– Լինելի՞ք բան է: Այս ջահելը իր անտառում դեռ ոչինչ չէր լսել այն մասին, որ աշխարհը փոխվել է,- ասաց ռոբոտը մի տեսակ խորը, ներազդող ձայնով։
– Դու Նիցշե՞ ես կարդացել,- զարմանում է տղան,- ռոբոտները հիմա Նիցշե՞ են կարդում։
– Ես փիլիսոփա ռոբոտ եմ, իմ աշխատանքն է թափառել անտառում ու խորհրդածություններ անել։
– Եվ ասում ես աշխարհը փոխվե՜լ է։
– Այո, դարձել է ավելի լավը, ավելի պարզ, ավելի իսկական։
– Իսկակա՜ն,- շշնջաց տղան ծաղրական տոնով։
– Այո, իսկական,- շարունակեց ռոբոտը,- և մարդակենտրոն,- մարդ փիլիսոփաները ցրված են, հաճախ է պատահում, որ անտառում քայլելով նրանք սայթաքում ու փոսն են ընկնում, երբեմն՝ միտումնավոր։ Դու չե՞ս ուզում իջնել քաղաք, միանալ հասարակությանը կամ էնտեղ մենակ ապրել։ Քեզ վրա կոդ չկա, քո գոյությունը երկրի վրա անօրինական է։ Կարծում եմ՝ պետք է իջնես։
– Այլապես կմատնե՞ս ինձ։
– Ոչ։ Բայց մեկ է, հետախույզ ռոբոտները մի օր կգտնեն քեզ։ Բայց և այնպես, դու այլևս կարիք չունես վախենալու։ Աշխարհը փոխվել է։
– Տեսնում եմ։ Տեխնոլոգիաները գրավել են աշխարհը։
– Ոչ, աշխարհը դարձել է ավելի մարդակենտրոն, ավելի պարզ, ավելի ճշմարիտ։ Մենք՝ ռոբոտներս, ծառաներ ենք միայն։ Մեր ներկայությունը չի էլ զգացվում։ Մենք անգամ իրավունք չունենք զբոսնել քաղաքի միջով՝ չհաշված գայթակղության այգին, որտեղ զբոսնում են մարդանման ռոբոտները։ Ի դեպ, երբ իջնես քաղաք, հիշիր՝ մարդանման ռոբոտների ճակատին քառակուսի նշան կա․ այդպես դու կարող ես տարբերակել նրանց մարդկանցից։
– Ես քաղաք չեմ իջնի,- ասաց տղան։
Բայց և այնպես, ռոբոտի խոսքերը գիշերը հանգիստ չտվեցին տղային։ Նա կարող էր այլ բառեր ընտրել, բայց ինչու՞ հենց այդ բառերն ընտրեց։ Իսկ ռոբոտները, որքանով նա գիտեր՝ չեն ստում։ Թող ասեր՝ աշխարհը շքեղ է ու բարեկեցիկ, ու ինքը կթքեր այդ աշխարհի վրա, բայց «պարզ», «ճշմարիտ», «իսկական», և դեռ համարձակվեց անգամ «մարդակենտրոն» ասել. մի՞թե դա այն աշխարհը չէր, որ տենչացել էր ինքը։
Իր պապի պապը դպրոցն ավարտելուց հետո փախավ անտառներ։ Նա անընդհատ հեռացավ՝ այլևս երբեք չհիշելով քաղաքի մասին։ Ինքը ծնվել էր անտառում, ապրել այնտեղ, սովորել անտառում այն գրքերով, որոնք ժամանակ առ ժամանակ կարողանում էին պեղել։ «Քաղաք» բառը նրանք անգամ չէին օգտագործում, փոխարենը դրան «գժանոց» էին ասում, իսկ գյուղն անվանում էին գժանոցի փոքրիկ մասնաճյուղ։ Ինքը երբեք քաղաքում չէր եղել, թեպետ տեսել էր բազմաթիվ մարդկանց, որ ազատ օրերին երբեմն անտառ էին գնում։ Նա գոհ չէր իր կյանքից, բայց դժգոհ էլ չէր։ Համենայն դեպս, նրան հաջողվել էր դուրս պրծնել համակարգից։
Բայց փիլիսոփա ռոբոտի խոսքերն այլևս խաթարել էին նրա քունը։
Ի վերջո նա որոշեց իջնել քաղաք այն մտքով, որ մի քանի անհրաժեշտ բան կառնի, մարդու երես կտեսնի, կնոջ ձայն կլսի, կտեսնի ինչպես է փոխվել աշխարհը։ Իսկ թե ամեն բան նույն աղբը լինի, ինչպես ինքը լսել է ու տեսել երբեմն՝ նորից հետ կքաշվի դեպի անտառի սիրտը։
Հաջորդ օրը նա քաղաքի ճամփան բռնեց։
Երկու օր հետո հասել էր մի բլրի մոտ, որից երևում էր քաղաքը։
Քաղաքն իսկապես որ փոխվել էր։
Այդտեղ, որտեղ ամենաբարձր շենքը հինգ հարկանի էր, այն էլ միայն մի հատ կար, այժմ անթիվ երկնաքերեր էին վեր խոյացել։ Նախկին կիսաչորացած ծանծաղ գետն այժմ դարձել էր ջինջ, վարարած ու մաքուր, և անգամ նավակներ կային։
Ժամեր հետո նա արդեն քաղաքի դարպասների մոտ էր։
Քաղաք մտնելով՝ նա քայլում էր խուլ փողոցներով, որ հնարավորինս աննկատ մնա։ Ապա մտավ մի սուպերմարկետ՝ գնելու իրեն անհրաժեշտ բաները։ Նա զարմացավ՝ տեսնելով, որ բոլոր աշխատողների ճակատին քառակուսի նշան կար։
– Ի՞նչ է, մարդիկ էլ չե՞ն աշխատում։
– Նրանք փոխանցում են մեզ իրենց գիտելիքը, որ մենք աշխատենք։ Ամեն ինչ մարդու համար, ամեն ինչ՝ ավելի լավ աշխարհի համար։
– Հիմա մարդու՞, թե՞ աշխարհի համար։ Եվ աշխարհի՞, թե՞ քաղաքակրթության։ Ու քաղաքակրթությա՞ն, թե՞ համակարգի։
Ռոբոտը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե նման հարցերով միայն փիլիսոփա ռոբոտներն են զբաղվում, ապա շարունակեց դասավորել նոր ստացված ապրանքները։ Տղան թողեց նրան ու սկսեց շրջել խանութում։ Ձեռքը գրպանը տանելով՝ տեսավ, որ միայն մի մաշված հազարանոց ունի։ Ուրեմն ոչ քաղցր կարող էր առնել, ոչ ածելի, ոչ կացին։
– Մի ծխախոտ տվեք,- ասաց նա հազարանոցը պարզելով վաճառողուհուն։
Վաճառողուհին ու մնացած աշխատողները այնպես ուժգին սկսեցին ծիծաղել, որ տղան ցնցվեց։ Բայց նա ցնցված էր ոչ միայն նրանց անսպասելի ծիծաղից, այլ նաև նրանց տեսքից։ Դրանք հումանոիդ ռոբոտներ էին, սակայն նրանց մաշկը… այն ոչ սիլիկոն էր, ոչ այլ բան, դա մարդու մաշկ էր, իսկական ու բնական և…
– Ինչու՞ եք ծիծաղում,- բորբոքվեց տղան,- ի՞նչ է, փոխվե՞լ է դրամը, չլինի՞ հիմա մենակ էդ կրիպտոարժույթներով-բանով եք վճարում։
– Վճարում ենք միայն պարզությամբ, ճշմարտությամբ և իսկականությամբ։ Պարզեք ձեր ձախ ձեռքը, մի քանի անգամ բռունցք արեք ու բացեք,- ասաց ռոբոտ աղջիկը, ով բավական սիրուն էր ու հիշեցնում էր նրան մեկին։
Տղան առանց ավելորդ հարցերի ենթարկվեց՝ ավելի շուտ հնազանդվելով նրա գեղեցկությանը։
Ռոբոտ աղջիկն ասեղանման մի բան հանեց ու մտավ նրա երակը։
– Գժվե՞ լ եք,- գոռաց տղան՝ ետ քաշելով ձեռքը։
– Ռոբոտները չեն գժվում,- ասաց աղջիկը հմայիչ ժպիտով, որ երեք տարի կարող էր բավականացնել խաղաղ քնելու համար,- տվեք ձեր ձեռքը։
– Ի՞ նչ եք անում ախր։
– Հրաժարվու՞մ եք վճարել։
– Իհարկե ոչ,- ասաց տղան նորից պարզելով թղթադրամը,- ահա վերցրեք, ես վճարում եմ։ Թղթադրամ, Չարենց. երբ աստղը մի պահ դառնալով անտես՝ վառվում է հանկարծ։ Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝ հոգու մեջ հանգած։
– Դուք ո՞ր դարից եք,- ծիծաղում է աղջիկը ու սեղմում մի կոճակի։
Անվտանգության ռոբոտը ճանկեց տղային։
– Չի կարելի ապրանք վերցնել ու չվճարել։
Ռոբոտը պահեց տղային, մինչ աղջիկը որոշակի քանակությամբ արյուն վերցրեց նրանից։
– Դուք անգամ գրանցված չեք, ձեր պարանոցին կոդ չկա։
– Ի՞նչ կոդ։
Բռնելով տղայի թևից՝ ռոբոտը դուրս հանեց նրան, որ տանի ոստիկանություն։
Խորանալով քաղաքի մեջ՝ ռոբոտները պակասում էին, մարդիկ շատանում։
Տղան քայլում էր՝ զարմանքով նայելով շուրջը։ Նա նայում էր մարդկանց դեմքերին, մարդկանց մի մասը չափից դուրս անզգա էր թվում նրան, ավելի նման ռոբոտի, քան հենց իրենք՝ մարդանման ռոբոտները։ Իսկ մնացած մարդիկ ընդհակառակը՝ ռոբոտի նման չէին, բայց մարդու էլ նման չէին։ Նրանք ասես իջել էին կենդանական վիճակի։
Սակայն նա չկարողացավ երկար մտածել դրա մասին։ Նրա ուշադրությունն այլ բան էր շեղում։ Մարդիկ՝ նրանցից շատերը, ձեռքեր չունեին։ Ոմանց աչքերն էին հանված, ոմանք ոտքեր չունեին։ Շատերը բառացիորեն մաշված էին։ Իսկ աչքս ունեցողներ աչքերը ոչինչ չէին արտահայտում։ Ի՞նչ էր եղել այս քաղաքի հետ։ Իսկ աղջիկնե՜ րը։
– Ի՞նչ է, հիմա էլ անկրծքությո՞ւնն է մոդա ընկել,- հարցնում է տղան,- ինչու՞ աղջիկները կուրծք չունեն։
– Վճարել են։
– Ի՞նչ։
– Աշխարհը դարձել է ավելի լավը, ավելի պարզ ու ճշմարիտ։
Երբ հասան ոստիկանություն, նրան նստեցրին մի սենյակում, իսկ քիչ հետո մայոր ռոբոտը մոտեցավ նրան։
– Ուրեմն այլախոհ եք, օտար, հասարակությունից դուրս մնացած։ Նմաններին մենք չենք հանդուրժում։ Բայց ես, որպես ոստիկան, որպես բոլորի պաշտպան և նաև ձեր պաշտպան վստահեցնում եմ՝ դուք այլևս վախենալու կարիք չունեք։ Աշխարհը փոխվել է, հիմա ավելի լավն է, պարզ ու ճշմարիտ։ Այժմ դուք կարող եք ունենալ ինչ ուզեք։ Դրա համար միայն պետք է վճարեք։ Ասացեք, ի՞նչ հմտություններ ունեք։ Ի՞նչ մասնագիտություն գիտեք։
– Ես մի քանի գրքեր եմ կարդացել տնտեսագիտությունից, բայց մի քանիսը միայն… բայց ես չեմ հասկանում…
– Դե դա իհարկե հերիք չէ, բայց եթե տնտեսագիտություն եք կարդացել, ուրեմն գիտեք, որ ինչ-որ բան ունենալու համար պետք է վճարեք։
– Այո, բայց… ոչ…
– Ի՞նչ հմտություններ ունեք։ Եթե տիրապետում եք որևէ ձեռքի աշխատանքի, ապա մենք կարող ենք գնահատել ձեր աշխատանքը, որից հետո պետք է կտրենք ձեր ձեռքերը, նաև ուղեղի մի փոքրիկ մասը ու մի քիչ վերցնենք ձեր հոգուց, ապա այդ ամենը ներկառուցենք ռոբոտի մեջ, նրա մեջ պահելով ձեր ձեռքի հիշողությունը։ Նա կաշխատի ձեր փոխարեն, իսկ դուք կստանաք որևէ ռեսուրս ձեր հմտության դիմաց։ Միջինում մարդու ձեռքը քառասուն տարի է աշխատում, և կախված նրանից, թե ինչ ձեռքի աշխատանքի եք տիրապետում՝ կարող եք ձեռք բերել քառասուն տարվա սնունդ, փոքր տուն, մեքենա և այլն։
– Ես ոչ մի ձեռքի աշխատանքի էլ չեմ տիրապետում,- ասում է տղան,- ասացեք, դուք զգու՞մ եք քամին։
– Եթե մտավոր աշխատանքի եք տիրապետում, կարող ենք հանել ձեր ուղեղը ու էլի, մի քիչ հոգի, ու ներկառուցել այն ռոբոտի մեջ։ Եթե լավ մտավոր աշխատանքի եք տիրապետում, ապա դրանով լավ տուն ու մի լավ հանգիստ կարող եք առնել։ Եթե ոչ՝ ապա սնննդի ու հագուստի կհերիքի հաստատ։ Կարող ենք ձեր աչքերը հանել համակարգչային աշխատանքի համար, դա էլ վատ չի վճարվում, իհարկե, դրա հետ ևս մի քիչ ուղեղ ու մի քիչ հոգի ենք հանում։
– Չէ՜։ Ինչու՞ են մարդ աղջիկներից շատերը տափակ կրծքերով։
– Ոմանց վաստակելու միջոցը իրենց սեռականությունն էր, ուստի մենք կտրել ենք նրանց կրծքերը ու ներդրել այն մարդանման ռոբոտի մեջ։ Որոշներն իրենց ոտքերով են վճարել, ոմանց հետևն ենք կտրել և կառուցել ամենաչքնաղ ռոբոտները։ Եվ իհարկե, դրա դիմաց վճարել ենք շատ թանկ, որովհետև դա թանկ արժե։ Հիմա մարդանման ռոբոտ աղջիկներն են ինստագրամում թիթիզ նկարներ դնում ու մեջբերումներ ցիտում գրքերից, որ երբեք չեն կարդացել ու կողքը սրտիկի սմայլիկ դնում։ Իսկ իսկական աղջիկները, որոնք տվել են իրենց մարմնի կատարյալ մասերը, դրա փոխարեն կարողացել են գնել սիրուն սնունդ, հեռախոս, տուն, հանգիստ դեպի մի չքնաղ կղզի՝ ինչ ուզեն։ Եվ այսպես, ասացեք, դուք ի՞նչ հմտություններ ունեք։
– Ոչ մի։
– Եթե շինարարական աշխատանքներում եք լավ, ձեր մկանները կարող ենք հանել։ Եթե գյուղատնտեսական աշխատանքներում եք լավ, էլի ձեր մկանները պիտի հանենք ու մաշկը քերենք։ Ի դեպ, կարող եք վաճառել նաև ձեր հետաքրքրությունները և դառնալ հասարակության լիարժեք տարր, կան կազմակերպություններ, որ պատրաստ են ձեր երազանքներն էլ գնել։
– Ո’չ։
– Ուրեմն ոչ մի հմտություն չունեք։
– Փաստորեն։
Մայոր ռոբոտը նրան երկու տարբերակ առաջարկեց։ Ինքնակամ հրաժարվել կյանքից և տալ իր մարմինը որպես բթման կեր գյուղատնտեսական կենդանիների համար, կամ էլ մաշկը, եթե թարմ է, տալ հումանոիդ ռոբոտների համար։
– Ընտրե’ք,- ասաց նա։
– Ես ընտրում եմ չքվել էստեղից։
Բայց մայոր ռոբոտն ասաց, որ նա այլևս չի կարող լքել քաղաքը։
– Այն, որ դուք այսքան ժամանակ անօրինական ապրել եք խուսափելով հարկերից, դրա համար ձեզ արդեն իսկ պետք է դատապարտենք։ Բայց դուք փաստորեն ոչինչ չունեք, որ վճարեք դատի տուգանքը։ Ուստի եթե դատ լիներ, էսպես թե էնպես պետք է ձեր մսով կամ մաշկով վճարեիք։ Կարող եք փորձել ապրել քաղաքում, բայց սովորական խանութում վճարման միակ համակարգը արյունն է, ուստի մի քանի օր հետո կմեռնեք։ Բայց այդ դեպքում ձեր միսն ու մաշկը արդեն փչացած կլինի։
Տղան թռավ տեղից ու դուրս վազեց ոստիկանության շենքից, բայց երկու վայրկյան էլ չանցած երկու սերժանտ ռոբոտներ բռնեցին նրան։ Նրան տարան սպանդանոց, մի ռոբոտ քահանա կանչեցին, որը ստացել էր իր աշխատանքը՝ նախկին մարդ քահանայից գնելով նրա հոգին ու ուղեղի մի մասը։
Քահանան նրանից մեղքերի թողություն վերցրեց, ապա նրան տարան մսաղացի մեջ։ Ավելի ուշ տղայի մարմնի կտորները բաժանեցին երկու խոզի միջև։