Այժմ, երբ վիրտուալությունը ներխուժել է մեր առօրյա և գրավել դաշտը, գրական զարգացումներն ու գործընթացները ևս տեղափոխվել են վիրտուալ դաշտ՝ ձևավորելով հետաքրքիր գրական-կարանտինային քրոնիկոն: Գրականագետ Ա. Նիկողոսյանի նախաձեռնությամբ բացված «Դեկամերոն» և Ա. Ոսկանյանի «Գրողուցավ» գրական կայքերի, «Զանգակ» հրատարակչության «Նամակ Պարետին» մրցութներն առաջարկում են տանը մնալ և ստեղծագործել՝ փորձելով ակտիվացնել դաշտը և իրականության նոր գույները գեղարվեստական, գրական հարթակ տեղափոխել:
Մինչ աշխարհը փորձում է ուշքի գալ նորահայտ վիրուսի թագակիր ներկայության փաստից, գրական, գեղարվեստական գործիչների համացանցային ակտիվությունները դարձան իսկական ժամանակակից գրական իրադարձություններ: Անժխտելի է, որ ներկայիս իրողություններն ու այսօրինակ ձեռնարկումներն իրենց հետքն են թողնելու գրականության և գրական դաշտի հետագա զարգացման վրա:
Այս իրադարձությունների համատեքստում ուշարժան է Արփի Ոսկանյանի խմբագրության ներքո գործող «Գրողուցավ» գրական կայքի նախաձեռնությունը՝ «Կորոնաֆուտբոլ» անվանմամբ խմբային վեպ ստեղծելու գաղափարը, որը եկել է վերահաստատելու արդեն հայտնի «կորոնավիրուսը նաև նոր հնարավորություններ է բացում» ձևակերպման իրավացիությունը: Խմբային վեպ ստեղծելու գաղափարն, ինչ խոսք, նորություն չէ որպես գրական երևույթ, սակայն նորություն է այս նախաձեռնությունը՝ իր կառուցման նոր մեթոդներով, ժանրային ու լեզվաոճական դրսևորումներով:
Եվ ի՜նչ «Կորոնաֆուտբոլ», առանց կորոնաֆուտբոլային մեկնաբանի: Փորձենք փոքր-ինչ մեկնաբանել այս հետաքրքիր գրական երևույթը՝ մնալով թիմի ոճական ու կառուցվածքային տիրույթում:
Խմբային վեպն ունի որոշակված ոճավորում. այն ձևավորված է ֆուտբոլային լեզվին, խաղի կանոններին բնորոշ կաղապարներով և յուրաքանչյուր մասնակից-խաղացող, ասել է թե՝ համահեղինակ-գրող պարտավոր է պահպանել այս ոճային առանձնահատկությունը՝ ստեղծելով մեկը մյուսին ներհյուսված, բայց միևնույն ժամանակ մեկը մյուսից խիստ տարբեր, անկախ ստեղծագործություններ: Այս իրողությունը բոլորովին նոր է գրական դաշտում և բացում է նոր, ոչ ավանդական միջտեքստային շերտերի խիտ ու բերրի դաշտ՝ տալով ուսումնասիրության հարուստ նյութ:
Սահմանված ձևաչափը թույլ է տալիս մասնակիցներին վարպետանալ տեքստի հետ խաղալու հմտություններին, իսկ ընթերցողի մոտ ձևավորում է ընկալման նոր շերտ: Բայց երևույթն ինքնին այնքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե սահմանափակվեր սոսկ տեքստային և միջտեքստային խաղարկումներով: Այս հետաքրիր խաղարկումների արանքում մի կողմից պատկերավոր և գունագեղ կերպով վավերագրվում է թագավարակային իրականությունը՝ արտացոլելով քաղաքական ու հասարակական գործընթացները, մյուս կողմից մշակվում և նոր դրսևորում է ստանում ժամանակակից գրական տեքստը՝ որպես գեղարվեստական կառույց: Մեկը մեկից ինքնատիպ, հումորային (անեկդոտային), գեղարվեստական, քաղաքական, ֆուտբոլային, շախմատային, երաժշտական, ֆիլմային, ժարգոնային, բանահյուսական միջտեքստային դրսևորումներով հագեցած կորոնաֆուտբոլային պատմություններն իրենց մեջ ամփոփում են ամենօրյա իրադարձային կարևոր փաստերը՝ խմբային վեպին հաղորդելով վավերագրական արժեք:
Ընդ որում, այստեղ միջտեքստային շերտերը հիմնականում հանդես են գալիս իբրև նախատեքստի քննադատական արձագանք, հիպերտեքստայնություն, երբ մի տեքստը հիմք է դառնում մեկ այլ տեքստի՝ նմանակում, պարոդիա, իմիտացիա:
Հմմտ. Ահա Թումանյանի հայտնի խոսքերի վերաշարադրման և միևնույն ժամանակ հիպերտեքստայնության՝ պահի ազդեցությամբ թելադրված հետաքրքիր դրսևորում Մեսրոպ Հարությունյանի «Ի՞նչը կհաղթի կյանքում վիրուսին» խաղարկային վերնագրով պատմվածքում.
«Ի՞նչը կհաղթի կյանքում վիրուսին,
Թե չլինեին
Սխտորն ու օղին»:
Կամ՝ մեկ այլ՝ բանահյուսական հիպերտեքստայնության դրսևորում. «– Շատ բան իմանաս՝ վիրուս կկպնես։ Էդ վախտ իսկական սև թուղթ կբերեն»:
Ֆիլմային միջտեքստայության դրսևորումներ.
«– Կասենք մի խուճուճ դիմում էլ ինքը գրի»:
«Ես հրավիրում եմ միանալու, մասնավորապես, Արփի Ոսկանյան՝ քեզ, որպես միջին սերնդի մտավորականության ավագ ներկայացուցիչ, Համբարձում Համբարձումյան՝ քեզ, որպես բոյիդ բարձունքից աշխարհին նայող մարդ եւ Ամի Չիչակյան՝ քեզ, որպես արդեն վեց ամիս ինքնամեկուսացված անձնավորություն, որ էդ մասին գրել է, բայց դեռ չի ուղարկել Արփիին…»
Հընթացս ստեղծվում են նորաբանություններ, ինչպես՝ կորոնաֆուտբոլ, կորոնամամուլ, կորոնաինֆարկտ, մեկուսա-ավտոմեքենա, պարետատունտունիկ, կորոնաթիմ, կորոնահալածյալ և բազմաթիվ այլ կորոնաբառեր:
Այստեղ մասնակիցները թիմեր են ձևավորել և ամենօրյա խաղի են դուրս գալիս, պասերով խաղարկումներ անում, երբեմն էլ՝ գոլ խփում: Նախաձեռնության մեկնարկը տրվեց Մեսրոպ Հարությունյանի «Ա, դե տանձիս ձեր վիրուսը, հա՞…» մարտահրավերային պատմվածքով. գնդակը նետել էր Արփի Ոսկանյանը: Մեսրոպ Հարությունյանին էլ պատասխանեց Գևորգ Գիլանցը՝ «Կորոնազերծված ինքնավստահություն» պատմվածքով: Սկզբում գնդակը այս երկու խաղացողների մոտ էր պտտվում՝ վերածվելով Վիրուսամերձ (կամ՝ վիրուսազերծ) պատմությունների, որոնց իրացմանն իր մշտական ներկայությամբ հսկում էր Արփին:
«Գիլանցը մարտահրավեր է նետել ինձ, իսկ ես նահանջողներից չեմ: Ասենք՝ լորտու տեսնեմ, կնահանջեմ, շուն գա վրաս՝ ես չեմ հարձակվի, առնետից կփախչեմ… Բայց գրող ընկերս գրողուցավով ինձ գրող …էէէէէ, ի՞նչ եմ ասում… ձեռնոց նետի ու ես չբարձրացնե՞մ… Հանգիստ հագա էն կապույտ ռետինե ձեռնոցները, դիմակը դրեցի, դանդաղ մոտեցա իր նետած էդ ձեռնոցին ու հա՛փ, թռցրի…»:
Առաջին խաղացողների ինքնավստահությունից և գրանցած հաջողություններից ոգևրովելով՝ փոխանցումներն ընդունեցին, գնդակը միմյանցից խլելով խաղին միացան նաև Գրիգոր Գրիգորյանը, Արփի Մախսուդյանը, Մարինա Գևորգյանը, Սաթիկ Հարությունյանը, Անահիտ Հայրապետյանը: Ընդ որում, մասնակիցներից յուրաքանչյուրը խաղում ունի իր որոշակի դերը: Օրինակ՝ Անահիտ Հայրապետյանը խաղադաշտում ֆոտոլրագրող է: Ուշագրավ են Գրիգոր Գրիգորյանի կերտած քաղաքական ծաղրակերպարները, որոնք ստեղծված են հանճարեղ ոճային պատկերավորմամբ: Իսկ խաղի մրցավար-կազմակերպիչ-մարզիչ Արփին՝ Ոսկանյանը, պատմությունները մատուցում է հեղինակային ծաղրանկարներով, երբեմն էլ, հասկանալով պահի լրջությունը, մտնում խաղադաշտ ու փոխանցումներ ստանում՝ առանց տատանվելու խախտելով ֆուտբոլային կանոնները, քանզի գրականության ֆուտբոլի կանոնները խախտելի են ու ճկուն:
Փոխանցումներն ուղեկցվում են բուռն բանավեճերով, օրվա արտառոց ու կարևոր դեպքերի ակնարկներով: Հետաքրքիր բանավեճի օրինակ է Գևորգների՝ Տեր-Գաբրիելյանի և Գիլանցի բանավեճը: Գևորգ Գիլանցը, ի պատասխան Գևորգ Տեր-Գաբրիելյանի տեքստային խաղարկումներով կառուցված կորոնաէսսեի, նրան հրավիրում է մարդավարի խաղալու. «Էստեղ քո իմացած տեքստի միջի թվացյալ կյանքը չի, կյանքը տեքստի մեջ հենց այնպես չի հայտնվում, տեքստը թե կյանքից մի կենդանի բան վերցրեց, թե կարողացավ կենդանի մի բան իր մեջ փոխադրել, ապրում է, թե չէ՝ դառնում է նիշերի շարան, ո՛չ բառերի, ո՛չ տողերի, քանզի մեկ բառն ու մեկ տողն էլ կարող են նիշաշարին կենդանություն հաղորդել, այլ հենց նիշերի, որոնք իմաստային առումով գուցե շատ էլ զիլ թվան, բայց կենսական ոչ մի բեռ չկրեն, անկյանք լինեն»:
Այսպիսով՝ բառը, միտքը դառնում են գնդակ և մեր աչքի առաջ օրեցօր գլորվելով՝ ստեղծում են ժամանակակից գրականության նոր իրողություն հանդիսացող տեքստեր, որոնք կադր առ կադր «Գրողուցավի» ֆուտբոլային ինքնաշեն դաշտից ցուցադրում են կարանտինային օրերի դեպքերն ու դեմքերին: Փոխանցումները, ուստիև նոր պատմվածքները տարածվում են կորոնավիրուսի տարածումից էլ արագ՝ վարակելով նոր մասնակիցների: Ստեղծագործությունների լեզուն կենդանի հայերենն է՝ լի ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ պատկերավոր տարրերով: Շարադրանքը հյուսվում է հիմնականում մենախոսությունների, երկխոսությունների, բանավեճերի միջոցով:
Այսպես, պատմվածքից պատմվածք, փոխանցումից փոխանցում իրար են հաջորդում պարետի սահմանած արգելքների ու դրանց հանրային իրացման դրվագները, հեռավար դասերի ու համազգային ծնողական ժողովների մասնակցության դետալները, Արսեն Թորոսյանի ինստրուկտաժով լվացվելու, կամ բոլորին չիպավորելու կադրերը… Ամենօրյա պատկերները համեմված են երազային նկարագրություններով ու հիշողության ծալքերում պահված, մոռացված պատմություններով, որոնց դուռը թակել և թարմացրել էր թագավարակը:
Պատմվածքներն ունեն հստակ կանոնարկված կառուցվածք, սյուժետաստեղծման և միջտեքստայնության կիրարկման ոչ ավանդական եղանակ, ֆուտբոլային կենսատարածք:
Անհերքելի է, որ «Կորոնաֆուտբոլ» գրական-վավերագրական նախագծի ստեղծագործությունների կառուցման և գեղաձևման սկզբունքները միանգամայն նորություն, թարմություն են բերում արդի հայ գրականության տիրույթ: Դրանք եկել են հարստացնելու ժամանակակից գեղարվեստական դաշտը: Իրողությունը հավակնում է առաջիկայում դառնալ մի որոշակի ժամանակահատվածի՝ խճանկարային սկզբունքով հավաքված բազմաշերտ կտավ:
Հասմիկ Հակոբյան /Կորոնագրականություն կամ գրական զարգացումները կորոնավիրուսի ժամանակ
Please follow and like us: