Մանուել Ռիվաս

Մանուել Ռիվաս / Թիթեռների լեզուն

«Հը՞, Ծիտո: Հուսով եմ, որ այս տարի վերջապես կկարողանանք տեսնել թիթեռների լեզուն»:
Ուսուցիչը վաղուց էր սպասում, որ մանրադիտակ ուղարկեին ժողկրթբաժնին: Այնքան էր մեզ պատմել, թե ինչպես են մանր ու անտեսանելի առարկաները մեծանում այդ սարքի տակ, որ մենք՝ երեխաներս, արդեն իրոք տեսնում էինք այդ առարկաները, կարծես նրա խանդավառ խոսքերը հզոր ոսպնյակների դեր կատարեին:
«Թիթեռի լեզուն ժամացույցի զսպանակի նման պարուրաձև խողովակ է: Երբ որևէ ծաղիկ գրավում է թիթեռին, նա ուղղում է լեզուն, մտցնում ծաղկեպսակի մեջ, որպեսզի ծծի նեկտարը: Երբ խոնավ մատը տանում եք շաքարամանին, չէ՞ որ արդեն բերանի մեջ զգում եք քաղցրությունը, կարծես մատի ծայրը լեզվի ծայրը լինի: Ահա այդպիսին է թիթեռի լեզուն»:
Եվ մենք բոլորս նախանձում էինք թիթեռներին: Ի՜նչ հրաշալի է. ճախրելով շրջել աշխարհը, նրանց տոնական զգեստները հագած, և կանգ առնել ծաղիկների վրա, որոնք ասես օշարակով լեցուն տակառների մառաններ լինեն:
Ես շատ էի սիրում այդ ուսուցչին: Սկզբում ծնողներս չէին կարողանում հավատալ դրան: Ուզում եմ ասել, որ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես եմ ես սիրում իմ ուսուցչին: Երբ շատ փոքր էի, դպրոցն ինձ համար ահեղ սպառնալիք էր, բառ, որ ուռենու ճիպոտի պես մտրակում էր օդը:
«Ա՛յ, դպրոց կգնաս, հետո կտեսնես»:
Իմ քեռիներից երկուսը, ինչպես շատ-շատ այլ պատանիներ, Ամերիկա էին գաղթել, որպեսզի որպես նորակոչիկ չգնան Մարոկկոյի պատերազմին: Ես նույնպես երազում էի Ամերիկա գաղթել, որպեսզի դպրոց չգնամ: Եվ իրոք այնպիսի դեպքեր էին պատահում, որ երեխաները լեռներն էին փախչում այդ տառապանքից փրկվելու համար: Երկու-երեք օր հետո սարսափած ու կարկամած, իբրև դասալիքներ հայտնվում էին Գայլաձորից:
Ես շուտով վեց տարեկան էի դառնալու, և բոլորն ինձ Ծիտո էին ասում: Իմ տարիքի մյուս երեխաներն արդեն աշխատում էին: Իսկ իմ հայրը դերձակ էր, ո՛չ հող ուներ, ո՛չ անասուն: Նա գերադասում էր, որ ես հեռու լինեի, քան ոտքի տակ ընկնեի կարի փոքրիկ արհեստանոցում: Այդպես օրվա մեծ մասն անց էի կացնում Բարդիների պուրակում թրև գալով, և Կորդեյրոն՝ աղբ և չորացած տերևներ հավաքողը, ինձ մականուն դրեց. «Ոնց որ ծիտ լինես»:
Երևի երբեք այնքան չեմ վազվզել, որքան իմ դպրոց ընդունվելուն նախորդող ամռանը: Խենթի պես վազվզում էի, երբեմն դուրս գալիս պուրակի սահմաններից և ավելի հեռու գնում՝ հայացքս հառած Սինաի կոչվող լեռան գագաթին՝ երազելով, որ մի օր թևեր կառնեմ և Բուենոս Այրես կհասնեմ: Սակայն այդպես էլ երբեք այդ խորհրդավոր սարից այն կողմ չանցա:
«Ա՛յ, դպրոց կգնաս, հետո կտեսնես»:
Հայրս պատմում էր, թե ինչ տանջալից բան էր այն մեթոդը (կարծես ձեռքով քաշեին-պոկեին իր նշագեղձերը), որով ուսուցիչն իրենց խոսքից արմատախիլ էր անում հ-երով խոսելը, որպեսզի չասեն հլուխ, հահաթ, այհի, ահռավ : «Ամեն առավոտ մենք պետք է արտասանեինք «Գվադալախարայի գառների հոտը գարնանը արոտ է գնում» նախադասությունը: Քանի՜ անգամ ենք ծեծ կերել Հվադալագարա ասելու մեղքի համար»: Եթե հայրս իսկապես կամենում էր վախ ներշնչել ինձ, ապա դա հաջողվեց նրան: Դպրոց գնալու նախորդ գիշերը չքնեցի: Անկողնում կուչ եկած՝ դատապարտվածի անձկությամբ լսում էի ճաշասենյակի պատի ժամացույցի տկտկոցը: Օրը բացվեց մսագործի գոգնոցի դաժան իրատեսությամբ: Սուտ ասած չէի լինի, եթե ծնողներիս ասեի, որ հիվանդ եմ:
Վախը մկան նման կրծում էր ներսս:
Եվ ես տակս թրջեցի: Միզեցի ոչ թե անկողնում, այլ` դպրոցում:
Շատ լավ եմ հիշում: Շատ տարիներ են անցել, իսկ ես դեռ զգում եմ ոտքերիս վրայով հոսող տաք ու ամոթալի հեղուկը: Գլուխս կախ նստել էի վերջին նստարանին այն հույսով, որ ոչ ոք չի նկատի իմ ներկայությունը, մինչև կարողանամ դուրս գալ և գնալ թռվռալու Բարդիների պուրակում:
– Հապա, Դուք, ոտքի կանգնեք:
Ճակատագիրը միշտ էլ նախազգուշացնում է: Աչքերս վեր բարձրացրի և սոսկումով տեսա, որ կարգադրությունն ինձ է ուղղված: Այդ սողունի պես այլանդակ ուսուցիչը քանոնով ինձ էր ցույց տալիս: Քանոնը փայտյա փոքրիկ քանոն էր, բայց իմ աչքին տեգ երևաց:
– Ի՞նչ է Ձեր անունը:
– Ծիտո:
Երեխաները քրքջացին: Ինձ թվաց, թե կաղնու ճիպոտով խփում են ականջներիս:
– Ծիտո՞:
Ոչինչ չէի հիշում, նույնիսկ անունս: Այն ամենն, ինչ ես եղել էի մինչ այդ, թռել էր գլխիցս: Ծնողներս երկու աղավաղված պատկերներ էին, որոնք մթագնում էին հիշողությանս մեջ: Նայեցի դռան կողմը՝ անձկորեն փնտրելով Բարդիների պուրակի ծառերը:
Եվ հենց այդ ժամանակ միզեցի տակս:
Երբ մյուս երեխաները գլխի ընկան, թե ինչ կատարվեց, քրքիջն ավելի սաստկացավ և ականջներիս մեջ արձագանքեց իբրև մտրակի հարվածներ:
Ես դուրս փախա: Թևերս բացած սկսեցի վազել խենթի պես: Վազում էի, վազում, ինչպես միայն երազներում են վազում, երբ ետևիցդ Մեշոկ Պապն է ընկնում: Համոզված էի, որ ուսուցիչը հենց այդպես էլ վարվում է՝ իմ ետևից է ընկել: Նրա և բոլոր երեխաների շնչառությունն էի զգում ծոծրակիս, ինչպես շների ոհմակի շնչառությունն աղվեսի որսի ժամանակ: Բայց երբ հասա բացօթյա համերգասրահի բեմին և ետ նայեցի, տեսա, որ ոչ ոք չի հետապնդում ինձ, և ես մեն-մենակ եմ իմ վախի հետ՝ քրտինքի ու մեզի մեջ կորած: Բեմը դատարկ էր: Կարծես թե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ինձ, բայց ես այնպիսի զգացում ունեի, թե ամբողջ ավանը դարան է մտել, և տասնյակ զննող աչքեր լուսամուտների ետևից լրտեսում են ինձ, և բամբասկոտ լեզուները չէին հապաղելու լուրը ծնողներիս հասցնել: Իմ փոխարեն ոտքերս որոշում ընդունեցին: Մինչ այդ պահն անծանոթ մի վճռականությամբ քայլեցին դեպի Սինաի լեռը: Այս անգամ գնալու էի մինչև Կորունյա, առանց տոմսի գաղտնի նստեի Բուենոս Այրես գնացող նավերից մեկը:
Սինաիի գագաթից ծովը չէր երևում, երևում էր մեկ այլ՝ է՛լ ավելի բարձր լեռ՝ անմատչելի ամրոցի աշտարակների նմանվող կտրտված ժայռաբեկորներով: Այժմ զարմանքի և թախծի խառը զգացումով եմ հիշում այն, ինչ ինձ հաջողվեց անել այդ օրը: Սարի գագաթին մեն-մենակ, աստղազարդ երկնքի տակ նստել էի քարե գահիս, մինչդեռ հովտում լուսատտիկների նման շարժվում էին մարդիկ, որոնք ջահերով դուրս էին եկել ինձ որոնելու: Շների ոռնոցը թամբած՝ իմ անունը ճեղքում-անցնում էր գիշերվա միջով: Ես հուզված չէի: Կարծես հատած լինեի վախի սահմանը: Եվ դրանից էր, որ ո՛չ լաց եղա, ո՛չ դիմադրեցի, երբ Կորդեյրոյի ամրակազմ ստվերը հայտնվեց կողքիս: Նա ինձ փաթաթեց իր բաճկոնի մեջ և գիրկն առավ: «Հանգիստ, Ծիտո, ամեն ինչ անցավ»:
Այդ գիշեր քնեցի անմեղ հրեշտակի պես, մորս ամուր հպված: Ոչ ոք ինձ չհանդիմանեց: Հայրս մնացել էր խոհանոցում և լուռ ծխում էր՝ արմունկները մոմլաթե սփռոցին հենած, ծխախոտի քնթուկները դիզելով ծովախեցե մոխրամանի մեջ, այն ժամանակվա նման, երբ տատիկս էր մահացել:
Այն զգացումն ունեի, որ մայրս ամբողջ գիշեր բաց չէր թողել ձեռքս: Այդպես ձեռքս բռնած էլ (ինչպես զամբյուղն են տանում) նա ինձ դպրոց վերադարձրեց: Եվ այդ ժամանակ առաջին անգամ հանգիստ սրտով կարողացա ուշադիր նայել ուսուցչին: Նա դոդոշի դեմք ուներ:
Դոդոշը ժպտում էր: Մտերմաբար կսմթեց այտս: «Ինձ դուր է գալիս այդ անունը, Ծիտո»: Եվ այդ կսմթոցը սրճահամ քացրավենքի պես այրեց այտս: Հավատս չեկավ, երբ նա քար լռության մեջ ձեռքս բռնած ինձ տարավ դեպի իր սեղանը և նստեցրեց իր աթոռին.
– Մենք նոր դասընկեր ունենք: Բոլորս շատ ուրախ ենք, ծափահարություններով դիմավորենք նրան:
Կարծեցի, թե հիմա նորից կմիզեմ տաբատիս մեջ, բայց զգացի, որ միայն աչքերս են խոնավանում:
– Շատ լավ, իսկ հիմա նոր պոեմ ենք սկսում: Ու՞մ հերթն է: Ռոմուալդոյի՞: Մոտ արի, Ռոմուալդո: Գիտես, չէ՞, առանց շտապելու և բարձր ձայնով:
Ռոմուալդոյի կարճ տաբատը ծիծաղելի էր նստում նրա վրա: Ոտքերը թուխ էին, շատ երկար, ծնկները՝ վերքերով պատված:

Մռայլ ու պաղ երեկո ձմեռվա:

– Մի րոպե, Ռոմուլդո, ի՞նչ ես արտասանելու:
– Բանաստեղծություն, պարոն:
– Իսկ ի՞նչ է վերնագիրը:
– «Մանկության հուշեր»: Հեղինակը դոն Անտոնիո Մաչադոն է:
– Շատ լավ, Ռոմուալդո, շարունակիր: Հանգիստ և բարձրաձայն: Ուշադրություն դարձրու առոգանությանը:
Այդ Ռոմուալդոն, որին ես ճանաչում էի որպես անանասի պարկեր տեղափոխող Ալտամիրա թաղամասի երեխա, մանրած թութուն օգտագործող հին ծխողի նման մաքրեց կոկորդը և աներևակայելի զրգուն ձայնով, որ թվում էր, թե Մանոլո Սուարեսի՝ Մոնտեվիդեոյի իսպանացի հարուստ վտարանդիի ռադիոյից է դուրս գալիս, արտասանեց.

Մռայլ ու պաղ երեկո ձմեռվա:
Դաս է դպրոցում: Միալար
անձրև ապակուց անդին:
Դասարան ահա: Պատին մի նկար,
որ պատկերում է
Կայենին փախած և
կարմիր արյան լճակի կողքին
Աբելին սպանված …

– Ապրե՛ս: Իսկ ի՞նչ է նշանակում միալար անձրև, Ռոմուալդո, – հարցրեց ուսուցիչը:
– Որ նորից է գալիս արդեն թաց գետնին, դոն Գրեգորիո:

– Աղոթք ասե՞լ ես, – հարցրեց մայրս՝ օրվա ընթացքում հորս կարած հագուստն արդուկելիս:
Խոհանոցում ընթրիքի կաթսան բազուկի մատղաշ թևերի դառնահամ բույր էր արձակում:
– Այո՛, – պատասխանեցի ոչ այնքան վստահ, – Աբելի և Կայենի մասին մի բան:
– Դա լավ է, – ասաց մայրս, – չգիտեմ, թե էդ ինչու՞ են ասում, թե նոր ուսուցիչն աթեիստ է:
– Իսկ ի՞նչ բան է աթեիստը:
– Աթեիստը նա է, ով ասում է, թե Աստված չկա:
Մայրս ձեռքը դժգոհ թափ տվեց և արդուկը եռանդով սահեցրեց տաբատի ծալքերի վրայով:
– Հայրիկն աթեի՞ստ է:
Մայրիկը ցած դրեց արդուկը և ինձ նայեց սևեռուն.
– Հայրիկն ինչու՞ պետք է աթեիստ լինի: Ինչպե՞ս է մտքովդ անցնում այդպիսի հիմար հարց տալ:
Ես շատ էի լսել, թե ինչպես է հայրս հայհոյում Աստծուն: Բոլոր տղամարդիկ էլ հայհոյում էին: Երբ գործերը վատ էին գնում, թքում էին հատակին և Աստծու հասցեին հայհոյանքներ նետում: Երկու բան էին ասում. «Թքա՛ծ ունեմ Աստծու վրա», «Թքա՛ծ ունեմ սատանայի վրա»: Ինձ թվում էր, որ միայն կանայք էին իսկապես հավատում Աստծուն:
– Իսկ սատանա՞ն: Սատանա կա՞:
– Իհա՛րկե կա:
Ջրի եռալուց կաթսայի կափարիչը պար էր գալիս, և բացուխուփ լինող ճեղքից գարշահոտ գոլորշի ու փրփրականաչ լորձունք էր դուրս գալիս: Մի գիշերաթիթեռ էր թռվռում առաստաղին, հյուսկեն լարից կախված լամպի շուրջը: Մայրս խոժոռված էր, ամեն անգամվա պես, երբ ստիպված էր լինում արդուկ անել: Նրա դեմքը լարվում էր, երբ արդուկով գիծ էր գցում տաբատների փողքերին: Բայց հիմա մեղմ ու փոքր-ինչ թախծոտ տոնով էր խոսում, կարծես անօգնական մեկի հետ խոսելիս լիներ:
– Սատանան հրեշտակ է եղել, բայց հետո չար է դարձել:
Թիթեռը դիպավ լամպին, լամպը թեթևակի տարուբերվեց և աղավաղեց ստվերները:
– Այսօր մեր ուսուցիչն ասաց, որ թիթեռները նույնպես լեզու ունեն, շատ բարակ ու երկար լեզու, որը ժամացույցի զսպանակի նման փաթաթած են պահում: Մեզ ցույց է տալու մի սարքով, որը Մադրիդից պետք է ուղարկեն: Բայց հնարավո՞ր բան է, որ թիթեռները լեզու ունենան:
– Եթե նա ասում է, ուրեմն՝ ճիշտ է: Շատ բաներ կան, որ անհավանական են թվում, բայց իրական են: Հավանեցի՞ր դպրոցը:
– Շա՜տ: Համ էլ չի ծեծում: Մեր ուսուցիչը չի ծեծում:
Այո, ուսուցիչ դոն Գրեգորիոն չէր ծեծում: Ընդհակառակը, համարյա միշտ ժպտում էր իր դոդոշային դեմքով: Երբ դասամիջոցին երկու հոգի կռվում էին, նրանց կանչում էր, ասում՝ «ոնց որ այծուկներ լինեք» և ստիպում, որ միմյանց ձեռք սեղմեն: Այնուհետև նստեցնում էր նույն նստարանին: Այդպես էի ծանոթացել իմ լավագույն ընկերոջ՝ խոշոր, բարեհոգի և ծանրաշարժ Դոմբոդանի հետ: Մի ուրիշ տղա էլ կար՝ Էլադիոն. նրա այտին մի խալ կար, որը ես հաճույքով կճանկռեի, բայց երբեք չեմ արել այդ բանը՝ վախենալով, որ ուսուցիչն ինձ կկարգադրի սեղմել նրա ձեռքը և տեղս կփոխի, կտանի Դոմբոդանի մոտից: Միակ ձևը, որով ուսուցիչը ցույց էր տալիս, որ զայրացած է, լռությունն էր: «Եթե դուք չլռեք, ստիպված կլինեմ լռել ես»: Եվ Սինաիում մոլորված, բացակա հայացքով ուղղվում էր դեպի դուռը: Երկարատև, սիրտը տակնուվրա անող լռություն էր դա, կարծես մեզ լքած լիներ օտար մի երկրում: Ես շատ շուտ հասկացա, որ ուսուցչի լռությունն ամենածանր պատիժն էր, որ կարելի էր երևակայել, որովհետև ամեն բան, ինչի մասին նա խոսում էր, դյութիչ հեքիաթ էր: Հեքիաթն այդ կարող էր սկսվել մի թղթի թերթով՝ Ամազոն գետով և սրտի սիստոլայի ու դիաստոլայի միջով անցնելուց հետո: Նա ամեն բան կապում էր իրար, ամեն բան իմաստ ուներ. խոտը, բուրդը, ոչխարը, իմ մրսելը: Երբ ուսուցիչը մոտենում էր աշխարհի քարտեզին, մենք այնքան ուշադիր էինք հետևում, ասես Ռեքս կինոթատրոնի էկրանն էր լուսավորվել: Զգում էինք այն սարսափը, որ հնդկացիներն են ապրել, երբ առաջին անգամ ձիու խրխինջ ու հրացանի ճայթյուն են լսել: Կարթագենցի Հաննիբալի փղերի մեջքին նստած՝ Ալպերի ձյուների միջով Հռոմի ճամփան էինք բռնում: Պոնտե Սամպայոյում փայտ ու քար առած պայքար էինք մղում Նապոլեոնի զորքերի դեմ: Բայց միայն պատերազմներ չէին: Մանգաղ ու գութան էինք սարքում Ինսիոյի դարբնոցներում: Սիրային բանաստեղծություններ էինք գրում Պրովենսայում ու Վիգո ծովում: Փառքի Դարպասն էինք կառուցում: Ամերիկայից բերված կարտոֆիլն էինք ցանում և Ամերիկա գաղթում կարտոֆիլի համաճարակի ժամանակ:
– Կարտոֆիլն Ամերիկայից են բերել, – ասացի մորս ճաշի ժամին, երբ նա ափսեն դիմացս դրեց:
– Ինչու՞ պիտի Ամերիկայից բերեին: Կարտոֆիլը միշտ էլ եղել է, – առարկեց մայրս:
– Ո՛չ, առաջ շագանակ էին ուտում: Եգիպտացորենը նույնպես Ամերիկայից են բերել:
Առաջին անգամն էր, որ հստակ գիտակցում էի, որ ուսուցչի շնորհիվ այնպիսի կարևոր բաներ գիտեի մեր աշխարհի մասին, որ ծնողներս չգիտեին:
Սակայն դպրոցի ամենահրաշալի պահերն այն ժամանակ էին լինում, երբ ուսուցիչը կենդանիների մասին էր խոսում. ջրային սարդերը ստորջրյա աշխարհն էին ստեղծում, մրջյունները հսկում էին նախիրը, որը կաթ ու գլյուկոզա է տալիս և սունկ աճեցնում:
Ավստրալիայում մի թռչուն կար, որը բույսերի պիգմենտներից յուղաներկանման մի բան էր պատրաստում և երփներանգ ներկում իր բույնը: Երբեք չեմ մոռանա: Տիլոնոռինկո էր անունը: Արուն խոլորձ էր դնում նոր բնի մեջ, որպեսզի գրավի էգին:
Այնքան մեծ էր իմ հետաքրքրությունը, որ ես դոն Գրեգորիոյի միջատներ մատակարարողը դարձա, և նա համարեց, որ ես ամենալավ աշակերտն եմ: Շաբաթ, կիրակի կամ տոնական օրեր էին լինում, երբ նա գալիս էր մեր տուն, և մենք միասին էքսկուրսիայի էինք գնում: Շրջում էինք գետի ափին, ձորերում ու անտառներում, բարձրանում էինք Սինաի սարը:
Այդ ճամփորդություններից յուրաքանչյուրն ինձ համար հայտնագործությունների ուղի էր: Ամեն անգամ վերադառնում էինք մի գանձ հետներս՝ հարցուկ, կապույտ ճպուռ, եղնիկ-բզեզ: Եվ ամեն անգամ տարբեր թիթեռներ, թեև ես միայն մեկի անունն եմ հիշում, որին ուսուցիչը ծիածան անվանեց, որը փայլփլում էր շատ գեղեցիկ գույներով՝ գոմաղբի կամ ցեխի վրա նստած:
Վերադարձի ճանապարհին երգում էինք՝ ինչպես վաղեմի ընկերներ: Երկուշաբթի օրերը դպրոցում ուսուցիչն ասում էր.
– Իսկ հիմա կխոսենք Ծիտոյի միջատների մասին:
Ծնողներիս համար ուսուցչի այդ ուշադրությունը մեծ պատիվ էր: Էքսկուրսիայի օրերին մայրս ուտելիք էր պատրաստում երկուսիս համար:
– Կարիք չկա, տիկին, ես կերած եմ գալիս, – ընդդիմանում էր դոն Գրեգորիոն, սակայն վերադարձին ասում էր. – Շնորհակալություն, տիկին, փառահեղ նախաճաշ էր:
– Համոզված եմ, որ կարիքի մեջ է, – երեկոյան ասում էր մայրս:
– Ուսուցիչներն այնքան չեն վաստակում, որքան որ պետք է վաստակեն, – վշտալի հանդիսավորությամբ ասում էր հայրս: – Նրանք հանրապետության լույսն են:
– Հանրապետությու՜ն, հա հանրապետությու՜ն: Մի տեսնենք, թե ու՜ր է հասնելու քո այդ հանրապետությունը:
Հայրս հանրապետական էր, մայր՝ ոչ: Ուզում եմ ասել, որ մայրս ամեն օր պատարագի գնացողներից էր, իսկ հանրապետականները որպես եկեղեցու թշնամիներ էին հանդես գալիս: Ծնողներս աշխատում էին չվիճել իմ ներկայությամբ, բայց երբեմն ես նրանց բռնում էի վիճելիս:
– Ի՞նչ ունես «Սխրանք» կուսակցության դեմ: Էդ ձեր գլուխները յուղող քահանայի գործերն են, հա՜:
– Ես պատարագի գնում եմ աղոթելու համար, – ասում էր մայրս:
– Դու՝ այո, բայց քահանան՝ ոչ:
Մի օր, երբ դոն Գրեգորիոն եկավ իմ ետևից, որ գնանք թիթեռ հավաքելու, հայրս նրան ասաց, որ եթե չի առարկում, ինքը կցանկանար նրա չափերը վերցնել, որ կոստյում կարի:
– Կոստյու՞մ:
– Դոն Գրեգորիո, խնդրում եմ, վատ մի՛ ընդունեք: Ես ինչ-որ կերպ հարգանքս եմ ցանկանում արտահայտել Ձեր նկատմամբ, և միակ բանը, որ կարող եմ անել, կոստյում կարելն է:
Ուսուցիչը շփոթված շուրջը նայեց:
– Դա իմ արհեստն է, – ժպտալով ասաց հայրս:
– Ես բարձր եմ գնահատում արհեստը, – ի վերջո արտաբերեց ուսուցիչը:
Մի կլոր տարի դոն Գրեգորիոն հագավ այդ կոստյումը, և նույն կոստյումն էր հագին 1936 թվականի հուլիսյան այն օրը, երբ քաղաքապետարանի ճանապարհին պատահաբար հանդիպեցինք իրար Բարդիների պուրակում:
– Հը՞, ի՞նչ կա, Ծիտո: Տեսնենք այս տարի վերջապես կկարողանա՞նք տեսնել թիթեռների լեզուն:
Տարօրինակ բան էր կատարվում: Թվում էր բոլորը շտապում են, բայց տեղից չեն շարժվում: Ովքեր առաջ էին նայում, ետ էին շրջվում: Ովքեր աջ կողմ էին նայում, ձախ էին թեքվում: Կորդեյրոն՝ աղբ ու չորացած տերևներ հավաքողը, նստել էր բացօթյա համերգասրահի բեմի մոտ գտնվող մի նստարանի: Կորդեյրոյին երբեք չէի տեսել նստարանին նստած: Նա ձեռքը հովարի նման ճակատին դրած՝ վերև էր նայում: Երբ Կորդեյրոն նայում էր այդպես, և թռչունները լռում էին, ուրեմն փոթորիկ էր սպասվում:
Մոտոցիկլետի հռնդյուն լսեցի: Պարեկ էր՝ ետևի նստատեղին դրոշակ ամրացրած: Անցավ քաղաքապետարանի առջևով և նայեց սյունաշարի տակ հուզված զրուցող մարդկանց: Նա «Առա՜ջ, Իսպանիա» գոչեց և մոտոցիկլետը նորից պոկեց տեղից՝ հռնդյունի մի շարան թողնելով ետևում:
Մայրերը սկսեցին ձայն տալ իրենց երեխաներին: Մեր տանը, թվում էր, թե կրկին տատիկս է մահացել: Հայրս մոխրամանի մեջ ծխախոտի քնթուկներ էր դիզում, մայրս լալիս էր և անիմաստ շարժումներ անում. բաց էր անում ջրի ծորակը և լվանում մաքուր ափսեները, տեղավորում կեղտոտները:
Դուռը թակեցին, ծնողներս անհանգիստ դռան բռնակին նայեցին: Ամելիան էր՝ հարևանուհին, որ Իսպանիայից եկած և Ամերիկայում հարստացած Սուարեսի տանն էր աշխատում:
– Գիտե՞ք, թե ինչ է կատարվում: Կորունյայում զինվորականները պատերազմական վիճակ են հայտարարել: Կառավարության դեմ են ելել:
– Տե՜ր Աստված, – խաչակնքեց մայրս:
– Իսկ այստեղ, – ցածրաձայն շարունակեց Ամելիան, կարծես պատերը կարող էին լսել, – ասում են, թե քաղաքապետը կանչել է կարաբիներների կապիտանին, իսկ նա կարգադրել է պատասխան տանել, թե հիվանդ է:
Հաջորդ օրն ինձ թույլ չտվեցին փողոց դուրս գալ: Դուրս էի նայում պատուհանից, և անցորդներն ինձ կուչ եկած ստվերներ էին թվում, ասես հանկարծակի վրա էր հասել ձմեռը, և քամին Բարդիների պուրակից չորացած տերևների նման քշել-տարել էր ճնճղուկներին:
Մայրաքաղաքից զորքեր եկան և գրավեցին քաղաքապետարանը: Մայրս դուրս եկավ՝ պատարագի գնալու և վերադարձավ գունատ ու վշտահար, ասես ծերացած լիներ կես ժամվա մեջ:
– Ահավոր բաներ են կատարվում, Ռամոն, – հեծկլտալով ասաց հորս:
Հայրս նույնպես ծերացել էր: Շատ ավելի վատ. թվում էր, թե կորցրել է ողջ կամքի ուժը: Ընկղմվել էր բազկաթոռի մեջ և չէր շարժվում: Չէր խոսում, ուտել չէր ուզում:
– Պետք է այրել այն բոլոր իրերը, որոնք կարող են քեզ մատնել, Ռամոն: Թերթերը, գրքերը, ամե՛ն ինչ:
Այդ օրերին մայրս նախաձեռնությունն իր ձեռքն առավ: Մի առավոտ ստիպեց, որ հայրս կարգի բերի իրեն, և իր հետ պատարագի տարավ նրան: Երբ վերադարձան, ասաց ինձ.
– Վեր կաց, Մոնչո, Բարդիների պուրակ ես գալու մեզ հետ:
Տոնական զգեստներ բերեց ինձ համար, և մինչ օգնում էր փողկապս կապել, խիստ ձայնով ասաց.
– Հիշի՛ր, Մոնչո, հայրիկը հանրապետական չի՛ եղել: Հայրիկը քաղաքապետի բարեկամը չի՛ եղել: Հայրիկը քահանաների մասին վատ բան չի՛ ասել: Եվ մյուս կարևոր բանը՝ հայրիկն ուսուցչին կոստյում չի՛ նվիրել:
– Բայց չէ՞ որ նվիրել է:
– Ո՛չ, Մոնչո, չի՛ նվիրել: Լավ հասկացա՞ր՝ չի՛ նվիրել:
– Այո՛, մայրիկ, չի նվիրել:
Բարդիների պուրակում շատ մարդ կար, բոլորը կիրակնօրյա զգեստներով: Գյուղերից նույնպես մի քանի խմբեր էին իջել՝ սգո զգեստ հագած կանայք, թիկնոցով ու գլխարկով ծեր գյուղացիներ, սարսափահար տեսքով երեխաներ, որոնց կապույտ վերնաշապիկով և գոտկատեղին ատրճանակ կրող մի քանի տղամարդ էր առաջնորդում: Զինվորների երկու շարք միջանցք էր բացել քաղաքապետարանի շքասանդուղքից մինչև բեռնատարները, որոնց մեծ տոնավաճառներում անասուններ տեղափոխելու համար օգտագործվող պարուսինածածկ կցասայլակներ էին միացրած: Սակայն պուրակում տոնավաճառային եռուզեռ չէր տիրում, այլ՝ Զատկի պատարագին հատուկ ծանր լռություն: Մարդիկ միմյանց չէին ողջունում: Թվում էր նույնիսկ, թե չեն ճանաչում իրար: Ամբողջ ուշադրությունը քաղաքապետարանի դռանն էր գամված:
Մի պարեկ կիսաբաց արեց դուռը և աչքի անցկացրեց բազմությանը: Այնուհետև լրիվ բաց արեց դուռը և մի շարժում արեց ձեռքով: Շենքի խավար մուտքից այլ պարեկների հսկողությամբ դուրս եկան ձերբակալվածները: Ձեռ ու ոտ շղթայված՝ նրանք քայլում էին լուռ ու մունջ: Ոմանց անունները չգիտեի, բայց բոլոր այդ դեմքերը ծանոթ էին ինձ՝ քաղաքապետը, արհմիութենականները, «Փառավոր բանվոր» և «Չառլի» գրական ընկերությունների գրադանավարը, «Արև և կյանք» նվագախմբի մեներգիչը, որին Հերկուլես էին կոչում, Դոմբոդանի հայրը… Իսկ շղթայի վերջում՝ ուսուցիչը՝ դոդոշի նման կուզիկ ու այլանդակ:
Հատուկենտ հրամաններ ու բղավոցներ լսվեցին, որոնք ճայթակի նման արձագանքեցին պուրակում: Կամաց-կամաց բազմության մեջ շշուկներ տարածվեցին, որոնք վերջում անարգանքի խոսքեր դարձան. «Դավաճաննե՛ր, հանցագործնե՛ր, կարմիրնե՛ր»:
– Դու էլ գոռա, Ռամո՛ն, Աստծու սիրուն, գոռա՛: – Մայրս թևից բռնած տանում էր հորս, կարծես ամբողջ ուժով պահեր նրան, որ նա ուշաթափ չընկնի: – Թող տեսնեն, որ գոռում ես, Ռամո՛ն, թող տեսնեն, որ գոռում ես:
Եվ այդ պահին լսեցի, թե ինչպես էր հայրս նվազ ձայնով ասում «դավաճաննե՛ր»: Իսկ հետո ավելի ու ավելի բարձր՝ «Հանցագործնե՛ր, կարմիրնե՛ր»: Նա բաց թողեց մորս թևը և ավելի մոտեցավ զինվորների շարքին՝ կատաղի հայացքը դեպի ուսուցիչը դարձրած.
– Մարդասպա՛ն: Անարխի՛ստ: Մանկակե՛ր:
Հիմա արդեն մայրս էր աշխատում կանգնեցնել նրան, ծածուկ քաշում էր պիջակից: Բայց հայրս կորցրել էր իրեն.
– Տակա՛նք: Շա՛ն որդի:
Երբեք չէի լսել, որ նա որևէ մեկին այդպիսի բաներ ասած լիներ, նույնիսկ ֆուտբոլային դատավորին՝ խաղադաշտում:
– Նրա մայրը մեղք չունի, չէ՞, Մոնչո, հիշիր դա: – Իսկ հիմա արդեն խելքը թռցրած շրջվում էր իմ կողմը և հրահրում արցունքներով լի, արնակալած հայացքով: – Դու՛ էլ գոռա, Մոնչինյո, դու նույնպես գոռա:
Երբ ձերբակալվածներով բեռնավորված մեքենաները պոկվեցին տեղից, ես մեկն էի այն երեխաներից, ովքեր քարեր նետելով վազում էին նրանց ետևից: Հուսահատ փնտրում էի ուսուցչի դեմքը, որպեսզի «դավաճան և հանցագործ» կոչեմ նրան, սակայն շարասյունը հեռվում արդեն փոշու ամպ էր դարձել, և ես, Բարդիների պուրակի մեջտեղում կանգնած, բռունցքներս սեղմած, ի վիճակի եղա միայն կատաղությամբ շշնջալու.
– Դոդո՛շ: Տիլոնոռի՛նկո: Ծիածանաթիթե՛ռ:

Թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

Please follow and like us: