Գրիգոր Գրիգորյան/Բարի գալուստ դպրոց

Արդեն երրորդ օրն էր՝ Աշոտը կանգնում էր հայելու առաջ, ձեռքերը պարզում վեր, բռունցք անում, բռնցքամարտիկի կեցվածք ընդունում և թեթևակի ճոճում լղար մարմինը։ Հետո իջեցնում էր ձեռքերը, փոքր-ինչ հետ գնում, խոր շունչ քաշում և հայելու մեջ նայելով՝ դանդաղ քայլերով առաջ շարժվում։ Մոտենալով հայելուն՝ նա աջ ձեռքը կրկին բռունցք էր անում և ակնթարթորեն հարվածում երևակայական հակառակորդին։ Երեք օր առաջ, երբ տղան վերադառնալիս է լինում դպրոցից, շենքի մուտքի մոտ Աշոտի ճանապարհը կտրում է Գիժ Վալորդը։ 

«Աշոտիկ, ո՞նց ես»։

«Լավ եմ, Վալո՛դ ձյա, — ցածրաձայն ասել էր տղան ու փորձել արագ առաջ անցնել։

«Սպասի՛, ո՞ւր ես վռազում․ հլը մոտ արի՛, — երեխայի ձեռքից բռնել էր տղամարդը։ Փոքր-ինչ լռելուց հետո՝ հանկարծակի հարցրել էր․ — Քանի՞ օր ա»։

Աշոտը չէր պատասխանել հարցին․ ուղղակի կախել էր գլուխը։

«Մի շաբա՞թ, թե՞ շատ, — պնդել էր Գիժ Վալոդը»։

«Մի ամիս, — գլուխը չէր բարձրացրել տղան»։

«Ձերոնք խաբա՞ր են»։

«Չէ՛»։

«Էդ լավ ա, — մուտքի աստիճանին էր նստել Գիժ Վալոդը։ — Հերդ էլ տեղյակ չի՞»։

«Հերս վրես չի՛ էլ նայում, — վերջապես գլուխը բարձրացրել էր Աշոտը»։

«Մարդ կա՝ վրեն չնայող հեր էլ չունի, նենց որ հերսդ ուրիշի համար պահի։ Ձեր դասարանի՞ց ա, թե՞ մեծ ա»։

«Դասարանի՛ց։ Ամեն օր կանչում ա մոտը, մազերս քաշում ու․․․»։

«Մի՛ պատմի, չե՛մ ուզում լսել, — Աշոտին ընդհատել էր տղամարդը։ — Տեսածս լրիվ հերիք ա, պատմությունը ընդհանրապե՛ս հետաքրքիր չի․․․ Ու ի՞նչ ես պատրաստվում անել»։

«Մազերս կտրեմ»։

«Գի՞ժ ես, — ջղայնացել էր Գիժ Վալոդը, — մազերիդ հանկա՛րծ չկպնես, սենց երկար քեզ շատ ա սազում։ Ու հետո, Աշոտի՛կ, էդ քո խնդիրը չի՛ լուծելու, հակառակը՝ ավելի խորացնելու ա»։

 «Բա ի՞նչ անեմ, սաղ օրը բոլորի մոտ ձեռ ա առնում, ստորացնում․․․»։

«Մի՛ նվնվա, նվնվոցով էլ հարց չեն լուծում, — մի պահ լռել էր Գիժ Վալոդը, հետո կտրուկ շարունակել․ — Պիտի՛ խփես։ Մի ամիսն իհարկե շա՜տ-շատ ա, բայց խնդիրը լուծում ունի և էդ լուծման համար կա ընդամենը մեկ տարբերակ․ պիտի՛ հավաքվես, պատրաստվես ու առանց որևէ աջուձախի՝ խփե՛ս դրան։ Արտաքուստ սառը, բայց ներսումդ կրակ պիտի լինի, հրաբո՛ւխ, որ ճիշտ պահին ժայթքի ու ստիպի, որ բլթբլթացող լավան դուրս ցայտի քո մեջից։ Էդ հարվածիդ մեջ, բացի ֆիզիկական ուժից, պետք ա կուտակված լինի էսքան օրերի ջղայնությունն ու նվաստացումը․ դրանք պիտի միախառնվեն, պինդ սեղմվեն իրար, միաձուլվելով դառնան մի անհանգիստ ու վայրենի մասսա ու ծնեն էդ ուժեղ հարվածը։ Քո տեղը չպը՛տի որոշեն, էդ դու պե՛տք ա որոշես՝ ո՛վ ես դու, ով ես ուզում, որ լինես դո՛ւ, ինքդ պիտի փոխես խաղի կանոններն ու քո պայմանները թելադրես։ Իսկ դրա համար պետք ա տրամադրվել ու բոլորի առաջ պինդ, երբեք չջարդվող ատամ ցույց տալ։ Էս կյանքը՝ քեզ դպրոց, ես էլ՝ քեզ դասատու։ Դի հիմա գնա՛ ու դասերդ սովորի․․․»։

Աշոտն արդեն երրորդ օրն էր, ինչ պատրաստում էր այդ հարվածը, և նախորդ օրերի ձախողումները նրան ամենևին չէին վհատեցնում։ Երբ նա վճռական քայլերով մոտենում էր Սերոբին և արդեն պատրաստվում էր կատարել Գիժ Վալոդի «առաջադրանքը», վերջին քայլի ժամանակ տղայի ոտքերը երերում էին լարվածությունից, ու Աշոտի վճռկանությունը հօդս էր ցնդում՝ տեղի տալով տխուր ավանդույթ դարձած Սերոբի տիրական բառերին․ «Աշոտի՞կ, էլի երկար մազերդ չե՞ս կտրել»։ Սերոբը դասարանի տղաների դիմաց քաշում էր Աշոտի մազերից, հետո «չափալախում» ու ավելացնում․ «Երբ մազերդ կկտրես՝ էն ժամանակ էլ կողքներս կանգնելու իրավունք կունենաս․ հիմա գնա ու էն ծերի նստարանին խելոք նստի, ա՛յ փռչոտ շուն»։ Աշոտը լուռ կուլ էր տալիս նվասատացումն ու գլխիկոր գնում դեպի դասարանի ծայր։

Բայց այսօր նա վճռական էր, քան երբևէ։ Վերջին երկու օրերի աշխատանքը տղային բերել էր այն պարզ համոզման, որ եթե ոչ այսօր` ապա վաղը, եթե ոչ վաղը` ապա մյուս օրը, եթե ոչ մյուս օրը` ապա մի ինչ-որ ոչ հեռավոր օր նա ի զորու է վերջ տալ այս տխուր պատմությանը։ Այս գիտակցումն ու դրա ամբողջական ընկալումը նրան ավելի հանգիստ ու խոհեմ էին դարձրել, և Աշոտին այլ բան չէր մնում, քան ժպտալ հայելու մեջ վերնաշապիկն ուղղող վերափոխված պատանուն։

Սերոբը կանգնած էր դասարանի կենտրունում՝ դասընկերներով շրջապատված։ Խանդավառված տղան ինչ-որ պատմություն էր պատմում, երբ դասընկերներից մեկը ժպտալով դիմեց նրան․

— Էկավ երկարամազիկդ։

Սերոբը թեթևակի թեքվեց դեպի իրեն մոտեցող Աշոտը։ «Երկարամազիկի» քայլերն այսօր հանգիստ ու անհոգ էին, բայց դասընկերներից ոչ մեկը ոչ մի արտասովոր բան չնկատեց նրա քայլվածքում։ Շնչառությունն աստիճանաբար արագանում էր, բայց Աշոտը կառավարում էր ներսում ոռնացող դևերին և սպասում վերջին, ամենավերջին քայլին, ինչը որոշիչ դեր պետք է ունենար հետագա գործողության համար։ Ու երբ իր առաջ, գրեթե դեմուդեմ տեսավ կիսաթեք Սերոբին՝ կատարեց վերջինը քայլը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց ազդրերին՝ երերացող դողի ակնկալիքով։ Բայց ոտքերն այսօր դարերի ծովալիքներ հաղթահարած ժայռից էլ ամուր էին, և Աշոտը նայելով Սերոբի աչքերի խորքը՝ գոռաց ամբողջ ուժով․

— Բոզզզի՛ տղա։

Սերոբը նույնիսկ չհասցրեց ամբողջությամբ ուղղել մարմինը, և Աշոտը շատ պինդ սեղմված բռունցքով ուժգին հարվածեց Սերոբի այտոսկրին՝ մի քանի քայլ հետ շպրտելով տղային։ Հազիվ ոտքի վրա մնալով՝ Սերոբը երկու ձեռքով փակեց ականջները՝ փորձելով մեղմել ականջներում հնչող խուլ սվսվոցը։ Երբ սվսվոցը թուլացավ և գիտակցությունը սթափության որոշակի նշաններ ցուցաբերեց՝ Սերոբն իր առջև կրկին տեսավ Աշոտի բոցավառվող աչքերը։

— Բոզզզի՛ տղա։

Երկրորդ հարվածից հետո Սերոբը տապալվեց հատակին, գլուխն առավ ափերի մեջ և անտանելի ցավից սկսեց բարձրաձայն հեկեկալ․․․

Հաջորդ օրը դպրոցի տնօրենի աշխատասենյակում գլխիկոր նստած մարդիկ լուռ էին՝ բացառությամբ Սերոբի մորից, որն անդադար բղավում ու հաշիվ էր պահանջում ամբողջ աշխարհից։ Նրա կրքոտ բորբոքվածությունն այնքան անկառավարելի էր, որ նույնիսկ դպրոցի տնօրեն տիկին Բարիկյանը չէր փորձում ընդհատել կնոջը։ 

— Բայց իմ տղան այդպիսի բառեր չգիտի․․․

— Էդ Դո՛ւք ձեր տղային չգիտեք, տիկի՛ն, — Աշոտի մոր հանդուգն միջամտությանը պատասխանեց Սերոբի մայրը։ — Էն մի մատը բոլորիս կտանի ծով՝ ծարավ հետ կբերի։

Աշոտի մայրը մեղայական հայացքով նայեց դպրոցի տնօրեն տիկին Բարիկյանին։

— Ասե՛լ է, — հաստատեց տնօրենը, — այն էլ երկու անգամ։  

Կինը կուչ եկավ փայտե աթոռին և որոշեց այլևս բառ չարտաբերել։ Նա թեթևակի հայացք գցեց հեռվում նստած որդուն, որն արտաքինից մեղավոր կեցվածք ընդունալով՝ թաքուն վայելում էր օրվա ամեն մի ակնթարթը։

Please follow and like us: