Սեմիլուն/Գրողը տարել է

—-

Չհավատալ նախանամությանը:
Երկուսիս միաժամանակ
Մեղեդիները պատահական են հանդիպել
Ու դարձել անհրաժեշտ
Ապրելու կամ ձգելու համար:
Չես իմանա,
Որ լռել եմ՝
Չզարգանա,
Չխորանա,
Չտարածվի,
Որ չքաշվես,
Չհեռանաս:
Ընկրկել ես,
Չես դիմանա,
Բայց պայքարիր,
Ազատ տեղեր
Ինձ մոտ շատ կան
Միայն թե
Փորձածդ տոմսերը
Իմ հետ բեմ բարձրանալու համար չեն,
Այլ նայելու,
Հիանալու:

—-

Ես հավատարիմ եմ մեր պայքարին,
Իսկ դու թռար,
Ասես թեթև շարժումից վախեցած ծիտիկ,
Որ գլուխն ազատեց պատահական դիմացը հայտնված իրից:
Ես սպասում եմ նույն տեղում,
Թեև անասելի շատ եմ շարժվել,
Իսկ դու չկաս,
Ինչպես տողեր չկան,
Երբ սգացող մարդուն մխիթարանք ես փնտրում,
Որ ձևացնես, թե հասկանում ես իրեն:
Ես փնտրում եմ նույն բաները՝
Խոստովանանք ու հստակություն,
Իսկ դու թաքնված ես,
Անտանելի լավ ես թաքնված,
Որքան երազում էի մտքումս,
Բայց չէի պատկերացնում:

—-

Սրտխփոցի ձայնը երկրի վրա երկաթե գունդ գցելու նման բարձր է՝
Անշնչության հասցնող,
Իսկ քունը աչքերիդ վրա այնպես է իջել,
Կարծես իր թռչող ափսեն կանգեցնելու այլ տեղ չկար:
Ձգում ես քեզ գրել բառերը,
Որոնք արթնացնելու են մարդկանց,
Իսկ դու քնած ես գրել՝
Կոպերիդ վրա մրափը զգալով՝
Ստիպելով, չշնչելով ու անսիրտ:

—-

Ես շրջում եմ քաղաքում,
Դու՝ գրքիս վերջին էջերը,
Մտապահելով վախենալու տողերը,
Որոնք մատներդ սահեցնելով ես կարդում
Առաջին դասարանցու նման,
Որովհետև ահաբեկվում ես զարմանքից՝
Նույնն մարդն է,
Ում տեսնում ես,
Լսում ես,
Սիրում ես,
Բայց ինչու է կարդալը այսքան դաժան:

—-

Ես կարող էի տողեր գրել քեզ համար՝
Չկրնվող ու չլսվող բառերով։
Կարող էի երգել բազում անհայտ երգեր
Քամիների, կաթիլների կամ հայելու մասին,
Բայց աշխարհն այնքան նեղացել է։
Քեզ համար անելը շատերին կվերաբերի,
Եզակի չես մնա,
Իսկ հոգնակիներց ես հոգնել եմ՝
Կապ չունի «‎եր»‎-ով թե «‎ներ»-ով։
Ինձ անհոգնական մարդ է պետք,
Որ հաշվելու ենթակա չլինի։
Կարողանամ նկարել, խոսել, ապրել իր համար։
Համաձայն եմ՝
Թող միայն ինքը լինի։

—-

Այսքան չի կարելի կարոտել
Մանր աղմուկների,
Կրկնվող երգերի,
Մոխրացող կրակների,
Դանդաղ ծխի
Ու անորոշությունների ֆոնին:

Այսքան չի կարելի կարոտել
Չհանդարտվող ցավի,
Քրքրող հարցերի,
Մշակած փախուստների,
Հայացքները թողնելու
Ու ճամփաները փակելու ընթացքում:
Այսքան չի կարելի կարոտել:
Այսքան չի կարելի կարոտել:
Չի կարելի կարոտել
Այսքան
Քիչ:

—-

Մամ,
Տուն չկանչես էլ,
Շատ հեռու եմ՝
Ոչ կողքի թաղում եմ զվռնում,
Ոչ էլ բնավորությանս համաձայն թաքնված եմ տան հետևում:
Ստվերս չկա,
Վատ եմ խաղացել,
Խախտել եմ կանոնները
Ու թռել եմ,
Բայց չեմ մեռել:
Չեմ ձևացնում, որ կորել եմ,
Բայց մի կանչիր,
Արդարացում չունեմ ուշանալուս համար,
Բառերս սպառվել են:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *