Գրիգոր Արծրունի/Մամուլի կոչումը

Գրիգոր Արծրունու «Մամուլի կոչումը» հոդվածը տպագրվել է 1886 թվականին։ Այսօր այն շատ արդիական է թվում։ Սմբատ Հովհաննիսյանը թվայնացրել, պատրաստել է տեքստը հրապարակման եւ առաջաբան է գրել, որը կարելի է ընթերցել այստեղ։



I

Մամուլի կոչումն է առաջնորդել հասարակական կարծիքը։ Դրա մէջն է մամուլի ամբողջ կոչումը։ Որքա՜ն, ուրեմն, յանցաւոր է լինում այն մամուլը, որ ի չար է գործածում իր հեղինակութիւնը և փոխանակ առաջնորդելու, մոլորեցնում է հասարակական կարծիքը։

II

Ի հարկէ մեզ կարող են ասել. «որտե՞ղ է այն արդար չափը, որով կարելի լինէր չափել, այն անսխալական լօգիկան, որով կարելի լինէր ապացուցանել, թէ մամուլի այս ինչ օրգանը առաջնորդում է հասարակական կարծիքը, իսկ այն ինչ օրգանը մոլորեցնում է, անբարոյականացնում է նրան»։ Արդար չափը և անսխալական լօգիկան, կը պատասխանենք մենք, անկեղծութեան մէջն է, համոզմունքի անկեղծութեան մէջ։

III

Սխալվիլը ներելի է, որովհետև սխալվողն էլ միշտ համոզված է թէ արդար է, բայց խարդախել, կեղծել աններելի է, որովհետև խարդախը, կեղծը այնքան խելք ունի, այնքան ներքին խիղճ ունի, որ հասկանում է և զգում, թէ խարդախում է ու կեղծում, ուրեմն գիտակցաբար իրան համար և աննկատելի կերպով հասարակութեան համար, մոլորեցնում է ու անբարոյականացնում է հասարակական կարծիքը։

IV

Ամեն լրագիր հաւատացած է, թէ ինքն է միայն առաջնորդում հասարակութեանը դէպի բարին, թէ ինքն է միայն առաջնորդում հասարակական գործերը դէպի փրկարար ինքնաճանաչութիւնը, թէ ինքն է միայն առաջնորդում ազգը դէպի փրկութիւնը։ Եւ խիստ առաջադէմ ուղղութեամբ օրգանը հաւատացած է որ տանում է հասարակութիւնը դէպի փրկութիւնը, որովհետև առաջադիմութեան մէջն է միայն տեսնում հասարակութեան փրկութիւնը, և ծայրայեղ արմատական լրագիրը հաւատացած է, որ տանում է հասարակութիւնը դէպի փրկութիւնը, որովհետև հասարակութեան կազմակերպութեան արմատական վերանորոգութեան մէջն է միայն տեսնում հասարակութեան փրկութիւնը և վերջապէս պահպանողական ու յետադէմ օրգաններն էլ իրանց կողմից հաւատացած են որ տանում են հասարակութիւնը դէպի փրկութիւնը, քանի որ նրանք համոզված են որ մարդկութեան փրկութիւնն է միմիայն պահպանողութեան և նոյն իսկ յետադիմութեան մէջ։ Բայց թող միայն ամեն մէկը նրանցից անկեղծ կերպով համոզված լինի այն ուղղութեան փրկարար լինելու մէջ, որին նրանք ծառայում են,— և նրանք թէև միմեանց փոխադարձապէս չեն կարող համակրել, բայց եթէ նրանցից ամեն մէկը իր ուղղութեան, իր հայեացքների մէջ անկեղծ է, նրանք միմեանց կարող են և պէտք է յարգեն։

V

Եթէ մի առաջադէմ թերթ տեսնում է թէ մի այլ թերթ մոլեռանդ, ֆանատիկոս կրօնական թերթ է, կամ տեսնում է, թէ մի այլ թերթ ծայրայեղ պահպանողական, յետադէմ, նոյն իսկ խաւարասէր է,— առաջադէմ թերթը, ի հարկէ, չէ կարող համակրել այդ տեսակ օրգաններին, պէտք է իր ամբողջ ոյժը գործ դնի նրանց վնասակար ուղղութեան դէմ կռւելու, մաքառելու, բայց նա դարձեալ կարող է յարգանքով վերաբերվել նոյն իսկ դէպի կոյր մոլեռանդ կրօնական, կամ խաւարամտութեանը հասցրած յետադէմ ուղղութիւն ունեցող օրգանները, եթէ համոզված է որ այդ օրգանները անկեղծ են իրանց վնասակար ուղղութեան մէջ։

VI

Բայց մամուլի ամենավնասակար ներկայացուցիչները նրանք, որոնց ոչ թէ միայն չէ կարելի համակրել, որոնց ոչ թէ միայն ոչ մի օրինաւոր մարդ չէ կարող համակրել, բայց և որոնց ոչ ոք չէ կարող յարգել,— այդ այն օրգաններն են, որոնք անկեղծ չեն իրանց յայտնած մտքերի մէջ, որոնք իրանց երեսին մի կեղծ դիմակ ունեն ծածկած, նայելով ժամանակի պահանջներին։ Սրանք ոչ թէ անգիտակցաբար կերպով են սխալվում, խորին կերպով համոզված լինելով թէ իրանք արդար են, թէ իրանց յայտնած մտքերով տանում են հասարակութիւնը դէպի փրկութիւնը, բայց նրանք սխալվում են գիտակցաբար, նրանք անդադար իրանք իրանց հակառակում ու հակասում են գիտակցաբար, նրանք մոլորեցնում են հասարակութիւնը գիտակցաբար, նրանք անբարոյականացնում են ժողովուրդը գիտակցաբար։

VII

Եւ այդ բոլորը նրանք անում են, որովհետև գիտակցական խարդախութիւնից և գիտակցական խաբեբայութիւնից դուրս չը կայ նրանց համար գոյութիւն։ Ամենավնասակար մարդը նա է, որ թէև ունի խելք, բայց չունի ազնուութիւն և չունի հաստատ համոզմունքներ։ Ամենավնասակար լրագիրն էլ այն լրագիրն է, որ ունի բաւական ճարպիկ լեզու, բայց չունի ազնուութիւն և չունի հաստատ համոզմունքներ։ Չունենալով ազնուութիւն, նրա համար ամեն միջոցները սուրբ են իր նպատակին հասնելու համար, չունենալով հաստատ համոզմունքներ, նա ամեն րոպէ փոփոխում է իր յայտնած կարծիքները, նայելով ժամանակի պահանջմանը, աճուրդով է վաճառում իր համոզումները։ Որ կողմն է ոյժը, որ կողմն է մեծամասնութիւնը,— այն կողմն է թեքվում նա։ Նա, գոյութիւն ունենալու համար, պէտք է ընթանայ հոսանքի ետևից, երբեք չէ կարող գնալ հոսանքի դէմ, պէտք է շողոքորթի ամբոխի տգիտութեանը, կոյր կրքերին, նրա ամենաստոր ինստինկտներին։

Այդ տեսակ մամուլ ‘ի հարկէ մամուլի անուան արժանի չէ, այդ տեսակ մամուլ մեղանչում է մամուլի կոչման դէմ, որովհետև գոյութիւն ունենալու համար յարմարվել վատ կրքերին, ստոր ինստինկտներին չէ նշանակում առաջնորդել հասարակական կարծիքը, այլ նշանակում է նրան մոլորեցնել, անբարոյականացնել։

VIII

Այդ տեսակ օրգանների դատողութիւնը ամեն երկրներում հետևեալն է. Ժողովուրդը նախապաշարմունքներով լի է,—մենք էլ, գոյութիւն ունենալու համար, կը պաշտպանենք նրա ամենահրէշաւոր նախապաշարմունքները․ ժողովուրդը կոյր, ֆանատիկոս և մոլեռանդ է,— մենք էլ նրա այդ զգացումներին կը շողոքորթենք․ ժողովուրդը դարերով կրթվել, սնվել է ստոր ինստինկտներով ու հակված է դէպի ամենավատ կրքեր,— մենք էլ մեր թերթի մէջ այդ ստոր ինստինկտներն ու վատ կրքերը կարդարացնենք, կը համարենք նրանց ամենաբարձր առաքինութիւններ։ Հասարակութեան մէջ կան անձինք, որոնք իրանց փառասէր կամ նիւթասէր նպատակներին հասնելու համար պատրաստ են կաշառել մամուլը, որ յանձն կառնի իրանց նպատակները պաշտպանելու — մենք էլ օգուտ կը քաղենք նրանց այդ ձգտումներից և կառաջարկենք նրանց մեր ծառայութիւնը մի յայտնի վարձատրութեամբ։ Ժամանակի տրամադրութիւնը եթէ ազատամիտ է,— մենք ազատամտութիւն կանենք, եթէ յետադէմ ու խաւարասէր է,— մենք յետադէմ ու խաւարասէր կը դառնանք, որովհետև այդ տեսակ յարմարվելը ժամանակի տրամադրութեանը ձեռնտու ու շահաւէտ է։ Հասարակութեան մեծամասնութիւնը սիրում է պոռնկագրութիւն,— ի՞նչ կայ, մենք էլ մեր գրուածներով աւելի կը զարգացնենք հասարակութեան մէջ այդ վնասակար հակումները, քանի որ դա մեզ ձեռնտու ու շահաւէտ է։ Եւ այդ բոլորը մենք կը ծածկենք գեղեցիկ և հնչող ֆրազներով, կը ծածկենք մեր երեսը ազնուութեան դիմակով, կը կրկնենք որ ծառայում ենք կրօնին ու եւրոպական քաղաքակրթութեանը։ Ժողովուրդը ուզում է խաբված լինել,— և մենք էլ նրան կը խաբենք։

Պարզ է որ այդ տեսակ օրգաններ աններելի կերպով մեղանչում են մամուլի կոչման դէմ,— բայց նրանց ի՞նչ փոյթ։ Պարզ է նոյնպէս որ այդ տեսակ օրգաններ անբարոյականացնում են հասարակութիւնը և եթէ, երկար տարիներով մէնակ մնային գրական ասպարիզում, կատարելապէս կանբարոյականացնէին ժողովուրդը,— բայց նրանց ինչ փոյթ, միայն թէ շատ բաժանորդներ ունենան։ Հարստահարելով ժողովրդի վատ կրքերը, ստոր ինստինկտները, հարստահարելով ժողովրդի տգիտութիւնը, նրանց շահակութիւն ունեցողների, փառասէրների ու նիւթասէրների անձնական ձգտումները, յարմարվելով ժամանակի պահանջմանը, ժամանակակից հասարակական տրամադրութեանը,— կարելի է շահվել․ ուրեմն, եթէ այդ ուղղութեամբ գնալը շահաւէտ է, ինչի՞ չը գնանք այդ ուղղութեամբ։ Իսկ եթէ, դրանով կը մոլորեցնենք հասարակաց կարծիքը, կանբարոյականացնենք ժողովուրդը,— մեզ ի՞նչ փոյթ։

IX

Այդ տեսակ օրգաններ ամեն երկրում կան, բայց կրթված երկրներում, որտեղ հասարակական կարծիքը զարգացած է, հասել է մեծ գիտակցութեան և ինքնաճանաչութեան, այդ տեսակ օրգանները մեծ վնաս չեն կարող բերել։ Այն ինչ մեր անզարգացած, տգէտ, մոլեռանդ, նախապաշարված, միամիտ, և անտարբեր, բայց մի և նոյն ժամանակ լի վատ կրքերով և ստոր ինստինկտներով հասարակութեան մէջ այդ տեսակ օրգանները ամենամեծ վնաս են հասցնում հասարակութեանը։

Մամուլի կոչումն է ազնուացնել հասարակութիւնը, առաջնորդել նրա հասարակական կարծիքը և ոչ թէ մոլորեցնել հասարակաց կարծիքը և անբարոյականացնել հասարակութիւնը։

«Մշակ», 1886, Թիւ 2

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *