Տանյա Հովհաննիսյան

ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ

Այս չորս պատերն են, երկու աթոռակ, մի փոքրիկ սեղան,

վրան՝ գավաթում, կարմիր ծաղիկը դաշտից բերած…

Օ, իսկ ինչեր ենք մենք իրար ասում, ինչ լա՜վ է ներսում,

Սերն ինչ ասուն է, ինչ մեծ է դառնում- այս փոքրիկ տան մեջ,

Այս փոքրիկ տան մեջ մաքուր ու անմեղ, ամեն ինչ պարզ է

ու երևացող,

Դու տեսնում, սիրում ու գովերգում ես կապույտ ու խելոք,

սիրուն աչքերս,

(Այս դու ես ասում՝ կապույտ ու խելոք

սիրուն աչքերդ)

Դու տեսնում, շոյում ու գովերգում ես նուրբ, նկարելու,

բարակ ձեռքերս,

(Այդ դու ես ասում- նուրբ, նկարելու

բարակ ձեռքերդ),

Եվ դու նկարում ու փայփայում ես զգեստիս վրա

փոքրիկ նաշխն անգամ,

փոքրիկ թիթեռը՝ վարդագույն թևով…

Այս փոքրիկ տան մեջ դու ասում ես ինձ սիրո խոսքեր,

Որ ես առանձին մի հմայք ունեմ,

Որ ես, թեկուզև որտեղ էլ լինեմ,

Զարմանալի ու ցոլցլուն եմ…

Երանի՜:

…Իսկ սա քաղաքն է, մեծ դուրսն է, նայեք

Մեծ երթն է ձգվում մեքենաների,

Մեծ շղթան փակում հսկա շենքերի,

Ստադիոններում աղմուկ ու փառք է,

Լույսեր, արձաններ, հրապարակներ,

Առուծախ, շուկա, հարյուր հազարի անլույծ հաշվարկներ,

Եվ հոսքը մարդկանց հոսում, հորդում է…

Այդ ո՞ւր, այդ ո՞ւր է հորդում հեղեղը,

Վիզս ձգում եմ, ճիգով կանգնում եմ ոտնաթաթերիս,

Անունդ եմ գոռում, որ շուռ գաս, նայես, գտնես ինձ,

տեսնես…

-Մեծ դուրսն է, դո՞ւրսը, գտիր ինձ, ասա՛,

Փոքրիկ մեր տան մեջ՝ մեր ասածն ասա ու

մեր խոսածը,

Զարմանալիի ու սիրո մասին,

Իմ հմայքների ու ցոլցլանքների,

Թիթեռի՛ս մասին…

*

Ես սրան եմ ծաղիկ տալիս,

և նրան –

դեռ չգիտեմ,

և այս պատն եմ զարդարում և այն պատը,

և այս դռանն եմ, և այն:

Դեռ գործ անել չգիտեմ,

դեռ սահուն վալս պարել չգիտեմ,

դեռ համեմունքները կարգին չեմ ջոկում,

ականջօղեր եմ կախում մարգարիտ,

բայց եղունգներս են սուր,

ուղիղ գիծ քաշել և ճկուն ու ամփոփ շրջագիծ – չգիտեմ,

խառնում եմ իրերը,

դեռ արդարագործ, արդարադատ չեմ:

Սրբում եմ կոշիկներիս փոշին,

հատակն անավլել եմ թողնում,

մայրս ինքն էլ քիչ գիտեր,

քույրս ինքն էլ կարիքի մեջ էր,

մի քիչ սովորում եմ օտար լեզուն,

ճանապարհին մայրենիս եմ մոռանում,

ես դեռ սխալ-մխալ եմ դասավորում,

ես դեռ կարգին տանտիկին չեմ,

ես դեռ կարգին հագնվել, կերակրվել,

նիստուկաց, բարև-աստծուբարին,

ազգուտակ, պատմություն, աշխարհագրություն –

չգիտեմ,

դաշնամուր եմ նվագում երեկոներին –

որդուս հետ խոսքի գալ դեռ չգիտեմ,

դեռ փողոցն անցնել, հյուր գնալ,

թատրոն նայել, աչքերին նայել ու ասել,

քննարկել, ելնել ու կանգնել, բարձրանալ չգիտեմ, –

հայրս ինքն էլ անօգնական էր ամեն հարցում,

եղբայրս էլ հավետ գառ մնաց,

ընկերս արմունկով անշնորհք հրում էր

զուգահեռ ընթացքիս ժամանակ,

և այն կինն անճոռնի աղմուկով

ինչ-որ խփշտում էր համերգի ժամանակ, –

նրանք ինձ ինչ տվեցին – չգիտեմ:

Ես ծարավի եմ, խակ ու անդուռ,

շարժումներս բացազատված չեն,

բնատուր խելքս չծաղկեց,

զգացմունքներս չեն բուրում,

շնորհքներս խեղճ են ու քնած,

կեցվածքս ու կյանքս տարերային ու խճողված:

Պռատությունը ինձնից չի պոկվում,

թերարժեքության պատանքի մեջ եմ,

և վտանգված եմ – ինքս ինձ չսիրելու դառնաղի թույնով:

Սնունդ եմ ընդունում, կերակրվում – խառն ու կոպիտ,

վերջում որովայնս է մղկտում, ցավից գալարվում,

մարմինս է վատթար եղծվում – անտեր, –

և հարևանս էր տաճարից հեռու,

և բարեկամս էր անարվեստ կենցաղ, –

այդպես էլ մնում եմ անմշակ, անտաշ ու աղավաղված,

անկարգին և չկարգված և անդաստիարակ`

իմ ծնող, իմ ընկեր, հարևան և նաև երկիր, –

ձեր կողմից –

մեկընդմիշտ խափանված, –

և ձեզանից – կարծես թե`

դեռ ոչինչ –

չսովորած: –

***

Ծիտո-

կնոջ կրծքով ճերմակ ու բաց-

փռված սալ քարին-այլեւս անշունչ, –

հիմա դու տես, թե

քանի լաց պիտի լամ ես այսօր-

քանի ողբ ու կական, –

մեկ, որ լռեց ծլվլոցդ,

եւ մի դրախտ լռեց, –

մեկ, որ- լեշդ անլվա- մեջտեղում

խայտառակ ընկած- մի մեռել ես անպատիվ,

եւ վերցնող չկա,

եւ չեն էլ թքում քո վրա,

երբ անցնում-գնում են դրանք փայլփլելով-

դեպի կենտրոն, հրապարակ, պառնաս,

աթոռանիստ-

վերեւ- դեպի հավերժը գագաթի, –

եւ մեկ էլ, ծիտո- ամենակարեւոր լացը`

որ- ես նույնպես,

ես- որ դեռ բարի եմ, խիղճ ու տեսքով մարդու-

աչքս նրանց վերեւ տնկած աչքին տնկելով,

ես նույնպես չթքեցի վրադ

եւ նույնպես անցա-գնացի նրանց հետ`

դեպի վերեւ, դեպի հավերժը գագաթի:

Ամենաթունդ լացը այսօրվա, ծիտո-

այո’, իմ վրա է,

որ ես ողորմելի մի հետեւող եմ,

մի բարի, մի լղրճուկ բարի- բայց մի

քստմնելի օրինակ վերցնող,

մի անսկզբունք շարժվող

անողնաշարավորների դասից,

մի անլեզու, անբերան անասուն

հոտի անդամ,

կոլեկցիոների մանրադիտակի տակ հազիվ

շարժվող

– մի միկրոբ

մի քեզանից առավել- անշունչ, սատկած

անլվա լեշ, –

որ իբր թե – ամոթու,

որ իբր թե – ինչպես կարող եմ հասարակությանը

զանգվածային չհետեւել –

երբ հասարակությունը, անզգա զանգվածը – այլևս –

այս կողմ է շարժվում,

ոչ թե այն կողմ, ծիտո,

իբր թե – թեկուզ թքած իմ անհատական- մարդկային

խղճի ու սրտի վրա, – որ ներքուստ

քո կողմն էր շարժվում – ծի-տո, –

քո կողմը…

ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Կիսաճանապարհին,

Երբ քամին կօրորի մեջքդ,

Ու դու լացակումած կհավատաս,

Թե մեջքդ բարակ է եղեգան պես,

Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,

Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարևանդ

ու անծանոթը,

Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,

Մինչև դու հասնես ուզածդ տեղը

Ու բերես խնձորը անմահական:

Այսպես, երբ կեսճանապարհին՝

Քամին՝ յոթգլխանի հրեշ՝ կօրորի մեջքդ փափկասուն,

Հիշիր, ինչ կամեցավ զինվորը վերջին պահին,

Հողը սեղմած բռան մեջ ու աչքերը՝ բաց երկնքին,

Հիշիր, ինչ ճչած ծաղիկը խելագար, երբ արմատից պոկված

Ընկավ հորդահոս գետի մեջ…

Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,

Ու դու լացակումած կհավատաս,

Թե մեջքդ բարակ է եղեգան պես,

Հավատա նաև, որ ընդ եղեգան փող բոց ելաներ,

Որ քո եղեգնիկ մեջքից դեռ արու զավակ պիտի բոցա,

որ ճամփա ելնի առա՛ջ…

Հիշիր, որ երկրի վար արևը ընդմիշտ սպասում է մարդուն,

Ջուրն սպասում է, հողն սպասում է, ծովն ու երգը

Շառաչում զարկում են քարափին, այսինքն

Շնչում են ու սպասում են մարդուն:

Երկիրը անտեր չես թողնի, գիտեմ,

Երբ քամին կօրորի մեջքդ

Կիսաճանապարհին:

ԿՈՊԻՏ ՊՈԵԶԻԱ – ԹՂԹԵ ՎԱՐԴ

Իմ պատուհանին դու մի՛շտ կաս- թղթե ծաղիկ,

ձեռքով պատրաստած,

Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ, անճարակ

սարքած.

-Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են այսպիսի ծաղկի

համար՝ իրենց պատուհանին:

Իմ պատուհանին դու միշտ կաս- թղթե կոշտ ծաղիկ,

Դրանով պարզ երևում է իմ վառ սերը բոլոր ծաղիկների

հանդեպ,

Որքան առմիշտ բացակա են այստեղ,-

Դրանով- ակնհայտ է իմ վառ ցանկությունը,

Մեկընդմիշտ իմ կանչը՝ կենդանի ու բուրող վա՛րդը դեպի…

Ուրիշներն ամաչում են- ես չեմ ամաչում,

Որ ցանկությունս այսպես կոշտ է երևում իմ պատուհանիս,

Ես միայն սաստիկ պիտի ամաչեի ու տխրեի, թե չունենայի

պատկերը ծաղկի- բնա՛վ,-

Թե ցանկությունս իսպառ կորսվեր՝ այդ ծաղկի տեսքով-

անհե՛տ:-

Գիտեք ի՞նչ, դուք հենց նրանք եք, որ չեն նվիրում ինձ

բուրող վարդեր,-

Իսկ ես, ձեզ հակառակ, ահա գովում եմ

Թղթե վարդը-կոպիտ պոեզիան,-

Որ զարդարում է, իրոք, իմ կյանքը:-

Այն ճարտարությունն է՝ սերս ապրեցնելու առմիշտ,

Այն իմ ձեռքն է, չեղած տեղը զարդարում է պատուհանս,

առմիշտ:

Այն իմ սիրտն է, որ միշտ ծաղիկ է տալիս:

Ես սիրում եմ իմ ճարտար ձեռքը, որ միշտ պատրաստում է

վարդ,

Ես սիրում եմ իմ ճարտար սիրտը, որ միշտ երազում է կյանք:

*

Եվ աչքերս թաց են,

և սիրտս` կոտրված ափսե,

և ձեռքերս` դողով բռնված,

էլ ինչպես երկարեմ դեպի արևածաղիկը,

և ոտքերս` դողով բռնված,

էլ ինչպես դուրս գամ ճանապարհ:

Որովհետև միստր ճակատագիրը

ձաղկել է մեջքս մերկ –

որպես մի ձիու մեջք մերկ –

ու դեռ պտտվում է օդում

խնդմնդալով –

դաժան ճիպոտն իր քամահրանքի –

սև, օձաձև:

Էլ ինչպես դուրս գամ ճանապարհ –

ոտքերի տակից, ծեծված ու

մեռած ու ամոթահար:

Բայց ես ահա թաքուն նայում եմ

ոչ թե ետ – այլ` առաջ,

ուր ինձ թվում է` կանգնած ես դու –

կարմիր բլուզով

ու կանչում ես – զգացումի պես կարմիր:

Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը

ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա

ու – ճանապարհ, գիր ու պարտեզ, –

ինչպես` փակ պարսպից այն կողմ

ծաղկում է պարտեղ:

Եվ ես, մերկ ու ցավոտ,

պարզում եմ մեջքս –

որ համբուրես կապտուկներս

ցավս – ճակատագրից

այն կողմ, ճակատագրից հեռու,

անդին ու դուրս:

Բոլոր արձագանքները՝

2626

Please follow and like us: