Օրերս «Գրողուցավի» թղթակիցը փողոցում պատահաբար հանդիպեց Գրքի երեւանյան փառատոնի «պոեզիա» անվանակարգի ժյուրիի անդամ Արփի Ոսկանյանին, որը տարօրինակ տրամադրության մեջ էր՝ ոչ այն է խմած, ոչ այն է՝ ծխած, ինչպես ինքը հընթացս խոստովանեց՝ պոեզիայի թույլատրելի չափաբաժինն էր գերազանցել գործի բերմամբ։ Նա սկզբից մեզ չճնաչեց, ապա դժվարությամբ տեղը բերելով՝ համաձայնվեց խոսել մեզ հետ դեսից-դենից, այդ թվում փառատոնից։ Նրա խոսքը ներկայացնում ենք առանց ընդհատումների։
Դե արդեն տեսնում եմ՝ գիտեք, որ այս տարի ժյուրիի անդամ եմ բուքֆեսթում։ Անցյալ տարի էլ էի։ Հեշտ չէ, բավականին թունավոր գործ է, մեզ պիտի ձրի կաթ հասնի։ Ամեն տարի մրցանակաբաշխությունից հետո թուքումուր է, որ ուտում ենք։ Բոլորը դժգոհ են մնում, երեւի բացի հաղթողներից։ Ինչի՞ եմ ասում երեւի։ Որովհետեւ երբեք չես կարող վստահ լինել, շատ անհասկանալի ժամանակներում ենք ապրում, չեմ զարմանա, եթե մրցանակ ստացողներն էլ դժգոհ լինեն թրենդի մեջ լինելու համար։ Չգիտեմ էլ ինչու եմ համաձայնվում ժյուրի լինել։ Երեւի որովհետեւ վախենում եմ, որ հակառակ դեպքում կմասնկցեմ մրցույթին։ Հիմա մտածում եք, որ վախենում եմ չհաղթել։ Ճիշտ հակառակը՝ սարսափում եմ հաղթելուց։ Բանն այն է, որ ես ինչքան մասնակցել եմ այս մրցույթին, էդքան մրցանակ եմ շահել։ Արդեն երեք անգամ։ Երեք տարի անընդմեջ։ Այս փառատոնի ամենաշատ մրցանակ շահած գրողն եմ։ Էլ ձեւ չունեին ազատվելու ինձնից, հրավիրեցին լինել ժյուրիի անդամ։ Հերիք էր, ասին, ինչքան մրցանակ ստացար, մի քիչ էլ ինքդ տուր ուրիշներին։
Եվ ահա, թեւերս քշտած՝ բանաստեղծություն եմ կարդում։ Ես շատ լուրջ եմ մոտենում էս գործին՝ մեծ պատասխանատվությամբ։ Անանուն են պոետները, ու դա վատ չի, երբեք չես իմանա՝ որ հայտնի, գրեթե դասական պոետի մասին գրեցիր․ «Հրաշալի բանաստեղծություններ, որոնց վրա երեւում են տարբեր բանաստեղծների անխառն ազդեցությունները»։ Եվ կամ՝ «Նա պատմում է իր հույզերի մասին ուրիշների ձայնով, թեպետ որոշ դեպքերում նրանցից շատ ավելի լավ»։
Ի՞նչն է շատ պոեզիայում՝ սերը։ Այսքան սեր՝ երկրագնդի վրա ու ողջը շրջանցել է ինձ։ Ինչ ափսոս, որ ես չեմ մուսան, թեպետ դեպքերի մեծ մասի համար ավելի ճիշտ կլիներ ասել՝ փառք աստծո, որ ես չեմ։
Բայց ինչ հավես կլիներ,- հոգնությունից երազում եմ,- եթե մեկն ինձ սիրահարված լիներ ու որոշեր իր սիրո մասին հայտնել այս ձեւով՝ սիրային խոստովանությունը տողատելով ու ուղարկելով բուքֆեսթին որպես պոեզիա։ Մի խորհրդավոր ասպետ, ասենք, որ լռելայն հետեւում է ինձ ֆեյսբուքի անդաստանում կամ գործի գնալ-գալու ճանապարհին եւ ահա, հանդգնել է վերջապես խոստովանել իր սերը թաքուն։ Այս ձեւով։
Բայց ո՞նց կիմանայի, եթե մեկի մտքով իսկապես էլ նման բան անցներ․ այ մտածելու բան է։
Եվ ահա, կարդում եմ ու բռնում ինձ փաստի վրա, որ էլ չեմ փնտրում լավ լեզու, վառ պատկեր, հասուն բառամթերք ու գտնված ոճ, այլ փնտրում եմ ինձ՝ բանաստեղծության մեջ, որ կպատմի ինձ իմ հմայքներից անդիմադրելի, որ կփառաբանի իմ մեջի կնոջը ու կփաղաքշի աղջնակին, որ ամուր-ամուր կգրկի ու էլ երբեք բաց չի թողնի ինձ՝ միակիս․․․ Չէ, չկա։
Պիտի բուքֆեսթի ժյուրիի անդամ լինես, որ հասկանաս՝ էլ տասնութ տարեկան չես։ Այս փաստից տհաճորեն անակնկալի եկած՝ ուղեւորվում եմ տուն։ Երեւի շատ էր պոեզիայի դոզան, զգում եմ, որ ոտքերս պոկվում են գետնից։ Քայլում եմ ու մտածում՝ ինչ վատ է հորինված այս կյանքը, ինչ ափսոս, որ այն ես չեմ հորինել, ինչ տխուր ուրբաթ երեկո, եւ ոչ մի ինտրիգ, եւ ոչ մի արկած միջին տարիքի կնոջ համար։ Եվ այսպես արդեն քանի տարի․․․ Կարելի է ասել՝ ամուսնությունից հետո․․․
– Չհիշեցի՞ք,- ասում է դեմս ծլած տղամարդը՝ մոտավորապես իմ տարիքի։ Նայում եմ ուշադիր։ Էլի էս անհարմար պահը։ Ինձ միշտ տալիս են էս հարցը, ու միշտ ինձ մեղավոր եմ զգում։ Չէ, չեմ հիշում, տեսաք, ձեզ էլ չհիշեցի, բայց դա չի նշանակում, որ դուք աննշան եք կամ անկարեւոր, պարզապես իմ հիշողությունն է վատը։ Ես նույնիսկ նախկիններին չեմ հիշում՝ ոչ իշխանություններին, ոչ սերերին։ Անկեղծ ասած՝ ես ինձ եմ դժվարությամբ տեղը բերում։ Ի վերջո, արդեն շատ երիտասարդ չեմ։
-Չէ,- ասում եմ,- մի տանջեք, ասեք ուղղակի։
Նա բռնում է ձեռքս ու համբուրում։ Ու բաց չի թողնում ձեռքս։ Նայում է աչքերիս մեջ։ Խորքերս մխրճվող հայացքով։ Աստված իմ, կարո՞ղ է սերս է առաջին՝ անճանաչելիորեն փոխված։ Ուշադիր նայում եմ դեմքին, չէ, չեմ ճանաչում։ Գուցե առաջինը չէ, բայց էլի դրանցից է՝ էդ հին սերերից։ Ասենք, երրորդը կամ չորրորդը։ Չէ։
– Լավ, չխաբեմ,- ժպտում է մտերմիկ,- ծանոթ չենք, բայց ես տեսնում եմ, թե ոնց եք տուն գնում այս ժամերին․․․ Ես պարզապես ձեզ շատ համակրում եմ։ Միշտ հետեւում եմ թաքուն։ Մաքուր սրտով։ Ոչ մի հետին միտք չունեմ։ Ուղղակի սիրտս կպել է ձեզ։ Խնդրում եմ սուրճ խմեք հետս։
Առաջ ինչ հեշտ կլիներ գրողի ծոցն ուղարկելը կամ էլ կարելի էր գնալ սուրճ խմելու, մանավանդ համակրելի է ու բարեկիրթ, ինչու ոչ, կարելի էր ֆլիրտ անել, անցնել առաջ, պիկապին դեմ տալ դինամոն։ Մեր կյանքի տաղտուկը մեղմող թեթեւությամբ։
Բայց դե այս փոքր քաղաքում, այս փոքր երկրում, այս պուճուր գնդի վրա, էս քիփլիկ գյուղում բոլորն իրար գիտեն հիմա․ ի՜նչ իմանաս, գուցե հետեւորդ է ինստագրամում եւ կամ․․․ Ախր ո՞նց մտքովս միանգամից չանցավ, սա հաստատ բանաստեղծ է, հավանաբար բուքֆեսթի մրցույթի մասնակից․․․ Եվ իհարկե գիտի, որ ես ժյուրիի անդամ եմ։ Սա հո էն հին-բարի ժամանակները չեն, որ տղամարդիկ անշահախնդիր մոտենան կանանց՝ միայն նրանց կապելու։ Փորձում եմ պատկերացնել՝ որ հայտը կլինի նրանը, երեւի այն, որի մասին գրել եմ․ «Անկեղծ էր, մտերմիկ, բայց չկար բավարար հեռավորություն գրողի ու քնարական հերոսի միջեւ»։ Կամ՝ «Կան անսպասելի մոտեցումներ, փոքրիկ խիզախումներ, բայց հիմնականում հեղինակը աշխատում է չշեղվել մայրուղուց, իսկ եթե շեղվում էլ է, գնում է տրորված կածաններով»։
– Չէ,- ասում եմ,- սուրճ չեմ խմի, ես ամունացած եմ։
– Չի կարող պատահել․․․
– Ես էլ եմ զարմացած, բայց պատահել է՝ ես ամուսնացած եմ ու սիրում եմ իմ ամուսնուն,- ասում եմ ու պատկերացնում, թե ոնց է ամուսինս այս ուրբաթ երեկոյան ցնկցնկում ինչ-որ փաբում, մտքով իհարկե չի անցնում այլ կանանց մոտ ինձ հիշատակելը մի բարի խոսքով, իսկ ես պիտի դիմակայեմ ոչ տհաճ անծանոթի հետ սուրճ խմելու գայթակղությանը՝ եւ ոչ թե որովհետեւ առաքինի տիկին եմ հայ, այլ որովհետեւ ժյուրիի անդամ եմ բուքֆեսթի՝ անկաշառ, անաչառ, արյունարբու։
– Երջանկություն ձեզ,- տխուր ասում է պոեզիայի մրցույթի հավանական մասնակիցը, որ գուցե բոլորովին էլ պոետ չէ, այլ մի սովորական պիկապեր է կամ պիկապորդ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ պիկապիչ, վատ չի հնչում նաեւ պիկապողը, որ թեպետ վարպետ էր, բայց չհաջողեց կապել, քանի որ աշխատում էր չշեղվել մայրուղուց եւ շեղվելիս էլ տրորված ու ծանոթ կածաններով էր գնում, նրա ոճը հղկված էր, բայց չուներ թարմություն, ու չէր փչում նրանից ժամանակի շունչը, կամ էլ որովհետեւ ճիշտ չէր ընտրված, գրողը տանի, հեռավորությունը գրողի ու քնարական հերոսի միջեւ, նա միանգամից մի քիչ շատ մտավ քիթս, եւ որովհետեւ պիկապի կլիշեներն էր օգտագործում՝ առանց խնդրականացնելու եւ առանց խտրականություն դնելու միջոցների միջեւ։ Եվ ամենակարեւորը, նա հաշվի չէր առել կոնտեքստը։ Այ, լիներ ուրիշ ժամանակ, ու ես չլինեի պոեզիայի մրցույթի ժյուրիի կազմում, ինքն էլ՝ հավանական բանաստեղծ, միգուցեւ սուրճ խմելը ստացվեր։ Մաքուր սրտով, առանց հետին մտքի։ Բայց պոեզիայի մրցույթի ժյուրիի անդամին, կներեք, թույլ չեմ տա կաշառել, սիրաշահել եւ այդպիսով ազդել մրցույթի արդյունքների վրա․․․ Մյուս կողմից էլ եթե բուքֆեսթը չլիներ եւ էդ կարճ ժամկետում էդքան պոեզիա ստիպված չլինեի կլլել, երեւի սիրային ֆլյուիդներ չարտածեի օդերում․․․
– Դուք էլ լավ եղեք,- ասացի։
Նրա դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որ հայտնվում է Եհովայի վկայի դեմքին, երբ լսում է նա, որ աթեիստ ես։ Դա գիտե՞ք ինչ է, չգիտեմ էլ ոնց ճիշտ ասեմ․․․ Դա արտահայտությունն է բաց թողած հնարավորության, որն իրականում չես էլ ունեցել։