Գրիգոր Գրիգորյան/Աղբահավաք Բուբուլը

Վերջերս իմ կյանքում մի լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ է հայտնվել․ այդ խոչընդոտի անունը Բուբուլ է, որն ապրում է մեր շենքում, իսկ ավելի կոնկրետ՝ հենց կողքիս բնակարանում։ Դե, ինձ նման փորձառու բանկիրի համար ամեն ինչ վաղուց արդեն շոշափելի և առարկայական բնույթ է ստացել, իսկ իմ հարևան Բուբուլից ավելի առարկայական խոչընդոտ այս աշխարհում, թերևս, դժվար է պատկերացնել։ Երբ բակերում սկսեց գրեթե ամեն ինչ փոխվել` երեխաների համար նոր խաղահրապարակներ սարքվել, ճանապարհներ ասֆալտապատվել, նոր սերնդի «բորդյուրներ» տեղադրվել, շենքերի մուտքերը բարեկարգվել, ճաքճքած պատերի ճաքերը լցվել, բակի պատմամշակութային կառույց հանդիսացող բիսետկաները վառ գույների մեջ ներկվել՝ մեր Բուբուլի մոտ ոչինչ, ամենևին ոչինչ չփոխվեց։ Նույնիսկ ամենահամարձակ, ես կասեի՝ սկզբունքային փոփոխությունից հետո, որը տեղի ունեցավ 22-ի գարնանը, ու շենքերի տակի աղբանոցները փակվեցին, և մարդիկ տների աղբն ու կեղտը թափելու համար ստիպված եղան 50-60 մետր հեռավորության ճանապարհ կտրել, որպեսզի իրագործեն ավանդույթ դարձած իրենց աղբանետումը՝ Բուբուլը անդրդվելիության «մաստեր-կլաս» ցուցադրեց, և բոլոր այդ փոփոխությունների խառնարանում, որը նույնիսկ կարելի էր շրջադարձային անվանել բակային ենթամշակույթի հայկական հարուստ պատմության մեջ, միայն Բուբուլը անկոտրում կամք դրսևորեց և հավատարիմ մնաց իր անդավաճան բնավորությանը։ 

Որպես ավանդապաշտ և սկզբունքային հնաբնակ, նա այդպես էլ չէր կարողանում համակերպվել ժամանակների հետ, և եթե բիսետկայի վարդագույնը դեռ կարողանում էր ինչ-որ կերպ շոյել նրա գորտի աչքերը, ապա աղբամանների հետ տեղի ունեցած իր կողմից անիմաստ ու հիմար համարվող ավտոնոմ որոշումը՝ ոչ մի կերպ չէր տեղավորվում նրա սահմանափակ գիտակցության քառակուսու մեջ։ Բուբուլի ըմբոստ բնավորությունը, որը շատերի կողմից «կոտոշություն» բնութագրիչն էր ստացել, իր չար կատակն էր խաղում ոչ միայն աղբամանների փոփոխության հեղինակների, այլ նաև շենքի բնակիչների հետ։ Հարևանս ամեն Աստծու առավոտ տոպրակով աղբն իջեցնում և ցուցադրաբար դնում էր շենքի դեմ-դիմաց՝ նախկին աղբանոցի հատվածում։ Սկզբի շրջանում բնակիչներից ոմանք նույնիսկ ծիծաղով էին վերաբերվում Բուբուլի ընդվզող միջոցառումներին (դրանք լոկ բողոքի խաղաղ ակցիաներ չէին, դրանք տախտակյա կարծրատիպերը միշտ առաջնագծում պահող զինվորի անփոփոխ կամք էր), սակայն երբ ամառն իր հաստատուն թաթերը խրեց երևանյան անտանելի շոգից հալվող ասֆալտի մեջ, և հաց-պանիր-ձմերուկ անփոխարինելի համադրությունը դարձավ Բուբուլի ամենօրյա ընթրիքի աներկբա և համեղ մասը՝ շենքի առաջ կուտակվող աղբի տոպրակների բույրը նախկինում ծիծաղող բնակիչներին ստիպեց լուծումներ փնտրել օր-օրի ահագնացող էկոլոգիական վտանգի դիմացն առնելու ուղղությամբ։

«Լիպո՛ ջան, — մի օր ինձ դիմեց շենքի լիազորը, — մենք տղերքով շատ ծանրութեթև արինք ու հասկացանք, որ էս հարցի միակ լուծողը կարաս լինես մենակ դու։ Էդ խելառը քո հարևանն ա ու ոնց որ էսքան տարի հետը վատ յոլա չեք գնացել․ դե, դու էլ մեկ-մեկ գալստրուկ-կաստում ես հագնում, քեզ հաստատ կհարգի ու կարող ա քո խոսքին հետևի։ Մի հատ խոսի հետը, էլի, ջանիդ ղուրբան․․․»։ 

Այնպես չէ, որ ես անտարբեր էի, ինձ էլ մտահոգում էր Բուբուլի նման պահվածքը, բայց ես կարող էի հաշտ ապրել այդ տարօրինակ ընդվզման միջավայրում։ Սակայն հարևանների հորդորն ու մտահոգությունը, և մանավանդ մեկ-մեկ փողկապ կապելու իմ անհասկանալի նախախաձեռնությունը «աչքս խոթելը» ինձ ստիպեցին պատասխանատվության զգացում ապրել, աշխարհը չարերից ազատելու միայն ինձ վստահված հպարտություն զգալ, և հաշվի չառնելով, նույնիսկ փոքր-ինչ ոտնահարելով իմ ու Բուբուլի «շոկոլադ» հարաբերությունները՝ հանդիմանել կողքիս հարևանին․․․ Հենց այսպես էլ Բուբուլը անհասկանալի, բայց «անշառ» հարևանից վերածվեց մի անհաղթահարելի շոշափելի խոչընդոտի։

Առավոտյան, երբ վերելակի դռները բացվում էին, ես մտնում ու շտապ սեղմում էի «1» կոճակը։ Հենց այդ պահին Բուբուլը բացում էր իր տան դուռն ու արագ մտնում էր վերելակ՝ աղբի տոպրակը ձեռքին։ Ես անպատասխան բարև էի տալիս և տասնչորս հարկ հարևանիս հետ միասին իջնում էինք` առանց որևէ բառ փոխանակելու։ Վերելակը կանգնելուց հետո նա միշտ ինձնից առաջ էր անցնում ու հանդարտ քայլերով դուրս էր գալիս շենքի մուտքից։ Դուրս էր գալիս, կանգնում էր շենքի տակի նախկին աղբամանի դիմաց, աղբի տոպրակը պարզում էր վերև ու սպասում, թե երբ եմ ես դուրս գալու մուտքից։ Հենց հայտնվում էի նրա տեսադաշտում, Բուբուլը խեթ-խեթ նայում էր աչքերիս մեջ ու վեր պարզած աղբի տոպրակը ցուցադրաբար ձեռքից բաց էր թողնում։ «Լավ օր, հարևա՛ն ջան»՝ ասում էր Բուբուլն ու հետ գնում դեպի վերելակը։ Եվ այսպես ամեն առավոտ։

Ես անգործ չնստեցի, որոշակի անօգուտ փորձեր արեցի, տարբեր միջոցների դիմեցի, բայց իմ ու հարևանիս հարաբերությունները գնալով ավելի էին վատթարանում։ Նույնիսկ թաղապետարան գնացի, իրավիճակին ծանոթացրի, համոզեցի, որ մի խիստ նամակ գրեն Բուբուլին, փորձեն վաղուց արդեն արդիական համարվող սպառնալիքի մեթոդով հարթել փողոցային ընդվզման այս ընդդիմադիր պահվածքը։ Երբ հարևանս թաղապետարանից ստացավ նամակը, լուռ կարդաց այն ու հավանաբար թեթևակի ժպտաց։ Հետո հատուկ մոտեցավ իմ ու իր բնակարանը բաժանող նեղ պատին և սկսեց նույն նամակը կարդալ արդեն շատ բարձր ու կոշտ ձայնով։

— Հարգելի՛ Բաբկեն Ուլուբաբյան, վերջին շաբաթների Ձեր գործողությունները․․․ տռըտըտը, տռըտըտը, տռըտըտը․․․ խնդրում ենք պահպանել պատշաճություն, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք կիրառել․․․ տռըտըտը, տռըտըտը, տռըտըտը․․․ — մի պահ դադար վերցրեց, հետո խրոխտ ձայնով գոռաց․ — Տո դե սիկտիր էղե՛ք։

Պատահածից հետո, երբ արդեն լրջորեն մտածում էի բնակարանս փոխելու և այս տարօրինակ պատմությունը թղթին հանձնելու մասին, բախտը թակեց դուռս։ Երրորդ թակոցից հետո ես բացեցի դուռն ու․․․ օօօ՜, աստվածնե՛ր, Բուբուլն էր, այն էլ վիզը ծուռ։

— Գիտես ինձ, հարևա՛ն ջան, հարցը լուրջ չլիներ՝ էստեղ կանգնած չէի լինի։

— Հետո՞։

— Բանկից նեղում են, շատ են նեղում. մի 2 ամիս կլինի` չեմ մուծել ապառիկի գումարը: Ինչ բիսետկեն ներկել են ու էդ զիբիլնոցի պատմությունը մեյդան ա էկել՝ հետս սեկա խաղացող չկա։

— Հետո՞։

Ու տեղի ունեցավ աննախադեպ մի բան, իմ ու Բուբուլի միջև պատահած ոչ կարճ էպոպեայի ընթացքում հարևանս առաջին անգամ արեց այն, ինչը երբեք չէր արել․ նա ուղղակի հարց տվեց․

— Կարո՞ւմ ես ինձ փողով օգնել, Լիպո՛ ջան, քանի բանկից բռնագանձում-բան չեն սկսել։

Այդ էր ու այդ, հարցի լուծումն իր ոտքով թակել էր իմ դուռը։

— Իհարկե, Բուբո՛ւլ ախպեր, հո մի օրվա համար չենք, ա՛յ ցավդ տանեմ, — ոգևորվեցի ես: — Իմացի` էսօր ապառիկդ արդեն մուծած ա, բայց մեկ պայմանով․․․

Պիտի պարտքս մի 2 ամսում վերադարձներ, ու քանի որ բիսետկայի գույները մնացին անփոփոխ, և հարևանս չէր կարողանալու իր հանապազօրյա հացը «սեկա»-ի միջոցով վաստակել, Բուբուլը փող աշխատելու համար ստիպված պիտի լիներ աշխատանք փնտրել։ Իսկ ինձ հենց դա էլ պետք էր։ Մեր թաղապետարանի արդեն ծանոթ պաշտոնյային մի անգամ էլ դիմեցի, որն ի դեպ «ման էկողներից» էր, դե քայլողներից էլի, ու մեր պաշտոնյան առաջարկիս մեջ ընդհանուր շահ տեսնելով՝ իմ հարևան Բուբուլին ընդունեց աշխատանքի թաղապետարանում` որպես աղբատար մեքենայի վարորդ։ 

Ի դեպ, այս առավոտ հանդիպեցի հարևանիս՝ վերելակի մեջ։ Կոկիկ հագնված, սափրված, սուր օդեկոլոնի հոտը վրան փչած ինքնագոհ մտավ վերելակ, ես էլ, թարսի պես, աղբի տոպրակը ձեռքիս։

— Բայլուս, հարևա՛ն ջան։

— Բարև, — չնայեցի վրան։

— Էս ամսվա վերջ փողդ հաստա՛տ կտամ, — չոր «բարև»-իցս զարմացած աչքի պոչով նայում է ձեռքիս աղբի տոպրակին։

— Լա՛վ, — դեմքիս մկանները չէին շարժվում. լուռ էի, լուրջ էի։

— Բայց կարող ա շուտ էլ փակեմ պարտքս, — հայացքը չէր կտրում ձեռքիս աղբի տոպրակից։

— Հասկացա՛։

 Վերելակի դռները բացվեցին ու ես արագ դուրս գալով դռներից` շտապեցի դեպի մուտքը։ Բուբուլը հետևիցս ընկած գրեթե վազում էր։ Դուրս գալով շենքի մուտքից աջ թեքվեցի ու հայտնվեցի շենքի տակի նախկին աղբամանի հատվածում։ Աղբի տոպրակն ուզում էի Բուբուլի նման ցուցադրաբար նետել, մեկ էլ հարևանս կանգնեց դիմացս։

— Մի արա, հարևա՛ն ջան, տուր ինձ՝ ես կգցեմ փողոցի մոտի աղբամանը։ Դե, մեզնից պահանջում են՝ բակերն էլ մաքուր պահենք, էլի։

Նայեցի նրան ու ընկերաբար ժպտացի։ Նա միանգամից գլխի ընկավ, որ կատակ եմ անում, ու ինքն էլ չկարողացավ ժպիտը թաքցնել։

— Դե, քեզ լավ օր, Լիպո՛ ախպեր։

— Քեզ էլ, հարևա՛ն ջան, — ասացի ու թռա գործերիս։

Please follow and like us: