Շատ տարիներ առաջ էս վերնագրով մի հոդված էի հրապարակել «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում՝ ի պատասխան իմ դեմ գրված մի զվարճալի ամբաստանագրի։ Հիմա կարծես ժամանակն է նույն վերնագրի ներքո անդրադառնալ նոր ու ոչ պակաս զվարճալի ամբաստանություններին, որ վերջին երկու ամսում անդադար հնչում են իմ ու գործընկերներիս հասցեին՝ այս անգամ Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության առնչությամբ։
Նախ ասեմ, որ չեմ պատրաստվում հակադարձել այդ մեղադրանքներին կամ արդարանալու փորձեր անել։ Ընդհակառակը․ կանեմ տրամագծորեն հակառակը՝ այդ կերպ ընթերցողին հնարավորություն տալով շատ ավելի հաճույքով ու համապարփակ վայելել իրավիճակի ամբողջ հմայքը։
Առաջին շառաչուն մեղադրանքն այն է, թե կառույցը (Հանրային հեռարձակողների խորհուրդը), որի անդամ եմ նաև ես, իշխանությունների կամակատարն է, և թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մեզ՝ ազատվել ՀՌ նախկին տնօրեն Գարգին Խումարյանից, քանի որ Խումարյանը հանդես է եկել Փաշինյանին քննադատող հոդվածով։
Այս՝ գրեթե աքսիոմատիկ համոզվածությամբ մատուցվող մեղադրանքը, ի թիվս այլոց, հնչեցնում և պաշտպանում են շատ պատկառելի վաստակ ունեցող խմբագիրներ, գործող ու նախկին լրագրողներ, որոնց արդարամտությանն ու ազնվությանը երբևէ չեմ կասկածել։ Անգամ հիմա չեմ կասկածում։ Այնքան չեմ կասկածում, որ սկսում եմ հավատալ՝ դե ճիշտ են ասում, էլի էդ ազնվագույն, անաչառ ու անշահախնդիր մարդիկ․ ախր ո՞նց կարող է ՀՀԽ-ն չլինել իշխանության կամակատարը։ Ու ո՞նց կարելի է չպատկերացնել, որ Փաշինյանը կարող է գիշերները հանգիստ քնել՝ անուշադրության մատնելով ու մի կողմ դնելով օրնիբուն իր ու մերձավորների հասցեին գրավոր ու բանավոր հայհոյանքները, բայց իմանալով, որ ականավոր հայրենասեր Խումարյանը մի ըմբոստ հոդված է գրել իր դեմ, ո՞նց վեր չի թռչի տեղից, ո՞նց չի բարկանա ու չի հանձնարարի Էդ անհնազանդ հոդվածագրին հեռացնել գործից․․․ Չէ՞ որ վերջին մի քանի ամիսներին Փաշինյանի ուշքումիտքը էդ հոդվածի հեղինակն է, որ կա, չէ՞ որ վերջին ամիսներին Երկրագունդը պտտվում է բացառապես Խումարյանի ու նրա հոդվածի շուրջ (անգամ Վահրամ Մարտիրոսյանն է պտտվում, որ, ասում են, Խումարյանի պես մեծության հանդեպ էս չտեսնված անարդարությունը հանդուրժել չկարողանալով՝ մի կողմ դրեց իր բոլոր գործերը, լքեց մերձավորներին ու ընկերներին և խռովյալ մտքերով հայտնվեց Երկրագնդի հակառակ կողմում)։
Բայց չշեղվեմ։ Այսպիսով՝ ճոխ երևակայությամբ փայլող ու ՀՀԽ անդամներիս վրա ճնշումների սահմռկեցուցիչ տեսարանները կանխավայելած, ըստ այդ կանխավայելումի՝ Խորհրդի հասցեին ազնիվ քննադատություն հնչեցրած երբեմնի գործընկերներիս աչքում, ահա, մենք արժանացանք «կամակատար», «խամաճիկ», «միջակություն», «ծախու», «տականք» և այս կարգի այլ որակումների։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում արդարության այդ աննահանջ մունետիկներին՝ հայրենիքի առջև ծառացած այս ծանր փորձության ժամին համախմբվելու և ինձ ու գործընկերներիս վրա հետևողականորեն ու եռանդով ցեխ շպրտելու համար։ Խումարյանին չվերընտրելը, հիրավի, հավասար է հայրենիքի դավաճանության ու նողկալի ծառայամտության, որը սոսկալի հարված է հասցնում հայության ինքնությանն ու գոյութենական անվտանգությանը։
Թեև ուշացումով, բայց արդեն հասկանում եմ, որ հայրենիքի ցավերի մեջ տապակվող ու հայության ապագայով մտահոգ Խումարյանին չվերընտրելը նույնքան քստմնելի ու դատապարտելի մի արարք է, որքան Ա1 պլյուսի փակումն էր 2002 թվականին։ Հայրենիքի ցավերի մեջ տապակվող ու հայության ապագայով մտահոգ երբեմնի գործընկերներս անչափ մեծահոգի են, որ հիմա կոչ չեն անում այրել ՀՀԽ անդամներին խարույկի վրա․ չէ՞ որ մենք ոչ միայն չենք տարբերվում Ա1 պլյուսը փակելու հանձնարարությունը հլու հնազանդ կատարած կամակատարներից, այլև գերազանցում ենք նրանց ստորաքարշությամբ, հայրենադավությամբ, ծախվածությամբ և մնացած բոլոր էս տեսակ եղկելի բաներով․․․ Դատեք ինքներդ․ ուրիշ ի՞նչը կարող էր ավելի ցայտուն վկայությունը լինել ասվածի, քան Խումարյանի նման անփոխարինելի և կարկառուն հանճարին ռադիոյի տնօրենի պաշտոնում չվերընտրելը։ Ո՞վ կարող է հիմնավորել, որ Գարեգին Խումարյանը ինչ-որ բանով պակաս է Ա1 պլյուսից, և Խումարյանի պաշտոնավարման ավարտը ու նրան չվերընտրելը նվազ հանցանք է, քան Ա1 պլյուսի փակումն էր․․․
Մեզ՝ ՀՀԽ անդամներիս, հորդորում են հրապարակել մրցույթի մասնակիցների հայեցակարգերը։ Մենք երախտապարտ ենք, որ մեր բարոյականության վերջին փշրանքներին դեռ հավատացողներ կան, բայց իզուր։ Պիտի հիասթափեցնեմ նրանց ու ասեմ, որ մենք գերադասում ենք ամրապնդել կողմնակալի ու ստորի մեր համբավը, քան մի փոքր պարկեշտություն ու քաջություն սովորել մեր սիրելի ու անմոռանալի հավատաքննիչներից ու հրապարակել ուրիշների հեղինակային սեփականությունը, այն հայրենանվեր մղումով ու հիմնավորումով, որ սա թող դառնա հանրության քննարկման, զարմանահրաշ ու տարաշխարհիկ մեկնաբանությունների, ինչո՞ւ ոչ՝ հիացմունքի կամ հայհոյանքի առարկա, իսկ հայեցակարգերի հեղինակները գլուխներն առնեն ու գնան նորանոր հայեցակարգեր հորինելու։
Մեկ այլ սոսկալի մեղք էլ, որ վերագրվում է ինձ ու գործընկերներիս, տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանին ընտրելն էր։ Դե իհարկե․ ինչպե՞ս կարելի է տնօրեն ընտրել «Ազատություն» ռադիոկայանում աշխատած մարդու։ Առհասարակ, ո՞նց կարող է Խորհուրդը տնօրեն ընտրել։ Խորհուրդը իրեն թելադրված որոշումներ դակողն է, և այդ որոշումները կայացնում է անձամբ Փաշինյանը․․․
Սա այնքան հիմնավոր մեղադրանք է, որ չեմ կարող չզինաթափվել ու զսպել գաղտնիքներ բացելու գայթակղությունս․ այո՛, հենց Փաշինյանն է կայացնում ՀՀԽ բոլոր որոշումները։ Նա աշխատում է ՀՀԽ բոլոր անդամների փոխարեն, քննարկում և հաստատում է հեռարձակողների հաղորդացանցերը, թելադրում է ծրագրային քաղաքականությունը, ամեն բան մեր փոխարեն անում է ինքը, իսկ մենք՝ խորհրդի անդամներս, միայն ու միայն աշխատավարձ ենք ստանում նրա արածների համար։ Մսխում ենք, այսինքն, հարկատուների փողերը։ Ավելին․ Փաշինյանը ոչ միայն անձամբ է որոշում ազատել անցանկալի տնօրենին՝ նրա պաշտոնավարման ավարտը լրանալուն պես, ոչ միայն հանձնարարում է մեզ՝ նշանակել իր նախընտրած մարդուն, այլև անձամբ կազմում է ռադիոյի աշխատակիցների հաստիքացուցակը, հետաքրքրվում է յուրաքանչյուր աշխատակցի անցյալով, ներկայով ու ապագայով, ճշտում է, թե տվյալ աշխատողն ինչ կարծիքի է մեր սարերի ու ձորերի մասին, զուգահեռաբար վերահսկում է նաև օպերատորների, պահակների, վարորդների ու հավաքարարների աշխատանքը․․․
Այս պայմաններում, ահա, առաջադիմական գաղափարների կրող, բայց հոգու խորքում ինկվիզիցիայի սիրահար մեր արդարամիտ ու ցասումնառատ հայրենակիցների համար մի՞թե ջրի կաթիլի պես պարզ չէր, որ հենց Քոլոյանը դառնա ռադիոյի տնօրեն՝ տեղի է ունենալու չտեսնված մի աղետ, և Հայաստանն ավելի է գավավիժելու անդունդը։ (Այս միտքն, իմիջիայլոց, օրերս հղկեց ու զարգացրեց Հայաստանի ապագայով սաստիկ մտահոգ Ռուսաստանի ԱԳՆ մի պաշտոնյա, հայտարարելով, թե Արևմուտքը մտադիր է Քոլոյանի ձեռքով քանդել Հայաստանը։ Մի կողմից՝ սուպերհայրենասիրության, մյուս կողմից՝ Հայաստանի հանդեպ սրտացավության ի՜նչ փայլուն համադրում)։
Չերկարացնեմ․ կարծում եմ՝ այսքանն էլ բավական է, որ հասկանաք, թե ի դեմս Հանրային հեռարձակողի խորհրդի՝ ինչ սոսկալի աղետ է կախված մայր հայրենիքի գլխին։ Ցավալիորեն տնօրեն չընտրված Գարեգին Խումարյանն ու իր անվեհեր պաշտպանները հետայսու ճիշտ կլինի պահանջեն, որ ՀՀԽ բոլոր անդամներս ոչ միայն հրաժարական տանք, այլև կամավոր գնանք դժոխք, քանզի այլընտրանքը հայրենիքի կործանումն է։
Գրառումը՝ Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից