Ալիսը ոչ մի կերպ չէր կարողանում քնել, հիվանդ էր, գրիպի բարդություն էր տվել, Ալիսը հազում էր` մանավանդ գիշերները, ու ինչ-որ ստաֆիլոկոկ ուներ, ինչ-որ թանկ ու երկար բուժվող ստաֆիլոկոկ: Պառկած անիծում էր Նոր Տարին, քանի որ ի վիճակի չէր ուրախանալ` վատ էր զգում իրեն, փողերն էլ գնացել, գնում են, ու հավանաբար էլի կգնան ստաֆիլոկոկին քշելու վրա:
Խաղալով բազմոցի գոբելենի հետ, մտածում էր` երեւի թե Աստված իրեն շատ է սիրում, որ հիանալի մարդկանց է հանդիպում վերջերս, կամ էլ այդտեղ աշխատում է կարմայի օրենքը, քանի որ Ալիսը միջատներին չէր սպանում, դե, նրանց որոնք չեն վնասում մարդուն, նա բռնում էր մի բանով ու դուրս էր գցում:
Նարեկն օրինակ: Կամ այն հրաշալի մարդը` Մենուան, որ Ալիսի մասին մեծ եղբոր նման հոգ էր տանում, հենց նրա մասին կպատմեմ: Հա, մոռացա ասեմ. Ալիսը գիրք էր գրել, որի լույս տեսնելուց հետո ոչ միայն չարդարացան նրա ծնողների ահասարսուռ կանխագուշակումներն այն մասին, որ նա այդ գրքով միայն խաղք ու խայտառակ կլինի աշխարհով, այլեւ նրան նախկինում սիրող մարդիկ կսկսեն արհամարհել որպես մարդու թույլ ու ընկած տեսակ, այլեւ` Ալիսի կյանքը կտրուկ փոխվեց: Նրան չճանաչողները գրքով ճանաչեցին, հարգեցին ու սիրեցին յուր անկեղծության ու համարձակության համար եւ անվանել դա նոր գրականություն: Ալիսի մասին սկսեց խոսալ քաղաքը, նրան սկսեցին զանգել, գրել, տարբեր միաջավայրերում անծանոթ մարդիկ սկսեցին մոտենալ նրան ու ներկայանալ:
Ծնողների վախերը գուցեեւ արդարացված էին, որովհետեւ Ալիսի գրած գիրքը, որ կոչվում էր «Շշին հագած», կարող էր վանել մարդկանց, չէ՞ որ գրքի հումքն ու հիմքը սեփական կյանքն էր…
Աստծո կամոք եղավ հակառակը…
Եվ մարդիկ, հայտնվեցին նրա կողքին միայն այն պատճառով, որ Ալիսը չէր վախեցել սեփական կյանքի պատմությունը պատմելիս պատմել սեփական ոչ միայն վերելքների, այլեւ անկումների մասին ավելի շատ` ալկոհոլիզմի եւ դրա հետեւանքո «չոլերն ընկնելու» վիճակին, երբ նա թափառում էր փողոցներով խմած ու տարատեսակ արկածներ գլխին բերում` սիրելի սրճարանի մատույցներում ընկերների առջեւ փսխելուց մինչեւ սիրած մեկի տունը հարբած վիճակում չգտնելուց հետո վիրավորանքից տաքսիստի հետ սաունա գնալուն: Ճիշտ է, տաքսիստը «խոլում» միայնակ ուտում էր իր քյաբաբը, մինչ Ալիսը սաունայում իր բախտն էլ լացում ու հարբուխ քշում, իսկ հետո` երբ նա հագած-կապած դուրս եկավ, մի բաժակ կոնյակ գցեց ու ասաց`«Գնացինք», տաքսիստը շիվարել էր` սեքսի ախորժակով էր եկել: Դե. Ալիսը ինչեր ասես որ չէր անում նախկին կյանքում:
Բայց իմ այս պատմությունը գրքի մասին չի, ոչ էլ նրա բովանդակության, գիրքը կարող էր եւ չլինել, կամ կարող էր լինել երգ, կամ նկար` բայց անկեղծ: Ներեցեք շեղվելու ու «մանրանալու» համար:
Ուրեմն, օրերից մի օր, երբ Ալիսը հերթական անգամ «չոլերն էր ընկել» մեկշաբաթյա հանրախումի` «զապոյի» շրջանակներում, ու մոլոր պտտվում էր քաղաքում` չիմանալով ուր գնալ, որովհետեւ տանը չափահաս աղջիկ ուներ, որն ատում էր մորն այդ վիճակում, ու ճիշտ էր անում` ատելի էր: Ալիսը զանգ է ստանում:
– Բարեւ Ձեզ, Ալիս, Մենուան է անհանգստացնում, հիշո՞ւմ եք կարծիք էի գրել Ձեր բլոգում գրքի որոշ հատվածների մասին, Դուք ասացիք, որ ես չեմ կարող կարծիք հայտնել մի բանի մասին, որին ամբողջապես ծանոթ չեմ, ու թողել էիք Ձեր հեռախոսահամարը, խոստանալով նվիրել գիրքը: Ինչպե՞ս կարող ենք հանդիպել, ե՞րբ է Ձեզ հարմար:
– Հենց հիմա:
– Դե, մնացեք այդտեղ, որտեղ կաք, ես սեւ 24-ով գալիս եմ:
Մենուան տեսնելով աստիճաններով օրորվելով իջնող աղջկան` վախեցավ, ու մտածեց. ՙԳուցե չարժի՞ նրա հետ գործ ունենալ՚: Բայց Ալիսը մոտեցավ ու հարբած հայացքի ու ուռած դեմքի միջով շատ անկեղծ ու փափուկ ժպտաց, ասելով.
– Բարեւ Ձեզ, ես Ալիսն եմ: Չե՞մ համապատասխանում Ձեր պատկերացրած Ալիսին:
– Դուք ավելին եք, նստեք: Սովա՞ծ եք:
Ելնելով նրա հարբածության աստիճանից Մենուան մտածեց, որ նա երեւի խմում է, ու չի ուտում:
– Առանձնապես ոչ, բայց մի բաժակ կոնյակ ինչո- թեթեւ բանով կուզեի:
– Գնացինք ուրեմն:
Ճանապարհին Մենուան գլուխը թեքում էր ու մերթ ընդ մերթ նայում սիգարեթը ձեռքին, գլուխը հազիվ ուսերին պահող Ալիսին ու հարցնում ո՞ւր գնալ:
– Ես իմ սիրելի սրճարանից բացի ոչ մի տեղ չեմ գնում, բայց հիմա նա փակ է` ձմեռ է: Գնացինք, ճանապարհին մի բան կտեսնենք` կկանչի, կմտնենք:
Մենուան մտածեց, որ այս աղջիկը հաստատ այն գրքի աղջիկն է, որովհետեւ չկարողանալով ուսերին պահել գլուխը պահումէ իր բանականությունը, ու թեեւ խոսքն անհոդաբաշխ է` հոդաբաշխ մտածում է:
– Հա, լավ, իմացա, մի պանդոկ կա, գնում ենք հաճախ ընկերներիս հետ, կգնանք, այնտեղ լավ են պատրաստում:
– Ինձ համար մեկ է տեղը, կողքիս մարդն է կարեւոր, իսկ կողքիս մարդուց լավ մարդու հոտ է գալիս, ես հոտերով եմ մարդկանց հավանում:
Մենուան նայեց Ալիսին ու ժպտաց` աչքերը փայլում էին, նորից մտածեց, որ չի սխալվել զանգելով:
Մտան պանդոկ, տեղավորվեցին, վերցրեցին կոնյակ ու ուտելիք: Նստեցին բավականին երկար: Մենուան խոսում էր, իր հիացմուքն էր արտահայտում բլոգում կարդացածի վերաբերյալ, ավելի ճիշտ` մի մասի, երկրորդը քննարկում էին: Ալիսը մակագրեց, տվեց գիրքը. նա իրեն ակնհայտորեն անհարմար էր զգում այդ համակրելի ու հավանաբար բարձր հասարակական դիրք ունեցող մարդու գովեստներից, բայց եւ միաժամանակ հաճելի էր նրա ուշադրությունը:
Կանյակը խմվեց, ուտելիքը սպառվեց միակողմանի` Ալիսը քջուջ էր արել միայն: Վեր կացան, դուրս եկան արդեն «դու»-ի անցած: Մենուան Ալիսին ճճանաչում էր բլոգով, Ալիսը Մենուային` հոտով, գեղեցիկ խոսքով ու հաճելի ձայնով: Ալիսը բավականին հարբած էր, բայց հիշում էր, որ տուն գնալ չի կարող:
– Ո՞ր տանեմ քեզ, Ալիս:
– Ուր ուզում ես, ես տուն չեմ կարող գնալ:
Այ քեզ բան:
– Վայ մամա ջան, բա ո՞ւր: Տանե՞մ ընկերուհիներիցդ մեկի տուն:
– Չէ, նրանք ինձ բարոյականություն են կարդում իմ խմելու համար: Ես ինքս շատ լավ եմ հասկանում, որ լավ չեմ անում, ուղղակի մարիմինս չի թողնում, քանի օր է խմում եմ ու «ապախմելիցա»-ով եմ ապրում` «զապոյ» եմ: Ես ինքս կարող եմ նրանցից լավ պատմել իրենց ալկոհոլի վնասների մասին, ես ուզում եմ անոնիմ ալկոհոլիկների ակումբ բացել, կամ` ՀԿ: Չէ, տարբերակ չի, ինձ հիմա ոչ ոք ընկեր չի լինի, արի գնանք ինչ-որ մոթել, ես ուղղակի կքնեմ, եթե կուզես մնաս` մնա, չես ուզի` կգնաս: Բայց լավ կանես մնաս, չեմ սիրում մենակ մնալ, վախենում եմ սիրտս վատանա ու մեռնեմ` մեն-մենակ:
Մենուան գլուխն առել էր ձեռքերի մեջ ու մտածում էր` «Արա, էս ո՞ւր եմ ընկել..», ախր նա բոլորովին էլ մոթելում միասին գիշերելու նպատակով չի զանգել Ալիսին: ՙԴե լավ, ի՞նչ արած, օգնություն է պետք մարդուն, ի՞նչ անեմ, հո՞ չեմ տանի թողնեմ մոթելում, որ մի հատ էլ նեղացնեն, խմած է, չի քնի, ներս ու դուրս կանի: Իսկ հայ տղամարդկանց էլ ի՞նչ է պետք` մի խմած կին, որ տանեն ինչ ուզում են անեն»,- մտածեց նա ու ասաց.
– Բայց ես էդպիսի տեղեր չգիտեմ, Ալիս, դու ասա:
– Ես էլ չգիտեմ, ես ալկած եմ, բոշա եմ, երբեմն կարող է խելագարություններ անեմ ու քիչ ծանոթ մեկի կողքին արթնանամ, բայց ոչ մոթելում, չեմ եղել երբեք, ես պոռնիկ չեմ:
– Չէ, չէ, Աստված մի արասցե Ալիս, բոլորվին դա նկատի չունեի, ուղղակի ես քաղաքում ընդհանրապես մենակ ոչ մի տեղ չեմ գնում: Տնակյաց եմ ավելի, ընտանիքս էլ Փարիզում է: Լավ, գնանք տեսնենք ինչ ենք գտնում:
Գտան մի մոթել, ավելի շուտ սեփական տուն էր` մոթելի վեր ածած: Գարեջուր առան ու գնացին:
– Լավ էլ տաք ու հարմարավետ տեղ է, – նկատեց Ալիսը:
– Չե՞ս ուզում քնել, Ալիս:
– Չէ, ուզում եմ խմենք ու շփվենք: Ես շփվելու համար սիրեցի խմելը: Ուզում եմ քեզ ճանաչել: Մի տեսակ տարօրինակ զգացում ունեմ քո հանդեպ` ասես հազար տարի ճանաչելիս լինեմ, ասես հարազատ լինես:
Մենուան ժպտաց ու ձեռքը բռնեց Ալիսի: Ու երկար այդպես նստեցին:
– Դե լավ, քնել է պետք, ես վաղն աշխատանքի եմ, – ասաց Մենուան:
– Գնանք:
Ալիսը մտավ ննջարան, ուր բավականին մեծ` երկտեղանոց մահճակալ էր դրված, բայց Մենուան որոշեց պառկել բազմոցին: Պառկել ու ակնհայտորեն մրսում էր` ծածկոց չկար, մեկն էր ու Ալիսի վրա:
– Մենուա, տեղափոխվիր այստեղ, մեծ, լայն տեղեր են, հանգիստ կտեղավորվենք երկուսով:
Ալիսը հանվել պառկել էր, Մենուան եկավ ու շորերով պառկեց կողքը:
– Հանիր շորերդ, հո բոմժ չե՞ս, շորերով քնես` չես հանգստանա: Համ էլ` ուզում եմ քեզ գրկեմ քնեմ: Ինձ կյանքում ոչ ոք այդքան հաճելի բաներ չի ասել, նույնիսկ տղամարդիկ, որոնք ինձ սիրել են: Պառկի, ու թույլ տուր քեզ գրկեմ:
Մենուան, անհարմար զգալով Ալիսի անկեղծ համարձակությունից քմծիծաղ տվեց, հանեց մի քանի վերեւի շոր ու մեջքից գրկեց նրան:
– Դու տաք ու հաճելի ձեռքեր ունես, Մենուա:
– Դու էլ ես տաք, հաճելի ու փափուկ:
Լռեցին, պատրաստվելով քնելու:
Բայց բնությունն իրենն է անում, այսինքն` լիբիդոն, ու Ալիսը զգում էր Մենուայի բանականությունից անկախ գոյատեւող լիբիդոն:
– Այ, հիմա այսպես ողջ գիշեր պիտի տանջվենք, – ասաց Մենուան:
– Կուզենք` կտանջվենք, կուզենք` չենք տանջվի:
– Ես չեմ կարող կնոջս դավաճանել Ալիս, ես միայն նրան եմ իմացել, միայն նրա հետ եմ եղել կյանքում: Եթե քո գիրքը չլիներ, ես ոչ մեկին չէի զանգի, ու ոչ մի տեղ չէի գնա:
– Դե, քնենք ուրեմն, գրկիր ինձ` քնենք:
Ու նրանք քնեցին` տանջվելով: Իհարկե, սիրային նովելի ժանրը, որի մեջ հավանաբար մտնում է այս պատմությունը, կգերադասեր տեսնել այդ ուժեղ տղամարդու թուլությունը… Բայց: Թող տուժի սիրավեպը, որովհետեւ սեքսը չի կարեւորը, այլ գրկած քնելը: Չնայած կարծում եմ` ինչ էլ լիներ, միուենույն է, այն ինչ եղավ հետո` կլիներ նույն կերպ:
Նույնիսկ Նարեկի հետ: Նույնիսկ հետո: Նույնիսկ հիմա: Որովհետեւ կարեւորը` կյանքում Ալիսին լավ մարդիկ են հանդիպում, իսկ լավ մարդկանց` Ալիսը: Ու ոչինչ չի ծնվում ոչնչից ու անհետանում ոչ մի տեղ: Ամեն ինչ փոխկապակցված է, ու եթե Ալիսը գիրք չգրեր, հարբեցող չլիներ, Մենուային չէր հանդիպի, նա էլ չէր ջնջի Ալիսի կյանքից բոլոր, այո, բոլոր որձ տղամարդկանց մասին հիշողությունները: Ալիսին բուժեցին ընկերները, այդ թվում` Մենուան, ու Ալիսը չէր բուժվի, ու չէր գրի այս սիրային նովելը, որն իրականում սիրային էլ չի:
Իրականում` սա նոր գրքի սկիզբի է նման …