Երկու փողոց այսկողմ ապրող Պողոսի, նրա ընտանիքի ու զոքանչի համար ձմեռը ձրի ճամփորդություն է դժոխք՝ բառի փոխաբերական և, ցավոք, ոչ բուն իմաստով, քանի որ դժոխքն իր անմար կրակներով ու դրանց արտածած ջերմությամբ մերձարևադարձային դրախտ է թվում նրանց։ Ինչպես արդեն կռահեցիք, նրանք չեն տեղադրել «Եվրոթերմ» անհատական ջեռուցման համակարգ, եվրոպատուհաններ և ոչ էլ անգամ «Սուպեր սիստեմ», դեռ ավելին՝ սովետական արտադրության սև-սպիտակ հեռուստացույցը վաճառել են հոսանքի պարտքը մասնակիորեն մարելու համար և, փաստորեն, զրկված են ԱԼՄ դիտելու հնարավորությունից։
Նախկին ինժեներ Պողոսը, դաստիարակված «փողը ձեռքի կեղտ է» սովետական կարգախոսով, հայտնի դեպքերի բերմամբ երկրորդ՝ գործազուրկի մասնագիտությունն է ստացել, ինչն էլ ստիպում է նրան զերծ մնալ փողի հասցեին անհարգալից հայտարարություններից՝ չկորցնելով, սակայն, մարդկային արժանապատվությունը։ Ընտանիքի անդամները վաղուց դադարել են նրան ֆինանսական և այլ բնույթի պահանջներ ներկայացնել, քանի որ նա, միևնույն է, անընդունակ է դրանք բավարարել։ Պողոսը տարվա տաք եղանակներն անց է կացնում բակում նարդի խաղալով ու միտինգների գնալով, իսկ ձմեռը՝ վերմակի տակ, ընդդիմադիր թերթեր կարդալով։ Սակայն նա ընդդիմության հետ այլևս հույս չի կապում, նրա միակ հույսը հիմա Ամերիկան է։
Ընտանիքի գլուխը, բնականաբար, զոքանչն է, որ ինչպես և վայել է հայ կնոջը, իսկական տնտեսվարող սուբյեկտ է։ Փեսայի աբստրակտ հույսերի համեմատությամբ նրա հույսերը բավականին ֆիգուրատիվ են. դրանք արտերկրում ապրող իր կրկնապորտ քեռիները, նրանց բիզնեսմեն թոռներն ու ծոռներն են, որոնց մեծ մասին Պողոսի զոքանչը թեպետ երբևէ չի տեսել, բայց կարոտում է շատ ու հաճախակի, եթե չասենք՝ անընդհատ։ Ու չնայած նրա մշակած զարգացման ծրագրերը փեսայի գիտաֆանտաստիկ ծրագրերից առավել իրատեսական են թվում, դրանցից ընտանեկան բյուջեն որևէ օգուտ չի ունենում, մինչդեռ վնասը, որ ներկայանում է ամեն ամսվա վերջում միջազգային խոսակցությունների վարձի տեսքով, կայուն է ու շոշափելի։ Տեխնիկական կրթություն ունեցող փեսան, իր կրթությանը կիրառում գտածի ոգևորությամբ, ջանադրաբար բացատրում է նրան, որ ընտանիքի համար մտածում է վնասով։ Այն, ինչ զոքանչը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ՝ թե ոնց իր աղջիկը, գործունյա ու գեղեցիկ փեսացուներին թողած, ծնողների կամքին հակառակվելով, փախավ Պողոսի հետ, ում նույնիսկ այն ժամանակ համակրելի չէիր անվանի։
Աղջիկը, սակայն, վստահ է, որ ծնողներն են բռնի կերպով ամուսնացրել իրեն Պողոսի հետ, մինչդեռ ինքը սիրահարված էր երկու փողոց այնկողմ ապրող Պետրոսին, ով այն ժամանակ միգուցե շատ չէր տարբերվում Պողոսից, բայց այսօր վերջինիս հետ ընդհանուր եզրեր չունի։ Իր բոլոր դժբախտությունների մեղավորը ամուսինն է՝ վստահ է նա, եթե այդ ամուսինը չլիներ, Պողոսի կինը վաստակաշատ դերասանուհի կամ երգչուհի կլիներ։ Բայց Պողոսի կինը չի հուսահատվում, նա գիտի, որ շնորհալի երեխաների փնտրտուքով գյուղից գյուղ, բակից բակ շրջող ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը մի օր անպայման կայցելի իրենց բակ, և այդժամ ինքը երրորդ հարկի իր խոհանոցում կսկսի երգել։ Բակում երեխաների ձայնային տվյալները ստուգող Տիգրան Կարապետյանը, լսելով նրա բավականին թարմ պահպանված ձայնը, կպատվիրի երեխաներին լռել, ապա մի շնչով կբարձրանա երրորդ հարկ, ծնկի կգա Պողոսի կնոջ առջև, և թեպետ վերջինս վաղուց դուրս է եկել մանկապատանեկան հասակից, նրան անպայման կընձեռի «Նոր անուններ» -ով երգելու և գոնե մեկ երգ անվճար ձայնագրելու հնարավորություն։
Երազողների այս տան միակ աշխատողը որդին է, ում վաստակն անկարող է կոծկել ընտանեկան բյուջեի ճեղքը, քանի որ բյուջե մուտք չի գործում և սահուն շրջանցելով այն՝ տեղափոխվում է բանկում բացված անձնական հաշվեհամարի վրա։ Չնայած տատի՝ թոռանը հարկային դաշտ բերելու հուսահատ ջանքերին՝ նրա եկամուտի չափը դեռևս հստակեցված չէ, մասնավորապես այն պատճառով, որ Պողոսի տղան զբաղված է բավականին մշուշոտ ստվերային գործունեությամբ։ Տատը կասկածներ ունի, թե աշխատում է երկու փողոց այնկողմ ապրող Պետրոսի վրա։ Կարելի է, իհարկե, հանդիմանել Պողոսի զոքանչին թույլ տված լեզվական սխալի համար և տեղում վրա-ն դարձնել մոտ, որ էլի ճիշտ չէ, բայց գոնե հարազատացած սխալ է, թերևս ավելի ճիշտ կլիներ ասել՝ թևի տակ կամ բարձր հովանու ներքո, սակայն ճիշտը այնուամենայնիվ վրա-ն է՝ վստահ է Պողոսի զոքանչը։ Մինչդեռ սա իր թոռան կարիերայի վերջը չէ, այլ միայն սկիզբը, և եթե միայն նրան հաջողվի դուրս գալ Հայաստանից, ու եթե բախտն այնքան բարեհաճ գտնվի, որ նրան հաջողվի դուրս գալ իր բարեկամների վրա, կարելի է համարել, որ նրա կյանքը դասավորված է։
Ինչը չի կարելի ասել Պողոսի դստեր մասին, որ երեսունն անց է ու ոչ մի փեսացու չունի։ Երբ նրա սիրած տղան ամուսնացավ երկու փողոց այնկողմ ապրող Պետրոսի աղջկա հետ, նա սկսեց մեղադրել իր ծնողներին իրեն ոչ այնքան գեղեցիկ, ոչ այնքան խելացի, ոչ այնքան բախտավոր և առհասարակ ծնելու համար։ Բայց նրան այլ բան չէր մնում, բացի բախտին սպասելուց, ու քանի որ դա չէր կարող անել թախտին նստած, որովհետև թախտը մենաշնորհային իրավունքով սեփականաշնորհել էր հայրը, նա ստիպված էր դուրս գալ տնից ու դրսում սպասել։ Բախտն էլ, բնականաբար, իրեն երկար սպասել չտվեց, եկավ, կանգնեցրեց կողքին արտասահմանյան մակնիշի մեքենան ու ասաց՝ «նստի՛» ։ Բայց այնքան դա չզարմացրեց նրա ծնողներին ու հարևաններին, որ վաղուց էին նման բան սպասում, որքան այն, որ Պողոսի աղջիկը որոշ ժամանակ անց սկսեց բախել նույն այդ հարևանների դռները կասկածելի բովանդակությամբ բրոշյուրներ ձեռքին և հարցնել. «Լսե՞լ եք արդյոք աշխարհի վերջի մասին» ։ Մեղքի մեջ ընկնելուց հետո, ինչպես և լինում է սովորաբար, Պողոսի աղջիկն ընկավ հավատքի մեջ։ Ցավն այն է, որ այդ հավատքը աղանդավորական է, մինչդեռ Պողոսը, նրա ընտանիքն ու զոքանչը, ինչպես նաև հարևանները ազգապահպան Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Հիմա նրանք իրենց մաշկի, ասել է թե՝ ընտանեկան բյուջեի վրա զգացին աղանդների հասցրած վնասը։ Այսպիսով, Պողոսի տանը դավանաբանական վեճեր բռնկվեցին, որ չնայած տան զրոյական ջերմաստիճանին՝ ընթանում են ամենայն թեժությամբ։
Բոլորովին այլ է պատկերը երկու փողոց այնկողմ ապրող Պետրոսի տանը, ով, ինչպես գիտեք, ոչնչով չի տարբերվում երկու փողոց այսկողմ ապրող Պողոսից, բայց քանի որ տեղադրել է եվրոպատուհաններ, «Եվրոթերմ» ջեռուցման համակարգ և «Սուպեր սիստեմ», նրա տանը ձմռանը շոգ է, ինչպես Աֆրիկայում։ Զոքանչն, իհարկե, չդիմանալով բարեկեցիկ կյանքին, չունենալով կռիվ գցելու հնարավորություն ու կյանքի իմաստ, վաղուց տեղափոխվել է Թոխմախ գյոլ, բայց ընտանիքի մյուս անդամները կարող են տանը վազվզել վայրենիների պես կիսամերկ, մագլցել արմավենիների վրա, ուտել բանաններ, անանասներ, կիվիներ և դիտել շուրջ 65 ալիք։ Բանն այն է սակայն, որ նրանք ի զորու չեն մնալ տանը. դրամապանակներում, բանկային հաշիվներում, պլաստիկ քարտերի վրա հանգրվանած փողը նրանց վռնդում է տնից՝ իրեն ծախսելու, մսխելու, քամուն տալու, ինչու չէ՝ նաև գործի մեջ ներդնելու ու շատացնելու համար։
Ժողովրդի լայն զանգվածների հարգանքն ալեկոծող, Ժողովրդական կուսակցության պարագլուխ և ժողովրդական օլիգարխ Պետրոս Պետրոսյանը, նույն ինքը՝ Ջրծաղիկ Պետոն, ինչպես ժողովուրդն է անվանում նրան հետևից, թաքուն ու վախվորած, քանի որ նա կատաղում է այդ անունը լսելիս, նույն ինքը՝ Պետրոս Պողոսիչը, ինչպես դիմում է նրան ժողովուրդը իր նվիրվածությունն արտահայտելու և դրամական աջակցություն հայցելու նպատակով, որքան էլ անհավատալի է՝ ինչ-որ ժամանակ մանուկ է եղել։ Սկսելով որպես շնորհալի, հույսեր ներշնչող գրպանահատ, առաջնորդվելով «ձվի գողը ձի էլ կգողանա» ժողովրդական ասացվածքով և ապավինելով «ժողովուրդը երբեք չի սխալվում» ժողովրդական ճշմարտությանը, նա կարողացել է մեծ բիզնես հիմնել և դառնալ Ազգային ժողովի պատգամավոր։ Սակայն ժողովրդի հոգեբանության մեջ արմատացած և կազմակերպված ահաբեկչության մեխանիզմներով իրականցվող մուրացկանությունը խորապես հարամում է նրա կյանքը։ Ջրծաղիկ Պետոն միշտ էլ գտել է, որ փող աշխատելու ավելի արժանապատիվ ձևեր կան, սակայն հիմա մուրացկանները ազգը վարկաբեկող արգահատելի էակներից վերածվել են ազգային անվտանգությանը սպառնացող դասակարգային թշնամու։ Պետական, ինչու չէ՝ նաև սեփական անվտանգության նկատառումներով նա գերադասում է շրջել սափրագլուխ թիկնապահների ուղեկցությամբ՝ ավելորդ ցնցումների չենթարկելու համար իր գրպաններն ու պետական բյուջեն, որ նրա համար տարանջատելի հասկացություններ չեն։ Հարստության պահպանումը Հայաստանի պես երկրներում, նրա կարծիքով, ավելի բարդ բան է, քան դրա ձեռքբերումը և պահանջում է հոգու կորով ու առանձնակի սառնասրտություն։ Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստում իր ելույթը նա սկսեց թևավոր խոսքի ուժ ստացած հետևյալ նախադասությամբ. «Հարուստ լինել աղքատ երկրում՝ նշանակում է մշտապես գտնվել սնանկացման սպառնալիքի տակ» ։ Այդ պատճառով էլ նա ակտիվորեն մասնակցում է աղքատության դեմ պայքարի նախագծերի քննարկմանը խորհրդարանում։ Բիզնեսից ու օրինաստեղծ գործունեությունից ազատ ժամանակը Ջրծաղիկ Պետոն նախընտրում է անցկացնել անձնական օգտագործման ******ների հետ։
Նրա կինը բնականաբար դժբախտ է։ Ոչ այն պատճառով, որ ամուսինը դավաճանում է, նա գիտի, որ ամուսինն անընդունակ է էական քայլերի այդ ոլորտում, և ******ները կոճակակից պատգամավորների աչքին թոզ փչելու միջոց են միայն։ Եթե նույնիսկ դավաճաներ, նա իրեն դրանից վատ չէր զգա։ Հենց այդ պատճառով էլ դժբախտ է տիկին Պետրոսյանը։ Նրա հոգին թռիչք է ուզում՝ այսպես ասած մեծ սեր։ Մեծ սեր, սակայն տարիքով իրենից զգալիորեն փոքր տղաների հետ։ Որդու ընկերների հանդեպ արատավոր հակումները ստիպում են նրան հայտնվել տարիքին ու դիրքին անհարիր վայրերում և ընդհանրապես պահել իրեն ոչ այնքան արժանավայել։ Սակայն մինչ այժմ նրան չի հաջողվել որևէ լուրջ սիրավեպ ունենալ որևէ պատանու հետ, գործը թեթև ֆլիրտից կամ գարեջրոտ համբույրից այնկողմ չի անցել։ Պատճառը միգուցե Պետյայի պաշտոնն է, միգուցե և իր տարիքը։ Այդ պատճառով էլ տիկին Պետրոսյանը դաժանաբար մսխում է ամուսնու կարողությունը նորաձև հագուստի խանութներում ու գեղեցկության սրահներում՝ կռիվ տալով ժամանակի հետ և փորձելով վերադարձնել անդառնալիորեն կորսված երիտասարդությունը։
Սակայն Ազգային ժողովի պատգամավոր և ժողովրդական օլիգարխ Ջրծաղիկ Պետոյի դիզած հարստությունը ամենից ավելի արդյունավետ ու նպատակային է իրացնում նրա որդին, որ վաղաժամ մտնելով սեռական կյանք, ինչպես և լինում է նման դեպքերում, վաղաժամ էլ սպառեց հետաքրքրությունը կյանքի հանդեպ ու տարվեց թմրանյութերով։ Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհի մեջ գտնվող հայրը ուղարկեց նրան արտասահման՝ այդքան բախտորոշ պահի իր վարկանիշը փորձությունների չենթարկելու համար։ Այստեղ էլ՝ բուժումը բարեհաջող ավարտելուց հետո, տղան տանուլ տվեց առաջին խոշոր գումարը։ Պետրոս Պողոսիչն ուրախացավ՝ համարելով դա առողջացման նշան, խրախուսեց և հովանավորեց նրա առաջիկա մի քանի այցը խաղատուն, մի անգամ նույնիսկ ուղեկցեց նրան իր սափրագլուխ թիկնապահների ու անձնական օգտագործման ******ների հետ՝ արձանագրելով տղայի կատարյալ անտարբերությունը վերջինների հանդեպ և անթաքույց հետաքրքրությունը՝ առաջինների։ Սակայն նա խոհեմաբար չնկատելու տվեց նկատածը, քանի որ չգիտեր՝ ինչպիսին պետք է լինի իր՝ ժողովրդական օլիգարխի և Ազգային ժողովի պատգամավորի դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ. ավանդական, ազգային արժեքների տեսանկյունից դրա համար քիչ է սպանելը, բայց հանդուրժողականությունն այդ երևույթի հանդեպ Եվրախորհրդի ներկայացրած երեք պահանջներից մեկն է։ Երբ հասարակական կարծիքը խռովող լուրեր տարածվեցին քաղաքական էլիտայում արվամոլության տարածվածության մասին, Ջրծաղիկ Պետոն սկսեց նյարդայնանալ, քրտնել, քնել վատ, քիչ ու անհանգիստ՝ տառապելով սարսափ երազներից ձիերի ու ձվերի թեմայով։ Չի կարելի ասել, թե նրան թանկ է ընտրողների կարծիքն իր մասին, ընտրություններում նա դրա վրա, այսպես թե այնպես, հույս չի դնում, սակայն չի կարելի ասել նաև, թե նրան բացարձակապես չի հուզում ժողովրդի կարծիքը, քանի որ նա պատգամավոր լինելուց զատ ժողովրդական հերոս է՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժամանակին նույն այդ ժողովրդի գրպանները տնտղած մարդ, իր օրինակով նոր սերունդ է դաստիարակվում… Երբեմն նա ուզում է ուղղակի հարցնել որդուն՝ հարցը մեկընդմիշտ փակելու համար, բայց վախենում է լսել պատասխանը ու գերադասում է ապրել տառապալից անորոշության մեջ՝ փայփայելով իր կասկածների հերքման թեկուզ ոչ շատ մեծ հավանականությունը։ Իսկ որդին իրոք միասեռական է, ինչպես և նրա բոլոր գեղեցկատես ընկերները, որոնց այդպես ջանադրաբար ու ապարդյուն փորձում է գայթակղել նրա մայրը։ Բայց եկեք խոստովանենք, որ դա ամենամեծ չարիքը չէ խաղամոլ, թմրամոլ, երկու օրը մեկ մեկական արտասահմանյան մակնիշի մեքենա ջարդուխուրդ անող, միայն վերջին ամսում յոթ հետիոտն վրաերթի ենթարկած, մինչև ականջները պարտքերի մեջ խրված, հոգեկան խանգարումներով տառապող և ՁԻԱՀ վարակակիր մարդու համար, ում գլխավերևում և շուրջը մշտապես թևածում է մահը։
Այս տան միակ զարդը Պյոտր Պավլովիչի գեղեցկուհի, կոմսոմոլուհի ու սպորտսմենուհի աղջիկն է, որ վաղուց այս տանը չի ապրում, քանի որ ամուսնացել է՝ օժիտի մեջ ունենալով ոչ միայն կարմիր դիպլոմ, այլև էլիտար բնակարան քաղաքի կենտրոնում, որտեղ էլ ամառ-ձմեռ երջանիկ ընտանեկան կյանք է վարում, քանի որ տեղադրել է «Եվրոթերմ», եվրոպատուհաններ, բնակարանը վերանորոգել եվրոշինանյութով, կահավորել այն եվրոպական առաջատար ֆիրմաների արտադրած կահույքով, ունի եվրոպական ստանդարտներին համապատասխան ամուսին, Grundig ֆիրմայի երաժշտական կենտրոն, Sony տնային կինոթատրոն, աշխարհի ամենահետաքրքիր 65 ալիք ցուցադրող «Սուպեր սիստեմ», բազմաթիվ գործողություններ կատարող փոշեկուլ Philips, սպասք լվացող, արդուկի և լվածքի ավտոմատ մեքենաներ Ariston-ից, Bosh ֆիրմայի օդորակիչ, խոհանոցային կոմբայն Rowenta, Tefal թավաներ ու բազում այլ կենցաղային տեխնիկա, որն օգտագործելու հաճույքից, սակայն, զրկված է, քանի որ բոլոր գործերով զբաղվում են երջանիկ հավաքարարները, խոհարարները, դայակներն ու սպասուհիները։ Մինչդեռ Ջրծաղիկ Պետոյի աղջիկը իր օրն անց է կացնում հեռուստաէկրանի առջև՝ առավոտից իրիկուն հետևելով «Սուպեր սիստեմի» «Ռոմանտիկա» ալիքով ցուցադրվող սերիալների հերոսների կյանքին՝ տանջվելով նրանց դառը ճակատագրի համար և երջանկանալով նրանց սիրային հաջողություններից։
Թվում է՝ Պետրոսի աղջիկը երջանիկ է, այդ կարծիքին են բոլորը, հատկապես Պողոսի աղջիկը։ Ինքը նույնպես նրանց կարծիքը չի վիճարկում։ Եվ միայն դիմացի շենքի պատին ամրացված՝ ոմն Լևոն Ներսիսյանի կիսանդրին է, որ տեսնում է՝ աղջիկը երջանիկ չէ, այլ միայն ապրում է երջանիկ անգիտության մեջ, ավելի ստույգ՝ տգիտության, ինչպես բոլոր երջանիկները։ Նրա ամուսինը ավելի շատ հոր թիկունքն է սիրում, քան իր հետույքը։ Բայց եթե նույնիսկ հակառակը լիներ, ի՞նչ էր փոխվելու դրանից… Եթե երջանկությունը փողի մեջ չէ, դեռ չի նշանակում, թե պետք է այն սիրո մեջ փնտրել։ Եվ առհասարակ հարց է՝ երջանկություն կա՞ արդյոք երջանկության մեջ… Հնարավոր է՝ այդ թշվառականն իսկապես էլ չի նկատում, որ երջանիկ չէ, բայց դա անկարող է վրիպել ուղիղ նրա պատուհաններին նայող և հայացքի խորաթափանցությամբ օժտված փորձառու մանկավարժի հայացքից, ում լեգենդար դասախոսությունների մասին լսել են բոլորը, թեպետ ոչ ոք չգիտի, թե ինչի մասին էին դրանք։ Արտիստիկ խառնվածքով և ալկոհոլի հանդեպ սիրով հայտնի Լևոն Ներսիսյանի կիսանդրին գիտի, որ երջանկությունը հնարավոր չէ շահել, վայելել, ժառանգել։ Բացառվում է այն բռնագրավելը, ինչպես և՝ նվեր ստանալը գեղեցիկ աչքերի համար։ Առավել ևս ավելորդ է խոսել երջանկությունն արդար քրտինքով վաստակելու մասին. այն ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաղարկվում է, այլև այն, որ պարզապես չկա։ Անազնիվ, կոմերցիոն նպատակներով մոգոնած, մարդու կողմից մարդու շահագործումն արդարացնող բուրժուական հնարանք է երջանկությունը, որը չարժե՛, չարժե՛ ունենալ։
«Չի վաճառվում» գրքից