Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 11 / Չբռնես / Գևորգ Գիլանց

Թիֆլիսեցի տատս շատ կամային և «կոլորիտային» կին էր (չեմ կարող գունեղ գրել, ուրիշ բան կհասկացվի), խիստ էր, բայց մեկ քեռուս՝ Արմենի վրա չէր կարողանում, մեկ՝ իմ… Հիմի կասեք, թե ինչ կապ ունի տատդ այս ֆուտբոլի հետ… Ասեմ. պատկերավոր, մեջբերումային խոսքեր շատ ուներ։ Հիշում եմ՝ մի վատ սովորություն էի ձեռք բերել. անընդհատ ձեռքերս գրպաններումս էի պահում, ինչ-որ բան էի ման գալիս, կամ ուղղակի պարունակությունն էի տնտղում… Առաջին անգամ ուղղակի դիտողություն արեց, հետո դիտողությունը համեմեց բացատրա-դաստիարակչական քարոզով. «Մարդու ամենակեղտոտ տեղը մեկ բերանն է, մեկ էլ ջեբը, ինչքան բացիլ ու վիրուս կա՝ էդ տեղերից են դուրս գալիս»… Վայ, իմ միամիտ տատի, հլա գլուխդ բարձրացրու ու տես, թե քանի լաբորատորիա ինչպիսի «գյոզալ» վիրուսներ է բուծում։ Նույնիսկ պատենտավորում են, որ հեղինակային իրավունքները չգողանան… Բայց երրորդ անգամ ուղղակի ասաց. «Ջեբի բիլիարդը թարկի, թե չէ որ ես վերկացա՝ ֆուտբոլ կխաղամ…»։ Տաս-տասնմեկ տարեկան էի։ Վիրավորանքից կոկրդս սեղմվեց։ Ինքն անմիջապես զգաց ու մոտ կանչեց… Բայց ասեմ, Մեսրոպ ջան, որ եթե տատս հիմա ողջ լիներ՝ հաստատ մեր թիմից չէր լինելու, որովհետև եթե ՀՀ-ում ընդամենը երեք անգամ է պարետային ժամ սահմանվել, ապա ես անընդհատ դրա հետ տվել-առել եմ, հատկապես երբ գնում էի Կիրովական… Տատիս պարետային ժամի և լրտեսա-պարեկային ցանցի հսկողության պայմաններում էի ապրում, անկախ նրա գործի լինել-չլինելու հանգամանքից։ Բայց թե ազատության ձգտող, խաղասեր մարդու ոտքը մի տեղ կապելը գրեթե անհնար է։ Էնպես որ առանց լուրջ հետևանքների պարեկային ծառայություններից խույս տալու ձևեր շատ գիտեմ, տատիս «շկոլան» եմ անցել։

Ընդհանրապես պարեկային ծառայություններից խույս տալը մի տեսակ ճակատագիր է, և այս առումով տատիկիս մատուցած ծառայությունն անգնահատելի է։ Դրա կիզակետն ինձ համար 2003-2006 թվականի լուժկովյան Մոսկվան հանդիսացավ, երբ անգամ գավառներից եկած ռուսներին էին սկսել մետորյից «հավաքել».

– Բարի օր, հարգելիս,- էդ «ուվաժայեմին» անպայման ասվում էր շինծու կովկասյան ակցենտով, ծանակող տոնով,- հաշվառում ունե՞ք…

Էդ տարիներին հիմա ռուսներն ասում են «մենթովսկի բեսպրեդել»։ Կուրսեցիներս ասում էին. «Ռուդ, ախր առանց գրանցման ու հաշվառման, դու ո՞նց ես կարողանում ինստիտուտ հասնել, Տվերսկոյ բուլվարն ախր ամենակենտրոնում է, մեզ ամեն քայլափոխի կանգնեցնում են…»։ Բայց մենթերից խույս տալու իմ այդ ունակությունից ամենաշատը տպավորվել էր Խեչոյան Լևոնը։ Երբ ահագին կռվից հետո իմ ուսման վերջին տարվա վարձը ԳՄ-ից մի կերպ կռվով պոկած Մոսկվա եկավ, ասաց. «Ես քո ձեռքը փող չեմ տա, հաստատ պարտքեր կունենաս, ինձ քո ուսամն վարձն է հետաքրքրում, որ կարողանաս տուն գալ։ Ինձ ինստիտուտ տար, որ իմ ձեռքով ուսման վարձդ մուծեմ»։ Ինձ մնար՝ պարտքերս կտայի, բայց ճարս ինչ, տարա։ Իր տոմսը ձեռքին էր, յոթ օր խնդիր չէր ունենալու, իսկ ես անփող, առանց գրանցում… Տվերսկոյն էլ… Ոնց նայում ես՝ ոստիկան է. նույն հրապարակի վրա մետրոյի երեք կայարան կար՝ իրենց ելքերով ու գետնանցումներով, որոնք հենց իրենցով թակարդ էին։ Ոստիկաններն էլ հենց այդտեղ էին ամենաշատը կանգնեցնում, հո գետնի տակ չէի՞ր անցնելու, կամ պատի մեջ մտնես։ Բայց ես անգամ այդ թակարդների մեջ պարեկներց խույս տալու իմ ձևերն էի մշակել։ Հասանք ինստիտուտ, վարձը մուծեց, խիղճը հանգստացավ։ Ասաց.

– Արի «Դրուժբա» գնանք («Դրուժբա նարոդով» ամսագիր- Գ. Գիլանց), հետս կոնյակ եմ բերել։ Լսի, երբ հիշում եմ, որ սրանք կոնյակն էլ են արաղի նման խմում, փոշմանում եմ, բայց որ բերել եմ՝ պիտի տանենք։

– Բեր ոտքով գնանք, 15-20 րոպե կքաշի։

– Չէ, ուզում եմ մետրոյով,- գլխի ընկա, որ հոգնել է, Մոսկվան անգամ քայլելու իր ռիթմն է թելադրում,- քանի՞ կանգառ է։

– Երեք կանգառ՝ երկու անցումով,- ու բացատրեցի, որ կանգառից որտեղ անցնի, էլի մի կանգառ գնա, ու էլի անցնի։ Հետո ևս մի կանգառ, ու դուրս պիտի գա։- Եթե ճիշտ ելքից դուրս չգաս՝ զանգի, կհուշեմ որ կողմ գնաս։

Ինքը մետրո մտավ, իսկ ես բակերով, «դալաններով», նեղլիկ փողոցներով ու նրաբնցքներով հասա Պովորսկայա («Դրուժբայի» խմբագրությունը դեռ այնտեղ էր)։ Ճիշտ էր դուրս եկել։ Փողոցն էլ էր ճիշտ գտել։ Տեսնեմ հեռախոսը հանել է որ զանգի։ Ամենայն հավանականությամբ՝ ինձ։ Հետևից մոտեցա.

– Մի զանգի, մի զանգի, արդեն կողքիդ եմ։

Ապշած նայեց, բայց բան չասաց։ Հետո, արդեն Հայաստանում, Լևոնը ծիծաղելով պատմում էր. «Ռուդիկն ասում էր՝ Լևոն ջան, մենթերը․․․․ Սենց ուղիղ գնա մինչև ա՜յ այն շենքը, էնտեղ քեզ կմիանամ, ասում էր՝ ու չկար… Մեկ էլ տեսնում էիր՝ արդեն կողքիդ ծլել է, ոնց որ հալածված գայլ լիներ»…

Ոնց որ թե խաղից շեղվեցի, բայց ախր ֆուտբոլը թիմային խաղ է, թիմակիցներդ որ շեղվում են՝ դու էլ ես շեղվում… Մեսրոպը հա դարպասապահին էր փոխանցում, հետ էր խաղում, ասի՝ Գրիգորին «պաս» տամ, բայց էդ տնաշենի տղեն դեռ դաշտ չմտած՝ խաղից դուրս վիճակում հայտնվեց քիչ չի, հետն էլ արևմտյան տրիբունայի վրա սուր գործիքներ էր շպտրում ու պնդում, որ մենք արդեն կրել ենք… Այ ախպեր, նման պնդումներով լրաճարակ ես տարածում (Թորոսյան Արսենի սիրելի ինֆոդեմիան է), որը կարող է իբրև խուճապի դրսևորում դիտարկվել, մի քիչ հանգիստ։ Բերեք մի հատ հավաքվենք ու մեր տակտիկան մշակենք, թե չէ հակառակորդը մեզ լավ էլ ուսումնասիրում է։ Ըհը, էս էլ ապացույցը. «Կառավարության ջանքերն արդյունավետ են, քանի որ Դուք մեզ աջակցում եք։ Շնորհակալություն տանը մնալու և վիրուսի տարածումը կանխելու համար։ Տիգրան Ավինյան»։ Էնպես որ, տատիս ասած՝ «Կերա՞ր ձեթով բորշդ, Պետրե…»։

Հա, քիչ մնաց մոռանամ. երբ տատս սպառնաց, որ «գրպանի բիլիարդը» «ֆուտբոլով» կդադարեցնի ու տեսավ վիրավորանքից լցված աչքերս, ինքը արդարացում գտավ.

– Կարող ա՞ դուրս ընակած ձեռքդ ա ցավում։

– Հա,- ասացի տատիս նետած «փրկօղակը» որսալով։

– Ախր քեզ ո՞վ ա ասում ամողջ օրը փոշիների մեջ գնդակ խաղաս, հետն էլ քեզնից մեծերի հետ։ Չնայած ում եմ ասո՞ւմ, դու ասա՜, դու լսի։ Ե՜րբ են մի հատ քեզանմանակը գիրկդ տալու, որ իմ հալն իմանաս…

Էն ժամանակ ասածը չէի հասկանում, բայց հիմա ինձանմանակն արդեն հինգ տարի է, ինչ գիրկս են տվել, ու տատիս ո՜նց եմ հասկանում… Ու հենց ուզում եմ վրան բարկանալ՝ Հայարփին միջամտում է. «Տատիդ խոսքը հիշի՜, հիշի ու դիմացի, բա ձերոնց ջանը քար է՞ր»։

Իրոք քար էր։ Ձեռքս նոր էր կպել, բինտը քանդել էին ու երեք օր հետո ուղարկել Կիրովական, որ էլ չխաղամ, որ գոնե տասը օր անցնի… Ես մեր մայլի դարպասապահն էի։ Ասում էին արտակարգ «ռեակցիա» ունեմ ու լավ «քցվում» եմ։ Իմ տարեկիցներն ընդհանրապես չէին կարողանում ինձ գոլ խփել, անգամ այն դեպքում, երբ երկուսով էին դեմս դուրս գալիս, իսկ մեծերը միշտ տանում էին մայլա-մայլա խաղալու։ Փոքրերին չէին խաղացնում, վախենում էին, որ կվնասվեն, բայց ես բացառություն էի։ Այ այդպիսի մայլա-մայլա խաղերից մեկի ժամանակ էր, որ ինձնից մի յոթ տարի մեծ տղայի հարվածը հետ մղեցի հենց դիմացս, ու երկրորդ ցատկով գնդակը գրկելու հետ՝ ուժգին հարված ստացա ձեռքիս։ Գնդակը բաց չթողնլեով՝ ցավից ոռնում էի։ Խաղը դադարեց։ Հետո թևս գիպսի մեջ էր ու ես տխուր նայում էի, թե ոնց են մյուսները խաղում։ Մի քանի օր անց չդիմացա, տղերքին համոզեցի, որ միայն «ոտով ատբիտ» կանեմ, մենակ թե մի քիչ տշեն՝ բռնեմ։ Տղերքին խիստ զգուշացրել էին, որ եթե ձեռքիս գնդակ դիպչի՝ կկոտրվի, երկու տեղից։

– Որ բարձր գա՝ չեմ բռնի։

– Բա որ ռեակցիադ աշխատի, չհասցնես քեզ պահես,- ասաց Աշոտը։

– Դու էլ ամեն տշողի հետ գոռա՝ «չբռնես»։ Կհիշեմ ու ձեռքով չեմ բռնի։

Հետո հայրս պատմեց, թե ոնց են մեր գոռոցներից զարմացած վազել, հասել դաշտ ու տեսել, թե ոնց են մայլի տղերքը հերթով ինձ «պենալ» խփում, ու ամեն հարվածի հետ՝ խմբով գոռում. «Չբռնե՛ս»…

Please follow and like us: