Լույս է տեսել Թոնդրակի բանաստեղծությունների նոր՝ «Դանդաղ լուսաբաց» ժողովածուն։ Այն հեղինակի երրորդ ժողովածուն է, որտեղ ամփոփված են 2014-2021 թթ. գրված բանաստեղծությունները։
Ստորև՝ մի քանի բանաստեղծություն ժողովածուի տարբեր շարքերից։
Թոնդրակ, Դանդաղ լուսաբաց։ Բանաստեղծություններ / Թոնդրակ։ – Եր., ակտուալ արվեստ, 2022: – 92 էջ։
Խմբագիր՝ Միհրան Հովհաննիսյան։
ՎԱՐԴԸ
*
վարդը
ճակատագիր չունի
ոչ էլ ճակատագիր է դառնում
բայց վերածվում է ծեսի
ճակատագրից դուրս նայելու համար
լեզվածության ծիրում
*
ճակատագիր
հղի կնոջ ժպիտի մեջ թրթռացող
հանց ինքն իր մեջ արմատներ գցած
որ քեզ ցուցանում է շրջադարձը
բայց և աճը այլության մեջ
ընթացիկ
եկող
*
ցավոտ է անգամ լույսը
հանց սրտին բացված վերք
ոչ ստիպում է իմաստնանալ
ոչ էլ խոնարհության մղում
հրաժարվել ինքնության
ու պատմության բեռից
տրվել իմաստին
տպավորությանն ու
անգամ կրքին
գործողություններից բեռնաթափ
ցավից ու հաճույքից են թրծված
բոլոր անտարբերությունները
1․
ջրափոսերով լեփ-լեցուն վայրերը
անեզր ծով են խլուրդի համար
2․
ճակատագրի բոլոր դռները բաց են
անգործության համար
3․
պոեզիայի վրա նետված
ամեն մի քար
երկնքին բացված դուռ է
պատուհան
*
անդառնալի են օրերը բոլոր
հանց հավերժություն
զի այլևս ոչինչ չունեն պատմելու
մեկնողները
հայրենական որմնադիրները
ոտքերը թաքցնում են ամպերի մեջ
խոստումներից ստերջացած
և ոստիկանները
մերթ պատահաբար
մերթ զգուշությամբ
քերում են ամալգամը փողոցի
1․
մտքի ուղեծրից դուրս
խոսքի ուղեծրից դուրս
գործի ուղեծրից դուրս
բայց և սրտի ուղեծրում
ձվադրում է
հույսը
այլոց բներում
2․
այլոց բներում ձվադրած հույսի
դայակն է
Պատմությունը