Նոյեմբերի 25-ին աշխարհում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ և խթանել կանխարգելիչ քայլերը:Միանալով քարոզարշավին՝ մինչեւ դեկտեմբերի տասը կներկայացնենք թեմային առնչվող ստեղծագործություններ տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող, հայտնի ժամանակակից գրողներից՝ Մերի Պողոսյանի ընտրությամբ եւ թարգմանությամբ։
Էմթիթալ (Էմի) Մահմուդը սուդանա-ամերիկացի բանաստեղծ և մարդասիրական ակտիվիստ է։ Մահմուդը Պոեզիայի համաշխարհային մրցույթի (World Poetry Slam) 2015 թ․ չեմպիոնն է: Նույն թվականին BBC-ն նրան ընդգրկել էր «Աշխարհի 100 ամենաոգեշնչող կանայք» ցուցակում: Նա ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի բարի կամքի դեսպան է, և հանդես է եկել տարբեր հարթակներում` սոցիալական արդարության, ռասիզմի և ցեղասպանության, արժանապատվության ու դիմակայության թեմաներով: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում հուզական ինտենսիվությամբ, լեզվական ճկունությամբ և վերլուծական սրությամբ: 2018թ. տպագրվել է նրա առաջին ժողովածուն` «Sister’s Entrance» վերնագրով:
Ինչպես թարգմանել կատակը
Մի մարդ մտնում է շուկա`
աղջիկ կպցնելու համար:
Գյուղի դոնժուանին խնդրում է օգնել:
Գյուղի դոնժուանը ասում է.
«Նայիր և սովորիր»:
Մոտենում է մեղր վաճառող աղջկան ու ասում.
«Մեղր ջան, մեղր ունե՞ս»:
Նա, խունջիկ-մունջիկ լինելով, տղային տալիս է մեղր ու մի համբույր:
Մոտենում է ծաղկավաճառ կնոջն ու ասում
«Վարդ ջան, ծաղիկ ունե՞ս»:
Նա հալվում է, տղային տալիս է ծաղիկներ ու մի համբույր:
Մոտենում է երրորդ կնոջը.
«Քաղցր ջան, շաքար ունե՞ս»:
Համարյա մեռնում է: Տղային տալիս է շաքար ու համբուրում երկու անգամ:
Դոնժուանը վերադառնում է.
«Քո հերթն է, ցլիկ ջան»:
Մարդը վախվորած մոտենում է կաթնամթերք վաճառող կնոջն
ու ասում. «Կաթ ունե՞ս, կով»:
Հասկացեք, որ հումորը բոլոր սահմաններն անցնում է,
որ ծիծաղը լեզու է, որը սահման չի ճանաչում:
Այս կատակը, որ արաբերեն եմ սովորել,
լիովին հասկանալի է անգելերով, ֆրանսերենով
ու որևէ այլ լեզվով:
Մենք կանանց կով ենք անվանում բոլոր լեզուներով էլ:
Հասկացեք, որ հումորը հարցերի քիչ տեղ է թողնում
և նույնիսկ ավելի քիչ տեղ զոհին
և էլ ավելի քիչ տեղ՝ ներողության համար:
Հասկացեք, որ այս կատակի մի տարբերակում
տղամարդն աղջիկ է ուզում կպցնել:
Մյուսում կին է փնտրում:
Երրորդում փնտրում է պատասխան:
Ու միգուցե կովը նրան ապտակ է տալիս:
Կամ կովը խնդրում է նրան հեռանալ, բայց նա նորից է փորձում:
Կամ քայլերն է արագացնում՝ պայուսակը սեղմած:
Կամ սպառնում է նրան ու բանտ է ընկնում դավաճանության համար:
Կամ միգուցե կովը նրան դատի է տալիս,
Ու գործը կարճվում է:
Կամ նրանք համաձայնութան են գալիս:
Մենք պատրաստ ենք ասել վիրավորական բաներ՝
ավելի շատ, քան, ասում ենք վտանգավոր բաներ:
Ասես վնասը ուղիղ խնդիր չի պահանջում:
Ասես դա մի բան չէ, որ կարող ես մեկին անել:
Սիրում ենք ձևացնել, որ ես մենակ Նյու Յորքի փողոցներում
նույնքան անհարմար չեմ զգում, որքան Նեպալում:
Որ զբոսանքը Ֆիլիում, Ինդիանայում կամ Մինեսոտայում
նույնքան հայացքներ չի գրավում առ ինձ, որքան
Հնդկաստանում, Սուդանում կամ Եգիպտոսում:
Որ բռնությունը թերզարգացած երկրների խնդիր է:
Որ այն այստեղ չէ: Թաքնված: Խոսակցության մեջ:
Կամ ծաղկեփնջում: Կամ շուկայում:
Որ մենակ չլինելը կապ ունի:
Եթե կատակը չեն հասկացել, նորից ասա։
Ավելի շատ ժպտա: Վերջին մասը կրկնի:
Դրամատիկական դադար տուր:
Եթե պետք է, ձեռքերով ցույց տուր:
Ծիծաղիր:
Մեկ այլ տարբերակում
այդ մարդը մտնում է շուկա աղջիկ կպցնելու համար
և հեռանում կնոջ հետ նրա կամքին հակառակ:
Ավար: Իմ լեզվում ես քաղցրավենիք եմ:
Եթե ոչ դա, ապա զարդարանք:
Ծաղիկ: Նվեր:
Մոտենում է մեղր վաճառող աղջկան:
Որը տալիս է նրան իր աչքերը: Իր ձեռքերը: Իր լռությունը:
Մոտենում է շաքար վաճառող աղջկան:
Նա համարյա մեռնում է:
Մոտենում է ծաղկավաճառ կնոջը:
Նրան վարդ անվանում: Պոկում բոլոր փշերը:
Խցկում ծաղկեփնջի մեջ:
Նա կռվում է: Մարդը նրան կոտրում է:
Անվանում մեռած բան:
Նա հալվում է: Կոխկրտվում շուկայում:
Այս կատակում չորս կին կա:
Նրանցից ոչ ոք չի խոսում:
Հասկացեք, որ հումորը բոլոր իրականություններն անցնում է:
Որ ծիծաղը լեզու է, որ սահման չի ճանաչում:
Որ այս կատակը, որ արաբերեն եմ լսել,
նույնչափ ցավեցնում է անգլերենով, ֆրանսերենով
ու այլ բարբառներով:
Վերջին տաբերակում,
մարդու բերանից փրփուր է գալիս`
ատամները մեկ այլ աղջկա պանարոցի զարկերակին:
Նրա ադամախնձորն արդարացումներ է մոգոնում իր համար,
հեռու հեռվից:
Իսկ շուկան ոգևորելով դիտում է:
Իսկ աղջկա մազերն ապարանջան են նրա վզի շուրջ:
Իսկ շուկան դեռ ոգևորելով դիտում է:
Կամ հանդիսատեսը: Կամ դպրոցի բակը:
Կամ մյուս տղամարդիկ:
Իսկ նա հարցնում է աղջկա անունը:
Իսկ աղջիկն ասում է.
«Դու քո իրերի արկղն ես թողել իմ ստամոքսում,
այնինչ քեզ ես փնտրում պարանոցին մեկ այլ աղջկա»:
Անցյալ շաբաթ, յոթ տարեկան եղբայրս ասաց,
որ ինձ համար է նա արթնանում ամեն առավոտ:
Ես գրկեցի նրան:
Նա շշնջաց մորս. «Այս հնարն ամեն անգամ աշխատում է»:
Ես մորս աչքերում վախ տեսա:
Մենք ծիծաղեցինք:
