Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա` ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում: Ջիվանը «տելեգրեյկեն» հագին կուչ էր եկել թախտի ծայրին ու ննջում էր: Ննջում էր նաև «Պապ թագավորը»` փորձելով իր էջերում տաքացնել Ջիվանի կոշտացած մատները:
Կինն ու աղջիկը հարևանի տանն էին, վառարանի մոտ: Տղան առավոտից էր դուրս եկել, ու «չգիդես, թե որ ջհանդամին» էր:
Մութն ընկնում էր, և լույսով անկողին մտնելը հարմար էր.«… համ աչքի առաջը կտենային, համ էլ շուտ չէին սովածանա»:
Տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Ջիվանի ընտանիքը, մաշող օրերի անհեռանկար ծանրությունից էր ծնվել:
Դռան ճռռոցից Ջիվանն աչքերը բացեց ու նայեց կնոջ ու աղջկա ներս մտնող ստվերներին:
–Քեզ համար պլեճ ենք բերել, քանի տաք ա, վեր կալ կեր:
Աղջիկը հորը մեկնեց հագուստի տակ թաքցրած ափսեն ու սրթսրթալով վազեց ներս` «տեղերը քցելու»:
–Մամ, քարփիչները բեր, քանի չեն սառել:
Կինը երկու աղյուս գրկին շտապեց աղջկա ետևից և անհետացավ մթության մեջ:
Ջիվանը վեր կացավ, բերանը սրբեց ու գնաց դեպի դուռը:
–Պապ, էրեգվա պես դուռը չփագես, Մամոն էլի դռանը կմնա:
Բակում Ջիվանն արձակեց Բողարի կապն ու վերադարձավ տուն: Ծեր շունը, իր տիրոջ նման անհույս աչքերով, ուտելու ոչինչ չգտնելով` բակից դուրս եկավ` մոտակա աղբանոցում կշտանալու ակնկալիքով: Ջիվանը խարխափելով շորերը երկա¯ր հանեց ու մտավ կնոջ ծոցը: Աղյուսի տաքությունը ջերմացրեց փայտացած ոտքերը, և իրականությունն այնքան էլ անհույս չթվաց:
Աշնան վերջին ինչ կար-չկար վառել-պրծել էին, էլ հին կոշիկ ու շոր չմնաց: Աղջիկը կամաց-կամաց այգու չափարն էլ պոկեց. վառեցին: Ճիշտ է, «նոր տարվա» համար մի երկու բան էին պահել, բայց «նոր տարին» էլ անցավ: Հետո էլ լույսը կտրեցին:
Որդին որ տանն էր լինում, էլի մի բան անում էր, «լևի» լույս էր քաշում: Ցերեկը գալիս էին լարը կտրում, թուք ու մուր անում, գնում, իրիկունը «լևին» էլի մի հնարով միացնում էր: Հավաքվում էին էլեկտրական վառարանի շուրջը և սպասում ավելուկի եփելուն:
Ջիվանը շատ էր սիրում ավելուկով ու ձավարով ապուրը. մոր ճաշն էր: Մի օր էլ էդ վերջացավ: Մնացին «օգնության» լոբու հույսին:
Ցերեկը շատ էր քնել, և հիմա անկողնում պառկած մտածում էր, մտածում ու ելքը չէր գտնում: Էսպես, ամեն գիշեր մտովի բարձրանում էր դիմացի սարը, կտրում էր մանկության հիշողություններում մնացած ամենահաստ ծառն ու բերում տուն: Հետո, արդեն երազում, պատկերացնում էր, թե թաղեցիք, փողոցի երկու կողմում կանգնած ո¯նց են նախանձով նայում իրեն ու հաստափոր գերանին: Հետո լույսը բացվում էր, գերանն ու նախանձողներն անհետանում էին:
Անկողնում պառկած Ջիվանը որոշում էր, որ հիմա վեր կկենա ու կգնա անտառ: Կինը վաղուց արդեն հետը կարգին չէր խոսում.
– Դու էլ կասես` տղամարդ եմ: Կտորվըմ ենք է, կտորվը¯մ… Նամուս ունեցող մարդը էս նեղ մաջալին գիրք կկարդա՞… վու¯յ,- մատները չանչ անելով` Օֆոն երեսը պլոկում էր` մեխանիկորեն ամուսնուն մեկնելով սուրճի գավաթը:
Ջիվանը խեղճանում, քրքրված պարկի նման կուչ էր գալիս: Մեջքը ցավում էր, բայց ռիսկ չէր անում ասի. ինչ հիվանդանալու ժամանակ է:
Մի օր էլ երազում տեսավ, որ ծառը կանչում է իրեն, թե` արի կտրի, քանի ուրիշը չի կտրել:
Արթնացավ բերանի դառնահամից. երևի երազում լաց էր եղել: Առավոտյան սուրճն ավելի դառնացրեց հոգին: Հետո գնաց հարևանից ծառ կտրելու պարագաներ խնդրեց, արձակեց զարմացած Բողարի կապն ու գնացին:
Փողոցը փակուղով էր վերջանում, և պիտի ուրիշի բակով անցներ:
–Էս ի՞նչ խաբար ա, Ջիվան,- ձայնեց փորը գոտու վրայից կախած բակատերը,- չըլի՞ փետի ես գնըմ:
–Հա: … Փետներուս հատել ա, ասի` գնամ, մի երկու կտոր բան բերեմ:
–Տղեդ ի՞նչ բանի ա, որ դու ես գնըմ, քու ի՞նչ վախտն ա:
–Դե, եսիմ…,- կմկմաց Ջիվանը,- գործ-մործ ունի:
Հետո հարևանն ասաց, որ հանկարծ «փետը իր հայաթովը չբերի», որ բոլորն էլ շրջանցում են իր տունը: Ջիվանը հասկացավ, որ ճանապարհն ավելի է երկարելու:
Շունը, պոչ-պոչ անելով, վազում էր տիրոջ կողքից, սարի դոշը բարձրանում էր, ու վերջը չէր երևում: Սառած ցեխը դժվարացնում էր վերելքը: Ջիվանի շունչը կտրվում էր, մերթ-մերթ կանգ էր առնում, հենվում էր կացնի կոթին ու նայում վերև:
Կոճղերի մռայլ անտառը դատարկում էր հորիզոնը, ու երազների ծառը չէր երևում: Լսել էր, որ էլ անտառ չկա: Բայց տեսածը, միևնույն է, անըմբռնելի էր: Մարդը պատերազմ էր հայտարարել անտառին ու հաղթել էր` մարտի դաշտում թողնելով թշնամու գլխատված զինվորներին:
Արևը չէր երևում, բայց Ջիվանը գիտեր, որ արդեն կեսօր է: Ինչ-որ տեղ առջևում ձայներ էին լսվում: Ձայները մոտենում էին, և արդեն նշմարելի էին: Մարդիկ մառախուղի միջով քաշում էին պարանով կապված գերանները, երբեմն կանգ էին առնում մի թոք շունչ քաշելու և կրկին շարունակում էին սիզիփոսյան իրենց տառապանքը:
Սարի լանջը զառամյալ ծերունու դեմքի նման ակոսվել էր սողացող գերանների ծանրությունից:
Վերջապես վերելքին հաջորդեց վայրէջքը, և Ջիվանը տեսավ նոսրացող անտառը:
Ի՞նչ երազների ծառ…
Մահվան դատապարտված անտառը կանգնած էր գլխահակ և սպասում էր իր հերթական դահճին: «Դրուժբաների» հռնդյունը կյանքի, եռուզեռի տպավորություն էր թողնում: Սակայն, ավաղ, դա միայն տպավորություն էր:
Ջիվանը ակամայից նայեց իր կացնին, և սկսվեց «մահապատժի» արարողությունը: Ծառը բավականին հաստ էր ու ամուր:
«Էս ըսօրվա բան չի»,- մտածեց նա ու շուրջը նայեց: Մի երկու խոսք փոխանակեց հարևանների հետ. պարզվեց, «որ-ապարանցի են, որ փետը տանըմ են Էրեվաններն ու Լեննական` ծախելու»:
Սիրտը մղկտաց իր անտառի համար.«Հլա աշխարհի քոռությանը` ապարանցին էկել ա ու Լոռվա անտառը կտրըմ ա»:
Արագ էր մթնում, քաղցն էլ իր հերթին էր զգացնել տալիս: Ոտքերը դողում էին: Պարանն ու սղոցը թաքցրեց անցյալ տարվանից մնացած տերևների շերտի տակ, և սկսվեց վերադարձը:
Բողարը չէր երևում: Ապարանցիք կանչել, երշիկ-մերշիկ էին տվել, նա էլ չէր գալիս:
«Կգա, տան ճամփեն կքթնի», – մտածեց Ջիվանն ու քայլեց:
Կարծես չէր էլ քայլում, վազում էր: Տրամադրությունն էլ, չգիտես ինչու, բարձր էր:
Երբ տուն հասավ, մութն արդեն իր թանձրությամբ խորտակել էր քաղաքը: Տնեցիք ուրախ էին նրա վերադարձի համար.
–Մի հնենց մենձ ծառ տեմ բերիլ, որ էնա մընչի գարունք հերիքացնի:
Կերավ ու ինքնագոհ պառկեց քնելու: Երազի՞ մեջ, թե՞ իրականում Ջիվանին թվաց` կինը գգվում է իրեն: Սակայն առավոտը ցրեց նրա լավագույն սպասումները: Մեջքի ցավը սաստկացել էր:
«Ի՞նչ անի, – մտածում էր ցավից կուչ եկած: -Թե ասի… կասեն` պրծանք, մթամ գորձ արեց, հմի էլ նազ ա անըմ: Էրեսով կտան: Չէ, բան չի ասիլ…»,- որոշեց Ջիվանն ու մոտեցավ սեղանին:
Նախաճաշը սովորականից առատ էր, տնեցիք էլ` հոգատար:
–Բա էն լակոտն ո՞ւր ա,- հարցրեց Ջիվանը,- հլա էկել չի՞:
–Զանգ ա տվել, Էմման խաբարը բերեց: Ասըմ ա` գորձ ունի: Կգա:
Բողարի հետ քայլելով` Ջիվանն այս անգամ ճանապարհը փոխեց. հաստափոր հարևանի բակով չէր ուզում անցնել: Ամբողջ ճանապարհին որդու մասին էր մտածում.
–Աչայնի լակոտ ա… Հեչ ինձ չի քաշել:
Ջիվանը դեռ բավական հեռվից ճանաչեց իր ծառը, թվաց, թե ծառն իրեն էր սպասում:
Բողարն էլի գնացել էր ապարանցիների մոտ, և հիմա ամբողջ աշխարհում մնացել էին ինքն ու իր ծառը: Ջիվանը ձեռքը սահեցրեց ծառի վիրավոր բնի վրայով և սկսեց խոսել:
–Վախըմ եմ կարենամ ոչ քեզ կտրեմ: Մեջքիս ցավը զոռըմ ա: Էն անդեր փիշիկս էլ կարմի¯ր, ոնց որ արին ըլի: Ի՞նչ անեմ… Լիզուս չի պտտըմ, թե տանն ասեմ:
Հետո մեքենայաբար բութ մատով փորձեց կացնի բերանն ու գործի անցավ: Երբեմն կանգ էր առնում, թևով սրբում երեսի քրտինքն ու էլի շարունակում:
Կինը հետը հաց ու սոխ էր դրել: Ապարանցիք էլ կանչեցին: Չգիտես «հայրենասիրական» մղումներով, թե, որ բերանից շատ մաքուր էր, չուզեց նրանց հացը կտրի: Բայց երկու բաժակ արաղ խմեց:
Այդ օրն էլ անցավ:
Ջիվանն էլ չէր հաշվում արագ մթնող ու լուսացող անվերջանալի օրերի շարքը: Տանը մթնոլորտը դարձյալ լարվել էր: Կնոջ արհամարհող աչքերը որսաշան հոտառությամբ հետապնդում էին նրան: Հարևանները փսփսում էին:
–Այտա, Ջիվան, կարող ա էդ ծառը գրանիտից ա, բուլդուզեր տար, բուլդուզեր,- մի անգամ նույնիսկ ձեռ առավ հարևանի «մալաղոնդին»:
Ջիվանը միայն փնթփնթաց, երևի հայհոյեց: Հետո մեջքը քարշ տալով` շարունակեց տառապանքի իր ճանապարհը:
Ծառը դարձել էր նրա բաժին կյանքի իմաստն ու նպատակը, այս աշխարհում մնացած միակ հոգին, որ կարողանում էր լսել ու հասկանալ իրեն, և փոխարենը ոչինչ չէր պահանջում:
Մի օր էլ Ջիվանը պարանով կապեց ծառի բունն ու քաշեց: Ծառը տեղի տվեց ու գետնատարած եղավ: Ջիվանին թվաց, թե տնքոց լսեց: Նա մի պահ անշարժացավ և հաղթանակի ուրախության փոխարեն նրան համակեց անմեկնելի մի տխրություն:
–Վա¯խ,- տնքաց նաև Ջիվանը: Հետո նստեց: Արտասուք գլորվեց նրա սառած դեմքի ծալքերով ու թափվեց սառած աշխարհի վրա:
Հաջորդ մի քանի օրն արդեն գերան դարձած ծառն էր քաշում լծկանի եզի նման: Ամեն երեկո որոշում էր, որ հաջորդ օրն անպայման տեղ է հասցնելու` ի տես ամբողջ աշխարհի, ուզողի ու չուզողի: Ֆիզիկական տառապանքին խառնվել էր նաև հոգեկանը: Վախ էր մտել Ջիվանի սիրտն, ու մերթ-մերթ ինքն իրեն հարցնում էր.
–Բա որ ուժս չպատի՞… ծիծաղատեղ եմ դառել… հը՞…
Վերադառնում էր թաքուն` մթանն ապավինելով, որ մարդ չտեսնի ու չհարցնի, թե` «Ջիվա°ն, այտա, ծառդ ի՞նչ եղավ…»:
Էդպես մի օր էլ արթնացավ և գնաց, գնաց դեպի … եկեղեցի: Հարյուր տարի չէր մտել Աստծո տունը, հիմա էլ հուզվում էր: Ամբողջ ճանապարհին մտածեց, և վերջապես որոշեց, թե ինչ է խնդրելու:
Եկեղեցում տաք էր ու հանգիստ: Վառարանի ջերմությունն ու մոմերի փախչող լույսը մի պահ շշմեցրին նրան, և վայր չընկնելու համար Ջիվանը նստեց: Քունը տանում էր: Հետո ուզեց մոմ վառել, սակայն հիշեց, որ փող չունի: Վերկացավ, մոտեցավ մոմերի լույսերից ողողված սրբապատկերին և փորձեց խաչակնքել: Չստացվեց:
Հանկարծ աչքովն ընկան երկու մոմ, որոնք կիսով չափ վառվել էին ու հանգել: Ջիվանը նայեց շուրջը, ավազի միջից փութով հանեց կիսավառ մոմերն ու դողացող ձեռքերով ծոցում թաքցրեց: Գաղտագողի վեր նայեց ու հեռացավ: Թվաց` սրբապատկերի հայացքը հանդիմանեց իրեն:
Արդեն մեկ ուրիշ սրբապատկերի առջև Ջիվանը մոմերը հանեց ու հանդիսավորությամբ վառեց: Կանգնել էր գլուխը բարձր: Չնայած մոռացել էր աղոթքի խոսքերը, բայց հոգին հանգիստ էր: Աստված առանց խոսքերի էլ գիտեր, թե նրան ինչ է հարկավոր:
Երբ ոտքերը քարշ տալով հասավ տուն, անսովոր անցուդարձ էր բակում: Մի բեռնատար էր կանգնած` փայտով բարձած: Մարդիկ էին ներս ու դուրս անում, փայտն էին տեղավորում:
Կաշվե երկար անձրևանոցով մի երիտասարդ էլ նրանց հրահանգներ էր տալիս: Որդին էր, Մամոն:
Ջիվանն սկզբում չճանաչեց, հետո քայլերն արագացրեց ու հասավ որդուն.
–Մամո¯, էս ի՞նչ խաբար ա…
–Գնա տուն, գալիս եմ:
Որդու պատասխանը գործնական էր ու կտրուկ: Հուզված ու զարմացած Ջիվանը բացեց տան դուռն ու կանգ առավ: Վառարանը կարմրել էր` այրվող ժանգի հոտին խառնելով եփվող մսի բուրմունքը:
–Տենըմ ես` ինչ տղա ունեմ,- խոհանոցից գլուխը հանեց կինն ու ժպտաց:
Որդին ներս մտավ, ու սեղան նստեցին:
–Մամո, բա քեզ փող որդիա՞ն,- չհամբերեց հայրը:
–Տո, քու ինչի՞ն ա պետք,- որդին Ջիվանին մեկնեց սիգարեթի տուփն ու ժպտաց,- քեզ հմա նստի թախտին, գիրք կարդա:
Կինը փռթկացրեց:
–Դու դրան ծառիցը, ծառիցը հարցրա: Երկու շաբաթ ա փետի ա գնըմ, համա հլա չոփ էլ չի բերել: Սաղ թաղավորը ծիծաղըմ ա վրեքներս:
Եվ կինն ու աղջիկը, իրար հերթ չտալով, պատմեցին ու պատմեցին: Ջիվանի ծերացած դեմքը կտավի նման ձգվել էր ու գունատվել.
«Ոչինչ, էս քշերն էլ կլուսացնի ու կգնա, կփախչի էս տանից»:
Առավոտյան Ջիվանը չկար:
–Էդ մարդը խելքը թռցրել ա, հլբաթ էլի անտառն ա գնացել,- ծնկներին զարկեց կինը,- խայտառակ արավ, թողաց…
Ջիվանը սովորականից արագ հասավ իր ծառին, չոքեց ու գլուխը դրեց վրան: Կարոտել էր, կարծես վաղուց կորցրած հարազատին էր գտել:
–Կտանի¯, մի կերպ ատամը օսկորին դեմ կտա, համա կտանի¯… Թող սաղ տենան,- Ջիվանը զայրացել էր ու իր մասին երրորդ դեմքով էր խոսում:
Եվ տարավ:
Արդեն մթնշաղին հասավ թաղի ծայրն ու նստեց: Թաղեցիք շրջապատեցին, ով էլ վարագույրի ետևից էր նայում:
–Հա, դրուստ որ լավ փետ ա, Ջիվան,- հաստափոր հարևանն էր: – Փետը տուններդ լիքն ա, ուզըմ ես` բեր ծախի, ես կառնեմ:
Ջիվանը սկզբում չհասկացավ հարևանի ասածը, հետո … հետո դիվահարի պես վեր թռավ ու հարձակվեց հաստափորի վրա: Հայհոյանքի հեղեղը թափվում էր նրա բերանից.
–Իմ ծառին մատով կպչող չըլի,- գոռում էր հևասպառ ու խփում, խփում…
Երբ աչքերը բացեց, տեսավ կնոջ լացակումած աչքերը.
–Օֆի¯կ…
–Հա¯, Ջիվան ջա¯ն…,- կնոջ ձայնը երերում էր:
–Խալխի մոմերը գողացա` Աստված վե չկալավ:
Ձայնը կորչում էր, հետո նորից հայտնվում: Օֆիկը ականջը դեմ էր արել ամուսնու բերանին: Ջիվանն արդեն խռխռացնում էր:
–Բիձիս տղին կասես` դագաղս իմ ծառիցը շինի, ախչի¯… Ախչի¯… ծառս, ծառս չվառեք…
Ջիվանն աչքերը փակեց, ու իր ծառի նման արմատախիլ եղավ` կյանքի անտառում կոճղ էլ չթողնելով:
Որդին նրա արմատը չէր: