Չարլզ Բուքովսկի/մենակ եղիր

մենակ եղիր

երբ մտածում ես թե որքան հաճախ է
ամեն ինչ թարս գնում
նորից ու նորից
սկսում ես նայել պատերին
ու անձկում մնալ ներսում
որովհետև փողոցները
նույն հին կինոն են
և հերոսների վերջը նույնն է
ինչ հին կինոների հերոսներինը․
հաստ քամակ, ճարպոտ երես ու
մողեսի ուղեղ։

զարմանալի չէ, որ
իմաստունը բարձրանում է
3048 մետրանոց լեռ
նստում էնտեղ սպասելով
ապրելով հատապտղի թփի տերևների հաշվին
զույգ ծնկների փոսիկների հմայքին տրվելու փոխարեն
ինչը վստահաբար հավերժ չի տևի
և երեքից երկու դեպքում
չի ձգի նույնիսկ մի երկար գիշերվա։

լեռներ մագլցելը դժվար է։
ըստ այդմ պատերն են քո ընկերները։
ճանաչիր պատերդ։

էն, ինչ նրանք տվել են մեզ
փողոցներում
մի բան է, որից հոգնում են անգամ
երեխաները։

մնա պատերիդ ներսում։
նրանք են ամենաիրական սերը։

կառուցիր էնտեղ, ուր քչերն են կառուցում․
դա է մնացած վերջին ուղին։

Ջեյնին

225 օր խոտերի տակ,
ու դու ավելին գիտես, քան ես։
նրանք վաղուց տիրել են արյանդ,
դու մի չոր ծղոտ ես զամբյուղում։
փաստորեն, էսպես է, հա՞, լինում։
էս սենյակում
սիրո ժամերը
ստվերվում են դեռ։

երբ գնացիր,
տարար հետդ գրեթե
ամենը։
ես գիշերները ծնկում եմ
վագրերի առաջ՝
նրանց, որ չեն թողնում ապրեմ։

էն, ինչ դու էիր,
չի լինի, երբեք։
վագրերը գտել են ինձ,
ու հեչ պետքս չէ։

Մթնամիջի ընկերները

հիշում եմ տարօրինակ քաղաքի
փոքր սենյակում սոված մնալս,
վարագույրները փակ, դասական
երաժշտություն լսելս,
ես ջահել էի, ջահել ցավելու աստիճան,
կարծես ներսից դանակով զարկված,
դե չկար այլընտրանք քան թաքնվել հնարավորինս
երկար՝
ոչ թե լի ինքնախղճանքով, այլ տագնապած
կապ փորձել ստեղծելու
սահմանափակումից։

ծեր երգահանները՝ Մոցարտը, Բախը, Բեթհովենը, Բրամսը
միակն էին որ խոսում էին ինձ հետ, ու
նրանք մեռած էին։

ի վերջո, սովահար ու ծեծված, ստիպված էի ընկնել
փողոցներ
հարցվելու ցածր վարձատրվող և
մոնոտոն գործի
ընդունվելու համար,
սեղանից էն կողմ նստած տարօրինակ մարդկանց կողմից
մարդկանց որ ոչ աչք ունեն ոչ դեմք,
որոնք կխլեն իմ ժամերը,
կջարդեն դրանք,
կպղծեն դրանք։

հիմա ես աշխատում եմ խմբագիրների, ընթերցողների,
քննադատների համար,

բայց շփվում ու խմում եմ
Մոցարտի, Բախի, Բրամսի, մեկ էլ Բեթ-արի
ինչ-որ ծանոթների,
ինչ-որ մարդկանց հետ․
երբեմն
միայնակ ապրել շարունակելու համար
մեզ ընդամենը պետք են մեռյալներ
որոնք քերծում են մեզ ճնշող պատերը
հակառակ կողմից։

Կորած

ասում են՝ դժոխքում տեղ չկա, բայց
երբ դժոխքում ես,
թվում է, թե մենակ ես միշտ։
ու չես կարող որևէ մեկի ասել, որ դժոխքում ես,
թե չէ կմտածեն խելագար ես,
ու խելագար լինելը դժոխքում լինել է,
խելքդ գլխիդ լինելն էլ պակաս դժոխային չէ։

բայց նրանք, որ խուսանավում են դժոխքից,
երբեք չեն խոսում էդ մասին,
ու դրանից հետո ոչինչ պետքները չէ իրականում։
նկատի ունեմ, օրինակ՝ օրվա մեջ հաց ուտել մոռանալը,
բանտ ընկնելը, մեքենա ջարդուխուրդ անելը
կամ նույնիսկ մահն ինքը։

երբ հարցնում ես նրանց՝
«ի՞նչ կա-չկա»
նրանք միշտ պատասխանում են «լավ է ամեն ինչ․․․»։

եթե եղել ես դժոխքում ու վերադարձել,
հերիք է․
մարդուն ծանոթ մեծագույն բավարարություններից է դա։

եթե եղել ես դժոխքում ու վերադարձել,
հետ չես նայում՝ ականջդ հատակի ճռթճռթոցին,
և արևը միշտ արթուն է կեսգիշերին,
և մկների աչքերի
կամ ամայության մեջ շպրտված անվադողի պես
բաներ տեսնելը
ժպտացնում է քեզ,
եթե եղել ես դժոխքում ու վերադարձել։

Գազան

իմ գազանը գալիս է կեսօրին
նա կրծում է ընդերքս
թաթերով շոշափում գլուխս
մռնչում է
դուրս թքում իմ մի մասը

իմ գազանը գալիս է կեսօրին,
երբ այլ մարդիկ լուսանկարում են
երբ այլ մարդիկ զբոսախնջույքի են
իմ գազանը գալիս է կեսօրին
խոհանոցի կեղտոտ հատակի վրայով
ցանկասեր հայացքն ինձ հառած

մինչ այլ մարդիկ աշխատանքի են
որը կանգնեցնում է նրանց մտածելը
իմ գազանը թույլ է տալիս ինձ մտածել
իր մասին
գերեզմանների և թուլամտության և վախի
և անթարմ ծաղիկների և քայքայման
և խաթարված որոտի խանձրահոտի մասին

իմ գազանն ինձ հանգիստ չի տալիս
նա գալիս է ինձ մոտ կեսօրներին
և կրծում է ու ճանռկում
ու ես երկտակված
ձեռքերով ընդերքս գրկած
ասում եմ նրան
աստված իմ ես քեզ ինչպե՞ս բացատրեմ նրանց
նրանք մտածում են ես վախկոտ եմ բայց
վախկոտն իրենք են որովհետև հրաժարվում են զգալ
նրանց խիզախությունը խխունջի
խիզախություն է

գազանիս չի հետաքրքրում իմ ապերջանիկ տեսությունը
նա հոշոտում է ծամում դուրս թքում
իմ
հերթական մասը

ես դուրս եմ գալիս տնից և նա հետևում է ինձ
փողոցն ի վար
մենք անցնում ենք
ուրախ սիրուն դպրոցական աղջիկների
հացատան մեքենաների կողքով
և արևը բացվում է և փակվում է խեցու պես
մի պահ գազանիս կուլ տալով
մինչ ես փողոցը հատում եմ կանաչ լույսի ներքո
ձևացնելով թե փախել եմ
ձևացնելով թե ինձ հաց է պետք կամ
թերթ
ձևացնելով թե գազանը հեռացել է անվերադարձ
և որ իմ պատառոտված մասերը
դեռ տեղում են
կապույտ շապկի և կանաչ տաբատի տակ
մինչև բոլոր դեմքերը դառնում են պատեր
և բոլոր պատերը դառնում են անհնարին

Թարգմանությունը՝ Եվա Մարտիրոսյանի

Please follow and like us: