Արփի Ոսկանյան/Երեւանյան երազանքներ։Ռեպորտաժ

Տեսնել և նոր մեռնել

«Ամերիկայի հայերեն լսած էի հայաստանցիներու անփութության և անպարտաճանաչ ըլլալու մասին և մտածեցի այդ է։ Ես պատվիրած եմ Արարատի տեսարանով սենյակ, իսկ անոնք թերացած են։ Իբրև սպառող մը ոտնահարված գտա իրավունքներս և պահանջեցի կառավարիչին։ Մեկ էլ սենյակումս հայտնվեցան խումբ մը աշխատակիցներ ու բոլորով ներողություն կխնդրեն, որ սարը մշուշապատ է։ Կասեն՝ Թուրքիո տարածքում կգտնվի, այլապես մենք մի բան կանեինք, բայց ասպես անզոր ենք։ Հնարամիտ են ու սրամիտ,– պատմում է պարոն Մարգարը ժպիտով և ծորակից ջուր լցնում,– աստեղ մարդիկ ու բնությունը դեռ կպահպանեն իրենց մաքրությունը։ Միլիոնից ավելի բնակչություն ունի Երևանը, բայց աղբյուրի ջուր կսպառե։ Տարիներ առաջ մի ամսագրում կարդացած եմ, որ ատանկ քաղաքներ շատ քիչ կան աշխարհի վրա, հիմա պիտի որ էլ ավելի քչացած լինեն։ Գիտե՞ք, հինգ հազար տարի է պետք, որ անձրևի ջուրը դառնա աղբյուրի ջուր։ Կպատկերացնե՞ք դա ինչ թիվ է։ Ես ութսուներկու եմ,– պարոն Մարգարը զգուշությամբ ու խնայողաբար, ասես խմածը կյանքի էլեքսիր է, կում է անում։– Երբ կնայեմ այս ջրին, սարերի սառնաշունչ օդը կզգամ, սարերից վար վազող առվակների ձայնը կլսեմ, ամբողջ հայրենիքս աս մեն մի բաժակի մեջ է»։

Մարգար Պեյպունճյանը ամերիկացի միլիարդատեր է, որի կարողությունը գերազանցում է Հայաստանի բյուջեն։ Չիրագործած միայն մի երազանք ուներ՝ այցելել Հայաստան և տեսնել Արարատը։ Աշխատանքը և ընտանիքը ժամանակ չէին թողել այդ երազանքի իրականացման համար։ Հիմա, երբ կինը մահացել էր, և բժիշկներն իրեն արյան քաղցկեղ էին ախտորոշել, պարոն Մարգարն այլևս ժամանակ չուներ առջևում Հայաստան կատարելիք այցը հետաձգելու համար։ Նա հասկանում էր, որ եթե հիմա չտեսնի Արարատը, այլևս երբեք չի տեսնի։

«Աս չէ իմ պապերի հայրենիքը, նրանք Արևմտյան Հայաստանեն էին, որը հիմա Թուրքիո տարածքում է։ Ծնողքս հրաշքով փրկված են գենոցիդի ժամանակ և տեղափոխված Եվրոպա, ապա Ամերիկա։ Աստեղ չեն խոսեր ան լեզվով, որով ես կխոսիմ և որով կխոսեին ծնողքս, աս տեղանքը հեռու է իմ պապերու տունեն, որի բոստանում թաղած ոսկու կարասների մասին շատ եմ լսած մանուկ ժամանակ։ Բայց ես այդ ոսկու կարասին կարիքը չունեմ,– ծիծաղում է պարոն Մարգարը,– աս է իմ հայրենիքը, քանզի հայրենիքը նյութական հասկացություն մը չէ, այլ հոգևոր»։

Պարոն Մարգարը եկել է Հայաստան՝ նախապես կտակելով իր ողջ հարստությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ձեռնունայն թողնելով իր զավակներին ու թոռներին։ «Կպատկերացնեմ անոնց դեմքն այն պահին, երբ կտակը բացվում է, բայց դա իմ պարտքն էր հանդեպ հայրենիքի, պապերի ու տատերի, որոնց ոսկորները կհանգչին Դեր-Զորին անապատներում և ծնողքիս հանդեպ, որոնք հրաշքով միայն ողջ մնացած են։ Կարող էի կարողությանս մի մասը զավակներուս ու թոռներուս կտակել, բայց Հայաստանում ապրող ցանկացած անծանոթ հայ ինձ ավելի հարազատ կըլլա, քան անոնք»։

Հիվանդանոցում, սպիտակ պատերի ու սպիտակ անկողնու մեջ, օտար բուժքույրներով ու խնամակալներով շրջապատված մեռնելու հեռանկարը նրան սարսափեցնում էր։ Նա ուզում էր մեռնել՝ շրջապատված հարազատներով, որոնց երբեք չէր ունեցել և կարծում էր, որ այդպիսի հարազատներ կարելի է գտնել անծանոթների մեջ։ Հեռախոսով հարազատ էր թվացել տուրիստական գործակալությունում աշխատող աղջկա ձայնը, ով համաձայնել էր լինել իր գիդը։ «Այնքան ջերմություն կար անոր ձայնի մեջ, այնպիսի հարազատություն, որ զգացած եմ միայն մայրիկիցս»։ Դատելով ձայնից՝ աղջիկը պիտի որ շատ երիտասարդ լիներ, իր թոռնուհու տարիքին կամ գուցե ավելի փոքր, և այն, ինչ զգում էր Մարգարը նրա հանդեպ, պապի քնքշանքն էր թոռան հանդեպ՝ լի կարեկցանքով, զմայլանքով, ոգևորությամբ, մարող կյանքի նախանձով առ ջահելությունը։ Նա պատկերացնում էր՝ ինչպիսի զմայլանքով է նայում այդ աղջկան, ինչպես է իր մարող կյանքի վերջին ուժերը փոխանցում նրան, ասես այդ ուղեկցորդուհին Հայաստանի խորհրդանիշը լիներ։ Դեռ մինչև Հայաստան գալը նա կանխավայելում էր այն մարդկային ջերմությունը, որ հաստատվելու էր իր և երիտասարդ աղջկա միջև։

Պարոն Մարգարն առհասարակ սիրում է կանխավայելել ամեն ինչ, նախապես պատկերացնել հաճելի հանդիպման ամեն մի մանրամասը։ Նա զգուշորեն ու դանդաղ է մոտենում իր երազանքներին, դարանակալած գիշատչի պես, ասես վախենում է անզգույշ շարժումով փախցնել երազանքը։ «Կյանքիս երազանքն էր, բայց գիշերը, տեղ հասնելուն պես չմոտեցա պատուհանին՝ տեսնելու Արարատը։ Սարը, որի վրա իջևանած էր Նոյը, սարը, որի պատկերը փակցված էր Ամերիկայի իմ տունին պատին, սարը, որի կերպարը յուրաքանչյուր հայ կկրե իր սրտում։ Ես գիտեի, որ սարը վարագույրի ետևումն է, և ատիկա ինձ բավական էր։ Առավոտն էլ արթնանալուն պես չգցվեցա պատուհանին քով, կուզեի, որ իմ և սարի հանդիպումը անմոռանալի ըլլա։ Լողցա, ատամներս լվացի, սանրվեցի, հագա տոնական հագուստ, ինչպես ռանդեվուի պատրաստվելիս, ապա նոր միայն համարձակություն ունեցա քաշելու վարագույրը, որի ետևում, ինչպես արդեն գիտցած եք, ոչինչ չկար»։

Բայց սպասասրահ՝ ուղեկցորդուհուն հանդիպելու, այդպես պճնված չգնաց։ Մի քիչ շուտ էր իջել, որ աղջկան սպասեցնել չտա, իսկ աղջիկն ուշանում էր։ «Կմտմտայի, թե ինչպես նրբորեն զգուշացնեմ նրան, որ աշխատանքից չուշանալը հաջող առաջխաղացման կարևոր նախապայման է, երբ ատ տղան բարևեց ինձ։
Սկզբում չհասկացա՝ ինչ է ուզածը, հետո կռահեցի, որ ուղեկցորդս ինքն է ըլլալու։ Աղջկա մասին ըսավ, որ այլևս իրենց քով չի աշխատի, անակնկալ ամուսնացած ու մեկնած է Ամերիկա»։

Դժվար չէ պատկերացնել հարգարժան մեծահարուստի ապրումները, ով սովոր էր ամեն բան վերահսկողության տակ պահել։ «Արդար ըլլալու համար պիտի ասեմ, որ վատ ուղեկցորդ չէր։ Քիչ մը երկար կանգնեցուց Կասկադ կոչվող բարձունքում, ուր մարդիկ կուգան Երևանի համայնապետկերը դիտելու, բայց մանրամասնորեն ներկայացրեց Երևան անվան ծագման բոլոր տեսությունները, որոնցից միայն մի քանիսն եմ մտապահած։ Մեկն այն է, թե Երևանը ուրարտական Էրեբունի ամրոցի հնչյունափոխված ձևն է, որի ժառանգորդը կըլլա, մյուսը՝ որ ծագած է երևաց բառից, որ արտասանել է Նոյը Արարատի գագաթից, երբ ջրհեղեղի ջրերը հետ քաշված են, և ցամաքը՝ երևցած։ Դրանց ես ավելցուցի իմ տեսությունը, որ միգուցե այդ բառը կվերաբերի ոչ թե քաղաքին, այլ սարին, քանզի ինչպես ինձ կթվա՝ պիտի որ շատ լինեն զբոսաշրջիկները, որ կուգան Երևան բիբլիական սարը տեսնելու համար, իսկ անիկա թաքնվելու սովորություն ունի։ Կպատկերացնեմ, թե ինչպես հուսահատ ուխտավոր զբոսաշրջիկ մը ոգևորված կպոռա՝ երևա՜ց… Եվ ատ ատեն գիդը մի հետաքրքրական պատմություն պատմեց ռուսաց ցարի մասին»։

Ամենամեծ մարտական ավարը

Նիկոլայ Առաջինը պատվախնդիր կայսր էր. նրան հետաքրքրում էր ոչ միայն պետության սանձերը ձեռքում պահելը, այլև իր պատմական իմիջը։ Նա ազատագրում էր օսմանյան լծից սլավոն ժողովուրդներին և մեծահոգաբար անկախություն շնորհում նրանց՝ չկցելով նվաճված հողերը իր պետությանը։ Անդրկովկասից էլ էր նեղում Թուրքիային, սակայն այստեղ նույն քաղաքականությունը չէր վարում, ինչ եվրոպական մասում։ Նա շատ լավ գիտեր, որ հայերը քրիստոնյա են, ու աշխարհում առաջինը քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունած երկիրը Հայաստանն է։ Բայց հայերը սլավոններ չէին, ուղղափառ չէին և իրենց ուրույն եկեղեցին կոչում էին Հայ Առաքելական։ Որպես ի՞նչ պիտի կայսրը նրանց էլ անկախություն տար, մանավանդ նրանք աղաչում էին նվաճել իրենց երկիրը Թուրքիայից ու Պարսկաստանից և պատրաստ էին օգնել ինչով կարող էին։

Այս պատերազմներից Նիկոլայի ամենախոշոր մարտական ավարը Արարատն էր։ Եվ նա, ում օրոք Ռուսաստանը դարձավ Եվրոպայի ոստիկանը, պատվիրեց երկաթուղի գցել մինչև Երևան, ապա գնացք նստեց և ուղևորվեց դեպի Արարատ։

Գիշերները գնացքի օրորոցի մեջ նա մտովի կանխավայելում էր իր և սարի հանդիպումը. ինքը տոնական մունդիրով, միայնակ, Արարատին դեմ առ դեմ, շշնջում է. «Ահա ես՝ այն միակը, որ քեզ ազատեց հարյուրամյակների գերությունից»։ Եվ թվում էր նրան, թե սարը թեթևակի խոնարհվում է ի նշան երախտագիտության։ Բայց երբ գնացքը տեղ ժամանեց, սարը թաքնված էր մշուշի քողի հետևում։ «Ամոթխած հարսի պես»,– քնքշանքով մտածեց կայսրը ու սկսեց համբերատարորեն սպասել, թե երբ սարը երեսը կբացի։ Բայց սարը այդ օրն այդպես էլ չերևաց։ Կայսրը մերժված փեսացուի պես սկսեց չարանալ. «Դու պիտի ինձ գրկաբաց ընդունեիր, անշնորհակալ»։ Հաջորդ օրը սարը դարձյալ մշուշապատ էր, և կայսեր հպատակները լսեցին նրան սարի հետ խոսելիս. «Ինչո՞ւ ես փակել դեմքդ, սիրունս, չէ՞ որ ես այսքան երկար ճանապարհ եմ կտրել միայն քեզ տեսնելու համար»։ Երրորդ օրն էլ սարը չբացեց դեմքը։ «Ինչո՞ւ պիտի ես այս հողի վրա ռուս զինվորի արյուն թափեմ ու ազատություն տամ այս ժողովրդին, որը ոչ ռուս է, ոչ սլավոն, ոչ ուղղափառ։ Միայն նրա՞ համար, որ նա կոչում է իրեն քո անունով։ Դե կներեք…»։ Սարը լուռ էր։ Կայսրը, ընկճված ու տխուր, նստեց գնացք, որ վերադառնա Պետերբուրգ։ Նոր էր գնացքը դուրս եկել Երևանից, երբ կայսեր մերձավորներից մեկը գոռաց. «Ձերդ գերազանցություն, Արարատը սկսեց բացել իր դեմքը, հրամայեք գնացքը կանգնեցնել»։ «Ոչ,– ասաց Նիկոլայը,– նա չընդունեց ինձ, ես այլևս չեմ ուզում տեսնել նրան»։

Մայամի բիչ

«Վիրավորական է, որ նրանք կարող են գալ, երբ ցանկանան, ինչքան ժամանակով կամենան, իսկ մենք չենք կարող գնալ նրանց երկրները»։

Գոռը անգլերենի և ֆրանսերենի թարգմանիչ է։ Աշխատում է որպես գիդ «Արմենիա թրեվլ ինտերնեշնլ» տուրիստական գործակալությունում։ Նրա աշխատանքը արտասահմանյան հյուրերին Հայաստանի տեսարժան վայրեր ուղեկցելն է և այդ վայրերի մասին պատմելը։

Ամեն օր նույն երթուղին. պտույտ Երևանի կենտրոնով, Մատենադարան, Փարաջանովի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, Էրեբունի ամրոց… «Երևանում ցույց տալու շատ բան չկա, ևս մի քանի պատկերասրահ ու թանգարան և շենքերի բակերում ծվարած պստիկ, հին եկեղեցիներ։ Հիմնականում Երևանից դուրս ենք տանում՝ Գառնիի հելլենիստական տաճարը, Գեղարդի ժայռափոր վանական համալիրը, Խոր-Վիրապ, Հայոց հին մայրաքաղաք Վաղարշապատը, Սևանա լիճ… Նայած՝ ով ինչքան է պատրաստ շրջել։ Բայց ամենուր էլ նույն խնդիրն է՝ քաղաքացիական շինություններ գրեթե չկան պահպանված, եկեղեցիներ են ու վանական համալիրներ։ Հայերն աստծուց վախեցել, եկեղեցիները չեն քանդել, չնայած խորհրդային տարիներին էդ վախն էլ են հաղթահարել ու Երևանի կենտրոնում հինգերորդ դարից մնացած Սուրբ Պողոս-Պետրոսը քանդել, «Մոսկվա» կինոթատրոնն են տեղը սարքել։ Նույնն էլ հիմա։ Ոչինչ չի փոխվել։ Պատկերացրեք՝ ինչ անհարմար դրության մեջ ենք հայտնվում մենք՝ գիդերս, երբ Հյուսիսային պողոտան ենք ցույց տալիս զբոսաշրջիկներին՝ ասելով. այստեղ շենքեր կային՝ պահպանված տասնութերորդ և տասնիններորդ դարերից, բայց դրանք վերջին տարիներին քանդվեցին և տեղը այս դատարկ, էլիտար շենքերը կառուցվեցին, որ ոչ մի արժեք չեն ներկայացնում նաև ճարտարապետական առումով»։

Հոգնել է Գոռն իր աշխատանքից։ Ամեն օր նույն անգիր արած տեքստերը. Հայաստանն ունեցել է տասներկու մայրաքաղաք, Երևանը տասներկուերորդն է, Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արգիշտի թագավորը մեր թվարկությունից առաջ 782 թվին, Երևանը 2794 տարեկան է, Հայաստանի բնակչության կեսն ապրում է մայրաքաղաքում և այլն…

«Ատում եմ Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը»,– ասում է։ Երազում է հեռանալ Հայաստանից։ Երբ փոքր էր, երազում էր հեռանալ իրենց գյուղից։ Մեծանալու հետ երազանքն էլ մեծացավ։ Դրա համար սկսեց լեզուներ սովորել։ Քնելուց առաջ նա ամեն օր մի քանի վայրկյան տրվում է իր երազանքին. ինքը Մայամի բիչում, արևի տակ պառկած, շուրջը ավազ, ծով։ «Ալեն,– լսվում է անգլախոս առոգանությամբ կանացի ձայն, և ինքը շրջվում է. սեփական երազանքի մեջ իր անունը Ալեն է։ Նրա անունը Ալեն է, բայց քանի դեռ ինքն իր կյանքով չի ապրում, չի ներկայանում Ալեն անվամբ. նա չի ուզում մաշել իր երազանքի անունը Երևանի փողոցներում, ինչպես տոնական շորը՝ պահում է այն երազանքի իրականացման օրվա համար։

«Գրին-քարտի» հարցում Գոռի բախտը չբերեց։ Գործակալությունում աշխատելու տարիներին հասցրել է մտերմանալ բազմաթիվ արտասահմանցիների հետ, որոնցից ոմանք նրան հրավիրել են իրենց երկրները։ Բայց դեսպանատներում միշտ «մերժում» են խփել. «Մայր, կին, երեխա, ունեմ այստեղ, անշարժ գույք, աշխատանք… Բայց նայում են դեմքիս ու մերժում։ Հայելում նայում եմ՝ սովորական, ինտելիգենտ դեմք է, ի՞նչը չեն հավանում, ո՞նց են ջոկում՝ ով ա գնացողը, ով՝ վերադարձողը։ Չնայած փողին մուննաթ, անկաշառ դեսպանատուն չկա։ Վիզա ստանալը երեքից հինգ հազար դոլար արժե»։

Գոռն ունի այդքան փող, նույնիսկ մի քիչ ավելի, բայց մտածում է թողնել ընտանիքին։ Չես իմանա՝ կյանքն այնտեղ ինչպես կդասավորվի. «Դատելով արտասահմանցիների ժլատությունից, փող աշխատելն այնտեղ էնքան էլ հեշտ չի,– ծիծաղում է,– իրականում նրանք փողի պաշտամունք ունեն։ Ո՞նց ա գրված Աստվածաշնչում՝ իզուր մի տուր իմ անունը։ Էդպես էլ սրանց մոտ՝ իզուր մի ծախսիր ինձ։ Միայն նախկին սոցճամբարի ժողովուրդն ա, որ փողը կուռք չի դարձնում։ Լավ էլ երկիր ա եղել Սովետը, թե խի՞ քանդեցին։ Հա, փակ էր, մարդ չէր կարող ազատ դուրս գալ երկրից, բայց հիմա որ փակ չի, ո՞ւմ ա պետք, հիմա էլ փակ են ընդունողները»։

Սփյուռքահայերին Գոռն առանձնահատուկ ձևով չի սիրում. «Դրանց ժլատությունը առասպելական ա։ Ու բոլորը խփնված են Արարատի վրա։ Բա որ գալիս են ստեղ մեռնելու։ Կամ դիակներն են բերում։ Ուրիշ երկրներում ապրում, աշխատում, էդ երկրները հարստացնում են, բայց իրենց նեխած մարմինները շնորհ են անում հայրենի հողին։ Նույնն էլ էդ բիձեն։ Սկզբում կռիվ սարքեց, թե քո տեղն աղջիկ պիտի լիներ։ Ասում եմ՝ իմ տեղը ես եմ, էդ աղջիկն էլ ամուսնացել, գործից դուրս ա եկել, ասում ա՝ կանչիր, ես հավելյալ կվճարեմ։ Ասում եմ՝ հո ամեն ինչ փողով չի՞, չի ուզում հասկանալ… Սերմնահեղուկը գլխին էր խփել. Էրեբունի ամրոցն էինք նայում, մեկ էլ խոսքս ընդհատեց, թե՝ որտե՞ղ կարող եմ անառակ գտնել։ Ես դրա մասնագետը չեմ, բայց գիտեմ՝ որ տեղերում են կանգնում։ Մտածեցի՝ ժլատ սփյուռքահայի համար իդեալականը կրկեսն ա, ամենաէժաններն էնտեղ են։ Հաջորդ առավոտյան գնում եմ հյուրանոց, ասում են՝ չի վերադարձել։ Մյուս օրը լուրերով հաղորդում են, որ մի հարուստ սփյուռքահայ մահացել է և մի քանի միլիարդ է կտակել Հայաստանին։ Տեսնեմ՝ ինքն ա։ Փաստորեն ոսկե ձկնիկ էի բռնել։ Բայց դե ինձ ի՞նչ»,– ծիծաղում է։

Հայաստանից գնալու հույսը Գոռը չի կորցնում, բայց գնալով երազանքն ավելի աղոտ է դառնում, և առավել հստակվում են մեծացող դստեր և գիրացող կնոջ ուրվապատկերները։ Նա մի օր կդառնա Ալեն, իսկ հիմա դեռ Գոռն է՝ նիհար, ծխող հայ տղամարդ, որի օրն անցնում է ընտանիքի համար հաց վաստակելու հոգսով։ Մայրը կար իր կյանքում ծննդյան օրից, իսկ կինն ու երեխան մի տեսակ աննկատ հայտնվեցին, մեկը մյուսին հաջորդելով։ Մայամի բիչում պառկած՝ նա հաճախ է նայում շուրջբոլորը կնոջն ու աղջկան գտնելու հույսով, բայց նրանք չկան, այնտեղ չեն, ու դա զարմանալի չէ, ի՞նչ գործ ունի կինը Մայամի բիչում իր օրեցօր հաստացող, ցելյուլիտով պատված ազդրերով։ Այնտեղ նույնիսկ Գոռը անելիք չունի։ «Ալեն»,– նման ծանր մտքերից նրան միշտ սթափեցնում է ամերիկյան առոգանությամբ կանացի ձայնը։

«Եթե մի օր հանդիպենք Մայամի բիչում, հիշեք՝ անունս Ալեն է»,– ասում է Գոռը վերջում։

Երևան գալ, ի հայտ գալ

«Եթե ես մեկ այլ երկրում ապրեի, հնարավոր է, որ մեծ արվեստագետ լինեի։ Չեմ ասում՝ անպայման կլինեի։ Բայց Հայաստանում ես այդ հնարավորությունը չունեի,– ասում է Գոհարը՝ սուրճի գավաթից կում անելով,– առաջին հերթին հենց միայն նրանով, որ կին եմ»։

Գոհարը նկարչուհի է, աբստրակցիոնիստ, բայց նաև ֆիգուրատիվ նկարներ է անում վերնիսաժում վաճառելու համար։ Դրանք հիմնականում Արարատ սարի պատկերներն են։ Ասում է՝ դա են առնում, ստիպված նկարում է, որ հացի փող ունենան։ Իր երազանքի մասին խոսում է անցյալ ժամանակով, հիմա երազանք չունի, գոյատևելու ամենօրյա հոգսը երազանքի համար տեղ չի թողել։ Մանկուց երազել է նկարչուհի դառնալ։ «Հայրս ինձ ասում էր պոռնիկ։ Դեմ էր, որ ընդունվեմ գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Էդ ինստիտուտի աղջիկները լավ համբավ չունեին։ Ուզում էր, որ ամուսնանամ, գլխիս տերուտիրական ունենամ։ Բայց ես նստեցի ավտոբուս ու եկա Երևան։ Երևան գալ արտահայտությունը բառացի նշանակում է հայտնվել։ Այսպես ես հայտնվեցի, բայց գեղարվեստաթատերականում նկարիչների ու դերասանների երեխեքն էին սովորում, կողմնակի մարդկանց շատ դժվար էր էդ փակ շրջանը ներխուժել, լուրջ ծանոթություններ ու գումարներ էին պետք»։ Գոհարը չընդունվեց ինստիտուտ, բայց ընդունվեց աշխատանքի որպես բնորդուհի։ Արևմտյան ֆիլմերից հիշում էր, որ հայտնի երգիչներն իրենց կարիերան սկսում են մատուցող կամ աման լվացող աշխատելուց, ու նա չէր կարող պատկերացնել, որ բնորդուհու աշխատանքը այլևս երբեք թույլ չի տալու, որ իրեն որպես նկարիչ ընդունեն։ «Ինձ մինչև հիմա էլ ասում են բնորդուհի Գոհար։ Վերնիսաժում էլ կարգին տեղ չտվեցին, վերնիսաժից դուրս, փողոցի վրա, իբր մեզ՝ պրոֆեսիոնալներիս հետ չես։ Բայց էդ պրոֆեսիոնալները իմ աչքի առաջ են պրոֆեսիոնալ դառել ու ես լավ գիտեմ դրանց պրոֆեսիոնալիզմի աստիճանը»։

Գոհարն ապրում է Կոնդում, որ Երևանի ամենահին թաղամասն է։ Այն գտնվում է Երևանի կենտրոնում, բլրի վրա։ Տներն այստեղ կառուցված են քաոսային ձևով՝ մեկը մյուսի վրա, մեկը մյուսից բխելով և մեկը մյուսին շարունակելով։ Քարե այս անձև զանգվածը, գոյացած 18-19-րդ դարերում, լավագույնս է արտահայտում հայկական ճարտարապետական մտածողությունը, որ հենված է գոյատևման փիլիսոփայության վրա։ «Մեր երթուղային տաքսիները նստել եք, ո՞նց են մարդիկ խցկված, կզած, իրար սեղմված, այստեղ նույն ձևով տներն են,– ասում է Գոհարը,– Երևանը ցույց տալու համար զբոսաշրջիկներին այստեղ պիտի բերեն, բայց չեն բերում։ Որովհետև ամաչում ենք մեր էությունից»։ Ծուռումուռ նեղլիկ փողոցներով այս թաղամասը, որտեղ աղքատ մարդիկ են ապրում, հայտարարված է հանրային գերակա շահ, որ նշանակում է՝ քանդվելու է, ու տեղը նորանոր էլիտար շենքեր են խոյանալու՝ դատարկ ու անհոգի։

Գոհարի ու նրա դստեր՝ Անահիտի հիմնական սնունդը հոգևոր տեսակի է։ Հին սովետական սառնարանը պարզապես դատարկ չի, բտված է գրքերով ու արվեստի ամսագրերով։ Նույնը՝ պահարանները։ Պատերի տակ գրքերի շարքեր են վեր խոյանում։ «Մեր հարևանը գրող էր, մեծ գրող, երկու տարի առաջ սովից մահացավ, ունեցվածքը մեզ մնաց։ Գրքերից բացի ուրիշ բան չուներ»:

Գոհարի դուստրը տառապում է աուտիզմով։ Գոհարը նրան մենակ է մեծացրել։ Աշխատանքի ընդունվելու հենց առաջին տարում է ծանոթացել հոր հետ։ Ուսանող էր։ Սեր էր։ Իրեն համենայնդեպս թվում էր, թե սեր է։ «Բայց երբ իմացավ հղի եմ, խառնվեց իրար, ծնողներն էլ խառնվեցին իրար, սկզբում համոզում էին, որ հեռացնեմ երեխային, հետո հայտարարեցին, որ իրենց որդուց չի։ Երևի էդ ապրումներս են պատճառը, որ երեխաս այսպիսին ծնվեց։ Բայց երախտապարտ եմ ճակատագրից, որ այդ մարդկանց հետ ինձ ու աղջկաս չկապեց։ Մեզ միայն էդ էր պակաս»։

Սովետական Միության փլուզումից հետո, պատերազմի տարիներից սկսած, որ ժողովուրդն անվանում է ցուրտումութ տարիներ, Գոհարը սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ՝ իր և աղջկա հացը հոգալու համար։ «Միևնույն է՝ նրանք քնում էին ինձ հետ, օգտագործում էին, չէին գնահատում ոչ իմ սերը, ոչ իմ տաղանդը, ոչ իմ գեղեցկությունը։ Միևնույն է՝ նրանք վերաբերվում էին ինձ որպես պոռնիկի, ուղղակի ձրի էին քնում հետս։ Սենց ավելի ազնիվ էր»։

Գոհարը հիմա հիսունն անց է, նախկին գեղեցկությունից միայն ավերակներ են մնացել, նրան փոխարինում է աղջիկը։ «Աղջիկս առողջ չի, տեսաք արդեն, դա, իհարկե, դժվարություններ ա ստեղծում։ Ոմանք մի անգամ հետը լինելուց հետո այլևս չեն վերցնում նրան, բայց ոմանք էլ հակառակը՝ նրա համար են գալիս։– Գոհարը ծխախոտ է վառում ու ծանր հոգոց հանում,– Խեղճ երեխաս… Էդքան հոգեկան հիվանդները քիչ էին, մեկ էլ էդ սփյուռքահայ մեծահարուստը հայտնվեց։ Փոխանակ մի հյուրանոց տանի, եկել ա մեր տուն, թե՝ գուզեմ որդեգրել։ Մտածեցի, երևի տանելու տեղ չունի, մենակ թողի, դուրս եկա, աղջիկս հետևիցս գոռալով դուրս թռավ։ Մտնեմ, տեսնեմ՝ կիսամեռ ընկած ա։ Շտապօգնություն կանչեցինք, չէր ուզում հիվանդանոց գնալ, խնդրում էր, որ մեր տանը մնա։ Երկու օրից լուրերով տեսա, պարզվեց շատ հարուստ մարդ էր, Հայաստանին երեք միլիարդից ավելի դոլար ա կտակել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիրավորական ա։ Ինչքա՞ն մարդ կա աղքատությունից մեռնող։ Գոնե դրանց կտակեր»։

Դադարից հետո Գոհարը նորից է սիգարետ վառում, ասում է. «Պատկերացնո՞ւմ եք՝ էդքան շուտ չմեռներ ու որդեգրեր աղջկաս»։

Մեռած գրողների քաղաքը

«Ես նրան հանդիպեցի հարևանուհուս տանը։ Դեմքին մահվան կնիք կար։ Գիտեք, հրատարակչություններում ձեռագրերի վրա գրում են՝ հանձնված է տպագրության, ամիս-ամսաթիվ և կնիք են դնում։ Ձեռագրերը դեռ անտիպ են, բայց արդեն ունեն այլ կարգավիճակ։ Այդպես էլ նրա ճակատին գրված էր՝ հանձնված է մահվան։ Ի դեպ, մահացածին հին հայերենում ասում են կատարյալ։ Այսինքն մարդ, որի մեջ հնարավոր չէ խմբագրումներ ու սրբագրումներ մտցնել։ Գիրքն էլ է կատարյալ, այն բնագրի մահն է, ու երբ մարդը մեռնում է, կարող ենք ասել՝ լույս տեսավ»։

Վարուժան Նալբանդյանը գրող է, մահացել է երկու տարի առաջ։ Սակայն չի կարողացել բաժանվել իր գրադարանից և շարունակում է ապրել Երևանում նոր կարգավիճակով։ «Գրողներից շատերն են մնում, մեծ մասամբ՝ վայելելու հետմահու փառքը։ Ինձ էլ էր հետաքրքիր դա, քանի որ բազմաթիվ պատմություններ կան կյանքի օրոք չգնահատված հանճարների մասին։ Պիտի մեռնես՝ հասկանալու համար, որ դրանք հեքիաթի ժանրից են։ Միշտ էլ, բոլոր ժամանակներում շահել են նրանք, ովքեր շահել են կյանքի օրոք՝ ճարպիկները, որ կարողացել են գրագետ ու հաջող կազմակերպել իրենց փիառը՝ ժամանակակից լեզվով ասած։ Եթե, իհարկե, կարելի է շահույթ համարել, ասենք, դրամի վրա տպվելը կամ այդ անհեթեթ գիպսի արձանները, որ տեղադրվել են քաղաքի նստարաններին։ Տեսե՞լ եք,– ծիծաղում է,– ոմանց դա հետմահու երջանկություն է պարգևում։ Հաճախ եմ տեսնում մեռած գրողներին իրենց գիպսի արձանների կողքը նստած։ Շատ զավեշտալի տեսարան է»։

Վարուժանը բազմաթիվ գրքերի հեղինակ է և բազմաթիվ հեղինակների թարգմանիչ։ Չնայած դրան՝ միշտ ապրել է թշվառության մեջ։ Նա ապրել է միայնակ, ճգնավորի պես՝ սպանելով իր մեջ բոլոր ցանկությունները, բացի գրականությամբ զբաղվելու ցանկությունից։ Ապրել է՝ թքած ունենալով նյութական արժեքների, բարեկեցության, անգամ տարրական հիգիենայի վրա։ «Իմ անձնական օրինակը ցույց է տալիս հայերի իրական վերաբերմունքը գրականությանն ու գրողին։ Հայ գրողները հիմնականում փողի կարոտ են եղել, բոլորն են ապրել աղքատության մեջ՝ այս կամ այն աստիճանի։ Բայց մեր թղթադրամների վրա գրողներ են պատկերված։ Մի խենթ կին մի օր ինձ ասաց. «Ես մանկուց սիրել եմ մեր գրողներին, Թումանյանից ու Չարենցից պոեմներ գիտեմ անգիր, կարծում եմ՝ արժանի եմ նրանց պատկերներով թղթադրամներ ունենալ հիմա, երբ այսքան կարիք ունեմ փողի»։ Փողոցների մեծ մասը գրողների անուններով է։ Բայց գիրք կարդացող չկա։ Խորհրդային Միության հետևանքներն են։ Այն ժամանակ գիրքն ու ընթերցանությունը քարոզվում էին, մոդա էր լավ գրադարան ունենալը, մարդիկ գիրքն առնում ու չէին կարդում։ Մի անգամ վերնիսաժում մի կին պոեզիայի հատորներ էր առաջարկում գրավաճառին, որպես առավելություն նշում էր՝ օգտագործած չի։ Ընթերցող մարդը երբեք գիրք ու օգտագործել բառերն իրար հետ չի գործածի։ Գիրքը օգտագործում են որպես զուգարանի թուղթ կամ կենցաղային այլ նպատակներով։ Մնացած դեպքերում այն անօգուտ է»։

Վարուժանը սիրում է թափառել Երևանի փողոցներով, սրճարաններով, դիսկոտեկներով, գիշերային ակումբներով՝ այն տեղերում, որտեղ սիրում են իրենց ժամանցն անց կացնել երևանցիները, և որտեղ կենդանության օրոք երբեք չի եղել։ «Տարօրինակ բան պիտի ասեմ. ես սկսեցի ապրել այն ժամանակ, երբ մահացա։ Մինչ այդ տնից գրեթե դուրս չէի գալիս, կամ կարդում էի, կամ գրում, կամ մտածում մենության մեջ։ Համոզված էի, որ աշխարհը ճանաչելու համար պետք է նստել գրասեղանի մոտ։ Իմ ամբողջ հոգևոր ջանքը մետաֆիզիկական էր, փորձում էի մոտենալ գոյության առեղծվածին, իսկ կյանքն անցնում էր, հիմա ինձ գոյաբանական հարցերը չեն հուզում, ես ուսումնասիրում եմ կյանքը նորածնի աչքերով»։ Ամենից շատ սիրում է ընդդիմության հանրահավաքները և հանրահավաքի եկած ժողովրդին։ Ոչ մի հանրահավաք ու երթ բաց չի թողնում։ Կենդանության օրոք միշտ համարել է, որ գրականությունը պիտի զերծ լինի գաղափարախոսությունից։ Ասում է, որ դա էլ սովետական գրականության հետևանքն է, որը գաղափարախոսություն էր պարտադրում։ «Եթե հիմա կարողանայի գրել, բոլորովին այլ բան կգրեի»։

Վարուժանը եղել է Եվրոպայում և բազմաթիվ հնարավորություններ է ունեցել տեղափոխվելու, բայց չի արել, որովհետև գրողի տունը լեզուն է, գրողը չի կարող ապրել լեզվի միջավայրից դուրս։

«Ի՞նչ կարող եմ ես ասել այս պատմության մասին։ Ես այն կվերնագրեի «Մահը Երևանում»։ Հիմա ամեն ինչ տեղայնացնում են՝ սերիալները, հաղորդումները, համարենք, որ գնել ենք Թոմաս Մաննի վիպակի պատենտը,– ծիծաղում է,– ես կողքին էի, հիվանդանոցում, երբ մահանում էր, միտինգից ուշանում էի, ասի՝ արագացրու, եղբայր, շունչդ փչիր, միտինգի ենք։ Չէր հասկանում, ուզում էր ապրել, ասեց. «Արարատը չտեսա…»։ Ասում եմ՝ Արարատը չի փախչի, իսկ միտինգը կվերջանա։ Ու քաշեցի ձեռից։ Հետո ընկերացանք, իրար հետ էինք նայում, թե ոնց են հեռուստացույցով խոսում իր մասին։ Հումորի զգացումից զուրկ չէր, բայց երբ ասին, թե որոնք են եղել վերջին բառերը, սկսեց լացել։ Ոչ մի արտառոց բան այս պատմության մեջ չկա, շատերն են գալիս Արարատը տեսնելու, շատերն են գալիս Երևանում մեռնելու… Ծանոթ նկարչուհիներից մեկը մի անգամ առաջարկեց, որ Երևանը դարձնենք էլիտար գերեզմանոց, մեծահարուստների թաղումներ կազմակերպենք, հայ ժողովուրդն էլ ծառայի որպես սգո թափոր՝ աշխատավարձով, իհարկե։ Ըստ իս հրաշալի գաղափար է։ Այս պատմության թերությունն այն է, որ այն գեղարվեստական է։ Կերպարները տիպային են ու հավաքական, չունեն բացառիկ Մինչդեռ Երևանը լի է բացառիկ մարդկանցով ու պատմություններով, որ կարող էին լինել միայն այստեղ։ Երևանը իդեալական քաղաք է գրողի համար։ Այստեղ գրելու նյութը ոտի հետ է գնում։ Ես գրողներ ու սցենարիստներ եմ ճանաչում, որոնք գալիս են Հայաստան, որ պատմություններ հավաքեն։ Այստեղ կատարվում են բաներ, որ ամենավառ երևակայությունը ի զորու չէ երկնել։ Այստեղ իրականությունը տասով զրո կրած ունի գրականությանը։ Գրողի խնդիրն այստեղ իրականությունը գեղարվեստով ներկայացնելը չպիտի լինի, այլ հակառակը՝ իրականությունը ապագեղարվեստականացնելը»։

Վարուժանն իրեն լավ է զգում, ասում է՝ հրաշալի է, որ այլևս չպիտի մտածի սնունդ հայթայթելու մասին։ Երջանիկ է, որ բացահայտում է Երևանը։ Տխուր է միայն, որ չի կարող գրել ու կարդալ։ Իսկ թե ի՞նչ երազանք ունի, չասաց, այլ միայն ծիծաղեց. «Ես նման եմ մարդու, որ կարող է երազա՞նք ունենալ։ Նույնիսկ ողջ ժամանակ երազանք չեմ ունեցել»։ Միլիարդատեր Մարգար Պեյպունճյանի մասին ասաց, որ ճանպարհել է նրան երկինք։ «Ամեն մարդ չի կարող մնալ Երևանում մահից հետո։ Սա գրողների ուրվականների քաղաքն է»։

Արփի Ոսկանյան, հատուկ «Դե Բյուրեն»-ի համար։

2013 թ.

Պատմվածքն արտատպված է «Չի վաճառվում» գրքից։

Please follow and like us: