Մարինե Պետրոսյան / ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ/ գլուխ երկրորդ

Իմ երկրում հեղափոխություն ա,
ուզում ենք մեր կյանքը փոխենք,
լիքը բան որ երեկ անհնար էր,
էսօր դարձել ա հնարավոր,
դրա համար էլ որոշեցի
գրի առնել երազանքներս,
եթե դրանք միայն իմ երազանքները չեն,
գուցե վաղը դառնան իրականություն։

Ես ուզում եմ Հայաստանում
հացը լինի ձրի,
ոնց որ ջուրն ա ձրի՝
կարող ես խմել փողոցներում։
Ինչո՞ւ—
գուցե հարցնեք դուք—
որովետև շատ կարևոր ա,
որ ամենակենսական բաները
չլինեն փողով։

Ես ուզում եմ մարդիկ ազատ լինեն
տնօրինելու իրանց ժամանակը,
որովհետև ժամանակը մարդու
ամենակարևոր ունեցվածքն ա,
ու եթե մեկն աշխատում ա ստիպված,
աշխատում ա անփող չմնալու համար,
ուրեմն ինքը տերը չի
իրա կյանքի ժամանակի,
ուրեմն էդ մարդն աղքատ մարդ ա,
ինչքան ուզում ա բարձր աշխատավարձ ստանա։

Մենք ապրում ենք Հիսուսից հետո երրորդ հազարամյակում,
մարդկությունն ապրել ա էսքան երկար դարեր,
ստեղծել ա գիտություն,
ստեղծել ա տնտեսություն,
ստեղծել ա օրենքներ և պետական կառույցներ,
ու հիմա,
երբ ամեն օր ամեն ժամ ամեն րոպե
էսքան բարիք ա արտադրվում էս արևի տակ,
ամոթ ա որ մարդու սոված մնալը հնարավոր լինի,
ամոթ ա որ մարդը սոված չմնալու համար աշխատի։

Եթե մեկն ուզում ա ունենալ շատ փող,
թող ունենա,
թող ասենք բիզնես անի,
նենց բաներ արտադրի, որ հարստանա,
բայց միշտ կլինեն մարդիկ որոնց ընտրած գործը փող չի բերի,
մեկը ես տենց մարդ եմ,
ինձ շատ փող պետք չի,
ես ընդամենը էնքան փող եմ ուզում որ փողի մասին չմտածեմ,
և ուզում եմ իմ պետությունը
ինձ էդքան փողն առանց պայմանի տա։

Փողն իհարկե շատ կարևոր բան ա,
տնտեսությունն օրինակ առանց փողի չի ապրի,
երկիրն էլ առանց տնտեսության չի ապրի,
ես ուզում եմ իմ երկիրը զարգացած տնտեսություն ունենա,
ես ուզում եմ իմ երկիրը հարուստ լինի,
բայց էդ դեռ գործի կեսն ա,
կարող ա երկիրը հարուստ լինի,
բայց մարդիկ երջանիկ չլինեն։

Մարդը երջանիկ ա եթե ազատ ա,
ազատ ա ընտրելու իրա սիրած բաները՝
սիրած մարդուն,
սիրած աշխատանքը,
սիրած քաղաքը,
իսկ եթե ընտրության հիմքում փողի հաշիվն ա՝
քցում բռնում ես որն ավելի շատ փող կբերի,
էդ արդեն ազատություն չի,
էդ արդեն ստիպվածություն ա՝
ազատության ճիշտ հակառակը։

Ստիպվածությունը երկու տեսակ ա լինում,
առաջինը՝
երբ փողը քեզ պետք ա որ սովից չմեռնես,
ու երկրորդը՝
երբ քեզ շատ փող ա պետք որովհետև
բոլորն ասում են որ պետք ա, բա ո՞նց,
կարող ես շատ փող ունենալ և չունենա՞ս։
Երկու դեպքում էլ ազատությունը չքանում ա,
փոխարինվում ա կախումով։

Փողը չափման միավոր ա։
Ինչի՞ չափման միավոր ա՝ աշխատանքի՞, արժեքի՞։
էն հեռավոր օրվանից, երբ որոշեցի որ բանաստեղծ եմ,
ես ամեն օր աշխատում եմ,
բայց իմ աշխատանքը փողով չի չափվում,
իմ աշխատանքով ստեղծված արժեքը փողով չի չափվում,
ես դա գիտեի հենց սկզբից,
էն հեռու օրվանից երբ որոշեցի որ բանաստեղծ եմ։

Մամաս մոտ ընկերուհի ուներ,
Անահիտ էր անունը,
Սովետի վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվեց Ամերիկա,
հետո, արդեն անկախացումից հետո, հյուր էր եկել Հայաստան,
հանդիպեցինք,
Անահիտը հարցրեց ինչ եմ անում,
ասեցի բանաստեղծ եմ,
հարցրեց—լավ փող լինո՞ւմ ա աշխատել բանաստեղծությամբ,
ասեցի—չէ, ընդհանրապես փող չի գալիս դրանից,
ամբողջ աշխարհում ա տենց,
արձակով գուցե հնարավոր ա,
բանաստեղծությամբ՝ չէ։
—Բա էդ դեպքում դու ինչո՞ւ արձակ չես գրում—
շատ անկեղծ զարմացավ Անահիտը։
Ու ես էսօրվա պես հիշում եմ իրա անկեղծ զարմանքը
և իմ զվարթ ծիծաղը։

Փողը հարմար չափման միավոր ա տնտեսության մեջ,
թող բարով լինի,
ու միայն էդքանը,
ոչ ավելին,
ավելինն արդեն չարագուշակ նշան ա,
եթե փողը դարձավ չափման ունիվերսալ միավոր
մարդ արարածի համար,
էդ նշանակում ա որ մի բան էն չի,
որ մարդ արարածը սխալ փողոցով ա թեքվել,
ու ցավոք՝
ոնց որ հենց տենց էլ կա։

Էս վերջերս ես հաճախ եմ ճամփորդում,
եղել եմ բազմաթիվ հարուստ երկրներում,
ու պարզ տեսել եմ որ երկրի հարստությունն ինքնին
մարդկանց երջանիկ չի դարձնում,
տեսել եմ՝ երկիրը հարուստ ա,
երկիրն աշխարհի ամենահարուստ երկիրն ա,
մարդիկ շատ բարձր աշխատավարձ են ստանում,
բայց էդ բարձր աշխատավարձը ստանալու համար
աշխատում են շատ լարված,
էնքան լարված որ կորցնում են
իրանց կյանքի ժամանակը տնօրինելու ազատությունը,
դառնում են կախյալ իրանց աշխատանքից,
դառնում են անազատ։

Կյանքը կարճ ա,
եթե նպատակդ լինի փող աշխատելը
ամբողջ կյանքդ դրա վրա կգնա,
ու վերջում կտխրես դու բայց արդեն ուշ կլինի,
ափսոս ա կյանքը։

Պատկերացնո՞ւմ եք ինչ տարբեր կլիներ աշխարհը,
եթե մարդը ծնվեր ա ապրեր պարզապես,
ապրուստի մասին չմտածեր,
ասենք երեխան հենց տենց էլ ապրում ա,
առանց ապրուստի մասին մտածելու։

Հետո երեխան դառնում ա չափահաս
և իրան ասում են՝
դու պարտավոր ես փող աշխատել։

Բայց ինչո՞ւ,
ինչո՞ւ ա մարդը պարտավոր փող աշխատել,
ինչքան տարբեր կլիներ կյանքը,
եթե մարդը նման պարտավորություն չունենար։

Արդյո՞ք եթե փող աշխատելու խնդիրը չլիներ,
մարդը կդադարեր աշխատել,
արդյո՞ք փող աշխատելն ու պարզապես աշխատելը
նույն բանն են,
արդյո՞ք փող աշխատելն ու պարզապես աշխատելը
համազոր բաներ են,
ես վստահ եմ՝ չէ։

Փողով կարելի ա գնել առարկաներ,
փողով կարելի ա գնել ծառայություններ,
փողով կարելի ա գնել նաև մարդկանց,
բոլորը գիտեն որ էս վերջինը շատ վատ բան ա,
եթե կարելի ա փողով գնել մարդու կարծիքը էդ շատ վատ բան ա,
եթե կարելի ա փողով գնել մարդու արարքը էդ շատ վատ բան ա,
ուրեմն ինչո՞ւ
փողով մարդու աշխատանքը գնելը լավ բան ա համարվում
և ընդունված բան ա,
համատարած ընդունված բան ա աշխարհում…

(փակագծերում)

Գարնանը մանիֆեստս կարդացի, հեղափոխությունը սկսվեց։ Եվ սկզբում թվում էր, թե հեղափոխությունը սխալ հանեց մանիֆեստս։ Որովհետև մանիֆեստիս մեջ գրել էի, թե քաղաքական գործիչները նոր Հայաստանը ստեղծել դեռ չեն կարող, նոր Հայաստանը պետք ա նախ խոսքի մեջ ստեղծվի, խոսքի միջոցով՝ մեր մտքի մեջ ստեղծվի, որ հետո քաղաքական գործիչները դա իրականացնեն։ Թվում էր՝ սխալ եմ, թվում էր՝ քաղաքական թիմը Նիկոլի գլխավորությամբ հեղափոխությունն արեց և ուր որ ա նոր Հայաստանը կստեղծվի։ Բայց կամաց կամաց պարզ դարձավ, որ Նիկոլի պատկերացրած նոր Հայաստանը կապիտալիստական Հայաստանն ա։ Որն իրականում բնավ էլ նոր բան չի, այլ հենց էն ա, ինչը որ կար։

Իմ մանիֆեստը հենց նրա մասին էր, որ մենք՝ մեր մեծ մասը, սխալ ենք պատկերացնում խնդիրը։ Մեզ թվում ա, թե խնդիրը սովետական անցյալի մնացուկներն են, վերացնենք դրանք, կառուցենք ճիշտ, իսկական կապիտալիզմ, և մեր երկիրը կծաղկի, մենք էլ հետը։ Իսկ իրականում՝ չէ, տենց չի։ Սովետական անցյալի մնացուկները կան, բայց դրանք նման են դատարկության մեջ կանգնած էն դարպասներին ու կողպեքներին, որ նկարված էին մանիֆեստիս տեսանյութում։ Էդ դարպասներն ու կողպեքները դատարկության մեջ են կանգնած և ոչ մի բան էլ չեն փակում, չեն կողպում։ Մեծ խնդիրը դրանց մեջ չի։ Մեր առաջ կանգնած գլխավոր խնդիրը հենց կապիտալիզմի մեջ ա։ Մենք կապիտալիստական երկիր ենք, գլոբալ կապիտալիզմի մի մասն ենք։ Իսկ գլոբալ կապիտալիզմն էսօր ճգնաժամի մեջ ա և մտածող մարդիկ նոր ուղիներ են փնտրում ապագայի համար։ Եթե մենք հասնենք սրա գիտակցմանը, կփոխվի մեր տեսադաշտը։ Մենք կդադարենք վազել «ճիշտ» կապիտալիզմի հետևից, կսկսենք մասնակցել նոր ուղիների որոնմանը։ Եվ էս դեպքում մեր սովետական անցյալը մեր համար կդառնա ոչ թե բեռ, այլ շատ արժեքավոր փորձառություն, որը քիչ երկրներ ունեն։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Սկիզբը՝ այստեղ։

Please follow and like us: