Գիրքը հիմա ուրիշ հոգեբանությամբ են կարդում․ Հակոբ Մովսես

Հայտնի եւ անհայտ գրքերի, հեղինակների, որոնց  տարվա մյուս օրերին ընթերցողը չի հասցնում կարդալ ու ծանոթանալ, հանդիպում է Գրքի երեւանյան փառատոնի օրերին: 

Իսկ տաղավարներում, որտեղ այս օրերին մատչելի գներով են վաճառվում տարբեր հրատարակչությունների գրքերը, հանդիպում ենք տարբեր նախասիրությունների ու տարիքի մարդկանց, որոնք կարող են գրքի լավ խորհրդատու լինել: Դպրոցի ավարտական դասարանի մի աշակերտ, օրինակ, ինձ իր տպավորությունները ներկայացրեց Ամոս Օզի  «Հուդա » վեպի մասին:

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը կարծում է, որ գրքի, ընթերցանության համար բարդ ժամանակներ են, սակայն  բարդ են այնքանով, որ ուրիշ ձեւով եւ ուրիշ հոգեբանությամբ են կարդում:

«Փառատոնը գնահատելի է այնքանով, որ կազմակերպիչները շատ բան են մտածել: Գիրքը բոլոր դարերում մարդու արբանյակներից մեկն է: Պատմության մեջ գիրքը մարդուն ուղեկցել է թե՛ կրոնական , թե՛ անձնական, թե՛ կենցաղային, թե՛ միֆական կյանքում, բոլոր պարագաներում մարդն առանց գրքի գոյություն չունի »,- նշեց  Հակոբ Մովսեսը:

Պատերազմի մասին հիմա շատ է գրվում, պատերազմից  վերադարձած երիտասարդներն են օրագրություններ, հուշեր գրում:

Հակոբ Մովսեսը հակադարձում  է. «ես որեւէ բանի մասին որեւէ լավ գիրք չեմ կարդացել, շատ գրքեր եմ կարդացել, որոնք արտացոլել են պատերազմը, որոնց  նյութը  եղել է  պատերազմը: Ընդհանրապես մարդու մասին էլ չի կարող գիրք գրվել: Այն իրականությունը, որում ապրում ենք, այս կամ այն չափով արտահայտվում է մեր գրականության մեջ, իսկ դա նշանակում է, որ գրականությունը իրականության նկատմամբ չի կորցրել իր իմպուլսացիան»: 

Հետաքրքրվեցինք, թե փառատոնի ընթացքում նոր գրքեր հայտնաբերե՞լ է Հակոբ Մովսեսը:

«Իմ տարիքում հայտնաբերում ես կարդացածդ գրքերը, վերընթերցում եւ վերահայտնաբերում ես: Ես շատ ուշադիր հետեւում եմ ընթացիկ գրականությանը, քանի որ մեր լեզվի, մեր մտածողության հիմնական իդիոմներն այնտեղ են արտահայտված, ունեմ իմ  դրական եւ բացասական նկատառումները: Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանում գրական մեծ մտածողություն, գրական մեծ միտք, գրական մեծ  ձեւ, գրական մեծ  բովանդակություն չկա »,- արձագանքեց  բանաստեղծը:    

Թագուհի Հակոբյան

Please follow and like us: