Ոտաբոբիկ աղջիկը
Ոտաբոբիկ այն աղջկան
Ես երբևէ չեմ մոռանա:
Տանջվում էին ոտքերն այնքան,
Երբ փողոցով անցնում էր նա:
Այդ ոտքերին՝ հարգ ու կարգով
Ատլաս ու խաս էր լոկ վայել,
Նա սլանար պիտի կառքով
Եվ ոչ ոտքով այդպես քայլեր:
Կրծքին էին հոսում անվերջ
Խոպոպիկներն իր մազերի,
Իսկ աչքերը խավարի մեջ
Փարոսն էին նավազների:
Թեկուզ անհայտ է աշխարհին
Այդ աղջիկը հրաշալի,
Բայց նրա դեմ կխամրեին
Գեղեցիկներն այս աշխարհի:
Նուրբ ակնարկ
-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Եվ աչքերս են շաղվում մութից,
Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն
Ու ներս մտնեմ լուսամուտից:
Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս
Ցրտից, քամուց այս դժնդակ,
Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս
Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:
-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Իսկ դու դողում ես ուղղակի
Եվ տաքություն ես որորնում
Պատերի տակ իմ սենյակի,
Խորհուրդ կտամ, թե ուզես գալ
Ու իմ ծոցը մտնել շուտով,
Եկեղեցու դռնով արի
Եվ ոչ մեր տան լուսամուտով:
Երջանիկ որբեւայրին
Ես կին առա մի չար ժամի,
Սկսեցինք բախվել.
Այնպես դարձավ ինձ թշնամի,
Որ ուզեցի կախվել:
Հետո դարձա հեզ ու հլու,
Միակ ելքն էր դա հենց…
ԵՎ վերջապես նա մեռնելու
Ճանապարհը բռնեց:
Քսան օր չէ, քսա՛ն տարի
Տարա ես լուծ ու բեռ,
Գնաց, թողած լույսն այս բարի.
Բայց ու՞ր… Անհայտ է դեռ:
Ո՞նց գուշակեմ ես ետմահու
Գաղտնիքները խորին,
Որ մենք հանկարծ այնտեղ՝ վերում
Չհանդիպենք նորից:
Թաղումն իր շատ էր հարգալից,
Սուրբ հայրն աղոթք արավ…
Բայց սատանան վայ թե ահից
Նրան դժոխք չառավ:
Դրախտում է նա երևի…
Երբ ամպրոպ է դրսում,
Հավատացե՛ք, ես վերևից
Ծանոթ ձայն եմ լսում:
Օթեւան ճանապարհին
Լեռներում բռնեց ինձ գիշերը մութ,
Շաչում էր, սուրում փոթորիկը ձյան։
Փակվեցին ամուր դուռ ու լուսամուտ,
Ու ես չգտա ոչ մի օթեւան։
Բայց ճամփիս հանկարծ մի աղջիկ ելավ,
ի աղջիկ ելավ ու կանգնեց իմ դեմ,
Ես առաջարկեց ինձ աղջիկն այդ լավ,
Որ իր մենավոր խճիթը մտնեմ։
Ու գլուխ տվի ես խոնարհաբար,
Բարեկիրթ խոսքեր նրան ասացի,
Ու գլուխ տալով, ես խոնարհաբար
Խնդրեցի, որ նա անկողին բացի։
Մի ճերմակ ու նուրբ սավան փռելով,
Նա անկողինը հարդարեց իսկույն
Ու հետո գինի հյուրաիրելով,
Ցանկացավ բարի երազներ ու քուն։
Բայց որ նա մոտս մնա դեռ էլի,
Փորձեցի իսկույն մի բան հնարել,
Ու հարց տվեցի, թե՝ չի՞ կարելի,
Թե չի՞ կարելի մի բարձ էլ բերել։
Նա գնաց, իսկույն մի բարձ էլ բերեց,
Գլխիս տակ դրեց անշշուկ ու լուռ,
Բայց նա այնպես էր արդեն ինձ գերել,
Որնրան կրծիս սեղմեցի ամուր։
Արյունը խաղաց այտերին նրա,
Ու աչքերի մեջ փայլեցին շողեր․
– Եթե դուք,- ասաց,-սեր ունեք վրաս,
Աղաչում եմ ձեզ, ինձ աղջիկ թողեք։
Փափուկ վարերի մետաքսը գաիս
Ու գալարվում է նուբ ուսերն ի վար,
Նա վարդ էր ասես մի բուրումնալի,
Նա, որ անկողին բացեց ինձ համար։
Իսկ կուրծքը նրա կլոր էր ու նուրբ,
Ու թվում էր, թե ձմեռը սպիտակ
Ձյուն է տեղացել ու բլուրն այդ զույգ
Առել է մաքուր, բարակ հողի տակ։
Նրան համբուրում, շոյում էի ես,
Նրան, որ բացեց անկողինն իմ տաք,
Նա ամբողջովին մաքուր էր,ինչպես
Լեռներում պարող հողմը սպիտակ։
Չէր վիճում ինձ հետ, աչքերն էր փակում,
Քնքուշ աչքերն էր փակում նա վախով,
Եվ հետո պատի ու իմ արանքում
Գիշերվա կեսին քուն մտավ նա խոր։
Քնից զարթնելով, պայծառ լույսի տակ
Սիրահարվեցի ես նորից նրան։
– Ա՜խ, կործանեցիք ինձ հիմնահատակ,-
Ասաց ինձ սերն իմ, սերն իմ աննման։
Բայց համբուրելով աչքերը տրտում
Ու գանգուրները մետաքսե ու հեզ,
Ասացի նրան՝ շատ անգամ դեռ դու
Ինձ համար պիտի անկողին բացես։
Հետո վերցրած նուրբ ասեղ ու թել,
Իմսերն ինձ համար շապիկ էր կարում,
Պատուհանի դեմ քնքշորեն նստել,
Ինձ համար մի նոր շապիկ էր կարում։
Օրեր են գալիս, տարիք են գնում
Ու ձմեռներ են անցնում հողմածեծ,
Սակայն իմ մտքից նա չի հեռանում,
Նա, որ ինձ համար անկողին բացեց։
Հովիվը
Երեկոյան շրջում էի հանդու սարով,
Երբ իմ ճամփան հովիվ տղան կտրեց էլի,
Ամուր-ամուր ինձ փաթաթեց նա իմ շալով
Ու շշնջաց․
– Ի՜մ սիրելի․․․
Սարալնանջով քշում էր նա
Հոտը այծի․․․
Հավամրգին անուշ բուրում,
Պաղ առուն էր ուրախ սուրում
Ճանապարհին իմ սիրածի։
– Արի,-ասաց,- գետափ գնանք,
Կաղնիների հովանու տակ
Լա՜վ է այնպես․․․ Լոկ սպիտակ
Լուսնյակի լույսն է թափանցում։
– Ախր, շատ է դա անհնար,
Ես չեմ կարող քեզ հետ գնալ,
Հետո այդ կարճ պահի համար
Ես չեմ ուզում թափել արցունք։
– Սիրուն շորեր կառնեմ ես քեզ,
Ալ մուճակներ դու կհագնես
Ճանապարհին եթե հոգնես,
Քեզ կտանեմ իմ ձեռքերին։
– Թե այդպես է, իմ բարեկամ,
Ապա քեզ հետ գետափ կգամ։
Ինձ չես խաբի․․․ Տերն է վկան,
Նա դատաստան կանի վերին․․․
Իսկ նա ասաց․
– Ու քանի դեռ
Աշխարհում կան խոտ ու գետեր,
Ու կան ամպեր, ու կա եթեր,
Դու կլինես իմ սիրելին։
Սարալանջով քշում էր նա
Հոտը այծի․․․
Հավամրգին անուշ բուրում,
Պաղ առուն էր ուրախ սուրում
Ճանապարհին իմ սիրածի։
Աղջնակ Մեգին
Մեգին առվի ափն է գնում,
Իր հետ առած կաժը վուշի,
Մենակ է նա ուզում գնալ
ՈՒ չի կանչել մեկ ուրիշի։
Բայց արի տես, որ այս տղան
Հետքից ընկել, ետ չի դառնում,
Խոսում է նա, լուռ է Մեգին,
Իլիկով է լոկ սպառնում։
Նրանք մեկտեղ դաշտը անցան
Ու կանգ առան առվի մոտ զով,
Մեգին վուշ է մանում հանգիստ,
Պատսպարված իր իլիկով։
Տղան ասաց․- Պատրաստ եմ քեզ
Կինս կոչել այսուհետեւ․․․
Մեգին իլիկն իր դեն նետեց,
Ջուրը տարավ վուշը թեթեւ․․․
– Իմ տնակը փոքր է թեկուզ,
Բայց բախտն այնտեղ մեզ չի լքի,
Երեկոյան մենք կնստենք
Բզզոցի տակ քո իլիկի։
Թե կռվում ես՝ ծեծ մի ուտիր,
Թե խմած ես՝ զսպիր դու քեզ,
Թե համբուրել ես աղջկան,
Չէ՛, չպիտի նրան լքես․․․
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի
