Ջորջո Ագամբեն / Մի հարց

Ժանտախտը քաղաքում սկիզբ դրեց կաշառակերությանը։ Ոչ ոք չէր ցանկանում համառել եւ շարունակել այն, ինչ նախկինում համարվում էր լավ, քանի որ հայտնի չէր՝արդյո՞ք ավելի շուտ չէր մահանա, քան կհասներ դրան։ 

Թուկիդիդես, «Պելոպոնեսյան պատերազմը»

 

Ես կցանկանայի ցանկացողների հետ մի հարց քննարկել, որի մասին ամսից ավելի է՝ չեմ դադարում մտածել։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ մի ամբողջ պետություն հիվանդության դեմ փլվեր բարոյապես եւ քաղաքականապես ու չգիտակցեր դա։ Այս հարցը ձեւակերպելու համար ընտրված բառերը ես նախապես ծանրութեթեւ եմ արել։ Սեփական բարոյական եւ քաղաքական սկզբունքներն ուրանալու չափն իրականում ծայրահեղ պարզ է, հարցը պարզելն է սահմանը, որից անդին մարդը պատրաստ չէ հրաժարվել դրանցից։ Ես կարծում եմ, որ ընթերցողը, որը հետեւյալ դրույթները դիտարկելու քաջություն կցուցաբերի, չի կարող չհամաձայնել, որ անկախ նրանից՝ չենք նկատել իսկապես, թե ձեւացրել ենք, իբր չենք նկատում, հաղթահարված է շեմը, որն անջատում էր մարդկությանը բարբարոսությունից։

1) Առաջին, միգուցե ամենալուրջ դրույթը վերաբերում է մահացածների մարմիններին։ Ինչպե՞ս կարող էինք մենք համաձայնվել՝ հանուն ինչ-որ անորոշ վտանգից խուսափելու, որ մարդիկ, ում մասին մենք հոգ ենք տանում եւ առհասարակ մարդիկ ոչ միայն մահանան մենակության մեջ, այլեւ նրանց դիակները այրվեն առանց թաղման ծեսի՝ բան, որ Անտիգոնեի ժամանակներից հետո, նախկինոմ երբեք տեղի չի ունեցել։

2) Այնուհետեւ մենք, առանց խնդիրներ ստեղծելու, միայն անորոշ վտանգից խուսափելու համար որոշում ընդունեցինք սահմանափակելու մեր տեղաշարժման ազատությունն այն աստիճան, ինչպես նախկինում երկրի պատմության մեջ երբեւէ չէր եղել՝ նույնիսկ երկու համաշխարհային պատերազմների (պատերազմի ժամանակ պարետային ժամը սահմանափակված էր որոշակի ժամերով)։ Այդ պատճառով մենք համաձայնեցինք, դարձյալ անորոշ վտանգից խուսափելու համար, կասեցնել մեր ընկերական եւ սիրային հարաբերությունները, քանի որ մեր մերձավորը դարձել է վարակի հնարավոր աղբյուր։

3) Դա կարող էր պատահել, որովհետեւ (եւ այստեղ շոշափվում է երեւույթի արմատը) մեր կեսնափորֆի անքակտելի միասնականությունը, որը եւ հոգեւոր է, եւ մարմնական միաժամանակ, մենք բաժանել ենք մի կողմից մաքուր բիոլոգիականի, մյուս կողմից՝  զգացմունքային ու մշակութայինի։ Իվան Իլլիչը մատնանշեց,Դեյվիդ Քեյլին էլ վերջերս հիշեցրեց դրա մասին՝ ժամանակակից բժշկության պատասխանատվության մասին այս երկատման համար, որը ինքնին ընդունելի բան է թվում եւ, բայց իրականում ամենամեծ աբստրակցիան է։ Ես շատ լավ գիտեմ, որ այդ աբստրակցիային ժամանակակից գիտությունը հասել է վերակենդանացման սարքերի շնորհիվ, որը կարողանում է մարմինը պահպանել  մաքուր վեգետատիվ կյանքի վիճակում։

Բայց եթե այս պայմանները դուրս գան իրենց համապատասխանող ժամանակային ու տարածական սահմաններից, ինչը մենք այսօր անում ենք, եւ հասարակական վարքի սկզբունք դառնան, ապա մենք կընկնենք հակասությունների մեջ, որոնցից ելք գոյություն չունի։

Ես գիտեմ, որ ինչ-որ մեկը կշտապի ասել, թե այս պայմաններն ունեն ժամանակային սահմանափակում, ինչից հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։ Իսկապես տարօրինակ է, որ ինչ-որ մեկը կարող է հավատալ այդ ստին, քանի որ արտակարգ դրություն հայտարարած այդ նույն իշխանությունները չեն հոգնում հիշեցնել մեզ, որ երբ արտակարգ դրությունն ավարտվի, մենք ստիպված պիտի լինենք պահպանել նույն կանոնները, եւ որ սոցիալական հեռավորությունը (մեղմասացությամբ ասած) հասարակության կազմակերպման նոր սկզբունք է դառնալու։ Եվ ամեն դեպքում, այն, ինչին մենք համաձայնեցինք՝ բարի կամքով, թե մեր կամքին հակառակ, չի կարող չեղարկվել։

Քանի որ պատասխանատվությունից եմ խոսում, չեմ կարող չհիշատակել շատ ավելի լուրջ պատասխանատվության մասին, որ ունեն մարդիկ, որոնք պարտավոր էին հոգալ մարդկային արժանապատվության մասին։

Առաջին հերթին Եկեղեցին, որ հիմա դարձել է մեր ժամանակի իրական կրոնի՝ գիտության աղախինը, հիմնովին հրաժարվեց իր կարեւորագույն սկզբունքներից։ Եկեղեցին Ֆրանցիսկ անունը կրող պապի օրոք մոռացել է, որ Ֆրանցիսկը գրկում էր բորոտներին։ Նա մոռացել է, որ գթության գործերից մեկը հիվանդներին այցելելն է։ Նա մոռացել է, որ  նահատակները սովորեցնում են՝ պետք է զոհել կյանքը, ոչ թե հավատը, եւ որ մերձավորից հրաժարվելը նշանակում է հրաժարվել հավատից։

Իրենց պարտականությունները չկատարած մարդկանց մյուս խումբը իրավաբաններն են։ Մենք վաղուց ենք վարժվել արտակարգ միջոցների անխոհեմ կիրառմանը, որոնց միջոցով գործադիր իշխանությունը փոխարինում է օրենսդիր իշխանությանը՝ չեղարկելով իշխանության լիազորությունների տարանջատման սկզբունքը, որով սահմանվում է ժողովրդավարությունը։  Բայց այս դեպքում բոլոր սահմանները խախտված են, եւ տպավորություն է ստեղծվում, թե վարչապետի կամ քաղաքացիական պաշտպանության նախարարի բառերը, ինչպես եթե դրանք ֆյուրերն արտասանած լիներ, անմիջապես վերածվում են օրենքի։  Եվ պարզ չէ, թե ինչու արտակարգ դրության հրատապ որոշումների կիրառման ժամկետը լրանալուց հետո ազատությունների սահմանափակումը պիտի պահպանվի, ինչպես մեզ տեղեկացնում են։ Ո՞ր իրավաբանական կարգավորմամբ։ Մշտական բացառության կարգո՞վ։  Իրավաբանները պարտավոր են հավաստիանալ, որ սահմանադրությունը պահպանվում է, սակայն իրավաբանները լռում են։ Quare silete iuristae in munere vestro? 

Ես գիտեմ, որ միշտ կգտնվի ինչ-որ մեկը, ով կասի, թե զոհաբերությունն արվել է հանուն բարոյական սկզբունքների։ Ես կցանկանայի հիշեցնել նրան, որ Այքմանը, ըստ ամենայնի՝ բարեխղճորեն, չէր հոգնում կրկնելուց, որ այն, ինչ արել է, արել է բարեխղճորեն՝ հնազանդվելով նրան, ինչը համարում էր կանտական բարոյականության սկզբունքներ։ Սկզբունքը, որը հորդորում է հրաժարվել բարուց հանուն բարու փրկության, նույնքան հակասական է ու կեղծ, որքան կանոնը, ըստ որի  ազատությունը պաշտպանելու համար մեզնից պահանջվում է հրաժարվել ազատությունից։

2020 թվական, ապրիլի 13

 

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Աղբյուրը՝ այստեղ  

 

Please follow and like us: