Սլավոյ Ժիժեկ/Կարո՞ղ է Covid 19-ը հիշեցնել մեզ սեքսի հոգեւոր կարեւորության մասին

Covid 19-ի համավարակն, իհարկե, զարկ կտա համացանցային սեքսուալ խաղերին, բայց հույս ունեմ, որ այն նաեւ կստիպի վերագնահատել մարմնական մերձեցումը եւ չմոռանալ, որ երկու մարդկանց միջեւ տեղի ունեցող սեռական գործողությունը  կապված է  հոգեւորի հետ։ 

Իռլանդիայի առողջապահության նախարարությունը ուղեցուցյներ է թողարկել կորոնավիրուսի ընթացքում սեքսի կանոնների վերաբերյալ, որտեղ երկու բան է առաջարկում. «Արժե զերծ մնալ ֆիզիկական եւ անմիջական շփումից, հատկապես եթե դուք սովորաբար հանդիպում եք ձեր զուգընկերներին համացանցից դուրս կամ ապրուստը վաստակում եք սեքսի միջոցով։ Մտածեք տեսա-հանդիպումների, սեքսթինգի եւ չաթերի մասին, ախտահանեք ստեղնաշարը, թաչ-էկրանները, որ կիսում եք ուրիշների հետ»: Եվ մյուսը․ «Ձեռնաշարժությունը չի տարածում կորոնավիրուսը, հատկապես եթե քսան վայրկյան լվանում եք ձեր ձեռքերը (եւ ցանկացած սեքս-խաղալիք)  ջրով ու օճառով՝ օգտագործումից առաջ եւ հետո»։

Խելամիտ խորհուրդ է ֆիզիկակական շփման միջոցով տարածվող համավարակի ժամանակներում, սակայն հարկ է նկատել, որ այս խորհուրդներն ընդամենը ավարտին են հասցնում մեր կյանքի աճող թվայնացման՝ վաղուց սկսված գործընթացը. վիճակագրությունը ցույց է տալիս, որ ժամանակակից պատանիները ավելի քիչ ժամանակ են ծախսում իրենց սեռականությունը ուսումնասիրելու վրա, քան՝ համացանցում թափառելու։ 

Եթե նույնիսկ նրանք զբաղվում են սեքսով, մի՞թե դա վիրտուալ տարածքում, հարդքոր պորնոգրաֆիայի ուղեկցությամբ անելը շատ ավելի հեշտ ու հաճելի չէ։

Այդ պատճառով ամերիկյան նոր՝ «Էյֆորիա» սերիալը (որ HBO հեռուստացանցը նկարագրել է այսպես․ «ավագ դպրոցի մի խումբ աշակերտների կյանքը եւ թե ինչպես են նրանք կողնորոշվում թմրանյութերի, սեքսի, ինքնության, տրավմաների, սոցիալական մեդիայի, սիրո եւ ընկերության աշխարհում»), որի մեջ պատկերվում է ավագ դպրոցի այսօրվա սերնդի անառակ կյանքը, իրականում իրականության ճիշտ հակառակն է։ Այն որեւէ կերպ չի վերաբերում այսօրվա երիտասարդությանը եւ ժամանակավրեպ է՝ ավելի շատ նման միջին տարիքի մարդկանց կարոտախտային մտավարժանքին, թե ժամանակին որքան այլասերված էին  երիտասարդ սերունդները։

Բայց այստեղ մենք պիտի մի քայլ էլ առաջ գնանք․ իսկ միգուցե երբեք չի եղել լիովին «իրական սեքս»՝ զրկված վիրտուալ ու երեւակայական հավելումներից։ Ձեռնաշարժության հիմնական բացատրությունն է՝ անել դա ինքդ քեզ՝ երեւակայելով զուգընկերների, բայց կարող է պարզվել, որ  իրական սեքսը միշտ ինչ-որ չափով ձեռնաշարժություն է իրական զուգընկերոջ հետ։ Ի՞նչ նկատի ունեմ։ The Guardian-ի համար արված մեկնաբանության մեջ Եվա Ուայսմանը հղում է կատարում մի դրվագի Ջոն Ռոնսոնի «Թիթեռի էֆեկտ» փոդքասթների շարքից, որ համացանցային պոռնոգրաֆիայի հետցնցումների մասին է․ «Պոռնոֆիլմի նկարահանման ժամանակ դերասանը կորցրեց էրեկցիան եւ այն վերադարձնելու համար իր տակ պառկած, մերկ կնոջից մի կողմ շրջվեց, վերցրեց հեռախոսը եւ փնտրեց Pornhub-ը։ Դա ինձ մի տեսակ ապոկալիպտիկ թվաց»։ Նա եզրահանգում է. «Սեքսի մեջ ինչ-որ բան փտել է»։

Ես համաձայն եմ, բայց կցանականյի լրացնել սա հոգեվերլուծության դասով. սեքսի մեջ ինչ-որ հոտած բան կա սահմանադրորեն, մարդկային սեռականությունը ինքնին այլասերված է, հակված սադոմազոխիստական այլասերումների եւ հատկապես իրականության ու երեւակայության միախառնմանը։ Նույնիսկ երբ ես իմ զուգընկերոջ հետ եմ, նրա հետ իմ սեռական փոխհարաբերությունը անքակտելիորեն կապված է իմ երեւակայության հետ, այսինքն յուրաքանչյուր սեռական հարաբերություն պոտենցիալ ձեւով կառուցվում է իբրեւ «ձեռնաշարժություն իրական զուգընկերոջ հետ». ես օգտագործում եմ իմ զուգընկերոջ մարմինը՝ իմ երազանքները իրականացնելու ու մարմնավորելու համար։

Անհնար է նվազեցնել խզումը, որ կա զուգընկերոջ մարմնական իրականության եւ երեւակայության տիեզերքի միջեւ եւ հասցնել այնպիսի աղավաղումների, որ հայրիշխանական ու սոցիալական տիրապետման կամ շահագործման ծնունդն են։ Այդ խզումը սկզբնաստեղծ է։ Այնպես որ, ես միանգամայն հասկանում եմ դերասանին, որը իր էրեկցիան վերականգնելու համար մտավ Pornhub։ Իր խաղի համար նա աջակցություն էր փնտրում երեւակայության մեջ։

Նույն այդ պատճառով է, որ սեռական գործողության ընթացքում զուգընկերներից մեկը մյուսին խնդրում է շարունակել խոսել՝ սովորաբար «կեղտոտ բառեր» օգտագործելով․ նույնիսկ երբ դու քո ձեռքում պահում ես «բուն իրը» (սիրելի մարդու մարմինը), այս ներկայությունը պիտի լրացվի բառային ֆանտազիաներով։

Սա տեղի ունեցավ դերասանի հետ, քանի որ ակնհայտ է՝  նա սիրային կապի մեջ չէր դերասանուհու հետ, որի մարմինն իր համար ավելի շուտ կենդանի սեքսբոտ էր։ Եթե սիրահարված լիներ իր զուգընկերուհուն կրքոտ կերպով, նրա մարմինը նշանակություն կունենար իր համար, քանի որ յուրաքանչյուր հպում կխախտեր նրա սուբյեկտիվության էությունը։ Երբ ինչ-որ մեկը սիրով է զբաղվում մարդու հետ, որին իսկապես սիրում է, նրա մարմնին դիպչելը առանցքային նշանակություն ունի։ Հետեւաբար պետք է շրջել հին իմաստնությունը, ըստ որի սեռական ցանկությունը վերաբերում է մարմնին, իսկ սերը՝ հոգուն․ սեռական սերը շատ ավելի մարմնական է, քան սեքսն առանց սիրո։

Ուստի, շարունակվող համաճարակները կսահմանափակե՞ն սեռականությունը եւ կհանրահռչակե՞ն սերը, հեռակա հիացմունքը սիրած մարդու նկատմամբ, որին հնարավոր չէ դիպչել։ Համաճարակներն անկասկած զարկ կտան ֆիզիկական շփում չպահանջող, թվային, սեքսուալ խաղերին։ Հուսամ սակայն, որ համաճարակների արդյունքում կվերարժեւորվի մարմնական մերձեցումը, եւ մենք նորից կսերտենք Անդրեյ Տարկովսկու դասը, որի համար երկիրը, նրա անհաղորդ, խոնավ իրերը հոգեւորության հակադիրը չեն, այլ միջնորդը։ Տարկովսկու «Հայելի» գլուխգործոցի մեջ նրա հայրը՝ Արսենի Տարկովսկին, կարդում է իր սեփական տողերը․ «Հոգին մեղավոր է առանց մարմնի, ինչպես մրամինն՝ առանց հագուստի»։ Ձեռնաշարժությունը հարդքոր պոռնոպատկերների ուղեկցությամբ մեղք է, մինչդեռ մարմնական շփումը ուղի է դեպի հոգեւորը։

Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: