Առաքել Սեմիրջյան / Ուրիշ

Այլ իրականության մեջ ես կլինեմ ուրիշը՝ ուրիշ տեսքի, ուրիշ համի, ուրիշ դեմքի, ուրիշ սեռի, ուրիշ ռասայի, ուրիշ բոյի, ուրիշ բուսաթի, ուրիշ հոտի, ուրիշ հոգեկերտվածքի, ուրիշ խելքի, ուրիշ մտքի, ուրիշ գույնի․ 

Ուրիշ կլինի իմ սեփական շնչառության ձայնի արձագանքը, սեփական սրտի զարկերի դմբդմփյունը, ուրիշի սրտի ձայների անդրադարձը, ուրիշ գայլերի ոռնոցը, շրջապատող ծառերի տերևների շաչյունն ու դրսում անկանոն կաթկթացող անձրևը։

Սպասման սպասումի սպասում։ 

Մի ուրիշ իրականության։

Ուրիշ հետույքի հպումը նստարանին ու  նոր բացվող ակնթարթ․․․ 

Ուրիշ անվանական աթոռներին միահյուսված հանգույց։

Ճանապարհից շեղող քամին էլ ուրիշը կլինի։ 

Իմ երանգն էլ այլը․․․

Թեթևաբարո մանուշակագույն, դավաճանող փիրուզագույն, ցուրտ արծաթագույն, էժան ոսկեգույն, հոտած դարչնագույն, փախչող բեժ․․․

Միշտ փորձում էի խուսափել այս իրականությունից, մի ուրիշ իրականությունում հայտնվելու համար, սակայն այդ ուրիշը հենց սա էր, որ մեկ այլ իրականության մեջ այն արդեն ուրիշ էր դարձել։

Կապույտ երազ, կապուտաչյա հայրենիք, կապուտակ Սևան, կապույտ երկինք, կարմիր գիրք, կարմիր գլխարկ, կարմրուկ, սև գիրք, ծանրագույն բզեզ, սև թուղթ, սև սիրտ, կարմիր տրուսիկ, սևոռանի կովկասցի, սևուկ ուլիկ, սպիտակ բալիկ, դեղին անապատի արև, բորբ լուսին, դարչնագույն երանգ, սպիտակ հարսի շոր, այրու սև սքեմ, կանաչ ուղղի, կոկայինի սպիտակ գիծ, կանաչ գիրկ(ք), կանաչ լուսակիր, կանաչ զիլյոնկա, կանաչ ճանապարհ, կարմիր անկողին, սպիտակ պրոստին, կարմիր խնձոր, կարմիր դրոշ, եռաբլուրի եռագույն, սև, սպիտակ, մոխրակույն՝ դե շուտ վազեք, եկեք տուն։ 

Իմ տունն էլ ուրիշը կլինի, ու երբ վերադառնամ կտեսնեմ այնտեղ լրիվ ուրիշ մարդկանց։

Սպիտակ էջ, Ծիր կաթին, կաթի սեր, կաթոգեն, սպիտակ երկրաշարժ, սպիտակ հայկո, սփրթնած սիՓտակ, ճերմակ  ձյուն, սպիտակ ջարդ, ձյունագույն հեքիաթ,  անակնկալ հայտնված սպիտակ մազ, սպիտակ արջ, սպիտակ բանակ, սպիտակ տեռոր, ուրիշի կեղտոտ սպիտակեղեն․․․

Մի ուրիշ իրականության մեջ ես կտեսնեմ այս նույնը, սակայն  ուրիշ աչքերով՝ ուրիշի աչքերով։

Սև հաց, սև գիշեր, ինձ մութն է պատել, սև ամպ, սև կիրք, սև խոռոչ, սևազգեստ մայր, գունավոր ակնոց, սև օր չունենաս, սև մտքեր, սպիտակ երազներ, սև կողմեր, սև ապերախտություն, սև աշխատանք, սև հաշվապահություն, սև փող, դեղին մազ, դեղին մամուլ, դեղին լեղի, դեղին տենդ, դեղին ցեղ, դեղին կոկոն, դեղին շուշան, ոսկե դեղին, տերևները դեղին-դեղին, դողում էին աշնան մեջ․․․ 

Իսկ միգուցե ուրիշ իրականության մեջ ես ընդհանրապես չեմ տեսնի ու իմ կուրությունը կփոխարինվի իմ երազներով։

<Curaçau blue>, <Blue Label>, <Black Jack>  <Blackboard> կապտագույն մարգանցովկա, կապտաթույր թույն, կապտակապույտ արվամոլ, կապտերանգ բիծ, կապտորակ բորբոս, լազուր, լազուրագույն, լազուրք, լազուրերանգ, լեղակագույն, լրջաթույր, լազվարդ, լաջվարդ, ասմազուն, բիլ, երկնագույն, ծովագույն, թաո, մավի, ծավի,  խաժ, խաժագույն, մոո, մսմոո, ծովաթույր, պլուզ, ռոքվորագույն բացիլ, կապույտ հազ, Կապուտիկյան, Կապտահեր Կյորես․․․

Ուրիշ իրականության մեջ ես չեմ լինի ուրիշ՝ այլ կլինեմ նույնը՝ նույն ուրիշը։ Ես կծնվեմ հրաբխից ու միս ու արյուն կստանամ լավայի միջից։ 

Երկնեց երկինք և երկիր, երկնեց և ծով ծիրանի և եղեկնիկը կարմիր, երկնեց ծովում ծիրանի․․․

Արնագույն, հրագույն, կարմրագույն, կարմրաթույր, կարմրերանգ, կարմրորակ, ատրագույն, բոցագույն, կրակագույն, կրակերանգ, շառագույն, շիկակարմիր, վարդակարմիր, կարմրաբոսոր, Ալպիական Մանուշակ, բուրմունքից արբեցած գունավոր բզեզ, կյանքը նրան ճոճք էր թվում,  աշխարհը ծիրանագույն բուրաստան։ 

Ալկարմիր, Ալվարդ,  քաջվարդ, բոսորագույն, բոսորերանգ, բոսորաթույր, բոսոր, բալագույն, բալերանգ, բոցարյուն, կակաչագույն,  կարմրերփն, կարմրերփին, կարմրերփյան, լալ․․․

Լալի հետ համաձայն եմ  մենակ թե կույր չլինեմ, բայց հոգով միայն, չնայած մյուս կողմից էլ միգուցե ուրիշ իրականության մեջ ո՛չ երանի նրանց ովքեր հոգով կույր են, թե աղքատ, թե՞ չեն՝ չեմ հիշում։ 

Իսկ միգուցե ուրիշ իրականության մեջ իմ երակներում կապույտ արյուն հոսի։

Կարմիր անկյուն, կարմրադեմ։

Կարմնամաշկերը, թե կարմրավզերը՝ սպիտակ փետուրները գլխներին խրած ներխուժեցին Ամերիկա։ 

Կարմիր բանակ։

Ուրիշ իրականության մեջ ոչ մի սև կատու չի կարող անցնել մեր միջով, թե՞ դա ուրիշ կյանքի մասին էր, երբ մենք երկուսով կլինենք կատու, այն սենյակում, որտեղ մութ է, ու որտեղ հնարավոր է ընդհանրապես կատու էլ չկա։ 

Սև ամպեր են կուտակվում գլխիդ, երկինքը թուխպ երկինքը սև։ 

Խավարամած։ 

 Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին։ 

Սև մտքեր են գեներացվում իմ ուղեղում՝ սև սրտում։ Իմ կյանքի սև կողմերը։ Սևագործ բանվոր։

Սև ագռավ։ Նա ինձ ասաց Նեվըրմոր, նեվըրամոլ, ներվամոլ, նեռվամոլի, ներվամովի, նեռվագույն․․․

Ուրիշ կյանքում ես ձվի դեղնուցի միջից դուրս եկած արդեն կիմանամ, որ ճուտիկները երբեմն չեն մեծանում, թեկուզ ագռավի, իսկ երբեմն էլ մեծանում ու դեղձանիկ  դառնում։ 

Դեղին ծաղիկների բոլոր անունները՝ թրաշուշան, կակաչ, խատուտիկ, երիցուկ, փոքրիկ տղան մի վարդ տեսավ, բայց դեղին, մեխակներս ում նվիրեմ, բայց դեղին, բաց դեղին, մանուշակ, նարգիզ տոտա էս ի՞նչ հոտ ա, ծաղկամայլիկ, լավանդա, գորնայա լավանդա, գարունիկ, սիրունիկ, ժասմին, հասմիկ, գարեգինիա երկրորդ, խորդենիկ, մարդասերուկ, մարդասերուծք, օրխիդեյա, սակայն, այնուամենայնիվ, և, բայց, ու, կրկին վայրի, անեմոն, պակեմոն, հորտենեզիա․․․ 

Ամնեզիան։ Ինձ ուրիշ իրականության մեջ հաստատ չի սպառնա, որովհետև վստահաբար ասում եմ, էնքան բան կա պահած հնուց, որ եթե շատ ուզենամ էլ, չեմ կարող մոռանալ։ Իսկ երանի չէ՞ր, որ կարողանայի․․․

Գլադիոլուս, գլադիատոր, Կալա, Մարիա Կալաս, պարզապես Մարիա, Կալ, պետունիա, աստրոմերիա, քրիզանտեմ, կամելիա, կամելիազարդ տիկին, նարդոս, ես և նա, Նարդոսի փողոցի սև լաքած դագաղներ, իրիոս, բեգոնիա, վազիր Ֆորեստ՝ վազի՛ր, ձմեռածաղիկ, անմոռուկ, գնա մեռի արի սիրեմ, մագնեզիա, խնկածաղիկ,  դելֆինում, դելֆինարիումում մի տաջիկ շուն տեսա, նա իմ ազգը հայհոյեց, լետուս, լոտուս, յոգա, վարդակակաչ, կակաչավարդ, պիոն, շպիոն, էխինացիա, էխինակոկ, կառնացիա, կառանացիա, սակուրա, մատատա․․

Ուրիշ իրականության մեջ օրխիդեաներն ու խլամիդիաները իրար հետ միասին կծաղկեն ու մեկը նվիրելով մյուսն էլ միանգամից կնվիրես՝ չնայած մյուս կողմից այս իրականությունում  էլ է այդպես՝ կարծես։

Արևածաղկի դեղին դաշտում ինչ ուզում է անես, միևնույն է Վան Գոգն է աչկիդ առաջ հայտնվում։

Ուրիշ իրականության մեջ, այլ գույներ էլ կլինեն, որոնց մասին մենք պատկերացում իսկ չունենք, կամ էլ մեր աչքերը այնպիսին կլինեն, որ կկարողանանք տեսնել այն գույները, որոնք միայն մեղուներին է հասու։ Թե՞ նրանք ինֆրակարմիրով են միայն տեսնում, ու ծաղիկներն էլ նրանց համար պարզապես ափսեի մեջ լղոզված կերակուր է։

 Կովի առջև դրված կանաչը արդյոք միևնու՞յն կանաչն է․ մաղդանոս, համեմ, թարխուն, ռեհան, քյարավուզ, նեխուր, սա մի՞ թէ, սամի՞թ է, ուրց, անանուխ, խատուտիկ, խուտուտիկ, մանանեխ, որի հատիկի չափ, եթե հավատ ունենայիք, սպանախ, ռակուլի, բռոկոլի, հազար․․․

Հազար,տարով, հազար դարով, առաջ թե ետ ի՜նչ կա որ, ես եղել եմ, կամ կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՝նչ կա որ։

 Թե՞ կան կանաչիներ, որոնցից նա թունավորվում ու ուռչում է․ կանաչաբույս, մատղաշ, դեռ արբունքի չհասած, մամռակալած․․․ 

Ի՜նչ արագ անցավ մեզ տրված ժամանակը։ Նույնիսկ չհասցրեցի ինքս ինձ հետ ծանոթանալ։ Չեմ կարող բողոքել, որ միապաղաղ է եղել կամ, գորշավուն, գորշագույն, մոխրաթույր, մոխրավուն, գորշընգեղ, կապտասպիտակավուն, գորշ, գորշերանգ, մողմոշիկ, մրեժ, սակայն եղել են պահեր, երբ հե՛նց այդպես էր, սակայն ընդհանուր պատկերի մեջ լավ էլ սիրուն է ստացվել։

Ես ձեզ հաստատ եմ ասում ու այս ուրիշ իրականությունը, ավելի ճիշտ այս ուրիշի իրականությունը, որ այսպես թե այնպես կյանք կկոչվի, որն հիմա ապրում եմ, կամ էլ վաղը կապրեմ, հաստատ չեղածից լավն է, իսկ լինելիքի մասին դեռ կխոսենք․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *