– Քեզ վատ ե՞ս զգում,-հարցրեց առաջին տիկինը,- բան է՞ պատահել:
Ով էլ որ տեսներ նախագահին այդ վիճակում, կմտածեր, որ նա լավ չի զգում իրեն, որովհետեւ ինչ-որ բան է պատահել:
-Գնա, ինձ մենակ թող,- նյարդային վրա բերեց նախագահը:
Հաճելի օրվա ամբողջ տպավորությունը այլեւս փչացած էր, բայց ի՞նչ կարող ես անել, հայտնի բան է, որ կյանքը միայն զվարճանք ու խրախճանք չէ: Առաջին տիկինը, ճիշտ է, համամիտ չէր այդ պնդման հետ եւ կարծում էր, որ մարդիկ են ծանրացնում իրենց կյանքը՝ մանրուքների վրա սեւեռվելով, բայց, այնուամենայնիվ, երբեմն ինքն էլ էր սրտնեղում ամուսնու կոպտության պատճառով:
– Չեբու, էս երկու օրը տրամադրությունդ ընկած ա, ի՞նչ ա պատահել:
Այն բանից հետո, երբ ընդդիմադիր մամուլում հայտնվեց նախագահի ծաղրանկարը սովետական մուլտֆիլմի հերոս «Չեբուրաշկայի» տեսքով, առաջին տիկինը, երբ առանձին էին լինում, ամուսնուն քնքշորեն եւ ջերմորեն Չեբու էր անվանում: Դա տեղավորվում էր կյանքին թեթեւ նայելու եւ ամեն հիմար բանից չսրտնեղելու նրա սկզբունքի շրջանակներում, բացի դա` այդ ծաղրանկարի տպագրվելուց հետո առաջին տիկինը նույնպես նկատել էր ամուսնու եւ մուլտհերոսի որոշակի նմանությունը:
– Չքվիր աչքիցս,-կոպտորեն գոռաց նախագահը, ապա ցածրաձայն, ասես ինքն իրեն, ավելացրեց,-դրանք քիչ էին, հիմա էլ դո՞ւ հանգիստ չես թողնում:
Առաջին տիկինը պատրաստ էր խռովել եւ մի քանի օր չխոսել ամուսնու հետ, բայց հետաքրքրասիրությունը հաղթեց:
– Դրանք ո՞վ, ընդդիմությո՞ւնը:
Նախագահը նայեց կնոջը խղճահարություն հարուցող հայացքով, որի մեջ սարսափ ու հասկացված լինելու ցանկություն կար:
– Հոգիները:
– Բա ասում էիր` թողել եմ, թարգել եմ: Ողորմելի նարկոման: Յախք:
Առաջին տիկինը իր հետեւից այնպես փակեց դուռը, որ ներքեւում սպասուհիները լսեցին ձայնը եւ արագ հեռացան տեսադաշտից, որպեսզի առաջին տիկնոջ աչքին չընկնեն, որովհետեւ բարկացած ժամանակ նա անտանելի բծախնդիր էր դառնում եւ ամեն ինչի վրա խոսում էր:
Առաջին տիկինը չէր սխալվում, նախագահը իրոք թմրանյութի ազդեցության տակ էր, սակայն նրա հոգեվիճակը թմրանյութի ազդեցության արդյունք չէր, այլ ճիշտ հակառակը` նախագահը թմրանյութ էր օգտագործել այդ հոգեվիճակից ազատվելու համար, սակայն այդ միջոցառումը ապարդյուն էր անցել:
Ամեն ինչ սկսվել էր 5 օր առաջ, մի անմեղ, նույնիսկ զավեշտական երազով, որին նախագահը առանձնապես ուշադրություն չէր դարձրել: Երազում մեռյալները պաշարել էին նախագահական նստավայրը եւ բողոքի ցույց էին անում: Առավոտյան նախագահը կարողացավ նույնիսկ մտաբերել այն պաստառների գրությունները, որոնք պարզել էին նրանք. «Պահանջում ենք սոցիալական արդարություն գերեզմանոցներում», «Հավասար իրավունքներ` միանման տապանաքարեր եւ գերեզմանաքարեր», «Դադարեցրեք օբյեկտների աղմուկը, մի խանգարեք ննջեցյալների քունը», «Հիշիր, վաղ թե ուշ մեր մոտ ես գալու» եւ այլն: Հաջորդ օրը երազը կրկնվեց, բայց այս անգամ մեռյալներին միացել էին նաեւ երկրից բացակայող քաղաքացիները` գաղթականները, խոպանչիները, տարբեր եվրոպական երկրներում` որպես փախստական հանձնվածները: Նրանք մեռյալներից պակաս ագրեսիվ չէին գոռում իրենց պահանջները, իսկ ձեռքներին պարզել էին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Փող չուղարկենք` սովից կսատկեք», «Հոգնել ենք ասֆալտ փռելուց», «Պահանջում ենք աշխատանք հայրենիքում» եւ նույնիսկ` «Հանեք մեզ ընտրացուցակներից»: Եթե նախորդ օրը երազը զավեշտ էր թվացել, որ կարելի էր մի օր, ինչ-որ խնջույքի սեղանի շուրջ պատմել ու ծիծաղել, ապա այս անգամ երազը անհանգստություն էր պատճառել: Նախագահը դա վերագրել էր մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրությունների պատճառած սթրեսին ու գերհոգնածությանը եւ մտածել, որ պետք է կտրվել գաղջ մթնոլորտից, ազատ ժամանակ գտնել ու թեկուզ մեկ շաբաթով մեկնել արտասահման հանգստանալու: Երրորդ օրը նախագահը նույն երազը տեսել էր արթուն ժամանակ, նախագահական նստավայրի իր պատուհանից: Դա այնքան արտառոց բան էր, որ նախագահը կորցրել էր ինքնատիրապետումը եւ նույնիսկ ցանկացել էր աշխատակազմի ղեկավարին իր մոտ հրավիրել եւ ուղարկել լսելու նրանց պահանջները, բայց արագ սթափվել էր. միայն դա էր պակաս, որ իրեն խելագարի տեղ դնեն:
Չորրորդ օրը նրանք հայտնվել էին այն ժամանակ, երբ նախագահը կոռումպացված կառավարության անդամների հետ հերթական հակակոռուպցիոն խորհրդակցությունն էր անցկացնում «ատկատների» թեմայով: Նրանք լուռ կանգնել էին խորհրդակցությունների սրահի դռների մոտ եւ պարզել էին մի պաստառ, որի վրա գրված էր, թե պահանջում են հանդիպել իրենց պատվիրակների հետ եւ լսել իրենց պահանջները: Նախագահը արագ ավարտել էր խորհրդակցությունը եւ փախուստի էր դիմել խորհրդակցությունների սրահից:
Իսկ այդ օրը, այդ չարաբաստիկ օրը նրանք բոլորովին լկտիացել էին եւ ներս էին խուժել նախագահական նստավայրի աշխատասենյակ:
– Եկել եք, որ ի՞նչ անեք,- գոռացել էր նախագահը:
– Տեսա՞ր խիարը ոնց թարս բսնեց,- պատասխանել էր նրանցից մեկը եւ խմբով հռհռացել էին:
– Քեզ համար նամակ ունենք, պարոն նախագահ:
– Ես ձեր նախագահը չեմ,- ասել էր նախագահը:
– Չէ,- ասել էր մի ուրիշ մեռյալ, որի դեմքը նախագահին ծանոթ էր, բայց չէր կարողանում մտաբերել, թե ով է եւ երբ է մեռել,-դու հենց մեր նախագահն ես, մեր օրինակարգ նախագահը: Հարցրու քո ենթականերին, հարցրու՝ իրական քաղաքացինե՞րն են քեզ ընտրել, թե՞ մենք:
Նրանք ծրարով նամակը հանձնել էին նախագահին, ավելի ստույգ` դրել էին աշխատասեղանին եւ չքացել: Այստեղ էլ նախագահի ջղերը տեղի էին տվել եւ նա չհրկիզվող պահարանի միջից հանել էր թմրանյութի բաժինը ու երկարատեւ դադարից հետո նորից թմրանյութ օգտագործել, ինչից հետո մի փոքր ուշքի էր եկել , իր մոտ հրավիրել ընտրությունների պատասխանատուներին, բոլոր ընտրակեղծարարներին եւ պահանջել հստակ եւ կոնկրետ պատասխանել, թե որքան են կեղծել երկրից բացակայողների ու մեռյալների հաշվին: Պատասխանը հուսադրող չէր եղել` նա նախագահ էր դարձել հենց նրանց ձայների շնորհիվ:
Իր տան աշխատասենյակի պատուհանի մոտ նախագահը երկար նստեց: Թարմ օդը չէր օգնում ձերբազատվել սեւեռուն մտքերից: Գիշերվա չարագուշակ լռությունը եւ լիալուսնի մոգական փայլը սնուցում էին իր ներսի սարսափները: Երբեմն նախագահին թվում էր, որ այս ամբողջը երազ է, մղձավանջ, որ կվերջանա լուսաբացի հետ, բայց այդ պահերին հիշում էր ծոցագրպանի մեջ տեղ գտած նամակի մասին եւ նորից հուսահատության եզրին էր հասնում: Երբեմն գլխում մի ապրեցնող ենթադրություն էր առկայծում, որ սեղանին դրված ծրարով նամակը, որ ծոցագրպանն էր դրել, ինչ-որ մեկի չար կատակն է, իսկ մնացածը իր վառ երեւակայության արդյունքը: Հազար ու մի բան էր անցնում նախագահի մտքով, բայց մի բան նրա համար պարզ էր, որ ինքը չի համարձակվելու, չի համարձակվելու ձեռքը գրպանը տանել, հանել նամակը եւ կարդալ, որովհետեւ դա կնշանակեր` ընդունել այդ իրականությունը, եւ որովհետեւ ինչ էլ գրված լիներ այնտեղ, ինչ խելահեղ պահանջ էլ դրված լիներ իր առջեւ, ինքը կատարելու էր, քանի որ հաշվետու էր նրանց առջեւ, քանի որ նրանց նախագահն էր: