Քնից լեղապատառ վեր թռա։ Առհասարակ այս օրերին լեղապատառ մի բան անելը դարձել է օրվա բնական ընթացքի անքակտելի և նույնիսկ խրախուսելի մաս։ Ադրենալինն արյան մեջ պիտի բավարար պահենք, որ կորտիզոլը՝ ստրեսի հորմոնը, տեղ չունենա սողոսկելու, քանի որ ասում են՝ կորտիզոլը ճնշում է իմունիտետն ու տեղ բացում վիրուսների համար։ Չմոռանանք իհարկե, որ կորտիզոլը բժշկության մեջ կիրառվում է այս կամ այն բորբոքային խնդիրը բուժելու համար, սակայն այս բոլոլային ժամանակահատվածում, այն մեզ բացարձակ հարկավոր չէ։ Հետևաբար առիթ-անառիթ չենք մոռանում լեղապատառ լինել։
Խստիվ հորդորում եմ լեղապատառը չխառնել խուճապի հետ, թե չէ պարետատնից կգան ձեր ու իմ հետևից։
Հա գիտահետազոտական շեղումներից հետ գալով պատմեմ, որ լեղապատառ վեր թռնելուս պատճառը գերմանական գարնանային ժամանակ է, ինչի հետևանքով առավոտվա 4-ից լույսը կախվում է գիշերվա փեշերից ու, եթե հենց քթիդ տակ ժամացույց չունենաս, քեզ կթվա, թե օրը ճաշ է դարձել։
Կիսաքնած ձեռքս տարա հեռախոսիս, որ ժամը նայեմ։ Ուռա, դեռ երկու ժամ կարող եմ բարձս գրկած թափառել Մորփեոսի թագավորությունում, բայց դե որպես 21-րդ դարի միջին վիճակագրական քաղաքացի, մտածեցի՝ արթնացել-արթնացել եմ, լավ, մի կես աչքով մտնեմ ՖԲ, տեսնեմ՝ աշխարհն ուր հասավ, մինչ ես խավարի ու լույսի արանքում իմ քնելու ժամերն եմ հաշվում։
Մտա ՖԲ ու այ քեզ հրաշք․ մինչ գիտական հանրության մի ստվար զագնված գլուխ է կոտրում, թե չղջիկների պոպուլացիայում իր համար տասնամյականեր շարունակ հանգիստ, ոչ մեկի թանին թթու չասած կորոնվիրուսն ինչպե՞ս ու ինչո՞ւ հայտնվեց մարդկանց պոպուլացիայում, էդ ո՞ր մի ախմախը վիրուսին տվեց մեր բջջային ամրոցի բանալին, հայկական մամուլի պոպուլացիայում ընդդիմադիր դիրքավորված մի մտքի տիտան, չէ տիտան չէ, մտքի հրապարակ, դու մի ասա, արդեն գտել ու մի բան էլ տպագրել է հանելուկի պատասխանը։
Դե քանի որ, covid-19-ը, համաձայն վերջին հետազոտությունների, թղթի վրա կարող է շատ բարեհաջող դիրքավորվել մինչև չորս օր, ապա ձեզ ռիսկի չենթարկելով ու ալկոգելի ձեր պաշարները խնայելով, ես պատմեմ թե ինչ կարդացի։
Եվ այսպես․ թերթը գրում է, որ բոլորիս տանը բանտարկած, մեր աչքում զուգարանի թղթի իսկական ու անգնահատելի արժեքը բացահայտած, քյավառցիների օրաղով դարեր ի վեր ներսն ու դուրսը ախտահանելու պրակտիկան համաշխարհային մակարդակի բերած վիրուսը չստացված սիրո ծնունդ է։ Ասում է՝ մի չին տղա սիրահարվել է մի չին չղջիկի։ Ամուսնության առաջարկ է արել, չղջիկն էլ՝ հեռատես կենդանի, մտածել է, որ սիրո ռոմանտիկ փուլի ավարտից հետո սա իրեն խաշելու է, ուտի, ու մերժել է տղայի սերը։ Տղան էլ կատաղել ու ( մեռանք ասելով բռնությունը արգելված է։ Տո մենք հլը ջհանդամ, Գրետա Թունբերգը, դասն ու խաղը թողած, շրջեց ամբողջ աշխարհում ու բացատրեց, որ բնության նկատմամաբ բռնությունը գողանում է իր ապագան, բայց դե չինացի սիրահարված ախմախ, չլսեց) ու խեղճ չղջիկին բռնաբարել է՝ դառնալով զրոյական վիրուսակիր։ (Գրողը քեզ տանի, տղա, ասա՝ չինացի աղջիկները մեռել էի՞ն, որ աչքդ չղջիկի քամակին տնկեցիր)։
Առհասարակ էս օրերին չստացված սիրո ծնունդը մտել է ոչ միայն մեր քթից ներս ու հարմար տեղավորվել մեր թոքերում, այլն անպարկեշտություն է ունեցել ու մտել է մատի ու մատանու արանքը։
-Դե լավ, էլ մի մոգոնի, չէ՞ որ ամեն հինգ րոպեն մեկ քսան վայրկյանով լվում ենք մեր ձեռքերը եւ ախտահանում ջանդրաբար,- թերահավատ վրա է տալիս այդպես էլ երբեք քնից ամբողջովին չարթնացած Արփին։
-Տնաշեն, հո չասեցի՝ բառացի հենց մատի ու մատանու, նկատի ունեմ՝ մարդ ու կնոջ։ Տես, հենա ոստիկանության էսիմ որ բաժնի, եսիմ որ վարչության պետն ասում է՝ էս օրերին, թող ամուսնական զույգերը առանձին գնան զբոսանքի։
-Վա՞հ, բա էդ մարդ ու կնիկն իրար հետ չեն քնելո՞ւ, իրար չեն սիրելո՞ւ։
– Քնելու են ու սիրելու են։ Մանավանդ, որ վարչապետը հորդորել է տանը մեկուսանալու ընթացքում պարապ չմնալ ու ազգի դեմոգրաֆիկ խնդիրը լուծել։
-Փաստորեն սիրել կարելի է, զբոսնել՝ ոչ։ Իսկ ուրիշի կնոջը սիրելու հարցը ո՞նց է կարգավորվում։
-Դե, Հայաստանում, կարծեմ, թողնված է պարետի հայեցողությանը, քանի որ կոնկրետ կարգավորում չկա: Բայց այ Բելգիայի առողջապահության նախարարը հորդորել է դադարեցնել զույգերով փոխվելու պրակտիկան, հետն էլ ժողովրդավարության պիկին հասած երկրում, կատեգորիկ արգելել են երեքից ավել մասնակիցներով սեռական ակտը։ (Տո ասա, լվացած ու ախտահանած ինտիմ տարած է, վիրուսը մտնի ջհանդամ, դու ինչու ես քիթդ ամեն տեղ մտցնում։ Մեռան ասելով՝ քթներդ ամեն տեղ մի խոթեք, վիրուս կա տարածված)։
Լույս արդեն ամբողջովին բացվեց, հիմա պետք է վեր կենամ գնամ գործի, թե ասա ինչ մի քիթդ խոթեցիր Ֆեյսբուք, հանգիստ քնեիր էլի։
-Ի՞նչ,- լեղապատառ (առիթը բաց չենք թողնում) գոռաց Արփին,- խոթելուց առաջ գոնե փակել էի՞ր։
-Չէ, չէի փակել, չեմ էլ փակելու։ Էդ ինչո՞ւ Բելգիայի նախարարին կարելի է քիթը բաց ուր ասես մտնի, իսկ ես ֆեյսբուք պիտի հակագազով մտնեմ։
-Լսի, մոռացա պատմեմ, երեկ հենց Բելգիայում մի կատվի մոտ covid-19 էին հայտնաբարել, այնպես որ, ես գնամ գործի, իսկ դու մտածի, թե հաջորդ կյանքում ինչ ես ծնվելու։ Կատուն չեղարկում ենք։