Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 14/ Արտախաղային ընդմիջում /Գևորգ Գիլանց

Ուրեմն մեր Մեսրոպն ընդմիջում հայտարարեց թէ չէ, իր էդ սիրուն փոխանցումը օդում քարացավ։ Հանդերձարան չգնացի, քանի որ ուզում էի նախ հասկանալ, թե ինչ է կատարվում հակառակորդ թիմի ճամբարում։ Ուզում էի հասկանալ՝ դրանք միտումնավո՞ր են կանոները խախտում, «հարամ» խաղում (տեղ կա այդ երևույթին նաև «դաղալ» են ասում). մեկ ոտք են գցում, մեկ՝ չեն խոստովանում, որ խաղի կանոնները խախտել են… Դե գիտեք էլի, բակային ֆուտբոլի ժամանակ գնդակը դիպչում է ձեռքին, բայց ձեռքով խաղացածի վրա աչքիդ տեսածը չես կարողանում հաստատել. «ձեռ չի՛, չի՛ կպել, չի՛ կպել»… Մինչև քիչ թե շատ ազնվություն ունեցող թիմակիցը կարմրելով չի հաստատում, որ իրոք ձեռքին է դիպել, իսկ մի ուրիշն էլ փորձում է լղոզել, թե այնքան էլ «ձեռք չի», աչքով-ունքով թիմակցին լռեցնում են… Ուրեմն, ասի՝ գնամ հասկանամ։ Թռա, հասա Մեսրոպի՝ օդում գիշերային նորալուսին դարձած փոխանցման աջ պոզին, տեղավորվեցի ու մի հատ հակակորանային ծխախոտ կպցրի։ Ասի՝ համ կծխեմ, համ էլ կտեսենեմ, թե ինչ է կատարվում…

Ու ինչ տեսնեմ… Մի խառնաշփո՜թ, մի իրարանցո՜ւմ… Հա, գիտենք որ երեխաները մեր ապագան են, բայց բոյբուսաթ հավաքած, ու այդպես էլ մանկապարտեզի սան մնացած երեխաները առանձնահատուկ վտանգավորություն են ունենում (ընդ որում խրոնիկ դառնալու լավ նախադրյալներով, ինպես ասենք «… սիկտիր… սիկտի-վկար ուղարկված …յանը). առաջինը՝ դաժան են, երկրորդը՝ «պանիկյոր», որն ավելի է սաստկացնում դաժանությունը (միտումնավոր չեմ գրում խուճապ, որ խուճապ չառաջանա) և ամեն գնով կանոններն իրենց օգտին մեկնաբանելու մոլուցք են ունենում։ Չգիտեմ ինչի էին խառնվել իրար, բայց պամպերսի հոտը չէր թողնում, որ ավելի մոտ գնամ… Հեռվից լսվող ձայներից հասկացա, որ բոլոր հնարավոր կանոններն ուզում էին խախտել… Մեկը կմկմալով արդարանում էր, որ ճիշտ է, ամսագիրը հեղինակավոր ու գիտական է, բայց հրապարակած ուսունասիրությունը սուտ է (երևի հասկացաք, որ Արսենն էր, ուղղակի կատվի պես մեջքը գետնով տալ չի սիրում, բայց ես էլ հո իր խելքին չեմ, որ գտածս խնդրո առարկա զեկուցումը թարգմանեմ ու տեղադրեմ ցանցում)։ Բայց առավել վատն այն էր, որ որոշել էին կանոններն ավելի շատ խախտել (դե համ «չագուչն» է իրենց մոտ, համ մեխը)։ Հասկացա նաև, որ հակառակորդ թիմի կազմում ամենաշատն իրար էր անցել պարետը։ Եթե նկարագրելու լինենք, ապա նրա վիճակը շատ նման էր այն վիճակին, երբ անտառաճանաչ երեխային բոլոր ծրագրերով ու հավելվածներով հագեցած սմարթֆոն են տալիս, բայց նա միայն յութուբ է նայում, քանի որ միայ դրան է ծանոթ։ Իսկ երբ սխալմամբ մեկ այլ հավելված է գործարկում, խառնվում է իրար։ Հետո, երբ հավելվածը չի կարողանում փակել, ասում է՝ սա լավը չի, և ուրիշ գործիք է ուզում, ասենք՝ ավելի հագեցած գործիքակազմով պլանշետ։ Բայց մեկ է, դա էլ է յութուբի ու խաղի համար գործածելու։ Մի խոսքով թիմի ավագ պարետն իրար անցած հրահանգում էր, որ ոչ թե գնդակը տշեն, այլ մեր ոտքերը։ Էդ գործը հանձնարարեցին իրենց պաշտպաններից երկուսին՝ մեկը դեռ Ռոբի ու Սերժի ժամանակներից իմաստափոխված ու նոր իմաստ ձեռք բերած նախարարության ղեկավարն էր (հլա դեռ էն ժամանակ էր հարկավոր այդ կառույցի իմաստին համահունչ անվանափոխություն անել ու ԱՆարդարադատության նախարարություն կոչել), մյուսը՝ նախկին նախարարուհին՝ էն, որ ինքը մշակույթն էր։ Սրանցից մեկը պիտի քացով ուժեղ խփի, էն մյուսը, էն որ մշակույթն է, պիտի մոտենա ու համոզի ցավից ծամառվող մեր թիմակցին, թե՝ «ինքը չէր ուզում, մյուս անգամ կամաց կխփի, խաղից հետո էլ «վա-ա-բշե» չի խփի»… Սրանք մոռանում են, որ մենք Քոչ ենք տեսել, Սերժ ենք տեսել… Ոչ էլ ղուշ ու ծիտ ենք, որ դեմներս չինական կուտ լցնեն (չմոռանանք, որ հիմա չինական ամեն ինչից պիտի զգույշ մնալ, չնայած արդեն ամերիկյանն ու եվրոպականն էլ պակաս վտանգավոր չեն)… Ասա՝ ա՛յ աղջիկ ջան, օրինակ դու գիտե՞ս, որ «մշակույթի» արմատը մշակելն է, այսինքն՝ հողագործությունը։ Ու եթե համոզված ես որ դու մշակույթն ես, ուրեմն կամ մրգատու ծառ ես, կամ «շիթիլ» (նույն ինքը՝ սածիլ), որին չգիտես ինչու ԱԺ շենքում են դրել։ Եվ քանի որ Վարազդատն արդեն հայտարարել ու կոչ է արել, որ էս տարի ոչ մի թիզ հող անմշակ չպիտի մնա, ճիշտ կլինի քեզ պարարտ գյուղական հող տեղափոխել, որ նորմալ աճես ու բերք տաս, թե չէ լամինատի պարկետի ու գրանիտի մեջ շատ-շատ մեզ համոզես, թե Ռուստամը չէր ուզում, ֆլանը չէր ուզում, ֆստանը չէր ուզում…

Չէ՜, բայց իրոք շատ են վախեցած։ Երևի մեր սլացիկ փոխանցումներից էին իրար խառնվել, կամ էլ միջազգային կորոնավիճակագրական թվերից… Գուցե նաև մերից, բայց… Խուճապ չենք տարածում, հանգիստ… Ու իրենց բոլոր խաղացողներին սխալ դիրքերում են խաղացնում։ Մի երկու խաբս էլ որ տանք՝ գոլն ուզես։ Փոխանցումն ինձնից…

Էստեղ տեսա, որ ծխախոտս արդեն հանգել է, գրածս էլ ոչ թե զվարճալի պատում էր կամ հուշ, այլ օրախնդիր սարկազմ էր (թեև դրա պակասը հիմա չկա)։ Ուշքի եկա, կախվեցի արևի ճառագայթից, որ նորալուսնի մահիկից իջնելիս ոտքս չցավեցնեմ, աղջկաս համար հեքիաթ կարդացի ու վազքով հասա հանդերձարան։ Հասա հենց այն պահին, երբ Մերոպն ու Գրիգորն արդեն ընդմիջումն ավարտում էին։ Ասացի. «Տնաշեններ, մի հացուպանիր էլ գոնե ինձ համար պահեիք, մենակ-մենակ ընդմիջում եք անում»։ Մերոսպը նայեց բարի դասախոսի հայացքով ու քննությունը զիջելով դնելու տոնով ասաց.

– Գիլու ձագ, երկրորդ խաղակեսի մասին հի՜-ի՜-նչ ես մտածում։

Ասացի.

– Իրենց թիմում խուճապ կա, բայց ոնց որ թե հասկացել են, որ մեզ հետ չեն կարող խաղալ, ու շուռ են եկել կորանագնդակներ են տշում, մեզ չտեսնելու են տալու, էն անորսալի Ջոյի մասին անեկդոտի պես։

– Էդ ի՞նչ անեկդոտ ա, լավ չեմ հիշում։

– Էն որ հնաբնակ կովբոյը նորեկին ծանոթացնում է ավանի բնակիչների հետ։ Մատով ցույց է տալիս հեռվում նստած հնդկացի Ջոյին՝ ասելով. «Էն էլ մեր անորսալի Ջոն է»։ Նորեկը. «Ի՞նչ է, իրո՞ք ոչ ոք չի կարողնում նրան բռնել»։ Հնաբնակը. «Բայց նա ում տանձին է պետք, որ ուզենան բռնել»։

Մեսրոպը խոժոռվեց.

– Հիշեցի, Գիլու ձագ, էդ անեկդոտը գիտեմ, «նամյոկդ» էլ հասկացա…

Իսկ Գրիգորը գլուխը կախ, ջանասիրաբար խաղակոշիկների «շպոռներն» էր թափ տալիս, որ խաղադաշտը նոր թափով վարի. ախր Վարազատն ասել էր չէ՞, որ էս տարի ոչ մի թիզ հող անմշակ չպիտի մնա։ Մեկ էլ տեսար ԱԺ շնքից քաշցին ու իր վարած դաշտում մի սիրուն շիթիլ դրեցին…

Please follow and like us: