Դայանա Դալլաքյան/Քանդվեց բեմը

Սեր իմ

Հիմա տաք է ,սեր իմ։
Այսուհետ տաք է լինԵլու:
Վառ, շողշողան շորերով, ծղոտե գլխարկներով,
բարկ երեկոներ են գալու…

Տարատեսակ պարեր պիտի պարենք
ու թռվռանք,
քրքջանք,
թավալգլոր լինենք կիզուն ավազներին:

Ամեն օր սիրտներս խմելու սառը
մի բան կուզի,
կերգենք և
մենակության այլևս չենք ձգտի:

Օր 22-րդ

Հրաշք չեղավ Ամանորին,Արցա՛խ։
Սեղանին պես-պես ուտելիքներից զատ
դեղ չկա,
հաց չկա։
Միայն նամազն է կոկորդիդ սեղմում,
ձու չկա,
ձեթ չկա:
Քեզ դրել են աճուրդի էժան,
նոր տարվա նվեր չկա,
մանդարին չկա։
Եվ քամվում են օրերդ ահա…
Թո՜ղ ճամփեդ բացեն,
դու կոնցլագեր չես,
խեղճ չես, տկար չես,
դեռ անկախ չես:
Ա՜խ միայնակ ես։
Նոր տարի չունես,
Սահման չունես։
– Բարեկամներդ ու՞ր են…
Մի աշխարհ ճաք ունես,
Ծեփելու դեղ ու դարման չունես։
Բկիդ լռված ոսկոր միայն …
Դիպուկ մեխվել է
Սրտիդ,
Մեջքիդ,
Լեզվիդ:
Կանգելու տեղ չկա,
Շնչելու տեղ չկա,
Խոսելու տեղ չկա,
Մի կոտրված մարմին՝
Հևացող հատված է թպրտում ահա։
Ձեռք չկա,
Մեջք չկա։


Քանդվեց բեմը

Քանդվեց բեմը։
Քանդվեց ամենատարբեր Ավե Մարիաների նԵրքո.

իմ ունեցածը բեմ էր՝
թավշյա վարագույրներով,
մի երկու ճռճռան աթոռներով,
կատուններով, որ անպատեհ ներս էին խուժում.

Սավաններ էին կախված առաստաղից,
Դերասանները պատրաստ էին հուզելու.
մեկը թռել էր օդ ,
մյուսը թռել մԵկի շալակը.

Խոսքերը էնպե՜ս էին խոցում,
որ դաշնամուրը դադարեց ծպտուն հանել՝ ասելիք չուներ:
Մատներս էլ այդքան ռիսկ չունեին շարժվելու.
Կատունները մածուն էին ուզում,
Ես նստել էի հետնաբեմում ու սպասում էի նոր շնչառության բացմանը.

Սավանները արագ ծածանվԵլով իջնում էին,
ԿատուննԵրը մլավոցով, գզվրտվոցով իջնում էին նկուղ,
Ես արագ գաջ էի քսում դեմքիս ու լացու՜մ, լացու՜մ:

Ես վա՞տ ռեժիսոր էի,
իսկ հանդիսատե՞սը ,
միգուցե երաժշտությու՞նը:
-Չգիտեմ։

Քանդվեց բեմը։
Քանդվեց ամենատարբեր Ավե Մարիաների ներքո։

Please follow and like us: