Տիգրանը լուսադեմին սափրվեց։ Գիշերն անհանգիստ էր ստացվել, շատ էր քրտնել և այդպես էլ չէր կարողացել մինչև վերջ «անջատել» ուղեղն ու տրվել անխռով քնին։ Գալիք օրվա կարևորությունն ու նշանակությունը Տիգրանին հանգիստ չէին թողնում, և նա ենթագիտակցական անհամբերությամբ սպասում էր արշալույսին։ Իհարկե, առիթն այդքան էլ տոնական չէր՝ պետք է վերջին Գազելին վերջնականորեն հրաժեշտ տային ու թաղեին պատմության գերեզմանոցում, բայց Տիգրանի տրամադրությունը րոպե առ րոպե ավելի էր բարձրանում։ Օրվա առթիվ հատուկ ընտրված կարմիր փողկապը ձգեց, ուղղեց չեխական կոստյումը, որն ամեն դեպքում որոշել էր հագնել 40 աստիճան շոգին, փայլեցրեց լաքապատ կոշիկները, մոտ տասը րոպե տարբեր կողմերով պտտվեց հայելու առաջ, հոլիվուդյան ժպիտների տարատեսակ կոմբինացիաներ փորձարկեց ու դուրս եկավ տնից այն հույսով, որ ամեն բան կանցնի հարթ ու խաղաղ, ըստ իր նախատեսածի։
Գազելի ղեկին իր դերը գերազանց խաղալով՝ երիտասարդ քաղաքական գործիչը լեգենդար միկրոավտոբուսը մոտեցնում էր վերջնական կանգառին, իսկ գոհունակ ժպիտը խաղում էր նրա խորամանկ շուրթերին, ինչը դարձել էր Տիգրանի քաղաքական կարիերայի անբաժան թալիսմանը։ Պտտվեց դեպի բեռնախցիկը, որտեղ բեռների փոխարեն մարդիկ էին նստած, և զրնգուն տոնով ասաց․
— Ահա և վե՛րջ, — վերջապես արտասանեց այդքան սպասված արտահայտությունը, որին քանի շաբաթ սրտատրոփ սպասել էր։ — Սա վերջին կանգառն է։ Խնդրում եմ վճարել 100 դրամներն ու իջնել։
Փոքր դադար վերցրեց, խոր շունչ քաշեց և արտասանեց մյուս՝ թերևս շատ ավելի սպասված նախադասությունը, քան «Ահա և վե՛րջ»-ը․
— Այսուհետ դուք կարող եք ձեր ճանապարհը շարունակել ավելի հարմարավետ, գերմանական կանաչ ավտոբուսներով, որոնք սպասում են ձեզ փողոցի մյուս կողմում։
Գազելի մարդիկ սցենարին համապատասխան ժպտացին կոստյումավոր վարորդին, սկսեցին վճարել 100-դրամանոցներն ու իջնել վերջին, արդեն շունչը վաղուց փչած Գազելից։ Գրեթե բոլոր ուղևորներն իջել էին, միայն հետևի շարքում հարմարված եռյակը կիպ-կիպ նստած էր և նույնիսկ մտադրություն չուներ տեղից շարժվել։
— Դե իջեք, գերմանական կանաչ ավտոբուսները սպաս․․․
Տիգրանի բերանում խոսքերը կուլ գնացին, երբ պտտվելով դեպի եռյակը՝ այնտեղ տեսավ ծանոթ դեմքեր․ Հայկոն, Սնուփ Դոգն ու Մաեստրո Սմբատյանը քար կտրած նայում էին նրա զարմացած հայացքին։
— Ինչ «չմո» ա, տղե՛րք, հլը նայեք՝ իսկական կրակոտ մի «չմո» — Հայկոն առանց տեղից շարժվելու դիմում էր կողքին նստած Սնուփին ու Մաեստրոյին։
— «Չմո» չի, ախպե՛րս, «մաչո» ա, — գրական հայերենով պատասխանեց Սնուփ Դոգը։
— Յաաա՜, փաստորեն՝ դուք էլ ձեր ամերիկաներում «Կարգին հաղորդում եք» նայո՞ւմ, — զարմացած հարցրեց Մաեստրոն։
— Կոկայինը տենց բան ա, ախպերնե՛ր, կուզե՞ք, — ու սևամորթ ռեփերը գրպանից մի փոքրիկ կապոց հանեց։
— Հարգելի՛ ընտրողներ, — մեջ ընկավ Տիգրանը, — ավտոբուսը ձեզ է սպասում, խնդրում եմ վճարել 100 դրամներն ու տեղափոխվել իմ անմիջական կարգադրությամբ գնված գերմանական կանաչ ավտոբուսը։
— Հա՛յկո ջան, քո մոտ փող կա՞, — կիսաձայն հարցրեց Մաեստրո Սմբատյանը, — վերջին դեպքերից հետո իմ բոլոր կոպեկները սառացրել են․․․
— Մաեստրո՛ ջան, թատրոնիս տոմսերը դեռ չեն ծախվել, ունեցածս էլ էս ընտրությունների մեջ եմ դրել, ը՛սկի մի լումա չունեմ էս պահին։
— Ախպերնե՛ր ջան, հանկա՛րծ չնեղվեք, — խոսակցությանը միջամտեց Մաեստրոյի ու Հայկոյի մեջտեղում նստած Սնուփը,— 2 միլիարդը ջեբումս դրած ա, կուզենք էս Գազելը կառնենք՝ շոֆեռին էլ հետը։
— Չէ՛, չէ՛, այդ մեկը չի՛ ստացվի․ պետական բյուջեի փողերը, որ հիմա հայտնվել են ձեր գրպանում, հարգարժա՛ն պարոն Դոգ, չեն կարող ծախսվել Ձեր, արտիստի և Մաեստրոյի տրանսպորտի վճարների վրա։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ աղմուկ կբարձրանա մամուլում․ տեսեք՝ այն ծառի կողքին «Հետք»-ի լրագրողը անկյունում կանգնած նման մի բանի է սպասում։ — Տիգրանը նայեց անկյունում կանգնած ծպտված լրագրողի ուղղությամբ և բարձրաձայն ավելացրեց․ — Մենք կարող ենք ձախողել ամեն ինչ՝ խայտառակ լինել միջազգային հանրության առջև, անվտանգության համակարգը ավերել, առողջապահությունը ոտնատակ տալ, պետական դավաճանության մեջ մեղադրվել, բայց կոռուցիա՝ երբե՛ք, դա չլինո՛ղ բան է։
— Բա հիմա ի՞նչ անենք, շոֆեռ-ախպերի՛կ, — «պարոն Դոգի» հայերենը զարմացնում էր բոլոր ներկաներին, — էս խրթին իրավիճակից ո՞նց ելք գտնենք, ընդհանրապես՝ ելք կա՞։
— Ինչպես պատմությունն է ցույց տվել, սիրելի՛ երգիչ, ելք հաստա՛տ կա։ — Տիգրանը բառերը հստակ արտասանեց, բայց մտածմունքների մեջ ընկնելով՝ սկսեց կակազող թութակի նման կրկնել հայտնի բառակապակցությունը․ — Ելք ունե՛նք․․․ Ելք ունե՛նք․․․ Հաստա՛տ՝ երևի ելք ունե՛նք․․․ Մի հատ զանգեմ շեֆին։
Տիգրանը հեռախոսն ականջին ընդունակ աշակերտի նման խելոք լսում էր՝ պարբերաբար կրկնելով՝ «Հա, շե՛ֆ ջան․․․», «Լավ, շե՛ֆ ջան․․․» արտահայտությունները։ Վերջապես ավարտելով հեռախոսազրույցը՝ նա դիմեց եռյակին․
— Ինչպես միշտ՝ Նա գտավ ելքը․ ուրեմն՝ քանի որ Գազելները մեր նորանկախ հայաստանի տրասպորտային համակարգի անբեկանելի խորհրդանիշն են հանդիսանում՝ առասպելական «Երազներից» հետո, մարդիկ դեռ երկար չեն հավատալու, որ այլևս Գազել չկա, որ սա վերջին Գազելն էր ու այսուհետ տրանսպորտային համակարգում գազելներ չեն լինելու։ Կարճ ասած, — նա փոքրիկ դադար պահեց, մեկ անգամ էլ նայեց ծառի կողքին կանգնած լրագրողի ուղղությամբ և կրկին բարձրացրեց ձայնը, — գազելները մարդկանց գլխում են, մարդիկ պե՛տք է իրենց մտքերում հրաժարվեն գազելներից ու վերսկսեն նոր ճանապարհ՝ նոր էկո ավտոբուսներով․ մարդիկ պիտի՛ սպանեն և վերջնականորեն թաղեն իրենց գլխում պատկերվող վերջին Գազելին։ Իսկ այս նվիրական գործում, որպես ժողովրդավարության հարցում «մեծ» ծառայություն ու հատուցում չվճարված տոմսերի դիմաց, դուք պետք է շատ կարևոր դերակատարում ունենաք և բեմականացնեք վերջին Գազելի թաղման արարողությունը։
Հայկոն, լսելով «բեմականացում» բառը, խառնվեց իրար և չկարողանալով զսպել ներքին ուրախությունը՝ դիմեց Մաեստրոյին։
— Պարո՛ն Սմբատյան, դիրիժորական փայտիկը Ձեզ մո՞տ է։
— Իհարկե՛, այն միշտ ինձ հետ է․ վերջերս 2 անգամ թքել եմ փայտիկին։
— Դե, Սնուփի, դու ի՞նչ կասես։
— Ի՞նչ ասեմ, ես դեռ էդքան ծխած չեմ, որ տենց բան անեմ։
— Էդ հեչ, դա լուծվող հարց ա,— ասաց Հայկոն ու թեքվեց Տիգրանի կողմը, — պարո՛ն վարորդ, մենք մի 10, չէ՝ 7 րոպեից պատրաստ ենք։
Միջօրէ էր, Նուբարաշենի սովորական միջօրէներից մեկը։ Փողկապավոր Տիգրանը կանգնած էր մեքենաների գերեզմանոցի ամենաբարձր կետում՝ կիսախարխուլ «Ռաֆի» ծակ կտուրին և բրեժնևյան հիացմունքով հետևում էր վերջին Գազելի թաղման յուրահատուկ արարողությանը․ ժանգոտ Գազելը ճռճռալով շարժվում էր դեպի անհայտություն, իսկ նրա հետևից քայլում էին աղեկտուր արտասուք թափող դերասանն ու ռեփ կարդացող ծխացող սևամորթը՝ հայտնի դիրիժորի փայտիկի ջանասեր շարժումների ուղղեկցությամբ։