Կարինե Մանասյան/Դու ինքնավար պետություն ես

***

դու
ինքնավար պետություն ես
իմ մեջ
ու ձուլվել սիրուս
չես ուզում:
էնտեղ ունես
քո փոքր տարածքը
ու մեծ երազանքները՝
դուրս սահմաններից
ու սահմաններից ներս,
ունես տունդ
ու ունես ինձ՝
տանդ մեջ:

դու
կամավորական ջոկատ ես ստեղծել
ու ապստամբում ես
իմ հանգստության դեմ,
որ քեզ  աքսորել
ու պահում եմ ներսումս
մինչև կրոնափոխվես
ու փոխես ազգությունդ,
ու դառնաս սիրահարություն,
ու պաշտես սերը,
մինչև պատռես անձնագիրդ
ու քո կամքով
անունդ գրես
բնակիչների ցուցակում:

դու
կնքել ես հաշտություն
արցունքներիս հետ
ու համակերպվել ես
անապատիս տապին,
հավատացել ես,
որ աքսորավայրում
քեզ տվել եմ
իմ միակ օազիսը,
ու քեզանից հասնում է
միայն  հաշտ ապրել
ու չհակառակվել շոգին,
որ քո ափերի մեջ
ես մեկ-մեկ անձրևեմ
ու քեզ տամ հնարավորություն
ափերիդ մեջ
ինքդ քեզ տեսնելու
ու հավատացնելու,
որ քո տգեղ դիմագծերում
սերն ավելի գեղեցիկ է ժպտում:

քեզ համար
սերը
ձեռնաշղթա է,
որից իրականում
ազատվել չես ուզում,
բայց ազատություն ես ուզում,
որովհետև բոլորը
ձեռնաշղթաներից ազատվել են ուզում,
բայց ոչ ոք
ձեռնաշղթաներին
դեռ սեր չի անվանել:

դու
իմ սրտի պառլամենտն ես
ու քո կարգն ես ուզում սահմանել,
բայց ամեն անգամ
եղանակի պատճառով
հետաձգում ես նիստերդ
ու գնալով համոզվում,
որ ես
հաղթում եմ
քեզ:

իմ մեջ
դու ինքնավար պետություն ես
ու չունես
հստակեցված սահմաններդ
սկսվում են էնտեղ,
որտեղ որ ես
սիրում եմ քեզ…

***

եթե օրենքների բարեկամը լինեի,
քեզ վաղուց տուգանել էի,
որովհետև սրտիս մեջ ապրելու համար
դու կապույտ անձնագիր չունես
ու գրանցման թերթիկս կորցրել ես:
բայց ես հանդուրժում եմ քեզ,
որովհետև իմ ներսի խաղաղապահն ես դու
ու անկարգ ցուցարարը,
դու սովորական քաղաքացի
ու անսովոր պաշտոնյա ես
սրտիս մեջ:
դու կաշառակեր լռությունն ես վկաների
ու ազնիվ գողերից ես
իմ սրտում ապրող:
քարքարոտ ճանապարհ ես
դեպի մտքեր
ու նոր ասֆալտապատված բանաստեղծություն:   
դու չկանաչապատվող տարածք ես,
դու չխնամված այգի ես,
ով իմ կլիմային չի դիմանում,
ով քաղցր ջուր է ուզում,
բայց իմ արյունը
բացասական է
ու պետք եղածից ավելի թունդ,
ավելի դառը:
իմ մեջ
դու անցյալով հպարտացող,
ապագային մատների արանքով նայո
ու օրվա եղանակից կախված քաղաքացի ես:
դու քաղցրի պակաս ունեցող,
բայց շատ խաղալիքներ ունեցող երեխա ես:
բակի փոքրիկ խանութներից ես՝
մեծ երազանքներով,
վաղուց չվերանորոգված խաղահրապարակ ես:
դու սրտիս ուղիղ կենտրոնում ապրող
ու միշտ բողոքող քաղաքացի ես,
ուրախ երգեր սիրող
ու տխուր թեմաներից խոսող քաղաքացի ես:
աշխատանքի շտապող,
գործից դժգոհ
ու երկիրդ սիրող քաղաքացի ես…
դու կանաչ քաղաքացի ես,
իմ սիրահարված,
անսահման կարոտող քաղաքացին ես:
ու ամենավերջում
դու կես կատակ
կես լուրջ քաղաքացի ես,
ով ուրիշի սրտում էլ իր տեղը չի գտնի,
որովհետև իմ սիրով պատվաստվածներին
ոչ ոք նորից չի սիրում…

Please follow and like us: