Համաշխարհային պատմության մաս հանդիսացող գրողի կենսագիրը բախվում է կրկնակի ծանր բեռի։ Նա պետք է ցույց տա, թե ինչպես են իր հերոսի անձնական կրքերն ու մոլորությունները ծնունդ տվել ինքնատիպ արվեստի եւ միաժամանակ պետք է ապացուցի, որ այդ արվեստը տվյալ դարաշրջանի ամենամաքուր արտահայտությունն է՝ քաղաքական ու մշակութային ցնցումների կենդանի արձանագրումը։ Իր վարպետությամբ կենսագիրը հիշեցնում է արհեստավարժ աճպարարի․ նա օդ է նետում մի գնդակ՝ ահա բարձրանում են բանաստեղծի առաջին քնարական ստեղծագործությունները, եւ դրանց թռիչքի ճիշտ պահին նետում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը՝ տիրակալ հայր, պատժող սիրեկան, բուրժուազիայի վերելք, կրոնի անկում, վերջին հիվանդություն, այդ ընթացքում անթերի կերպով բռնում է առաջինը։ Այդ շարժմանը դժվար է տիրապետել։ Ամեն տարի լույս են տեսնում ծանրակշիռ կենսագրություններ, որոնք ընկած գնդակների հավաքածուներ են։ Բայց երբ ճիշտ ռիթմն է ձեռք բերվում, գնդակները միաձուլվում են հոսուն կամարի մեջ․ մեկ կյանքը պարունակում է պատմության ամբողջ մի դարաշրջան։
Մեծ գրողներից Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն իր կենսագիրներին տալիս է արվեստագետի կյանքի եւ իր ժամանակի ոգու միավորման ամենահաջող հնարավորությունը։ Նրանք շրջանառության մեջ են դրել «Գյոթեի դարաշրջան» (Goethezeit) հասկացությունը՝ նկարագրելու այն ժամանակահատվածը, որը սկսվում է 1770 թվականից, երբ Գյոթեն հրապարակեց իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն, եւ ավարտվում է 1830-ին, երբ նա ավարտում էր իր մոլեգին, տեսիլքառատ ողբերգությունը՝ «Ֆաուստ»-ը, եւ իր պաշտոնական ինքնակենսագրության՝ «Պոեզիա եւ ճշմարտություն»-ի վերջին հատորը։ Այդ վաթսուն տարիների ընթացքում նա հրատարակեց գրականության պատմության երեք ամենանշանակալի վեպերից մի քանիսը («Երիտասարդ Վերթերի տառապանքները», «Վիլհելմ Մայստերի աշակերտությունը», «Ընտրովի ազգակցություններ»), ինչպես նաեւ դրամաներ, էպոսներ, էլեգիաներ, քնարական բանաստեղծություններ եւ երկրաբանության, ձևաբանության ու գույնի վերաբերյալ տրակտատներ։ Բանաստեղծ Գոթֆրիդ Ավգուստ Բյուրգերը սիրում էր հայտարարել, որ Գյոթեն «գերմանական Շեքսպիրն» է։ Պարադոքսալ կերպով այդ գովասանքը նվազեցնում էր նրա նվաճումների բազմազանությունը։ Նա գերմանական Շեքսպիրն էր, գերմանական Սերվանտեսը եւ գերմանական Ռասինը, եւ գուցե նույնիսկ գերմանական Ֆրանկլինն ու գերմանական Հաքսլին՝ խտացրած մեկ եռանդուն եւ բազմազան կերպարի մեջ։
Բացի այդ կար նաեւ առօրյա աշխատանքը։ Հիսուն տարի շարունակ Գյոթեն ծառայեց որպես խորհրդական Կառլ Ավգուստին՝ Սաքսեն–Վայմար–Այզենախի մեծ դուքսին, որը Գերմանիան կազմող բազմաթիվ փոքր իշխանություններից մեկի տիրակալն էր։ Նրանք միասին կայունացրին դքսության բյուջեն, Էրֆուրտի մերձակայքում բացեցին արծաթի հանքեր, զարգացրին Ենայի համալսարանը, խմեցին եւ կանանց սիրահետեցին։ Գյոթեի ձեռքբերումները կարող էին օլիմպիական թվալ, բայց նրա բնավորությունը չափազանց մարդկային էր։ Ձգող, փոփոխական, ինքնահավան, երիտասարդ տարիներին հաճախ սիրահարված՝ նա տարեցտարի դարձավ ավելի պահպանողական։ Տասնութերորդ դարի վերջին Վայմարի արքունիք այցելող մարդիկ կարող էին լսել, թե ինչպես է Գյոթեն ալեքսանդրյան չափով ողբում Ֆրանսիական հեղափոխությունը, կամ տեսնել, թե ինչպես է նա մանրադիտակի տակ հերձում թիթեռներին։ Կարող էին ողջունել նրան, երբ փորձում էր կոալիցիա կազմել ֆրանսիացի հեղափոխականների դեմ, իսկ Բոնապարտի իշխանության գալուց հետո՝ բամբասել Գյոթեի ընդունելության մասին կայսրի մոտ, որը պնդում էր, թե «Վերթերը» կարդացել է յոթ անգամ եւ խնդրում էր Գյոթեին դառնալ իր պրոպագանդիստը։ 1875 թվականին Գյոթեի առաջին անգլիացի կենսագիր Ջորջ Հենրի Լյուիսը արդեն կարող էր հայտարարել, որ Գյոթեի «ազդեցությունը իր ազգի վրա Լյութերից ի վեր ապրած ցանկացած մարդու ազդեցությունից ավելի մեծ է եղել»։
Լյուիսի կենսագրությունը գրված էր կրքոտ, վիկտորիանական վեհ ոճով․ փաստերը դողում էին Գյոթեի ռոմանտիկ բնավորության նկարագրությունների տակ․ «Մենք նրան կտեսնենք վայրենի, անհանգիստ, անկազմակերպ, մոլորված եւ բավականաչափ շռայլ՝ հանճարի թափառական բնույթի ամենախանդավառ երկրպագուին բավարարելու համար»։ Ավելի քան մեկ դար անց բրիտանացի գիտնական Նիկոլաս Բոյլը իր կենսագրության առաջին հատորը՝ «Գյոթե. բանաստեղծը եւ դարաշրջանը» (1991), սկսեց՝ գովելով Լյուիսին եւ քննադատելով նրան հաջորդած նացիոնալ-սոցիալիստներին, որոնք Գյոթեին հռչակում էին գերմանական մշակութային մաքրության խորհրդանիշ եւ մարքսիստներին, որոնք նրան փառաբանում էին որպես բուրժուական հեղափոխականի նախատիպ։ Ի հակադրություն գաղափարախոսների՝ Բոյլը Գյոթեին պատկերեց որպես փոփոխական էակ, որը ենթակա էր իշխանության պատմական տեղաշարժերին, բայց օդտված էր դրանք իր օգտին շրջելու համարձակությամբ ու արժանապատվությամբ։ «Մենք մշտապես վերաստեղծում ենք մեր ամբողջ կյանքը»,— գրել է Գյոթեն «Պոեզիա եւ ճշմարտություն»-ում,- զբաղմունքներ, հակումներ, սիրելի զբաղմունքներ, քմահաճությույքներ՝ բոլորը փորձում ենք, միայն թե վերջում բացականչենք, որ ամեն ինչ ունայնություն է»։
Բոյլի կենսագրությունը ժանրի գլուխգործոց է եւ նույնիսկ կարող է դառնալ վերջնականը—եթե երբեւէ ավարտվի։ Նախագծված երեք հատորից երկրորդը լույս է տեսել քսանհինգ տարի առաջ, մինչդեռ Գյոթեի կյանքի գրեթե երեսուն տարին դեռ պետք է պատմվեր։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել են մեկհատորյա մի շարք փորձեր, այդ թվում՝ գերմանացի փիլիսոփա Ռյուդիգեր Զաֆրանսկու «Գյոթե. կյանքը որպես արվեստի գործ» (2013), Daily Mail-ի սյունակագիր Ա. Ն. Ուիլսոնի «Գյոթե. նրա ֆաուստյան կյանքը» (2024), եւ այժմ էլ՝ մեկ այլ բրիտանացի գիտնական Մեթյու Բելի «Գյոթե. գաղափարների կյանքը» գրքերը։
Բելի կենսագրությունը պնդում է, որ Գյոթեն հաշտության միջնորդ է քաղաքականության աշխարհիկ եւ արվեստի հոգեւոր աշխարհների միջեւ։ Նա ենթարկվել է դքսության բուտաֆորական արհեստականությանը, բայց կարոտել է բնական սանձարձակ հրաշքները։ Արդյունքը «զիջման անսովոր ձեւն» է․ Գյոթեն ընդունել է «քաղաքական իշխանության իրականությունը», բայց ձգտել է «ամբողջական եւ անկաշկանդ գնահատման» այն ամենի նկատմամբ, ինչը թվում էր այդ իշխանության հասանելիությունից դուրս՝ բույսեր, կենդանիներ, հանքանյութեր, լույս, ցանկություն, մահ, Դրախտ եւ Դժոխք։ Նա ստեղծեց բնության մի կրոն եւ, զգալի հեգնանքով, քարոզեց այն Վայմարի արքունիքի ազնվականներին։ Այդ կրոնից ծնվեց մի արվեստ, որը չէր ընդօրինակում բնության քաոսը, այլ ստեղծում էր «բնությանը համանման կերպով»։ Մարդկային եւ միաժամանակ դիվային, ժամանակակից եւ միեւնույն ժամանակ առասպելական՝ Գյոթեի հսկայական ստեղծագործական ժառանգությունը ծնվել է, իր իսկ խոսքով, «անհատի ջանքերից՝ պահպանելու ինքն իրեն տիեզերքի կործանարար ուժի դեմ»։
Գյոթեի համար ստեղծագործությունն ու կործանումը միահյուսված էին ծննդյան իսկ պահից՝ 1749 թվականի օգոստոսի 28-ին, կեսօրին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Ծնվելիս նա մեռածի տեսք ուներ։ Նա հավատում էր, որ փրկվել է մոլորակների բարենպաստ դիրքի շնորհիվ։ «Իմ աստղագուշակը բարեհաճ էր,— գրում է նա «Պոեզիա եւ ճշմարտություն» գրքի սկզբում,-արեւը Կույսի նշանում էր եւ հասել էր օրվա գագաթնակետին, Յուպիտերն ու Վեներան բարեհաճ հայացքով նայում էին նրան»։ Նրա մանկությունը կարծես միավորում էր գոյության լավագույն օրհնություններից մի քանիսը։ Ֆրանկֆուրտը հպարտ, բարեկեցիկ, ազատ քաղաք էր։ Գյոթեն մի կողմից սերում էր հայտնի իրավաբանների ու խորհրդականների տոհմից, մյուս կողմից՝ հարուստ դերձակների ու գինու վաճառականների ընտանիքից։ Նրա մայրը կենսուրախ էր, գեղեցիկ։ Հայրը՝ խիստ ու տարօրինակ իրավաբան, չէր վստահում Ֆրանկֆուրտի հանրային դպրոցներին եւ իրեն նվիրել էր Գյոթեի եւ նրա կրտսեր քրոջ՝ Կոռնելիայի կրթությանը։ Տղան ուներ մասնավոր ուսուցիչների մի ամբողջ բանակ՝ լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, իդիշ, եբրայերեն, անգլերեն, հին փիլիսոփայություն, պատմություն, աշխարհագրություն, նկարչություն, գեղագրություն եւ երաժշտություն սովորելու համար։ Նրան պատրաստում էին իրավաբան դառնալու համար, ինչպես հայրն էր։ Տասնվեց տարեկանում նա ժամանեց Լայպցիգի համալսարան՝ գունատ ու նիհար, մուգ մազերով, կեռ քթով եւ ճոխ զգեստապահարանով։ Նրա ճամպրուկում կային Հին Կտակարանի պատմությունների հիման վրա գրված կիսատ պիեսների սեւագրեր։
Նա ատում էր իրավագիտությունը եւ ավելի ուշ ենթադրում էր, որ Կույսի նշանի տակ ծնվածները դատապարտված են գրելու։ Նա ձեռք բերեց մակերեսային, ինքնահավան ուսանողի համբավ․ համակուրսեցիների խոսքով՝ «շքեղափայլ տղա», «անսովոր կերպով փքված»։ Երեք տարի անց թոքային արյունահոսությունը վերջ դրեց նրա ուսմանը եւ նրան, ինչպես ինքն էր ասում, «խեղճ փոքրիկ աղվեսի» նման հետ ուղարկեցին Ֆրանկֆուրտ։ Տանը փակված՝ Գյոթեն կարդում էր Ռուսո եւ Շեքսպիր, որի կոռումպացված թագավորների ու կայսրների պատմությունները նրան բացահայտեցին այն «գաղտնի կետը», «որտեղ մեր եսի առանձնահատկությունը, մեր կամքի իբր ազատությունը բախվում են տիեզերքի անխուսափելի ընթացքին»։ Հիվանդ, անկողնում նա երբեմն գրի էր առնում բանաստեղծություններ, էրոտիկ բալլադներ եւ մի չափածո կատակերգություն՝ «Հանցակիցներ» վերնագրով։ 1770 թվականին, քսան տարեկանում, նա ամեն ինչ (բացի պիեսից) նետեց կրակի մեջ։ «Մեծ ինքնահրկիզում»,- ասաց նա քրոջը։
Երբ նա վերականգնեց ուժերը, կրկին վերադարձավ իրավաբանական ուսմանը՝ այս անգամ Ստրասբուրգում։ Միջնադարյան քաղաքը և այն շրջապատող Ռեյնլանդի բնապատկերը հայրենասիրական զգացումներ էին աթնացնում։ Փիլիսոփա Յոհան Գոթֆրիդ Հերդերի հետ ծանոթությունից հետո, որը ժողովրդական լեզվի ու մշակույթի ջատագով էր, Գյոթեն սկսեց հավաքել ժողովրդական բանահյուսությունը։ «Գերմանականությունը ի հայտ է գալիս»,— նշել է նա օրագրում։ Նա ցանկանում էր գտնել իր նոր ազգային հավակնություններին համապատասխան դրամատիկական նյութ՝ ոչ մի «սիրունացրած» բան։
Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո նա գտավ այն․ Գյոթց ֆոն Բերլիխինգենի կյանքը՝ տասնվեցերորդ դարի սկզբի ասպետի, որը ուներ երկաթե ձեռք, և որի ինքնակենսագրությունը Գյոթեն պատահաբար գտել էր քաղաքի գրադարանում։ Վեց շաբաթում նա գրեց իր առաջին խոշոր գործը՝ «Գյոթց ֆոն Բերլիխինգեն»-ը, հինգ գործողությամբ լայնածավալ պատմական դրամա, որտեղ ներկայացված էին հերոսի փոփոխվող ռազմական ու սիրային դաշինքները՝ քայքայվող Սրբազան Հռոմեական կայսրության ֆոնին։ Առևանգումների, թունավորումների, ինքնասպանությունների, սիրավեպերի և Գյուղացիական պատերազմի մեջ («Սյուժեն մխրճվում է կատարյալ քաոսի հորձանուտը»,— նկատում է Բելը) Գյոթցը փորձում է պահպանել իր պատիվն ու ազատությունը՝ կռվելու ում դեմ ցանկանում է։ Կայսրին հավատարիմ, ազնվականությանը՝ արհամարհանքով վերաբերվող, իսկ գյուղացիների ազատագրման ձգտումներին՝ համակրությամբ, նա պատռվում է միջնադարյան ասպետության և ժամանակակից կյանքի միջև։ Նա մարմնավորում է հստակ գյոթեական տիպ՝ բացառիկ անհատը, որը, ինչպես Գյոթեն էր մտահոգվում, «հանդիպում է կոպիտ աշխարհին» և ստիպված է «զիջել իր բարձր հատկանիշները և ի վերջո ամբողջությամբ հրաժարվել դրանցից»։
Պիեսը, որը լույս է տեսել 1773-ին և առաջին անգամ բեմադրվել Բեռլինում հաջորդ տարի, քննադատի խոսքով «ամենագեղեցիկ, ամենահմայիչ հրեշն» էր։ Բարձր ու ցածր խավերի կերպարների, միջավայրերի և բարբառների խառնուրդը ոտնահարում էր դասական դրամայի կանոնները և սկիզբ դնում գերմանական դրամատուրգիական ավանդույթին։ Հաջողությունը Գյոթեին բերեց թեթևացում, բայց նաև անհանգստություն։ «Կարծում եմ, որոշ ժամանակ կանցնի, մինչև կրկին ինչ-որ բան անեմ, որը ճանաչում կգտնի»,— գրել է նա։
Սակայն՝ ոչ։ «Երիտասարդ Վերթերի տառապանքները», որը հրատարակվել է 1774-ին, դարձավ նրա ամենաազդեցիկ գործը։ Այն այսօր նույնքան հայտնի է իրենից ծագած պաշտամունքով (երիտասարդները ընդօրինակում էին հերոսի դեղին բաճկոնն ու նրա ինքնասպանությունը), որքան իր տարօրինակ նամակագրական ձևով և էլ ավելի տարօրինակ պատմությամբ։ Կրքոտ երիտասարդ Վերթերը սիրահարվում է Լոտտեին՝ պարզ գյուղական աղջկա, որը նշանված է վստահելի, բայց ձանձրալի Ալբերտի հետ։ Սերը փոխում է Վերթերին։ Նա դառնում է նուրբ ու մոլեռանդորեն զգայուն Լոտտեին շրջապատող բնության նկատմամբ՝ լեռների, ձորերի, ընկուզենու և լորենու մանրամասների հանդեպ, որոնց տակ նա կանգնում է։ Նամակներում նա Լոտտեին պատկերացնում է որպես բնության ինքնաբուխ երևույթ, անբացատրելի ներկայություն․ «Երբ փակում եմ աչքերս, այստեղ՝ գլխիս մեջ, ներքին տեսողությանս կիզակետում, մնում են նրա մուգ աչքերը»։
Սիրահարվելը Գյոթեի համար անվնաս հաճույք էր։ Նա գրում էր սիրային նամակներ, որտեղ բնության շքեղ պատկերները միախառնվում էին զգացմունքների անմեղ զեղումներին՝ «իսկական ռուսոյական բնության զավակ», ինչպես նրան նկարագրում է Բելը։ «Երբ ասում եմ սեր, նկատի ունեմ տատանվող այն զգացողությունը, որի մեջ մեր սիրտը լողում է՝ միշտ առաջ ու հետ շարժվելով նույն կետի շուրջ,- խորհում է Գյոթեն մի սևագրում,- մենք նման ենք փայտե ձիու վրա նստած երեխաների՝ մշտապես շարժման մեջ, բայց արմատացած նույն տեղում»։ «Վերթերի» իրադարձությունները ներշնչված էին երկու հարակից սիրային եռանկյունիներից․ մեկը Գյոթեի սիրահարությունն էր իր ընկեր Յոհան Քրիստիան Քեսթների կնոջը՝ Շառլոտային, մյուսը նևրոտիկ իրավաբան Կառլ Վիլհելմ Երուսաղեմի ինքնասպանությունը, որը կրակել էր իրեն Քեսթներից վերցրած ատրճանակով։
Բայց վիպակը միայն մեկ մարդու անպատասխան սիրո մասին չէ։ Քննադատ Գյորգ Լուկաչը պնդում էր, որ այն «համաշխարհային գրականության ամենամեծ սիրային պատմություններից մեկն է», քանի որ Գյոթեն կարողացել է ընդհանրացնել իր փորձը և «այս սիրային ողբերգության մեջ խտացնել իր ժամանակի ողջ կյանքը»։ Ռոմանտիկ գերիշխող ընկալմամբ՝ կիրքը խաթարում էր սոցիալական կարգը և, հետևաբար, պետք է ժխտվեր։ «Ինչ սարսափելի մարդիկ կան, որոնց միտքը ամբողջությամբ կլանված է էթիկետի հարցերով»,— բացականչում է Վերթերը, երբ պալատում պաշտոն է ստանձնում՝ փորձելով մոռանալ Լոտտեին։ Գրքի յուրաքանչյուր դրվագ՝ Վերթերի հեռանալը տնից, նրա ձախողումը պալատում, նրա հուսահատությունը Լոտտեի ամուսնության պատճառով, ծագում է իր ցանկությունները արհեստական ու անտարբեր աշխարհին անդրադարձնելու անկարողությունից։ Որքան հզոր է նրա զգացումը, այնքան խորն է մեկուսացումը։ Նա փրկության այլ ելք չի պատկերացնում, քան Ալբերտից երկու ատրճանակ վերցնելն ու իր գլխին կրակելը։
Եթե «Գյոթց»-ը գերմանացի ընթերցողներին ցույց էր տվել իրենց անցյալը, ապա «Վերթերը» նրանց ներկայացրեց ներկան։ Դա Գյոթեի առաջին փորձն էր նրա, ինչ Լուկաչը կոչում էր «դաստիարակչական վեպ», որտեղ մարդը ձեռք է բերում «իրականության գործնական ըմբռնում»։ «Վերթերում» այդ կրթությունը վերաբերում է ցանկության իրական բնույթին։ «Բոլոր ուսյալ ուսուցիչներն ու դաստիարակները համաձայն են, որ երեխաները չգիտեն իրենց ցանկությունների պատճառը»,— գրում է Վերթերը։ Բայց նա չի նկատում, որ իր անհատականության ամբողջ ուժը արտահայտելու ցանկությունն ու դրա անհնարինությունից ծնվող հուսահատությունը բնավ էլ բացառիկ չեն։ Լոտտեի մերժումը նրան թվում է սցենարային․ «Այս ամենը պետք է տպագրվի,— ասում է նա նրան,— և մենք կարող ենք սա խորհուրդ տալ դաստիարակներին», Այդպես էլ մեզ համար Վերթերի նամակների կրքոտ զեղումները ընդօրինակում են այն չափածոն, որով նրա ժամանակի կրթված մարդը պարտավոր էր ներծծված լինել։ Վերթերը իր ինքնախաբեությամբ մարմնավորում է ևս մեկ գյոթեական տիպար՝ կարոտող մարդուն, սովորական, բայց համոզված, որ իր զգացմունքները արտակարգ ու ոչ սովորական են։ «Վերթերը դարձավ նորաձև, որովհետև այն նորաձևության մասին էր»,— նշում է Բոյլը։ Գրքի հրատարակման պահին թե՛ դրանով հիացածները, թե՛ այն դատապարտողները չնկատեցին դրա սատիրան ու սրությունը։ Եվ դա լավ էր։ «Գյոթց»-ը Գյոթեին անունը հայտնի էր դարձրել Գերմանիայում, բայց «Վերթերը» նրան հասցրեց միջազգային հռչակի։ Նա քսանհինգ տարեկան էր։
1774-ին, «Վերթերից» ընդամենը շաբաթներ անց Գյոթեն Վայմարից առաջարկ ստացավ և ոգևորությամբ համաձայնեց։ Դա հարմար համադրություն էր։ Այրի դքսուհին հավատում էր, որ Գյոթեն կօգնի իր դեռահաս որդուն՝ դքսին, ձեւավորվել որպես բարեգործ բռնակալ։ Գյոթեն կարծում էր, որ փոքր պետությունը մեծից ավելի հարմար է իր քաղաքական խոհեմությունը փորձարկելու համար։ «Վայմարի և Այզենախի դքսությունները կլինեն մի բեմ, որտեղ կարելի է փորձել՝ արդյոք աշխարհիկ գործերում դերակատարում ունենալը քեզ սազո՞ւմ է, թե՞ ոչ»,— գրել է նա։ Նա կարծում էր, որ մտքի ուժ ունի դիմակայելու պալատական ձանձրույթին ու մանրախնդրությանը․ «Ես լավ դիրքում եմ՝ ճանաչելու համար այս մեր բարձրաշխարհիկ կյանքի ողջ նողկալիությունը»։
Սակայն, ինչպես ցանկացած կառավարիչ գիտի, նողկալիությունը դժվար է հաղթահարել։ Գյոթեի ժամանակի մեծ մասը ծախսվում էր հրդեհներ մարելու վրա․ բառացի՝ գյուղերում, և փոխաբերական առումով՝ մսխվող գանձարանում, համալսարանում, որտեղ չէր հավաքվում բավականաչափ ուսանող և փլուզվող հանքերում։ Պալատում նրան ընկալում էին պաշտոնական եւ սառը։ Նա գնահատում էր «կարգը, ճշգրտությունը, արագությունը» և «ինքնազսպումը»։ Դքսի հետ, սակայն, ամեն ինչ այլ էր։ Քսանվեցամյա բանաստեղծի և նրա տասնութամյա արքայազնի ենթադրյալ արկածները կյանքային էին ու, հավանաբար, չափազանցված։ «Նրանք հողից կարտոֆիլ էին հանում, անտառում փայտով եփում, անտառում աղջիկների հետ քնում, ծառերի վրա գրություններ փորագրում»,— հաղորդում է մի ընկեր։ Վայմարում իր առաջին տասնամյակում Գյոթեն ապրում էր կիսով չափ որպես բնության զավակ, կիսով չափ որպես բյուրոկրատ։ Նա գրում էր կարճ բանաստեղծություններ ու պիեսներ, հանքանյութերի և անատոմիայի մասին էսսեներ և ավելի քան հազար նամակ պալատական մի տիկնոջ՝ Շառլոտտե ֆոն Շտայնին, որի հետ ուներ մաքուր ու հուզիչ կապ։ Բայց նա դժվարանում էր ավարտին հասցնել Վայմար գալուց առաջ սկսած հավակնոտ նախագծերը՝ «Էգմոնտ» պիեսը և իր առաջին ամբողջական վեպը՝ «Վիլհելմ Մայստերի ուսումնառությանտարիները»։ 1785-ին նրա ընկերները նկատում էին նրա մռայլությունն ու ձգձգվող հիվանդությունները։ Նա դքսից թույլտվություն խնդրեց Կառլսբադի առողջարանում վերականգնվելու համար և ապա գաղտնի ճանապարհ ընկավ դեպի Իտալիա։
Գյոթեն մանկությունից ի վեր երազում էր այցելել Իտալիա՝ տեսնելու արվեստի ամենագեղեցիկ գործերը և դրանց հիշողությունները կուտակելու որպես «անձնական հաճույքի աղբյուր»։ «Իտալական ճամփորդությունը», որը նա գրել է հարավ փախչելուց ավելի քան երկու տասնամյակ անց, այդ հաճույքների հիշողությունն է՝ Հռոմի արձանները, Սիցիլիայի տաճարները, Նեապոլի զգայական կյանքը, անավարտ գործերն ավարտելու բավարարվածությունը և նոր դրամայի՝ «Ֆաուստ»-ի վրա ունեցած առաջընթացը։ Եվ առաջին անգամ, ինչպես ենթադրում են նրա կենսագիրները, Գյոթեն զգաց սեքսի հուզմունքը՝ Հռոմում հանդիպած մի երիտասարդ այրու հետ։ «Գյոթեն հայտնաբերել էր մարմինները,— գրում է Բոյլը,— և որոշ ժամանակ թվում էր, թե այլևս ոչինչ չկա»։ Երբ երկու տարի անց Գյոթեն վերադարձավ Վայմար և գործի դրեց իր նորահայտ հայտնագործությունը, դա սկանդալ առաջացրեց։ Նրա սիրուհին դարձավ իրենից տասնվեց տարով փոքր մի կին, որը զբաղվում էր արհեստական ծաղիկների պատրաստմամբ՝ Քրիստիանե Վուլպիուսին։ Պալատական բամբասասերները նրան անվանում էին «գիրուկ էգ» և «սովորական պոռնիկ»։ Բայց նրանց միությունը երկարատև ու սիրառատ էր․ այս կապից ծնվեցին հինգ երեխա (որոնցից միայն մեկը՝ Ավգուստը, ապրեց մինչև չափահասություն) և «Հռոմեական էլեգիաների» քսանչորս էրոտիկ բանաստեղծությունները։ Դրանց անկեղծ մարմնականությունը դարձնում է դրանք ավելի ընկալելի ու սրտամոտ անգլերեն թարգմանությամբ, քան Գյոթեի ժողովրդական երգերն են․
Այսպիսով, չէ՞ որ ես սովորում եմ, երբ նրա կրծքի ձևին նայելով
կարող եմ տեսնել նուրբ գծերը, թեթև ձեռքով սահել նրա ազդրերով։
Միայն այսպես եմ ես գնահատում մարմարը՝ խորհելով, համեմատելով,
տեսնում եմ զգացող աչքով, զգում եմ տեսնող ձեռքով…
Հաճախ էլ նրա գրկում պառկած՝ բանաստեղծություն եմ հորինել,
մատներով մեղմ հաշվել հեքսամետրի զարկերը
նրա մեջքի վրա։
Եթե «Վերթերը» դաստիարակչական վեպ էր, ապա «Էլեգիաները» դաստիարակչական բանաստեղծություններ էին։ Դրանք պատկերացնում էին, թե ինչպես սիրահարի հանդիպումը սիրեցյալին կարող է սովորեցնե գնահատել արվեստը։ Աչքն ու ձեռքը կարող էին ձեռք բերել զգայական բազմակողմանիություն։ Մարմինը կարող էր դառնալ նյութ, իսկ սեքսը՝ գեղագիտական դատողության և ստեղծման միջավայր։ «Նա նրա մարմնով ժամանակն է չափում, մինչ նա իր հերթին իր տաք շունչն է արտաշնչում նրա բերանի մեջ,— գրում է Բելը,- նա ներշնչում է նրան»։ Ծնված բանաստեղծությունը զույգի համատեղ ստեղծագործությունն էր։
Իտալիայում Գյոթեն գուցե արձակուրդ էր վերցրել իրականությունից, բայց աշխարհը՝ ոչ։ Վայմար վերադառնալուց օրեր առաջ ֆրանսիացի հեղափոխականները գրոհեցին Բաստիլը։ Կառլ Ավգուստը վախեցավ, որ վարակը կտարածվի։ Երբ 1792-ին հակահեղափոխական պրուսական զորքերը ներխուժեցին Ֆրանսիա, նա գնաց ճակատ՝ Գյոթեին իր հետ տանելով, և ականատես եղավ, թե ինչպես նորաստեղծ Ֆրանսիական հեղափոխական բանակը անսպասելիորեն կանգնեցրեց պրուսական առաջխաղացումը։ Ինչպես Գյոթեն հետագայում հիշում էր, նա պարտված զորքերին ասել էր․ «Այստեղից և այս պահից սկսվում է աշխարհի պատմության նոր դարաշրջան»։
Պատմության առաջընթացին դիմակայելու Կառլ Ավգուստի ռազմավարությունն էր վերակենդանացնել հին ռեժիմի պալատական գործելակերպը։ Գյոթեին հանձնարարվեց վերակենդանացնել Վայմարի թատրոնը և Յենայի համալսարանը և վերացնել բոլոր գաղտնի ուսանողական ընկերությունները։ Իր ընկեր, դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերի հետ նա խմբագրում էր «Horae»-ն՝ հանդես, որտեղ նրանք պնդում էին, որ պետք է կրճատել գրական շուկան, որպեսզի ավելի քիչ հիմար, ինքնասիրահարված մարդիկ գրքեր հրատարակեն։ Ոչ գրական, ոչ էլ քաղաքական ժողովրդավարությունը նրան առանձնապես գրավիչ չէին թվում։ «Դա պարզապես իմ բնույթն է,- բացատրում էր նա,- ես նախընտրում եմ անարդարություն գործել, քան դիմանալ անկարգությանը»։
1806 թվականին կարգն ու անարդարությունը իջան Վայմարի վրա Նապոլեոնի բանակի տեսքով, որը մինչ այդ արդեն նվաճել էր Ավստրիան և Պրուսիան։ Գյոթեն և Նապոլեոնը հաճախ պատկերացվում են որպես երկվորյակներ։ Մեկը նվաճել էր Եվրոպայի երևակայությունը, մյուսը՝ նրա տարածքները։ «Մեզ ուղարկված երկու մեծ մարդիկ»,— հետագայում խորհում էր Թոմաս Կառլայլը։ Բոնապարտը՝ «ինչպես ամեն ինչ կլանող երկրաշարժ… թագավորություն առ թագավորություն», իսկ Գյոթեն՝ «մեղմ շողացող, անլսելի Լույսի պես, որը, այնուամենայնիվ, կարող է այդ Քաոսը կրկին վերածել ստեղծագործության»։
Գյոթեն երկընտրանքի մեջ էր․ նա մեկ հիանում էր Նապոլեոնով՝ համարելով, որ մարդիկ «ունեն հիվանդագին ցանկություն՝ կռվելու որևէ մեծ բանի դեմ», մեկ վախենում էր, թե ինչ կարող է պատահել, եթե նոր կայսրը լուծարեր դքսությունը: Երբ ֆրանսիական զորքերը մտան Վայմար, Գյոթեն առաջարկեց ամուսնություն Քրիստիանեին՝ կա՛մ որովհետև երախտապարտ էր, որ նա կանխել էր իրենց տան թալանը, կա՛մ որովհետև Նապոլեոնի օրենսգիրքը չէր ճանաչի նրանց ապօրինի երեխային։ Նա համարում էր, որ պետք է ընդառաջ գնալ Նապոլեոնին՝ ոչ թե հանուն խաղաղության, այլ հանուն կարգի և իշխանության։
«Ողբերգությունը,— ասաց Նապոլեոնը Գյոթեին նրանց հանդիպման ժամանակ՝ 1808-ին,— ամենաբարձրն է, ինչին կարող է հասնել բանաստեղծը»։ Այդ նույն տարում լույս տեսավ Գյոթեի մեծ ողբերգությունը՝ «Ֆաուստ․ Առաջին մաս»-ը։ Ֆաուստը՝ անհաջողակ գիտնականը, մոլեգնորեն ցանկանում է իմանալ, թե «ինչն է պահում աշխարհը անքանդ», և անձամբ վերապրել «այն ամենը, ինչ տրված է մարդկությանը՝ ամբողջական մարդկայնությունը»։ Դիվական Մեֆիստոֆելը հայտնվում է անհեթեթ կերպարանքով՝ հաչող սև պուդելի տեսքով, և կատարում է Ֆաուստի ցանկությունը։ Բայց մինչ այդ նա ձևացնում է, թե ցույց է տալիս աշխարհի գաղտնիքները բացահայտելու մեկ այլ ուղի։ Ինչո՞ւ չգրել պոեզիա։
«Լսիր իմ խորհուրդը։ Վարձիր մի բանաստեղծի։ Թող նա գործի դնի իր երևակայությունը և քեզ օժտի բոլոր առաքինություններով ու արժանիքներով՝ առյուծի խիզախությամբ, եղջերուի արագությամբ, Իտալիայի տաք արյամբ, Հյուսիսի դիմացկունությամբ։ Թող նա լուծի առատաձեռնությունն ու խորամանկությունը համադրելու խնդիրը և քեզ համար մի երիտասարդի կրքոտ սիրավեպ ծրագրի։ Կուզենայի ճանաչել այդ պարոնին։ Կկոչեի նրան պարոն Միկրոկոսմոս»։
Ֆաուստը մոլեգնում է՝ խոստանալով սլանալ «ցավ պատճառող հաճույքների» բարձունքներ և սուզվել «կենդանացնող տանջանքների» խորքերը։ Տեսարանների գլխապտույտ փոփոխություններով նա ցատկում է պանդոկից կախարդի խոհանոց և անտառային քարայրից՝ լեռնագագաթ, որտեղ ողջ կենդանի աշխարհի բազմազանությունը պիտի անցնի նրա աչքերի առջևով։ Բայց մարդկային փորձառության ամբողջական ըմբռնում ձեռք բերելու համար նա պետք է զոհաբերի իր մարդկայնությունը, իր բարոյական զգայունությունը։ Այդ զոհաբերության զոհը Գրետխենն է՝ կույս մի աղջիկ, որին Ֆաուստը գայթակղում ու լքում է, և որը սպանում է նրանց ապօրինի երեխային։ Ֆաուստյան գործարքների որսորդը՝ գյոթեական երրորդ տիպը, կնքում է մի պայմանագիր, որի գինը ամենակուլ է։ Նրա հակադրությունը «պարոն Միկրոկոսմոսն» է՝ երևակայության ու առաքինության բանաստեղծը, առատաձեռն ու խորամանկ, տաքարյուն ու սառնասիրտ՝ արվեստագետի դիմանկարը հասուն տաիքում՝ իր սեփական փոքրիկ աշխարհը ստեղծողի։
Իր կյանքի վերջին տասնամյակում Գյոթեն ընկերացավ երիտասարդ գրական քննադատ Յոհան Պետեր Էքերմանի հետ, որը կանոնավոր այցելում էր Վայմար և գրի էր առնում իր զրույցները ծերացող հանճարի հետ։ «Զրույցներ Գյոթեի հետ»-ը ապշեցուցիչ մտերմիկ ժամանակագրություն է այն երկարատև հիվանդության ու վշտի շրջանի, որը Գյոթեի համար նշանավորվեց Քրիստիանեի և Ավգուստի հանկարծակի մահերով և «Ֆաուստ․ Երկրորդ մաս»-ը ու իր ինքնակենսագրությունը ավարտելու մղձավանջային պայքարով՝ իր մահից առաջ, 1832-ին։ Միջին տարիքում, նա ասում էր Էքերմանին, «մենք սկսում ենք աշխարհին հակադրվել, և դա հետաքրքիր է միայն այն դեպքում, եթե դրանից ինչ-որ արժեքավոր բան է ծնվում»։ Իր սեփական կյանքի դեպքում նա կարծում էր, որ «ինչ որ լավ բան կա դրա մեջ՝ հնարավոր չէ կիսել ուրիշների հետ, իսկ այն, ինչ հնարավոր է կիսել, այդ ջանքին արժանի չէ»։
Կյանքի վերջում իր կյանքի մասին խորհող մարդը հակված է իր փորձառություններին վերաբերվելու որպես մասնավոր ցավերի ու հաճույքների։ Կենսագրի խնդիրը դրանք կրկին պատմության հոսքի մեջ նետելն է։ Գյոթեի հավակնոտ կենսագիրներից մեկը Ֆրանկֆուրտյան դպրոցի մեծ քննադատ Վալտեր Բենիամինն էր։ 1922-ին Բենիամինը ավարտեց բարդ ու շլացուցիչ մի ակնարկ Գյոթեի վերջին վեպի՝ «Ընտրովի ազգակցություններ»-ի մասին, որի անփույթ արիստոկրատների սիրային կապերի պատմությունը քողարկված է բարդ կառուցվածքով՝ ներառելով աֆորիստիկ օրագրային գրառումներ, քիմիայի վերաբերյալ երկար բանավեճեր և վեպի մեջ ներառված մի նովել։ 1926-ին Բենիամինին Մեծ խորհրդային հանրագիտարանի խմբագիրները առաջարկեցին գրել հոդված՝ «Գյոթեի մասին՝ մարքսիստական դոկտրինի տեսանկյունից»։ Բայց նա հիասթափվեց հանձնարարությունից, երբ խմբագիրները կարդացին նրա սևագիրը և բողոքեցին, որ մարքսիստական մեկնաբանությունը չի անցնում այն բանից այն կողմ, որ յուրաքանչյուր էջում տասը անգամ կրկնվում է «դասակարգային պայքար» արտահայտությունը։ Բենյամինի սիրեցյալ Ասյա Լաչիսը համաձայնեց նրանց հետ՝ կատաղեցնելով նրան։ Երբ Վարտերը խաղաղվեց, «նրա հետ խոսեց այն մասին, թե ինչն էր հետաքրքիր «Գյոթե» թեմայում՝ ինչպես մի մարդու, որն այդպես խրված էր փոխզիջումների մեջ, բայց այնուամենայնիվ կարող էր իրականացնել այդքան արտասովոր բան»։ Միայն իշխանությանը զիջած մարդը կարող էր երազել ազատության այդպիսի ճոխ թռիչքներ՝ ինքնասպանություն, ինքնազոհաբերություն, պայմանագիր Սատանայի հետ։
Բենիամինը երբեք չավարտեց այդ հոդվածը, բայց նրա սևագրի հատվածները, որոնք հավաքվել և թարգմանվել «Գյոթեի մասին» (Սթենֆորդ) նոր ժողովածուում, բացահայտում են կյանքը որպես անհատի և նրա դարի միջև փոխզիջման տեսություն։ «Կյանքը՝ կառուցված տարրերից» վերնագրով մի ուրվագծում Բենիամինը ենթադրում էր, որ կյանքը ծնվում է մեր ներքին էության և նրա արտաքին արտահայտությունների՝ մեր գրության, աշխատանքի, ընկերությունների, սիրո դիալեկտիկական պարից։ Մարդկանց մեծ մասի դեպքում ներքին էությունը բավականաչափ ուժեղ չէ արտաքին արտահայտությունների վրա որոշիչ ձևով ազդելու համար։ Քիչ մարդիկ են նորից հորինում վեպը։ Ավելի քչերն են նորից հորինում ամուսնությունը։ Բայց Գյոթեի էությունը կարծես գերազանցում էր ամեն ինչ։ Նրա պոեզիան, արձակը, պիեսները, պալատում զբաղեցրած դիրքը և Քրիստիանեի հետ հարաբերությունները՝ յուրաքանչյուրը եզակի էին։ «Սովորական կենսագրությունը,- գրում էր Բենյամինը,- կընդուներ, որ մարդու էությունը անխուսափելիորեն որոշում է նրա ճակատագիրը և նրա կյանքի պատմությանը կհաղորդեր «միֆոլոգիական պոեզիայի կախարդական բնույթ»։ Նյութապաշտական կենսագրությունը, հակառակը, պիտի չափեր մեծ մարդու ստեղծագործությունների ևարտահայտած ազատությունը, և՛ դրա պայմանավորվածությունը արտաքին ուժերով»։
Այն կենսագրությունը, որ Բենիամինը պատկերացնում էր, պիտի բացատրեր Գյոթեի քաղաքական նիհիլիզմը և բնության մեջ նրա փախուստը՝ որպես միաժամանակ նրա կամքի և աշխարհի բարդ մեքենայության արդյունք։ «Գյոթեի մասին» ժողովածուում հավաքված հատվածները մեզ թույլ են տալիս տեսնել, թե որքան ուշադիր էր Բենիամինը լսում Գյոթեի սեփական հավակնությունները՝ իր կյանքի մեկնաբանության հարցում։ «Սա է, թվում է, Կենսագրության գլխավոր նպատակը,- գրել է Գյոթեն «Պոեզիա և ճշմարտություն» գրքի նախաբանում,- մարդուն ցույց տալ իր ժամանակի գծերի հետ հարաբերության մեջ, և ցույց տալ, թե որքանով են դրանք հակադրվել կամ նպաստել նրա առաջընթացին, ինչ պատկերացում է նա ձևավորել մարդկության և աշխարհի մասին, և որքանով է նա ինքը, եթե արվեստագետ է, բանաստեղծ կամ հեղինակ, արտացոլել դրանք»։ Նա գիտեր, որ իր գոյության ընթացքում ներքին էությունն ու պատմությունը միմյանց բռնել էին ամենայն դաժանությամբ։ Արդյունքը մի տարօրինակ և զմայլելի կյանք էր։
Հեղինակ՝ Մերվե Էմրե
Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ The New Yorker
