Արևիկ Չափարյան/էտյուդներ ձմռան մասին 

                               ***

Կարմիր տրամվայը լռում է գիշերային կանգառում։ Ձյունաթաթախ փոքրիկ աղջիկը պապի հետ բարձրանում է ցեխոտ աստիճաններով վեր։ Նստում են վերջին նստարանին։ Պապը թափ է տալիս գլխարկը, աղջիկը` վարդագույն ձեռնեցները, որոնց ծայրերին սառցե բյուրեղներ են շողում։ Տաք շնչով փորձում է կենդանացնել սառած մատները, բայց տրամվայում գրեթե նույնքան ցուրտ է, որքան կանգառում էր։ 

Պապը մի հայացք է նետում կիսադատարկ նստարաններին, կտորե կապույտ տոպրակից թերթի մեջ փաթաթած կլոր մի «գնդակ» է դուրս բերում ու մեկնում աղջկան։ 

Մանդարինի հոտը տարածվում է ողջ տրամվայով մեկ։ Փոքրիկ աղջիկը զգուշորեն մաքրում է կեղևը ու սառած մատներով ասես արևի նուրբ շողեր է գծում։

Աղջկան թվում է, թե կարմիր տրամվայը վերածվել է եղջերուներով մի մեծ սահնակի ու սլանում է օդում։ Չէ՞ որ պապի հետ միշտ այնպես է, ինչպես հեքիաթում։

Տրամվայը դանդաղ սահում է ձյան պես սպիտակ քաղաքի փողոցներով։ Ներսում նստած մարդիկ լուռ են` ամեն մեկը իր հեքիաթում։  

Տարիներ են անցել։ Հիմա ոչ ձմեռն է ձյունոտ, ոչ կարմիր տրամվայներ կան փողոցներում, փոքրիկ աղջիկն ինքը մի մեծ աղջիկ ունի արդեն, բայց ամեն ձմեռ իր տաք բնակարանի պատուհանից դուրս նայելիս հայացքով տրամվայի գծերն է փնտրում ու մանդարինի կեղևը մաքրելիս մատներով արևի նուրբ շողեր է գծում։

                                  ***

Պատուհանից այն կողմ ձմռան գիշերն է։ Անշունչ փողոցում միայն լուսարձակների տակ պարող ձյունն է կյանքի փոքրիկ նշույլներ ցույց տալիս։

Ձմեռը շքեղ գորգ է հյուսել դատարկ մայթերին, բայց ինչո՞ւ են այսչափ տխուր գիշերն ու այս փողոցը…

Ձյունն էլ է միայնակ, ոտնահետքերի կարիք ունի…

Աղջիկը գիշերվա պես երկար սև մազերը փռած պատուհանագոգին` հայացքով սանրում է դատարկ մայթը, հազար անգամ աչքերով քայլում դեպի փողոցի մյուս ծայրն ու վերադառնում։ Չկան ծանոթ ոտնահետքերը։

Մտքով կանգ է առնում հմայքը վաղուց կորցրած փոքրիկ կրպակի դիմաց, որտեղ ժամանակին ամենագեղեցիկ ձնծաղիկներն էին վաճառում։ 

Ձյունը ծածկել է մայթերը, հին կրպակը, կորցրել աշխարհի բոլոր ոտնահետքերը, անգամ ձնծաղիկների բույրը։ Ձյունը քնել է մայթերին։ Եվ ինչո՞ւ են այսչափ տխուր աղջիկն ու այս փողոցը…

                               ***

Կար ժամանակ, երբ ձմեռը գալիս էր մերկ, գալիս ոտաբոբիկ, բայց կորցնում էր մեզ ամենատաք ու  ծանր հագուստների մեջ։

Ձմեռը գալիս էր համարձակ, սպասված հյուրի նման ու մնում ոչ թե օրացույցում, այլ փողոցներում, ծառերին ու մայթերին, տանիքներին ու ծխնելույզների վրա։ Գրկում էր բակում սառած մանուկներին ու շողում նրանց հիացած ժպիտների տակ։ 

Գալիս էր խորհրդավոր` պատմելու սիրո ու հրաշքների մասին։ Դիպչում էր պատուհաններին ու որսում երազկոտ հայացքները։

Ձմեռը գալիս էր մի գիշերում, գալիս էր ու մնում։

Կար ժամանակ, երբ ձմեռը գալիս էր։

Կար ժամանակ, երբ կար ձմեռը։

Կար ժամանակ։

Կար ձմեռը։

Ժամանակը։

Ձմեռը։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *