջատման սկզբունքի վրա, որոնք իրենց տեղը զիջում են նոր բռնակալությանը, ընդ որում սա վերահսկողության տարածմամբ ու քաղաքական գործունեության դադարեցմամբ ավելի վատն է լինելու, քան մինչ այս մեզ հայտնի տոտալիտարիզմը։ Ամերիկացի քաղաքագետներն անվանում են այն «անվտանգության պետություն»՝ այսինքն պետություն, որի մեջ անձնական ազատությունների վրա կարող են դրվել ամեն տեսակի սահմանափակումներ «հանուն անվտանգության» (տվյալ դեպքում՝ առողջության պահպանման՝ եզր, որ հիշեցնում է Տեռորի շրջանի հասարակության փրկության կոմիտեները)։ Իտալիայում մենք վաղուց ենք ընտելացել գործադիր իշխանության արտակարգ հրամաններին, որն այդպիսով փոխարինում է օրենսդիր իշխանությանը եւ, փաստորեն, չեղարկում իշխանության տարանջատման սկզբունքը, որի վրա հիմնված է ժողովրդավարությունը։Իսկ հսկողությունը, որ կատարվում է տեսախցիկների, հիմա՝ նաեւ բջջային հեռախոսների միջոցով, զգալիորեն գերազանցում է ֆաշիստական կամ նացիստական ամբողջատիրական ռեժիմների իրականացրած հսկողության ձեւերին։ 

Ինչ վերաբրեում է տվյալներին, ապա հարկ է մտածել ոչ միայն այն տվյալների մասին, որ հավաքագրվում են բջջային հեռախոսների միջոցով, այլեւ այն, որ տարածվում են տարբեր մամլո ասուլիսների ընթացքում՝ հաճախ թերի եւ թյուրըմբռնումներով։

– Սա կարեւոր պահ է, քանի որ վերաբերում է երեւույթի էությանը։ Ցանկացած մարդ, որ գոնե մի քիչ ծանոթ է էպիստեմոլոգիային, չի կարող չզարմանալ, որ այս ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցները տարածում էին թվեր առանց որեւէ գիտական չափորոշիչների՝ ոչ միայն չկապելով դրանք տարեկան մահացությունների հետ, որ տեղի են ուննում նույն ժամանակահատվածում, այլեւ չնշելով մահվան պատճառը։Ես վարակաբան չեմ, ոչ էլ բժիշկ, մեջբերում կանեմ վստահելի, պաշտոնական աղբյուրներից։ Covid19-ի հետեւանքով 21000 մահը տպավորիչ թիվ է թվում եւ անկասկած այդպես է։ Բայց եթե դրանք դիտարկել ամենամյա վիճակագրական տվյալների հետ համեմատությամբ, ապա իրերը այլ լույսի ներքո կտեսնենք։ Մի քանի շաբաթ առաջ Իտալիայի վիճակագրական ինստիտուտի նախագահ Ջան-Կառլո Բլանգիարդոն հայտարարել է անցյալ տարվա մահերի թիվը՝  647 000 (1772 մահ՝ օրական)։ Եթե մենք մանրամասն վերլուծենք պատճառները, ապա կտեսնենք, որ վերջին տվյալների համաձայն 2017 թվականին 230 000 մահ է գրանցվել սիրտանոթային հիվանդություններից, 180 000 մահ՝ քաղցկեղից, առնվազն 53000 մահ՝ շնչառական հիվանդություններից։ Բայց մի պահ կա, որ հատկապես կարեւոր է եւ վերաբերում է մեզ։

Ո՞րը։

– Ես մեջբերում եմ դոկտոր Բլանգիարդոյի խոսքը․ «2019 թվականի մարտին սուր շնչառական հիվանդություններից մահացել է 15 189 մարդ, իսկ մեկ տարի առաջ՝ 16 220։  Ի դեպ, դա ավելին է, քան 2020 թվականին նույն ժամանակաշրջանի համար Covid-ից գրանցված մահերի քանակը (12 352)»։ Բայց եթե դա ճշմարիտ է, եւ եթե պատճառ չունենք կասկածելու դրան, ապա, չցանկանալով համավարակի նշանակությունը պավասարեցնել զրոյի, մենք պիտի մեզ տարց տանք՝ արդյոք կարո՞ղ են այս թվերն արդարացնել մեր երկրի համար աննախադեպ ազատության սահմանափակումները՝ չտեսնված նույնիսկ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Լուրջ խնդիր կա նրանում, որ խուճապ տարածելով եւ մարդկանց տներում մեկուսացնելով, իշխանությունը, որը սկզբում ոչնչացրել է առողջապահությունը, հետո մի շարք լուրջ սխալներ թույլ տվել Լոմբարդիայում համավարակի դեմ պայքարում, իր պատասխանատվությունը դրել է մարդկանց ուսերին։

Նույնիսկ գիտնականները լավ շոու չապահովեցին։ Ըստ ամենայնի նրանք չկարողացան տալ իրենցից ակնկալվող պատասխանները։

– Միշտ վտանգավոր է բժիշկներին եւ գիտնականներին վստահել այնպիսի խնդիրների լուծումը, որոնք վերջին հաշվով բարոյական կամ քաղաքական են։ Հասկանո՞ւմ եք, գիտնականները՝ ճիշտ, թե սխալ, բարեխղճորեն գործում են իրենց դրդապատճառներով, որոնք նույնացնում են իրենց գիտության շահի հետ, եւ հանուն որոնց նրանք պատրաստ են զոհաբերել ցանկացած բարոյական  սկզբունք, պատմությունը դա համոզիչ կերպով ապացուցում է։ Հարկ չկա հիշեցնելու, որ նացիզմի օրոք հարգարժան գիտնականները անց էին կացնում եվգենիկայի քաղաքականություն եւ համակենտրոնացման ճամբարները առանց  երկմտելու օգտագործում էին   մահացու փորձեր կատարելու նպատակով, որ իրենց կարծիքով կարեւոր էին գիտության զարգացման եւ գերմանացի զինվորների մասին հոգածության տեսանկյունից։ Տվյալ դեպքում շոուն հատկապես շփոթեցնող է, որովհետեւ իրականում չկա համաձայնություն գիտնականների միջեւ (եթե նույնիսկ զանգվածային լրատվամիջոցները թաքցնում են դա), եւ գիտնականներից ամենահայտնիների մեջ կան այնպիսիք, ինչպես Դիդյե Ռաուլն է, հնարավոր է՝ ֆրանսիացի մեծագույն վարակաբանը, որ այլ կարծիք ունեն համավարակի նշանակության եւ ինքնամեկուսացման միջոցառոմների արդյունավետության մասին, որոնք հարցազրույցներից մեկում միջնադարյան սնոտիապաշտություն է անվանել։ Ես արդեն գրել եմ, որ գիտությունը ժամանակակից կրոն է դարձել։ Կրոնի հետ այս զուգահեռը պետք է հասկանալ բառացիորեն․ աստվածաբանները հայտարարում էին, որ չեն կարող հստակ որոշել, թե ինչ է աստվածը, բայց հանուն նրա թելադրում էին մարդկանց վարքի կանոններ ու առանց երկմտելու այրում հերձվածողներին։ Վարակաբանները ընդունում են, որ ճշգրիտ չգիտեն, թե ինչ է վիրուսը, բայց Նրա անվամբ թելադրում են, թե ինչպես պիտի ապրեն մարդիկ։

Մեզ ասում են, ինչպես նախկինում էլ էր հաճախ պատահում, որ ոչինչ չի լինի առաջվանը, եւ որ մեր կյանքը պիտի փոխվի։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կկատարվի։

– Ես արդեն փորձել եմ նկարագրել բռնատիրության ձեւը, որ սպասվում է մեզ, եւ որից մենք պետք է զգուշանանք։ Բայց եթե մի պահ շեղվենք ընթացիկ գործերից եւ փորձենք իրերին նայել Երկրի վրա մարդկային ցեղի ճակատագրի տեսանկյունից, կհիշենք հոլանդացի մեծ գիտնական Լյուդվիկ Բոլկի մտքերը։ Բոլկի կարծիքով մարդկային տեսակը բնութագրվում է շրջակա աշխարհին հարմարվելու բնական, կենսական գործընթացի աստիճանական դադարեցմամբ, որը փոխարինվում է  շրջակա աշխարհի՝ մարդուն հարմարվելու համար ստեղծվող տեխնոլոգիայի գերաճով։ Եթե այս գործընթացը հատում է որոշակի սահմանը, հակառակ արդյունքն է տալիս եւ հանգեցնում տեսակի ոչնչացմանը։ Իմ կարծիքով իրադարձությունները, որ տեղի են ունենում հիմա, ցույց են տալիս, որ այդ կետին արդեն հասել ենք, եւ դեղը, որը պիտի բուժեր մեր ախտերը, կարող է հասցնել մեզ էլ ավելի մեծ չարիքի։  Այս վտանգին էլ պիտի դիմակայենք բոլոր միջոցներով։

Թարգմանությունը՝ «Գրողուցավի»։

Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: