Մեր ֆուտբոլային թիմում կռիվ է ընկել։ Գևորգ Գիլանցը ինձ դարպասպահի դիրքերում է տեսնում։ Այսինքն՝ ես պիտի պաշտպանեմ դարպասը կորոնագնդակներից։ Սա, մեր մեջ ասած, իմ սրտին մոտ դիրք է, քանի որ ես՝ որպես ապագա բուժաշխատող, ձեռքիս տակ ալկոգելի, զուգարանի թղթի և ռեսպերատոր/շնչառական դիմակների մի հսկա պաշար ունեմ, ու ինձնից պահանջվում է դիմակի ռետինե կապիճները դարպասի ականջներից կախել ու կողքը դինջ նստել։ Բայց Գրիգոր Գրիգորյանը համաձայն չէ։
-Չէ, որ չէ,- ասում է,- դարպասն առանց քո դիմակների էլ լավ պաշտպանում ենք։ Դու պիտի հենակետում դիրք զբաղեցնես՝ քո կոշտ գորմանական ոճով։
-Այ Գրիգոր ջան, դու գրագետ տղա, կիրթ տղա, չգիտես, որ ես ֆուտբոլ խաղալ, էն էլ գերմանական ոճով, չգիտեմ։ Ոնց ասեմ, նայի ֆուտբոլի մասին գիտելիքներն իմ գլխում նույնն է, ինչ զուգարանի թղթի պաշարները սուպերմարկետում։
Էս սաղ քիչ էր, մեկ էլ Մարինա Գևորգյանը, շախմատի դաշտը ժավելով լավ ախտահանելուց հետո, վերցնում ու աչքս է մտցնում’ ասելով․
-Գիտես-չգիտես, մեր գործը չի, ձեռ ես տվել, պիտի խաղաս։
Ու ես՝ ֆուտբոլի դաշտում շատ պատահական հայտնված խաղացողս, ամաչում եմ խոստովանել, որ իմ իմացած խաղերը դուռակին ու շաշկին են։
Չնայած, չէ էլի խաբեցի։
Իրականում ես շատ ու տարբեր խաղեր եմ խաղում։ Օրինակ՝ հիվանդանոցում ես խաղում եմ պատասխանատու աշխատակցի խաղը, ու երբ վերադասն ինձ հանձնարարություն է տալիս, «հոգնել եմ ձեր էշ հանձնարարություններից» ասելու փոխարեն, ասում եմ՝ «շատ լավ, կանեմ»։ Քոլեջում՝ կիսագրագետ դասախոսի երեսին «բաց դու ինչ տխմար ես» շրխկացնելու փոխարեն, գլուխս կախում ու մտածում եմ, որ տանը ինտերնետում կգտնեմ խնդրի ճիշտ պատասխանը։ Աշխատանքից տուն գալուց, երբ միակ երազանքս մի անմարդաբնակ կղզում հայտնվելն է ու ոտքերս օվկիանոսի տաք ջրերում թրջելը, հագնում եմ հետաքրքրված մամայի դիմակն ու տղայիս հետ խաղում իր հորինած խաղերն ու մասնակցում իր քիմիական փորձերին, որից հետո արմագեդոն ապրած խոհանոցը պիտի կարգի բերեմ ու շարունակեմ դեռ հոգեկան հավասարակշռություն ունեցող քաղաքացի խաղալ փողոցում։
Ես իհարկե կարող եմ ձեզ շատ երկար պատմել, թե շախմատի տախտակին ոնց եմ զինվոր, փիղ ու թագուհի միաժամանակ խաղում կամ ոնց եմ ֆուտբոլի դաշտում հա’մ հարձակվում, հա’մ էլ դարպասապահ դիրքավորվում, բայց դա անգամներ ձանձրալի է այն մյուս պատմությունից, որին ես ականատես եղա, երբ կես ժամում չորս անգամ ախտահանած ձեռքերով սուրճի բաժակը առա ու մտա ՖԲ։
Երդվում եմ կորոնավիրուսի հնարավոր բոլոր մուտացիաներով, որ բոլորովին ակամա ականատես եղա, թե ինչ փութաջանությամբ են մեր հարգարժան պատգամավորներն Ազգային ժողովում մուկ, չէ էհ, մուկ չէ, գնդակ տշում։
Դարպասապահն այս անգամ պարետն էր։
-Պարոն պարետ, հիմա շատ ուշադիր, շատ կարևոր բան եմ ասում,- բարձրախոսն աջուձախ ծռմռելով, խաղադաշտ է նետվում Միքայել Մելքումյանը։- Տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտների մարժան, որ մենք բյուջեյի քննարկման ժամանակ, խմբակցությունով առաջարկեցինք, ու որը դուք մերժեցիք, հիշում եք չէ, այ հիմա ինչն է կարևորը, ուշադիր ասում եմ, եթե մեզ լսեիք, ապա այսօր ՀՆԱ-ի երեք տոկոսի չափով աճ կլիներ, և մեր հարևան Ժանետը, որը շատ պարտաճանաչ, բայց շատ սոված քաղաքացի է, կկարողանար մետրոյով գնալ գործի։
– Մետրո՞, ի՞նչ մետրո, պարոն Մելքումյան, մետրոն փակել են։ Առհասարակ ամեն բան պարետի հրամանով փակել են ու նույնիսկ իմ երրորդ ճանապարհը, որով ես ամեն առավոտ վարչապետի հորդորով զբոսանքի էի գնում,- կիսաձայն դժգոհում է Էդմոն Մարուքյանը։
– Եվ այս ամբողջ ոչ նպատակային և ոչ խոհեմ, նույնիսկ հակաբժշկագիտական լուծումների պատճառն այն է, որ Արսեն Թորոսյանն ինչպես հարկն է չի զեկուցել, որ դիակները չեն շնչում և հետևաբար ի զորու չեն վարակելու։ Ուստի, պետք էր փակել, ոչ թե ճանապարհները, այլ ժողովրդի շնչառությունը,- ամբիոնից ինքնագոլ է խփում Լուսինե Բադալյանն ու նշում, որ եթե ժամանակին լսեին իր գերմանացի գործընկերների խուրհուրդները, այսօր պարոն Մարուքյանը ստիպված չէր լինի զբոսնել մեկ քառակուսի մետրանոց բալկոնում։
Երբ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պարետին հերթական անգամ հիշեցնում են, որ երկրում կան սոված քաղաքացիներ եւ կուշտ առյուծի ձագեր, խաղավար Արարատ Միրզոյանը սուլում ու 30 րոպե ընդմիջում է հայտարարում։
Ես վերցնում եմ սուրճիս բաժկն ու դուրս եմ գալիս ՖԲ-ից։ Մի ոտքս դեռ դուրս չդրած դեմս կանգնում է Գալուստ Ոսկեբերանը.
-Արփի աղջիկ, քանի դեռ հակամարմիների տեստ չես հանձնել, չհամարձակվես իմ մասին գրել-մրել։ Չմոռանաս, որ ես ռիսկային խմբում եմ,- ասում է Գալուստ Գրիգորիչն, ու Հայաստանից բերած բաստուրմեն գրպանս խոթելով, սուս-փուս հեռանում։