Բոլորը բաժանվում են՝ սրանք միավորվում: Թարս են: Ինչպես միշտ: Վերջապես: Վաղուց ժամանակն է: Եթե, իհարկե, իրար գլուխ չուտեն: Բայց, իհարկե, ադրբեջանցիները չեն ուզի: Կենտրոնացած հաշվում եմ պի-պլազմայի վերջին երեք դրսևորումների ծրագիրը՝ ստուգում Որմիզդուխտի արդյունքը: Վերջացնում եմ, հետ ընկնում բազկաթոռումս, նայում շուրջս իր պարտքը կատարածի գոհունակությամբ: Ի վերջո ոչ տհաճ պարտքը: Կարծես թե սիլլայից հետո նույնիսկ ավելի լավ է աշխատվում: Կմիավորվեն, կգան մոտս: Կասեն. ի՞նչ ես արել դու քո հայրենիքի համար: Հը՞, ստոր արարած: Այդ ամենը հասկացանք՝ մարդկություն, Երկրագունդ, բան։ Իսկ Ղարաբա՞ղը: Տիեզերափայլի ինֆորմացիոն մոդելավորումը՝ մեկ: Եվ այս մանրուքը՝ պի-պլազմայի դրսևորումների զարդանախշերի մտաջիկոնների ցուցակը, տասնհինգ: Իսկ, ասենք, Ինֆոկռանչի ռեֆլեքսիայի տեսությունը՝ չորս: Հաշվիչի խոտորման շնորհիվ ինտերֆերենցիայի էներգիայի ազատագրումը… Վեց… Որմիզդուխտին տվածս սիլլան՝ որպես հայ տղան հայ աղջկան դաստիարակելու լավագույն ավանդական միջոց… Տասնչորս: Վերցրեք և օգտագործեք ձեր Ղարաբաղը շենացնելու համար: Իսկ թե չեք կարող… Իսկ իրենք կասեն. «Դա հարիր չէ հայ տղամարդուն»: Իսկ ես կասեմ. իսկ այդ հարցում կապ չունի՝ հայ ես դու, թե թուրք: Դա պայքար է, պատերազմ, հաղթանակ կամ պարտություն, բիրիքով: Նախնադարյան: Չի փոխվել: Ճիշտ ինչպես ձեր Ղարաբաղում… Մինչև խելքի չեկաք: Այդտեղ մարդս մենակ է Տիեզերքի պես: Տիեզերքի առջև: Եվ ոչ մի Աստծո Աչք:
Ստուգում եմ ինձ: Խղճի խայթ չիք: Այդ էր պակաս: Արժանի էր: Վաղուց էր պետք: Իր հայրը շուտ է բաժանվել իր մորից: Ոչ մի անգամ սիլլա նրան չի տվել: Ոչ միայն արժանի էր. դա հավասարազոր սիլլա էր. սիլլա, թե քարիբդա. նա ուժեղ է բավական, որ դա չլիներ մեծի կամ ուժեղի կողմից իրեն նվաստացում: Պիտի վերջապես դաս ստանար, ստացավ: Հիմա կռիվներն էլի շատանալու են Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանցիներն ասեին՝ կվախենայի. ուզում են մեզ կըլլեն էլի: Իրենց խաղաղասեր տարբերակով: Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս վիճակը՝ շատ էլ լավ կարելի է փորձել: Իրոք: Ադրբեջաներենն արդեն դպրոցում են դաս տալիս մեզ մոտ, այնքան շատ են իրանցի ադրբեջանցիները: Մնում է ճիշտ հաշվարկել որոշում ընդունելու համակարգը և Վրաստանին էլ համոզել: Աստված իմ, դա էլ լուծվեր, մնար Չինաստանը: Եվ հետո՝ նա էլ դա այդպես ընդունեց: Իհարկե, վիրավորվեց, սակայն ընդունեց դրա կարիքը: Ես դա զգացի: Իսկույն իրեն հավաքեց: Քսանմեկ… երբ ծանոթացանք՝ քսանմեկ էր, Դավթի չափ: Հիմա արդեն քսաներկու… Ժամանակը թռչում է: Աղջիկները տղաներից շատ ավելի վաղ են հասունանում: Դավիթը երեխա էր, իսկ սա… վամպ, իսկական վամպ: Խեղճ աղջիկ երեխայիս սիլլա կերցրի: Հիմար. ի՞նչ իմանայի, ինչն էր պատճառը. գուցե դաշտանն էր եկել: Ստրինգիկի տակից: Կարող էր հանգիստ բացատրել: Գուցե չէր ուզում: Չի կարելի ինձ դնքսել այդպես: Իսկ գուցե ֆիանսէն էր բազմատեսիլը թակում: Վիրտուալ սեքս էր անելու: Կամ ինքն իրեն խոսք է տվել ինձ թարգել: Ինչպես ծխելն էին թարգում առաջներում: Բայց դա հեշտ չէ: Ես թույն եմ: Մտա մեջդ՝ էլ պրծում չունես, թագավարակի պես: Իրեն ասել եմ, դա այդպես չպիտի արվի: Իր ազատությունը չեմ ուզում սահմանափակել, կըլլել: Ուզում եմ իր ամեն ինչը կըլլել: Թե ես Որմիզդուխտով զբաղված չլինեի… կօգնեի ներքևները: Ինչպե՛ս իմ սպիտակ հրաշքով, իմ սպիտակ հրեշով զբաղված չլինեմ:
Մեջքս շոյում է մեկը, թեթև: Վեր եմ թռնում, կրնկի վրա շուռ գալիս. գիտեմ, թե դա ով է կամ ինչ է. այս առավոտ գրեթե չէի մտածել Ստյոպիկի մասին: Չեմ հավատում ուրվականներին: Սակայն ահա պարզորոշ զգացի մեջքիս հպումը, դա չէր կարող լինել ուրիշ ոչ ոք: Գիտեմ նույնքան հաստատ, որքան որ ցիսհայ եմ, ցիցհայ:
Թիկունքումս ոչինչ չկա: Բացի բազմատեսլի առջև մի փոքր փայլից: Ուժգնացնում եմ ընդունիչը, թափանցիկ դարձնում ղեկախցիկը: Մարդ չկա, խոր գիշեր է: Տրամադրությունը բարձր չէ նավի վրա, որ գիշերով քեֆ անեն: Գործը շատ: Տիեզերափայլն ակտիվորեն ծաղիկ է տալիս: Ստյոպիկենց նավից լուր՝ չիք:
Փայլը չի կորչում: Չի ուժգնանում կամ խունանում: Լեզվակ է տալիս: Ու՞մ կատակն է: Է՛լ ավելի եմ հստակեցնում ընդունիչը: Սքան անեմ միանգամից հազար ալիք, արագ բռնեմ կատակասերին: Ոչ ոք չկա ինձ հետ շփվող: Տիեզերքը լի է խուլ աղմուկներով, դրանցից ոչ մեկն ինձ հետ կապ չունի: Սովորականից ավելի քիչ աղմկոտ է: Ինչպես և սովորաբար:
Լեզվակը ձգվում, լիզում է ձեռքս: Ետ քաշվում: Օձ խայթեց: Ինքնաբերաբար ձեռքս ետ եմ քաշում: Ոչինչ չզգացի իրականում: Շատ խորանամ՝ թեթև ջերմություն: Գրեթե աննկատ: Ինքնաներշնչանք:
– Ստյոպի՞կ:
Աշխարհը լուռ է: Բարձրաձայն խոսում եմ միայնության մեջ: Դրան էլ հասանք: Տարիքի հետ է կապված: Կամ՝ Որմիզդուխտի:
Բազմատեսիլը պտտում-տեղադրում եմ ուղիղ առջևս, նստում դիմացը: Կարող է ուղղորդված ալիք լինել, անորսալի: Բայց ում է դա պետք:
– Ստյոպիկ, – ասում եմ: – Ստյոպիկ, եղբայրս, ես քեզ հետ եմ, այստեղ: Ստյոպիկ ջան, մի բան ասեիր կամ անեիր… Մի ձևի իմաց տայիք… Ախր սաղս մաշվանք, է, Ստյոպիկ ջան, ախպեր… Դու ու՛մ խղճին մեզ թողիր, ա՛յ այծարած: Էշ ես դու, էշ, տնա՛շեն: Մի բան արա բան ըլնի, թե չէ՝ «մեյ դեյ, մեյ դեյ»… Ես էլ կարող եմ: Հրեն, «մեյ դեյ»: Ո՛վ չի կարա…
Արագ արձագանքման համակարգը միացավ. սովոր է արձագանքել այդ բառերին. չհասցրեց նավն արթնացնել, խայտառակ լինեի: Հասցրի զսպել: Լեզվակը քաշվել է բազմատեսլի մի անկյուն:
– Օֆ, էս ում կատակն է: Ժողովուրդ, ձայն հանեք բան հասկանանք:
Լեզվակը փորձեց ձեռքիս հասնել, – արագ մի կողմ քաշեցի: Դանդաղ նրան ընդառաջ տարա ափս: Ինքն իրեն վարակող բժիշկ: Լեզվակը մոտեցավ, լիզեց ափս, ետ քաշվեց: Կա՛մ ինքս ինձ եմ ներշնչում, կա՛մ՝ իրոք թեթև տաքացում կա ձեռքիս մեջ: Նման է տնայնացած Տիեզերափայլի, ինչպես կատուն՝ վագրի: Սա վիրտուալ է, ոչ մարմնալ, սակայն բավական կատարյալ վիրտուալ, շոշափել, իհարկե, չի լինի, դե արի ու պլազման շոշափիր, բայց կարծր է իր իմացած իմաստով, այսինքն զուտ վիրտուալը չէ, դա կրկին հաստատում է իմ վարկածը, տրանսպոզիտացիայի ապագան վիրտուալի և մարմնալի միավորման մեջ է, քանի որ եթե մենք ունենք եռաչափ վիրտուալ ու պրինտեր, չէ որ դա մասնիկներ են, մնում է դրանց վերակազմակերպումն ու վերադասավորումը ճշտել, իհարկե միլիոնավոր շերտերի ճշտման հարց է, մինչ ապահովորեն կենդանի շունչ տրանսպոզիտեն, իսկ կլոնավորման հարցը մեկընդմիշտ կլուծվեր, Որմիզդուխտ կկլոնավորեի, կխառնեի նրանց իրար, կպտտեի երկվորյակներին իրենց առանցքի շուրջ՝ աչքերս կապած, որ ինքս էլ մոռանամ որն է որը, մեկն ուղարկեի ֆիանսէին, մյուսն՝ ինձ… Կապրեի նկուղում… Ինչո՞ւ է այսքան մութ, մի՞թե ազդանշանն անջատելու հետ նաև լույսը խունանալու հրաման արձակեցի, այդքան մութ պետք չէ, ո՞ւր է այդ գրողի տարած վահանակը, ձեռքս ինչու չի հասնում, էս ո՞ւր եմ ես վազում:
Բավական հեռու, մի վաթսուն մետրի վրա (նավախցիկում այդքան մետր չկա, ինչու է այսքան հեռու) մի հոյակապ էկզեմպլյար, բզզացող, կանաչ մարմնիկով, թելիկները տատանվող, ոտիկները ճոճվող, ֆասեթյան բյուրավոր աչուկներն առկայծող, էլի բերել է երկոտանի աժդահան, ես սիրում եմ որս, սիրում եմ նրան, հետո կգամ կթաղվեմ ետ այս կանաչ թաղիքի մեջ, ու ինձ ոչ ոք չի տեսնի, կանաչ թաղիքից նախ պետք է ազատվել ճիշտ սուրալու համար, իսկույն հաշվարկեցի ուղեծիրն ու նշան բռնեցի, արդեն վազում եմ, տոտիկներս տակս ֆռռում են ֆռռիկների պես, ասեղներս ծալած, որ սահքս չխանգարեն, քիթիկս վեր, ահա արդեն լեզուս հանեցի ու նա խաբս տվեց բայց ես ճիշտ էի հաշվարկել ու հա՛փ… խռումփ-խռումփ… Ճակատիս ասեղները բիզ ցից գոհունակությունից… Յա՛խկ… ես կուլ տվեցի ճանճին:
Սեղանի հսկայական փայտե ոտը դեմս բսնեց, շրջանցեցի, վերադառնալիս իմ կանաչ թաղիքի մեջ, շրջանցելուց ներքաշեցի փայտի հաճելի բույրը, նաև նրան պատող լաքի և նաև այն, թե ո՛ր գործարանում էր այն հղկվել ու ի՛նչ հոտ ուներ հղկող վարպետն ու քանի՛ տարի առաջ էր կտրվել այդ կաղնին և ո՛ր անտառից: Ես չէի կարող ցույց տալ դա քարտեզի վրա սակայն ես հաստատ գիտեի, թե դա ո՛ր անտառն է:
Սա ի՞նչ էր: Շուրջս ղեկախցիկն էր, գլուխս թափ տվի. մթությունը կամաց-կամաց տեղի էր տալիս: Բերանումս հոգեբանորեն, սակայն ոչ ֆիզիկապես, գարշահոտ էր. թքեցի աղբամանի մեջ: Ջուր խմեցի: Ա՛ռը հա՛ քեզ տեսիլք: Երազումս Ստյոպիկի ոզնին էի: Երազու՞մս: Կներես, դա երա՞զ էր: Երազումդ այդպես խորապես քեզ ոզնի չես զգում: Վզիս, գլխիս, թիկունքիս մաշկը շարժվում էին ինչպես սովորաբար, ոչ ավել: Մարմինս սակայն հիշում էր հաճույքով, ինչպես են ասեղներս հաճելիորեն բիզ-բիզ կանգնում: Աչքերս կկոցեցի՝ քթածայրս երևաց, այլապես՝ իհարկե ոչ: Ես մտել էի ոզնու ներսը: Ես հասկացա, թե ոզնին ինչ է զգում:
Լեզվակը չկար: Համարձակվեցի ձեռքով շոշափել բազմատեսլի դեմը. լեզվակը չկար. էկրանը լուռ էր ու անջատ քնած:
Սպասիր, ի՞նչ վատ բան կա, որ: Հասկացա՝ ոզնին ինչ է զգում: Նա զգում է ամենը, ինչ կարող է զգալ, համարելով՝ որ այդ ամենը դրսում է: Ինֆոկռանչեռի համար հսկայական առաջխաղացում: Ոզնին ուրեմն ավելի քիչ ունի վիրտուալի հնար. մենք գիտեինք, որ կենդանիներն աբստրակտ քիչ ունեն, ի՛նչ նրանք չունեն ուրեմն՝ դա իրենց ներսը մարդու պես տեսնելն է: Պարզ էր, նեղ էր, հանգիստ էր կեցությունս ոզնու մեջ. ո՛չ մահվան վախ, ո՛չ ապագայի, ո՛չ հոգատարություն: Դե ձագ չունի տվյալ պահին: Մարդը ողջը շալակած տանում է, ակտուալ է թե ոչ:
Ինչու՞ վախեցա: Հա, Ստյոպիկի ոզնին էր: Որն այլևս չկա: Ստյոպիկի ու ողջ իրենց նավի հետ միասին: Երևի, մեջս դրոշմվել է: Հիվանդանում եմ. հատուկ պարզորոշությամբ եմ երևակայում պատկերներ:
Դողդոջուն ոտքերիս վրա կանգնեցի: Ճոճվելով մոտեցա ղեկախցիկի դռնակին և զգուշությամբ բացեցի: Ոչ ոք չկար, չէ՞: Միջանցքը կիսամութ էր: Սուբմարինը լուռ էր: Նույնիսկ Շարժիչը չէր բզբզում: Երևի, հաշվիչի խաբս տալու ժամն է:
Բազմատեսլի էկրանը մնում էր մութուլուռ: Խցիկը հանդարտ էր, դանդաղ: Փայլի հետք չկար: Կառավարման վահանակի վրա պարզորոշ վառվում էր կանաչ լույսը, ասելով. ամեն ինչ կարգին է: Իբր թե: Նրա համար՝ գուցե: Ես ետ եկա ու… Կանաչ աչուկը չեմ կարող անջատել: Իրավունք չիք: Ռուսական ամրակապերից մնացած մի դատարկ տուփիկ գտա, դրեցի վրան: Հերիք ծիկրակի: Կրկին բերանս ողողեցի: Մինչև հիմա զգում եմ ճանճի ախորժալի ճռճռոցը բերնիս սև խոռոչում, այտիս տակ: Շատ ավելի մեծ ճանճ, քան եթե իսկապես ճանճ ծամեի: Այս լույսիկի չափ:
Դուռը զգուշությամբ ծածկեցի, ոտքերիս ծայրերի վրա քայլեցի միջանցքի հատակի փափուկ ինֆոպլաստի վրայով: Հասա Էնդրյուի սենյակին, ձեռքս բարձրացրի, որ թակեմ՝ ինչ-որ բան լսեցի: Ինձնից անկախ, ազնվորեն թակելու փոխարեն, նենգաբար հակվեցի դռանը, ականջ դրի: Լռություն: Աղջկական խուլ ծիծաղ: Այդ ծիծաղը չես խառնի այլ ծիծաղի հետ: Չորացա տեղումս, արյունը լցվեց գլուխս: Ոզնի լինելը շատ ավելի դյուրին էր: Չէիր մտածում մահվան մասին, ապագայի, դավաճանության, խանդի, ուրիշ-մյուսների: Ու որ ինչ-որ բան եթե շատ պակաս է ու չես տեսնում, որտեղ կարելի է որսալ՝ պակաս ես զգում հոգուդ, սրտիդ խորքում, շատ խորքում, անհագուրդ, անբավարարելի, կրծող պակաս: Այսինքն պակասը ոզնին էլ է զգում, բայց՝ չի հասկանում, որ հենց դա՛ է զգում: Ի տարբերություն մեկ այլ ոզնու: Ձեր խոնարհ ծառա: ՁԽԾ:
Գուցե խառնում եմ: Քիչ կա՞ աղջիկ նավի վրա: Գուցե Մելպոմենեն էր: Սիմոնա-Սինյորելլան: Շատ էլ լավ ճաշակ: Ստյոպիկն ասում էր «Մի անգամ ամեն մեկին կարելի է թխկցնել. բայց՝ մի անգամ»: Իրոք. ինչպե՞ս է նա առանց սեքսի ապրում այսքան ամիս: Տիկնի՞կ ունի: Հազար ու մի կամավոր ու ինտերն կա ներքևի նավամատույցում: Էլ չասած վեստալկեքը: Ձայն այլևս չէր լսվում: Հետո լսվեց թեթև շրշյուն. կարծես շորերն էին հանում: Գուցե զարդաշխարհ էր նայում քնելուց առաջ. անջատեց և հանվում է: Այդ անպիտանը վաղուց էր նրա վրա աչք դնում: Պետք է առավոտ կանուխ հերթապահել, տեսնել, ինչպե՛ս է իր գալարուն մարմնով դուրս սողոսկում ու ճողոպրում: Մորեմե՞րկ: Ինչպես ի՞մ սենյակից էր փախչում: Նա ռիսկ սիրում է: Սիրում է մորեմերկ վազել միջանցքով, ասես առավոտյան շփոթված նայադ, իմ սենյակից իր սենյակ: Սիրում էր: Երբ դեռ գալիս էր մոտս: Նա ցանկացած սենյակից այդպես մերկ դու՞րս է վազելու առավոտները վաղ: Ո՞վ մնաց: Աբիսողո՞մը, որին չի մխիթարել: Ոչ, նա միշտ էլ ասում էր, որ Էնդրյուն իրեն դուր է գալիս: Նայիվորեն և բացահայտորեն: Եթե իրեն դուր է գալիս պրոֆեսիոնալը՝ ուրեմն նա ուզում է, որ այդ պրոֆեսիոնալն իր մեջ մտնի: Մտնի և վերջ: Պրոֆեսիոնալ է և վերջ: Մինչև վերջ: Մինչև անտակ, անպատկառ, մինչև անարգ չարի վերջ: Մահու սյուն: Դա արդեն պարզ է: Արձանագրիչ տեղադրեմ: Փրայվիսիի կանոնների խախտում: Ո՞վ կիմանա: Չէ, կարթնանամ ժամանակին: